×

Նարեկ Ղազարեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Քիմք»՝ պոեզիայի «համով» եւ կանադացի բնիկների բաղադրատոմսով ծխեցված իշխանը

«Քիմք» համտեսարանը Պուշկինի 3 հասցեում է տեղակայված, բայց այն գտնելու համար պետք է անցնել շենքերի նեղ ճեղքերով, գտնել բակ տանող աստիճանները, ցած իջնել ու ամենաթաքնված անկյունում նկատել սպիտակ ու ձեռագիր բանաստեղծություններով պատերը։ Ներս մտնելուն պես էլ պատուհանագոգին դասավորված, սեղանին բացված, հատուկ նշումներով գրքերը կտեսնեք։ Փայտե յուրահատուկ սեղաններն ու գույքը, հազրեվարդի տարածված բույրն էլ աննկատ չի մնա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս ամենի հեղինակն ու տնօրենը Հալեպում ծնված եւ 23 տարեկանում Կանադա տեղափոխված Նարեկ Ղազարեանն է, որը Հայաստան է եկել մի քանի տարի առաջ՝ ընտանիքի հետ։ Ասում է կյանքում լճացման փուլ էր, ինքն իրեն էր փնտրում  ու գտավ Հայաստանում։

«Քիմք»-ի հիմնադրումից հետո հաճախ տեսնում է, որ ֆեյսբուքում իրեն անվանում են «Ձկնավաճառ մը, որ շատ կսիրե պոեզիա»: Չի նեղանում, ավելին, համամիտ է, ասում է․ «Այո, ես ձկնավաճառ եմ, որ կարող է նույնիսկ պոեզիայի լեզվով իր ձուկը վաճառել, ինչու՞ ոչ»։

GastroVino-ն այցելել է «Քիմք» համտեսարան եւ զրուցել Նարեկ Ղազարեանի հետ։
 
Թե ինչու «Քիմք»

Անսովոր, բայց շատ սիրուն անվանմամբ իմ համտեսարանը ձկնամթերքի ու ձկնային ուտեստների դրախտ է։ Այստեղ նաեւ յուրահատուկ թեյեր կան, երկու տեսակ գինի, որն իմ ձկների հետ համադրել է ընկերոջս՝ Հասմիկի սոմելյե դուստրը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Քիմքը» մարդկանց նուրբ  քիմքին վայել արտադրանք է մատուցում։ Այստեղ կարելի է ուտել ձկով պատրաստված յուրահատուկ ուտեստներ, պատվիրել այդ ամենը տուն տանելու համար եւ գնել  թխկու, ընկուզենու, ծիրանենու փայտով ծխեցրած իշխան։

Սուրճ եփող «շեֆը»

Ինչու՞ Պուշկինի փողոցի այս գողտրիկ անկյունը։ Ախր սա միակ տեղն էր, որն ուներ իմ գրպանին հարմար վարձավճար եւ երկու հարկ։ Նկուղային հարկում սառցախցիկներն ու եփելու-տաքացնելու հարմարություններ են, երկրորդում՝  բուն համտեսարանը։ Կահույքն ինքս եմ պատրաստել, թխկու փայտից, որը գնել եւ բերել եմ Կանադայից։ Աշխատանքային երեք գործիք ունեմ ընդամենը, դրանով էլ գործը գլուխ եմ բերում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ձկներիս արտադրամասը, որտեղ կատարվում է ծխեցումը, Մասիսում է, Սայաթ-Նովա գյուղում։ Այնքան հրաշալի մարդիկ են աշխատում, սրտացավ ու ջիգյարով։ Մի քիչ դժվար հարմարվեցինք իրար, որովհետեւ իրենց համար անսովոր էր, որ ես գնում ու սուրճ եմ պատրաստում իրենց համար, հավասար գործ անում։ Մտածում էին՝ մեր ղեկավարն է, ինչո՞ւ է անում։ Հիմա սովորել են, ընկերացել ենք, ոսկե ձեռքեր ունեն։

Շրջանցելով մրցակցությունը

Երբ ամեն ինչ նոր-նոր էի սկսում, հասկացա, որ շատ դժվար է մարդկանց հասնել խանութների միջոցով, որովհետեւ այստեղ՝ Հայաստանում,  յուրաքանչյուր խանութ իր օրենքն ունի, իրենք են որոշում ճիշտ արտադրանքը որն է եւ  ինչպիսին պետք է լինի վաճառվելու համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սովորաբար այդ խանութներում ամեն ինչ մեկ տեղում է ՝ լավը, միջակն ու վատը, ներքին արտադրական թոհուբոհում էլ բոլորն իրար գիտեն, համաձայնեցված աշխատում են։

Ես հնարավորություն չունեի մտնել մրցակցության մեջ, ոչ մի միջոց չունեի, դրա համար էլ որոշեցի ցատկել այդ ամենի վրայով։

Ավելի քան 160 ձկնաբուծարան կա Հայաստանում։ Գյուղատնտեսության նախարարությունն ինձ տրամադրեց հասցեները։  Ընտրեցի միայն այն ձկնաբուծարանները, որոնք արտահանման խնդիրներ չունեն, քանի որ

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանից արտահանվող ձուկը պետք է անցնի ստուգման բոլոր փուլերով, օրենքը շատ խիստ է։

Որոշեցի, որ իմ ձուկն էլ պետք է հենց այդ տեղերից գնեմ, որպեսզի վստահ լինեմ ՝ որ ոչ մի գրամ հակաբիոտիկ չի օգտագործվել սնուցման ընթացքում, եւ նորմալ է եղել ավազանի ջուրը։

Նարեկ Ղազարեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատ եմ ցավում, որ տեղացի հայերի սեղանին լավագույն մթերքն այդպես էլ չի հասնում, որովհետեւ լավագույնը արտահանվում է։ Ես փորձում եմ լրացնել այդ բացը։

Շատ չէ, բայց եթե ամիսը 30-35 կգ կարողանամ վաճառել, կկարողանամ շարունակել ձուկ գնել, պատրաստել ու վճարել տարածքի վարձավճարը։

Ես գործարար չեմ, բիզնեսից ոչինչ չեմ հասկանում, ես պարզապես մարդկանց առաջարկում  եմ բարձրորակ ապխտած ձուկ։

Ընտրությունը՝ ձուկ

Ձուկը, որպես փորձ, հոբբի ու բիզնես ընտրելը զուգադիպության արդյունքում էր։ Կանադայի այն քաղաքում, որտեղ աշխատում էր կինս, տեղացիները՝ բնիկ կանադացիները, տարին երկու անգամ ծխեցրած ձուկ էին բերում ու վաճառում։ Իրենք վաճառականներ չէին, երբեք ավելին, քան վաճառքի համար նախատեսված քանակը, ձուկ չէին որսում, ունեին ձկան մշակման եւ ապխտելու իրենց կանոնները։ Մենք հաջողացնում էինք նրանցից ձուկ գնել տարվա մեջ 1-2 անգամ, այն էլ փոքրիկ կտորներ եւ տանը ամեն մեկիս հազիվ մեկ փոքրիկ շերտ էր հասնում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մի հունգարացի ընկեր ունեմ, որը Կանադայի մեծ քաղաքում թողել էր քաղաքային կյանքն ու տեղափոխվել էր գյուղ։ Նրա հետ որոշեցինք փորձել ու այդ բնիկների բաղադրատոմսով նույն ձկից պատրաստել։ Փորձերի արդյունքները մեր ընտանիքներն էին համտեսում, լավն ու վատը ասում։ Շատ ձուկ դեն նետեցինք, բայց ինքնակրթությամբ հասանք այս հրաշալի արդյունքին։

«Քիմք»-ի ձկները՝ դոշաբով

«Քիմք»-ն ունի միայն ծիածանափայլ տեղական իշխան, որը մատուցվում է հինգ տարբեր ձեւով։

Դրանք բոլորը ծխեցվում են 3 տեսակի փայտով՝ քաղցր թխկու, որը բերել եմ Քվեբեկից, ընկուզենով, որը էլի Կանադայից եմ բերել, եւ տեղական ծիրանենուց։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ձկան պատրաստման ընթացքում պարտադիր օգտագործում ենք հազրեվարդ՝ բնական եւ չորացրած։ Սրա շնորհիվ է, որ չկա սուր ու տհաճ հոտ։ Հազրեվարդի յուղը պահպանում է ձուկը փչանալուց, նուրբ համ է փոխանցում։ Առանց այս համեմունքի հնարավոր չէ։ Մարինացվում է թխկու դոշաբով, չափաքանակն ընտրում ենք ըստ ճաշատեսակի, եթե, օրինակ՝ «Փորիկ-Պոչիկ» ենք պատրաստելու, ապա այս դոշաբը կրկնակի է օգտագործվում։ Ձկանը այն  միաժամանակ քաղցր եւ աղի համ է փոխանցում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թխկու դոշաբը շատ հետաքրքիր տարբերակով են ստանում՝ ձնհալից հետո թխկենու վրա անցքեր են փորում, դույլ տեղադրում։ Շուտով ծառն իր քաղցրաջուրը սկսում է ծորացնել։ Այն հավաքում են եւ տարաների մեջ լցնում։ Ոչ մի գրամ շաքարավազ կամ այլ հավելում չի օգտագործվում, բնական է, հարյուր տոկոս անվտանգ, մաքուր, առանց ջերմային մշակման։

Ես այն փոքր քանակով բերում եմ Կանադայից, Հայաստանում շատ թանկ է վաճառվում, տեղականն էլ դեռ այն որակն ու համը չունի։

Տեսականին

«Քիմք»-ի ձկան տեսակներն են «Բնիկ 72»-ը, որը պատրաստվում հենց թխկու օշարակով, շատ քիչ աղով ու ծխեցվում է սառը տարբերակով, սա ամենասիրվածն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ունենք «12 րոպե» իշխանի ֆիլեն, որը ամբողջությամբ մշակվում է  հազրեվարդով։

«Փորիկ-Պոչիկ»-ը թխկու օշարակով է եւ մեր ամենաաղի ձուկը՝ գարեջրի հետ փորձելու համար է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատ յուրահատուկ է «Բազձուկ»-ը, որ իր գույնը ստանում է բազուկով մշակվելու արդյունքում եւ «Իշխան TarTare»-ը, որի բաղադրությունն է 200 գրամ ծխեցված և 200 գրամ փափուկ, աղացած միս։

Այս ամբողջը սառեցված վիճակում է, պետք է միայն բացել, սպասել 3 րոպե եւ պատրաստ է։ Համտեսարանում կարող եք գտնել նաեւ ձկնապուր, ձկան ֆիլեով բեյգլներ, որի պանրային միջուկը շատ յուրահատուկ է, եւ պատրաստվում է մեր կողմից ու տեղում, նաեւ տեղական մեր ձկնկիթը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տարբեր խոտաբույսերով թեյեր նույնպես ունենք, վաճառում ենք նաեւ հազրեվարդ։

Կանադական կյանքը

5-6 տարի է Կանադայում աշխատում եմ որպես չափագրող։ Իմ աշխատանքը սկսվում է ապրիլին եւ ավարտվում է հոկտեմբերի վերջին։ Տեւում է ձնհալից մինչեւ ձյան առաջին տեղում։ Ես միշտ կարող եմ գնալ Կանադա, 7 օր աշխատել ու աշխատավարձս վերցնել, գալ ու այստեղ ապրել մի քանի ամիս։ Այդպես էլ անում եմ եւ Հայաստանում իմ ապրուստի ծախսերը հոգալն  ու այս աշխատանքը շարունակելը կարողանում եմ ապահովել։

Նարեկ Ղազարեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընտանիքս նույնպես ինձ հետ այստեղ է։ Ինձ հետեւելով տեղափոխվել են նաեւ մեր մի քանի այլ կանադահայ ընկերներ։ Դժգոհ չենք, Հայաստանում լավ է։

Ես այստեղ շատ եմ ճանապարհորդել, ապրել եմ տարբեր քաղաքներում, մնացել մեծ ու փոքր գյուղերում։ Գիտեմ՝ ինչ է նշանակում «քարից հաց քամել»։ Կանադայում այդպես չէ, ավելի հեշտ է։

Ցավալի է, որ այստեղ մարդիկ հաճախ շատ ջանք են թափում ապրելու համար եւ ոչ միշտ հնարավորություն ունեն վայելելու իրենց աշխատանքի արդյունքը։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին