×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Babani Bakery՝ պանրային սերուցքով խնձորից մինչեւ իտալական բիսկոտի

Նորայրի եւ Արեւիկի համատեղ բիզնես հիմնելու պատմությունը, հավանաբար, այլ զարգացում կունենար, եթե չլիներ պանրային միջուկով յուրահատուկ խնձորը։ Այս պահին խնձորը չկա, բայց կա Babani Bakery ընկերությունը, որը հիմնադրվեց հենց այս մրգի յուրահատուկ հիմքով։

Babani Bakery-ն քաղցրավենիքներ արտադրող հայկական ընկերություն է, հիմնադիրները ամուսիններ են՝ բանկիր ու տնտեսագիտության թեկնածու Նորայր Բաբայանն ու ատամնաբույժ Արեւիկ Լալայանը։

Արտադրամաս-սենյակը

- Համեցեք, համեցեք ,- ներսից ձայնում են կանայք։

Վառարանում եփվող քաղցրաբլիթներով բուրող մեծ սենյակ-արտադրամասում երեք կին՝ հիգիենիկ գլխարկներով, ձեռնոցներով խմոր են հունցում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող փոքրիկ արտադրամասում մի քանի վառարան կա, սառնարաններ, աշխատանքային սեղաններ։

-Մենք 3-րդ մասում ենք ապրում, քանի որ առաքմամբ սկզբում հենց ես էի զբաղվում, մեզ համար կարեւոր էր, որ արտադրամասը լինի մեր տանը մոտ։ Երեք երեխա ունենք եւ փաստացի նաեւ մայրիկ եմ աշխատում, երեխաների հետ առաքման եւ անհրաժեշտ մթերքների գնման ամբողջ գործընթացը պետք է հնարավոր լինի կարգավորել, ընթացքում արտադրամաս գալ-գնալ ու դեռ օրվա երկրորդ կեսից էլ ատամնաբուժարան հասնել, - պատմում է Արեւիկ Լալայանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զրույցին հետեւող հրուշակագործ կանանցից Զվարթը այս ընթացքում թավայի շոկոլադե տաք թխվածքաբլիթներն է տեղափոխում, Սուսաննան ու Լիլիթը՝ ալյուրով խմոր են հունցում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


-Մեր տեսականուց հենց բրաունին ամենաշատը սիրվեց, կարմիր խմորով ահա այս թխվածքաբլիթը դեռ փորձում ենք, առաջին քանակն ենք պատրաստել, տեսնենք ինչպես կընդունվի։ Օրը 500 հատիկ պատրաստում ենք։ Ունենք ստանդարտ բաղադրատոմսեր, երբեմն ինչ-որ փոքրիկ փոփոխություններ ենք անում, բայց պարտադիր վերջում ավելացնում ենք մեր սերն ու ջերմությունը եւ ուղարկում վաճառքի՝ վստահ, որ երեկոյան խանութներում արդեն ոչ մի հատիկ չի մնա, - պատմում է Զվարթը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Մեր արտադրանքը մենք նաեւ տուն ենք տանում ու մեր երեխաներին տալիս, որ ուտեն։ Տանը ինչպե՞ս եք ձեր երեխաների համար թխվածք պատրաստում՝ ընտրում եք լավագույն կարագը, ալյուրը, ձուն, մթերքները, չէ՞։ Նույնն այստեղ մենք ենք անում։ Լավագույն կակաոն, լավագույն կարագը, ամենաթանկ մարգարինը, ամենաբարձրորակ ալյուրն ենք օգտագործում։ Երբ առաջին անգամ եկանք այս արտադրամաս, ապշել էինք, որ Նորայրն ու Արեւիկը 5000 դրամ արժեքով կարագ էին բերում տորթերի համար ու ամենաթանկ մարգարինը՝ թխվածքաբլիթների համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իրենք միշտ կրկնում են ու մեզ էլ են արդեն սովորեցրել, որ ավելի լավ է վաճառքից շահույթը կազմի ընդամենը 1000 դրամ, բայց հաճախորդը միշտ վերադառնա, - ասում է Սուսաննան։

Զրոյից սկսվեց

Հայաստանի բանկերից մեկի տարածաշրջանային ղեկավար, 17 տարվա դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Նորայր Բաբայանը Babani Bakery-ն հիմնադրեց Covid-2019-ի համավարակի օրերին։

-Ամեն ինչ սկսվեց խնձորից։ Մեր առաջին արտադրատեսակը պանրային սերուցքով խնձորն էր, որը պատենտավորված է՝ հեղինակային իրավունքներն ամրագրված են։ Այդ խնձորների 4 հատն արժե 5000 դրամ է, սպառողները հիմնականում զբոսաշրջիկներն էին։ Բայց եկավ համավարակը, զբոսաշրջիկները երկրից անհետացան, հիվանդանոցներում տեղ ու դադար չկար։

Նորայր Բաբայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկսեցինք գործակցել հիվանդանոցներին սնունդ մատակարարող ընկերությունների հետ, գաթա, թխվածքաբլիթ ուղարկել հիվանդանոցներ։ Սերուցքային պանրով խնձորը մղվեց հետին պլան։ Որքան էլ դաժան է հնչում, բայց այդ ընթացքում մենք հաջողության հասանք հենց հիվանդների թվաքանակի եւ նրանց բարձր գնահատականների շնորհիվ, - պատմում է Նորայրը։

-Խնձորով ու պանրային միջուկով այդ բաղադրատոմսը Նորայրը միայնակ է հնարել։ Մի օր բարկացավ ու որոշեց, որ միայնակ գնալու է հանգստանալու, առանց ընտանիքի եւ ընկերների։ Գնաց ու երկու օր հետո պատմեց, որ այս բաղադրատոմսն է մտածել, - մանրամասնում է Արեւիկը։

-Այո, վերադարձա տուն, այն գրանցեցի, ու գրանցվեցի նաեւ խոհարարության դասընթացների։ Սկսեցինք երեւանյան որոշ սրճարանների մատակարարել այդ խնձորով համեղությունը։ Այս ընթացքում ծանոթացա նաեւ մի հրաշալի հրուշակագործի հետ, ով էլ, արդեն մեր բիզնեսի սկզբնական փուլում, մշակեց նաեւ մեր մյուս բաղադրատոմսերը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Այս ամբողջ պրոցեսների եւ զարգացումների ընթացքում ես միայն օգնողի, ոգեւորողի եւ աջ ձեռքի դերն եմ ունեցել եւ ունեմ։ Խոհարարությունից հեռու եւ իմ կյանքում նման շրջադարձը լրիվ պատահական էր։ Երբ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, սպասում էի երրորդ երեխային եւ աշխատանքից դուրս եկա, որպեսզի չվարակվեմ։ Երեխայի ծնվելուց հետո հասկացա, որ տանն առանց աշխատանքի նստելն ինձ համար չէ։ Սկսեցինք այս բիզնեսը, ես էլ սկսեցի զբաղվել գնումներով եւ առաքումներով։ Այս ընթացքում մի պարզ բան եմ հասկացել՝ ինչքան շատ ես զբաղված, այնքան շատ բան ես հասցնում անել, - ասում է Արեւիկը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ավելի ուշ վերհիշում է՝ ամբողջ կյանքում մայրը հորդորել է փորձել թխվածքաբլիթներ պատրաստել, ինքն էլ մինչեւ Նորայրին հանդիպելը պնդել է, որ անիմաստ է սովորելը, միեւնույնն է, ամուսնանալու է այնպիսի մարդու հետ, ով քաղցրավենիքի արտադրամաս կունենա։

Տեսականին

Babani Bakery-ին ցածր կալորիականությամբ 4 տեսակ թխվածքաբլիթ է առաջարկում՝ իտալական բիսկոտի, բրաունի, վանիլային եւ շոկոլադե։
Իտալական բիսկոտին ամենայուրահատուկ տեսակն է՝ թույլ քաղցրություն ունեցող չորահաց է մի քանի տեսակ ընդեղենով։ Ճաքճքված ու խրթխրթան բրաունին ամենասիրված տեսակներից է, իսկ ահա վանիլային ու շոկոլադե թխվածքաբլիթները լավագույնն են բնորոշում համն ու հոտը։

Լուսանկարը՝ ընտանեկան արխիվ


-Մեր թխվածքաբլիթներն ամենեւին էլ մատչելի չեն, մենք դա գիտենք։ Հիմնական գնորդներն այն մարդիկ են, որոնք կիլոգրամով թխվածքաբլիթ չեն գնում։ Գուցե նմանատիպ, օրինակ՝ վանիլային թխվածքաբլիթներ գտնեք խանութներում, բայց բրաունի ու իտալական բիսկոտին Հայաստանում չեք գտնի, այն էլ տեղական արտադրության։

Արտահանելու ծրագրեր ունենք եւ առաջին հերթին պետք է մի քիչ փոխենք փաթեթավորումը։ Վակումավորված թղթե հատուկ փաթեթներով է հիմա, բայց մի քիչ անզգույշ լինելու պարագայում տեսքը կորցնում է։ Շուտով նոր փաթեթավորում կունենանք եւ կփորձենք անել առաջին քայլերն արդեն դրսի շուկայում։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին