×

Ծիլա Թանգուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սուրճի բույրից չհոգնող Ծիլան, հայկական սուրճը եւ բովարանի աշխատանքը

Բորսան բորսա է, լինի նավթի, գազի, թե սուրճի. բոլոր դեպքերում էլ պետք է ձեռքը պահել զարկերակին՝ հարմար պահին շահեկան գնում անելու համար։

Coffee inn Yerevan սուրճի մասնագիտացված խանութների ցանցի հիմնադիր եւ տնօրեն Ծիլա Թանգուկյանի բոլոր օրերն արդեն 15 տարի սկսում են մեկ բաժակ սուրճով, շարունակվում սուրճի բույրով ու բորսայի զարգացումներին հետեւելով։

GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է հայրենիք վերադառնալուց հետո բովարանում աշխատելու, սուրճի գույնի կարեւորության եւ այն մասին, թե ինչպես է, որ Հայաստանում սուրճ չի աճում, բայց շատերը հենց «հայկական սուրճ» են նախընտրում։

Աշխատանք սուրճի բովարանում

2007-ին՝ ամուսնանալուց անմիջապես հետո, տեղափոխվեցինք Հայաստան, որոշել էինք հայրենիքում կյանքը զրոյից սկսել։ Դժվարությունները շատ էին, բայց ժամանակի ընթացքում հաղթահարեցինք։ Սիրիայից տեղափոխվելուց հետո սկսեցի աշխատել սուրճի բովարանում, թեպետ, կրթությունս այլ ուղղությամբ էր։

Ծիլա Թանգուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կազմակերպությունը, որում աշխատում էի, ներմուծում էր կանչ սուրճ եւ վաճառում մեծածախ տարբերակով։ Սկզբում պատասխանում էի հաճախորդների նամակներին, բայց ընթացքում այնքան հմտացա, որ սկսեցի զբաղվել սուրճի պատվերներով։ Կապ էի հաստատում Ինդոնեզիայի, Վիետնամի, Լատինական Ամերիկայի մատակարարների, անգամ՝ գյուղացիների հետ, որոնք սուրճի պլանտացիաներ ունեին, հետաքրքրվում էի, թե արդյոք եղանակային պայմանները նպաստավոր են, բերքը լա՞վն է, թե՞ ոչ։ Տարբեր տեղեկություններ էի կարդում, իմանալու, թե երբ եւ ինչ սուրճի պատվեր պետք է անել։ Նախապես ամեն ինչ ուսումնասիրելով՝ հասկանում էի, օրինակ, որ հաջորդ տարի սուրճը կթանկանա, որովհետեւ բերքն այս տարի լավ չէ եւ հազիվ կարողանա ապահովել շուկան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սուրճը բորսա է, ֆիքսված գին չունի, ինչպես, օրինակ, նավթը, բենզինը։ Պետք է անընդհատ հետեւել զարգացումներին, այսօր կարող է գինն էժան լինել, իսկ վաղը՝ թանկանալ։ Թվում է, թե սովորական մի բան է, բայց երբ ուսումնասիրում ես սուրճի շուկան, հասկանում ես, թե որքան բարդ աշխատանք է։

Սուրճի գույնն ու համը

Բովարանը, որտեղ աշխատել եմ 11 տարի, ուներ սուրճի մեծ տեսականի, բայց չուներ մանրածախ խանութ, ցուցահանդեսների եւ տարբեր միջոցառումների ժամանակ հաճախորդները հարցնում էին, թե որտեղի՞ց կարող են սուրճ գնել, բայց ոչ ոք չէր ցանկանում հասնել բովարան։ Ես այնքան էի սիրել այս ոլորտը, որ միտք առաջացավ հիմնել սուրճի մասնագիտացված խանութ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ օրս համագործակցում եմ այդ բովարանի հետ եւ այնտեղ մասնակցում մեր խանութի սուրճը բովելու գործընթացին։ Չափազանց կարեւոր է, թե բովելուց հետո սուրճը ինչ գույն կունենա։ Դժվար է միշտ նույն երանգը ստանալ, դրա համար ամեն անգամ գնում եմ բովարան եւ հուշում, թե որ գույնն եմ ուզում։ Սուրճը խմելիս կարելի է հասկանալ, թե այն ինչ աստիճանի բովվածություն ունի. որքան դառը համը շատ է, այնքան բովվածությունը շատ է, միջին բովվածության դեպքում համն ավելի հաճելի է, իսկ քիչ բովելու արդյունքում ցանկացած սուրճ թթվաշ համ է ունենում։

«Սուրճը դիր, գուքամ գոր»

Իմ բոլոր առավոտները սկսում են սուրճով։ Քանի որ դատարկ ստամոքսին սուրճ խմելն այնքան էլ ճիշտ չէ, խմում եմ կաթով լուծվող սուրճ։ Օրվա ընթացքում նախընտրում եմ 3-4 բաժակ «Ամերիկանո» եւ սեւ սուրճ։

Շատերը կարծում են, որ սուրճի բույրից արդեն հոգնած պետք է լինեմ, բայց այն ընդհանրապես չի ազդում ինձ վրա։ Մինչ այս ոլորտում հայտնվելը՝ առօրյայում խմում էի, բայց սուրճի սիրահար չէի, անգամ չգիտեի, որը սուրճը հատապտուղ է, աճում է թփերի վրա։ Սկզբում հատիկները կանաչ են լինում, ապա կարմրում ու հասունանում, իսկ ներսում դրանք կանաչ են մնում։ Հավաքելուց հետո սուրճի հատիկները փռում են, չորացնում եւ վաճառում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սիրիայում սովորություն կար, հարեւաններից մեկը արթնանում էր, սուրճ պատրաստում, սրճեփն ու բաժակները վերցնում եւ գնում հարեւանի տուն։ Երբ դպրոց էի գնում՝ վերելակում հանդիպում էի այդպիսի հարեւանների ու սուրճի բույրը տարածվում էր ողջ շենքում։ Սրա բացատրությունն էլ այն է, որ մարդիկ չեն ուզում միայնակ վայելել սուրճը։

Մի արտահայտություն կա, որ սիրիահայերը մինչ օրս օգտագործում են, երբ մեկը հարցնում է՝ ե՞րբ ենք հանդիպելու, մյուսը պատասխանում է՝ «սուրճը դիր, գուքամ գոր»։ Սուրճ խմելը մշակույթ է, ավելի շատ նմանեցնում եմ գինի խմելուն։ Ինչպես գինի խմելուց մարդիկ չեն շտապում, նստում են, խոսում դրա մասին՝ դա՞ռն, թե՞ քաղցր, ո՞ր խաղողից է եւ այլն, նույն կերպ էլ սուրճն է։

Անի Խչոյանը զրուցում է Ծիլա Թանգուկյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սուրճի այնքան տեսակներ կան, որ կարելի է խոսել անվերջ, հաճելի մթնոլորտում, սիրած մարդկանց հետ։ Ունեմ ընկերներ, որոնք սուրճից լավ հասկանում են, հաճախ խոսում ենք, կարծիքներ փոխանակում։ Այս ոլորտում շատ նրբություններ կան, միշտ պետք է հաշվի առնել, թե ինչ սարքի համար է նախատեսված սուրճը. եթե «Էսպրեսոյի» համար է, ապա պետք է յուղոտ լինի, որ փրփուր ապահովի, նաեւ քիչ տոկոսով «Ռոբուստա» լինի՝ թնդության համար։ Ֆիլտրով սուրճի կամ «Մոկկա փոթի» համար մենք առաջարկում ենք թունդ սուրճ, որովհետեւ բաց գույնի սուրճը ֆիլտրելուց հետո համ չի ունենում։ Հաճախորդը կարող է նման սուրճ վերցնել ու չհավանել, դրա համար կարեւոր է ճիշտ խորհուրդ տալ։

Գտնել ճիշտ սուրճ

Coffee inn Yerevan-ում վաճառում ենք 35-ից ավելի տեսակի սուրճ, ճիշտ խորհուրդներ ենք տալիս հաճախորդներին, ամեն մեկին առաջարկում իր քիմքին հարմար տեսակ, պատրաստում միքսեր։ Ժամանակի ընթացքում սկսել եմ հասկանալ, թե ով ինչ տեսակի սուրճ կարող է սիրել ու եթե երկու բառով էլ ասի, թե ինչ նախընտրություններ ունի, ապա հստակ կարող եմ առաջարկել իր պահանջին համապատասխան սուրճ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատերը սիրում են, բայց դեռ չեն գտել իրենց համար ճիշտ սուրճ։ Եթե հաճախորդները ժամանակ ունեն, առաջարկում ենք նստել ու մի քանի տեսակի սուրճ խմել անվճար։ Բազմաթիվ հաճախորդներ ունենք, որոնք սուրճի հարցում այնքան են հմտացել, որ կարող են հստակ նշել, թե որ տեսակից քանի գրամ են ուզում՝ իրենց նախընտրած խառնուրդը ստանալու համար։

Հայաստանում ավելի հաճախ գնում են «Ռոբուստայի» եւ «Արաբիկայի» խառնուրդ, ոմանք սիրում են նաեւ այս տեսակներն առանձին։ Բայց մեզ հաջողվել է համոզել հաճախորդներին, որ չսահմանափակվեն մեկ տեսակով։ Խառնուրդներն ավելի հաճելի համ են ունենում։

Հորինել նոր խառնուրդներ

Վերջերս մի սրճարանից ինձ դիմեցին եւ ասացին, որ ցանկանում էին այնպիսի սուրճ, որը թնդություն կունենա եւ ընպելիս հաճախորդները թթվաշություն զգան։ Կիրակի առավոտյան մի քանի տարբերակ փորձելուց հետո գտա նրանց փնտրած խառնուրդը։ Նման դեպքերն ինձ միշտ մոտիվացնում են։

Այս ոլորտն այնպիսին է, որ անընդհատ պետք է նոր սուրճեր ունենալ, նոր խառնուրդներ հորինել։ Մարդիկ հացի հետ հավասար սուրճ են գնում, եւ ցանկալի է, որ մասնագիտացված խանութներից օգտվեն, որովհետեւ որոշ խանութներում սուրճը բաց է դրվում, իսկ այն փակ տեղեր է սիրում։ Սուրճի թշնամին օդն է, բաց դրվելու արդյունքում այն կորցնում է իր համը։

Ծիլա Թանգուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատերը սիրում են սուրճ, բայց քնի հետ կապված խնդիրներ են ունենում, կոֆեինը նրանց վրա վատ ազդեցություն է թողում, դրա համար էլ վաճառում ենք նաեւ առանց կոֆեինի սուրճ։ Բացի այդ, ժամանակի ընթացքում կոտրվել է այն կարծրատիպը, որ սուրճը վնասակար է, հակառակը, հետազոտություններ կան, որոնց համաձայն՝ բավարար չափով սուրճը՝ 3-4 բաժակ, օգտակար է։ Անգամ նշում են, որ բարձր տրամադրություն է հաղորդում, դրանում առկա անտիօքսիդանտները կարեւոր են մարդու օրգանիզմի համար։

Հայկական սուրճ

Ցավոք, Հայաստանում սուրճ չի աճում։ Պատճառը կլիման է, սուրճն աճում է տաք ու խոնավ երկրներում։ Չգիտեմ, գուցե ապագայում ջերմոցներում փորձեն աճեցնել, բայց դժվար պրոցես է։

Երբեմն, ասում են՝ «հայկական սուրճ» եւ ես հասկանում եմ, որ նկատի ունեն «Ռոբուստա» սեւ սուրճը։ Կարծում եմ՝ խորհրդային տարիներին Հայաստանում միայն այս սուրճն է եղել, դրա համար էլ կարծրատիպ կա, որ առանց հավելումների «Ռոբուստան» հայկական է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանում սիրում են մանր աղացած սուրճ՝ գրեթե ալյուրի նման, բայց ես դեմ եմ դրան, չափազանց մանր աղացածը համեղ չեմ համարում։ Մի փոքր խոշոր հատիկներն ավելի ճիշտ համեր են հաղորդում սուրճին։

Սուրճ նվիրելու մշակույթն ու համբերությունը

Տարեցտարի ես տեսնում եմ, թե ինչպես են ձեւավորվում նոր մշակույթ, մարդիկ հյուր գնալիս կարող են տուփ վերցնել, որում կա սուրճ, թեյ, քաղցրավենիք։ Առաջին անգամ չորս տարի առաջ սկսեցինք նման տուփեր հավաքել եւ այդ միտքն այնքան կատարելագործվեց, որ հիմա արդեն մեծ պահանջարկ կա։

Առհասարակ, Հայաստանում որեւէ գործ սկսելու համար պետք է մեծ համբերություն ունենալ։ Երկիրը փոքր է, բնակիչները՝ քիչ, երբ նոր էինք բացվել, շաբաթը 5 կամ 10 հաճախորդ կարող էինք ունենալ, բայց այնքան մեծ սիրով ու մոտիվացիայով էինք անում այդ գործը, որ մեկը մյուսին բերեց մեր խանութ ու մեր հաճախորդներից շատերն էլ առավոտյան մեկ բաժակ սուրճը հենց մեզ մոտ են վայելում կամ տանում իրենց հետ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին