×

Լիլիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

SweetLi by Lilit-ի չթխվող տորթերն ու առանց շաքարավազի քաղցրավենիքը

Ավանդական դեսերտ պատրաստելու գրեթե բոլոր բաղադրատոմսերը սկսում են շաքար, ալյուր եւ ձու խառնելուց, իսկ «առողջ» քաղցրավենիք առաջարկող Լիլիթ Հովհաննիսյանը բացառում է ոչ միայն այս բաղադրիչները, այլեւ կաթնամթերքն ու կոնսերվանտները՝ բնության քաղցրությունն էլ ավելի ընդգծելու համար։
 
21-ամյա Լիլիթը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, իսկ 2019-ին կրթություն ստանալու համար տեղափոխվել Հայաստան։ Առողջ սննդի եւ քաղցրավենիքների պակասը նրա համար դարձել է բիզնես գաղափարի հիմք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


SweetLi by Lilit էկո դեսերտի հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանը GastroVino-ին պատմել է սննդակարգը փոխելու, բիզնեսի անսպասելի զարգացման ու «առողջ» քաղցրավենիքի մասին։

Ամեն ինչ սկսեց «Սնիկերս» սալիկից

Հայաստան տեղափոխվեցի դպրոցն ավարտելուց հետո։ Դրանից 3 տարի առաջ արդեն սկսել էի առողջ ապրելակերպ վարել նիհարելու նպատակով։ Մինչ այդ, երբ ժամանակ առ ժամանակ գալիս էի Հայաստան, ինձ հետ նաեւ սնունդ էի բերում, որովհետեւ շաքարավազ առհասարակ չէի օգտագործում, սպիտակ ալյուր՝ նույնպես։ Հայաստան տեղափոխվելուց հետո հասկացա, որ ինձ հարմար սնունդ չկա, այդ ժամանակ այդ ոլորտն այնքան էլ զարգացած չէր ։ Մտածեցի, որ պետք է ինչ-որ բան ստեղծել։
 
Սկզբում որոշեցի, որ կպատրաստեմ «առողջ» քաղցրավենիքներ։ Ամեն ինչ հիմնված էր սեփական փորձիս վրա, որովհետեւ մինչ այս ինքս իմ համար էլ էի պատրաստում, այլընտրանքային տարբերակներ էի փնտրում՝ փոխարինելու սպիտակ շաքարն ու ալյուրը։ Որպես բիզնես գաղափար՝ ամեն ինչ սկսեց «Սնիկերս» սալիկից։ Հետո սկսեցի տարբեր բաղադրատոմսեր մշակել, նոր համադրություններ հորինել։

Լիլիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ժամանակի հետ պատվերներն ավելացան ու գործն այնքան զարգացավ, որ միայնակ չէի հասցնում։ Մայրիկս պարբերաբար Ռուսաստանից գալիս էր այստեղ՝ ինձ օգնելու համար։ Հասանք մի փուլի, երբ հասկացանք, որ տնից աշխատելն այլեւս հնարավոր չէ։

Իմ նպատակը խանութ բացելը չի եղել, բայց 2021 թվականի նոյեմբերին որոշեցինք այն բացել, հետո նաեւ ավելացավ սրճարանի փոքրիկ հատվածը, որտեղ մարդիկ կարող են նստել, սուրճ, թեյ խմել եւ համտեսել քաղցրավենիքներ։ Սկզբում չէի ուզում, որ խանութում սուրճ լինի, բայց հասկացա, որ Հայաստանում սուրճի մշակույթը տարածված է, պահանջարկը մեծ է եւ դժվար կլինի առանց դրա։

Հաճախորդներին չմերժելու համար սկսեցինք առաջարկել որակյալ սուրճ, իսկ հիմա նաեւ արմավի կորիզի սուրճ ունենք, որն ինքներս ենք վերամշակում։ Այն բույրով նման է սուրճի, բայց չի պարունակում կոֆեին եւ հիմնականում հետաքրքրում է զբոսաշրջիկներին։

Չթխվող դեսերտները բոլորի համար են

SweetLi by Lilit-ում հիմա ունենք տորթեր, կոնֆետներ, ընդեղենային կարագներ, գրանոլա, չիայի սերմերով, կոկոսի կաթով պուդինգներ, բնական շոկոլադե սալիկներ, որոնք պատրաստվում են երեք բաղադրիչից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր դեսերտները ոչ միայն շաքարավազ, այլեւ ալյուր, կենդանական մթերք չեն պարունակում, ամբողջությամբ բնական են, բուսական, առանց հավելումների եւ կոնսերվանտների։ Կա եւս մեկ առանձնահատկություն՝ դրանք չեն ենթարկվում ջերմային որեւէ մշակման, ինչի շնորհիվ առավելագույն չափով պահպանվում են վիտամիններն ու բոլոր օգտակար նյութերը։
 
Առանց շաքարավազի եւ չթխվող դեսերտները գրեթե բոլորի համար են, կարող են օգտվել ինչպես դիաբետիկները, հումակերներն ու բուսակերները, այնպես էլ՝ ալերգիկները, ու, առհասարակ, առանձնահատուկ սննդակարգ ունեցողներ մարդիկ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դեսերտներ պատրաստելիս շաքարավազը փոխարինում ենք գետնախնձորի օշարակով, որն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչի հաշվին արյան մեջ շաքարը չի բարձրանում։ Մեր դեսերտները նաեւ հիպոալերգեն են։ Ալյուր չօգտագործելու շնորհիվ դրանք չեն պարունակում գլյուտեն, իսկ կաթնամթերք չօգտագործելու շնորհիվ նաեւ առանց լակտոզայի են։

Առանց շաքարավազի, բայց քաղցր ու համեղ

Մեր խանութից օգտվողներն արդեն սովորել են, բայց երբ նոր էի սկսել այս գործը, մարդիկ լավ չէին պատկերացնում, թե ինչպես կարող է քաղցրավենիքը լինել առանց շաքարավազի, անընդհատ հարցնում էին՝ «բայց քա՞ղցր են, համե՞ղ են»։ Նաեւ այս պատճառով որոշեցինք խանութ ունենալ, որ մարդիկ ավելի լավ պատկերացնեն, թե ինչ են գնում։ Շատերը հարցնում են, թե արդյոք դեսերտները դիետիկ են, ես բացատրում եմ, որ դրանք «առողջ» են։ Մարդիկ պետք է իմանան, որ գոյություն չունի գիրացնող կամ նիհարեցնող սնունդ, առողջ սննդից էլ կարելի է գիրանալ, ֆասթդուդից էլ՝ նիհարել։ Շատ առանձնահատկություններ կան՝ սկսած կալորիականությունից, մինչեւ առողջության խնդիրներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատերը զարմանում են, թե եթե շաքար, ալյուր, ձու, կաթնամթերք չի պարունակում, ապա ինչպե՞ս է քաղցրավենիք, երբ բացատրում ենք, նորից մի քիչ կասկածանքով են վերաբերվում, բայց սա մինչեւ փորձելն է, հետո ամեն ինչ փոխվում է։

Խանութում ներկայացված բնական հումքով կտորով տորթերի ներքեւի շերտը չրերից, ընդեղենից ու տարբեր սերմերից է պատրաստվում, իսկ վերեւի հատվածում մուս է՝ պատրաստված տարբեր հատապտուղներից, մրգերից, կոկոսի կամ բուսական կաթերից, դրանք եւս քաղրեցվում են գետնախնձորի օշարակով։ Քանի որ հավելումներ, գունանյութեր չեն պարունակում՝ դեսերտների գունավորումների համար օգտագործում ենք բնական միջոցներ, դրանք տարբեր սուպերֆուդեր են, մաչա, սպիրուլինա՝ կանաչ եւ կապույտ, տարբեր բանջարեղենների, հատապտուղների եւ մրգերի չորացրած կամ սուբլիմացված փոշիներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խանութում ներկայացված են տորթերի կտորներով տարբերակներ, բայց նաեւ ամբողջական տորթեր ենք պատրաստում, բայց սովորաբար զարդարում ենք մրգերով, հատապտուղներով։

Ընդեղենային կարագներն ու պահքի քաղցրավենիքները

Քաղցրավենիքներից բացի՝ պատրաստում ենք նաեւ ընդեղենային կարագներ։ Գետնանուշի կարագը, օրինակ, շատերը պատրաստում են մեղրով, բայց շաքարավազը մեղրով փոխարինելը սխալ է, որովհետեւ դրանք նույն կերպ են ազդում արյան մեջ շաքարի վրա։

Ընդեղենային կարագները պատրաստում ենք գետնանուշով եւ մի փոքր վարդագույն հիմալայան աղ ենք ավելացնում, նաեւ ունենք նուշի կարագ։ Մեզ մոտ պատրաստվող «Նուտելլան» 90 տոկոսով պնդուկի կարագ է։ Այն հատկապես շատ են սիրում երեխաները։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պահքը սկսելուց հետո համացանցում հատուկ գրառում արեցի, որ մեր քաղցրավենիքները կարող են ուտել պահքի ընթացքում, բայց, իրականում, միշտ շեշտում եմ, որ դրանք առանց կենդանական մթերքի են։ Եթե համեմատենք սովորական դեսերտների հետ, ապա դրանք մեծամասամբ պարզ ածխաջրերից են կազմված, իսկ մեր դեպքում օգտակար ճարպեր են, ինչի հաշվին մաքսիմալ յուրացվում են օրգանիզմի կողմից, հագեցնում քաղցրի պահանջը։ Եթե սովորական կոնֆետը, թխվածքը կարող ես մի քանի կտոր ուտել միանգամից, որովհետեւ քաղցրությունը դուր է գալիս եւ անընդհատ ուտելու ցանկություն է առաջանում, ապա մեր դեպքում քաղցրավենիքները հագեցնում են օգտակար ճարպերի հաշվին ու քաղցրի պահանջը լիարժեք լրացվում է։

Վերջին շրջանում վաճառում ենք նաեւ հացեր։ Ժամանակի առումով չենք հասցնում ինքներս պատրաստել, բայց իմ բաղադրատոմսով մեկ այլ վայրում պատրաստում են առանց գլյուտենի հացեր՝ նուշի ալյուրով եւ մաքուր բաղադրությամբ։ Ես մեծ տեղ եմ տալիս բաղադրությանը, մենք չունենք պրոդուկտ, որն ունի վատ բաղադրություն։ Եւս մեկ տեսակի հաց ունենք՝ ամբողջահատիկի ալյուրից պատրաստված՝ թթխմորով, այն նախկինում ինձ համար էի պատվիրում, հետո որոշեցինք, որ նաեւ վաճառքի համար կունենանք։

Ոչ ավանդական հումքով քաղցրավենիքներն աշխատատար են

Մեր քաղցրավենիքների պահպանման ժամկետները՝ կոնսերվանտներ չպարունակելու պատճառով, երկար չեն։ Սառնարանում տորթերը կարող են պահպանվել երեք օր, իսկ կոնֆետները՝ մեկ շաբաթ, իսկ ավելի երկար պահելու համար կարելի է նաեւ սառնախցիկ դնել։ Այսպես` հնարավոր է պահել շուրջ մեկ ամիս։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ոչ ավանդական հումքով պատրաստվող քաղցրավենիքներն ավելի աշխատատար ու ժամանակատար են ու քանի որ չեն թխվում, տարբեր փուլեր են անցնում, մինչեւ վերջնական արդյունքի գալը։ Ընդեղենն ամբողջությամբ լվանում ենք, չորացնում, մաքրում, կեղեւազրկում։ Ծավալուն աշխատանք ենք տանում նաեւ սեզոնին մրգերն ու հատապտուղները սառեցնելու համար, որ տարվա ընթացքում կարողանանք օգտագործել։

Դեսերտների հումքը՝ տարբեր ալյուրներ, գետնախնձորի օշարակ, կակաոյի յուղ, ներկրում ենք արտասահմանից, իսկ ընդեղենը, սերմերը՝ գնում Հայաստանից։ Այն ամենը, ինչ մենք պատրաստում ենք, սերտիֆիկացված է եւ միշտ անցնում ենք լաբորատոր ստուգումները

SweetLi by Lilit-ը մեծ ներդրումներ է պահանջում, հատկապես հիմա, երբ ներկրման հետ կապված հարցեր են ծագում, բայց մեզ ուրախացնում է մարդկանց օգտակար լինելու փաստը, մենք հանգիստ ենք, որ դեսերտներն ուտելուց հետո, թե փոքրիկները, թե առողջական խնդիր ունեցող մարդիկ խնդիր չեն ունենա։

Այս գործը շատ ժամանակ է տանում իմ ընտանիքից։ Ամեն առավոտ՝ դասի գնալուց առաջ, ես գալիս եմ խանութ, ծնողներս եւս այստեղ են լինում, այնպես է ստացվել, որ քիչ-քիչ իրենք էլ են Ռուսաստանից տեղափոխվում Հայաստան։ Ես սովորում եմ Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, դասերի ընթացքում մի փոքր դժվար է համատեղել, դրա համար հիմա ավելի շատ մայրիկն է պատրաստում մեր քաղցրավենիքները, քան՝ ես։

Լիլիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ազատ ժամանակ մասնակցում եմ աշխատանքներին, զբաղվում նոր բաղադրատոմսերի մշակմամբ, որ հետո կարողանանք վաճառել։ Հիմա պլանավորում ենք ունենալ թխվող դեսերտներ։ Բաղադրիչների տեսանկյունից կոնցեպտը չի փոփոխվի, բայց կլինեն թխված եւ շատերի համար ծանոթ տարբերակներով՝ կրեմային, բիսքվիտային տորթեր, պարզապես ճիշտ ալյուրներով, առանց շաքարավազի ու կենդանական մթերքի։

Ամեն օր դասերից հետո կրկին վերադառնում եմ խանութ, որովհետեւ այս գործը նաեւ Instagram-ի բլոգի տեսքով է սկսվել։ Էջում ոչ միայն արտադրանքն է ներկայացվում, այլ նաեւ ես եմ երեւում ու հաճելի է, երբ էջի հետեւորդները գալիս են խանութ, հարցեր են տալիս, ես էլ փորձում եմ օգնել տարբեր ինֆորմացիաներով, որովհետեւ, ամեն դեպքում, այս ամենը սկսել է նրանից, որ որոշել եմ փոխել իմ սննդակարգը նիհարելու համար եւ սեփական փորձով շատ գիտելիքներ եմ ձեռք բերել։

Դժվար էր քաղցրից հրաժարվել

Երբ նոր էի սկսում փոխել սննդակարգս, շատ քաղցրակեր էի, մեր տանն էլ միշտ թխվածքներ կային եւ ինձ համար դժվար էր քաղցրից հրաժարվել, նույնիսկ Ռուսաստանում այդ ժամանակ այլընտրանք գրեթե չկար, չկային առանց շաքարի շոկոլադներ կամ դեսերտներ, այսինքն՝ կամ պետք է գտնեի այլընտրանք, կամ ուղղակի հրաժարվեի քաղցրից։ Սննդակարգս գիտակցաբար փոխեցի, որովհետեւ ուզում էի նիհարել, հիմա, երբ ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է նիհարել, բայց չի ուզում հրաժարվել շաքարից կամ ալյուրից, ես կարծում եմ, որ նրանք այնքան էլ չեն ուզում նիհարել։ Պետք է օրգանիզմն ու գիտակցությունը պատրաստ լինեն հրաժարվել շաքարից, այլապես ոչինչ չի ստացվի։

SweetLi by Lilit-ը գտնելուց հատկապես ուրախանում են այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն տարբեր բաղադրիչների հետ։ Մեզ դիմող մարդիկ հաճախ տեղեկություններ են ուղարկում իրենց ալերգիաների մասին եւ ըստ դրա ես փորձում եմ որեւէ քաղցրավենիք առաջարկել, իսկ եթե համապատասխան ոչինչ չի լինում, ապա անպայման մի նոր տարբերակ եմ գտնում նրանց համար։

SweetLi-ի հեռանկարներն ու առողջապահական ծրագրերը

Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, կարծում էի, որ SwetLi-ն կլինի իմ զբաղմունքը, բայց ծավալները մեծացան։ Համալսարան ընդունվելու պահին SweetLi-ն արդեն կար, կային հեռանկարներ, բայց ես ուզում էի նաեւ այլ ուղղվածության կրթություն ստանալ։ Միգուցե, իմ կրթությունն օգնի ապագայում SweetLi-ի զարգացմանը։

Լիլիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գուցե, ապագայում նաեւ սննդաբանի մասնագիտություն ձեռք բերեմ, պարզապես հիմա ժամանակը չի ներում։ Առհասարակ, ապագան պատկերացնում եմ էկո դեսերտի գործը զարգացնելով, բայց քանի որ ի սկզբանե SweetLi-ն մարդկանց այլընտրանք տալու եւ ոլորտը զարգացնելու համար էր, մենք համագործակցում ենք բժիշկների հետ, նաեւ առողջապահական պետական կառույցների հետ աշխատելու շատ գաղափարներ կան եւ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դրանք կիրականացվեն։

Անի Խչոյան
 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին