×

Արեւիկ Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արեւիկ Մարտիրոսյան. Խոհարարը, ֆուդբլոգերը եւ… նկարիչը

Արեւիկ Մարտիրոսյանին դեմքով գրեթե չեն ճանաչում, բայց ձեռքի համը գիտեն բոլոր նրանք, ովքեր Ծաղկունք Գլխատուն ռեստորան են այցելում կամ էլ հետեւում են Youtube-ում Համտես (Hamtes) էջին։

Ծաղկունք ռեստորանի խոհարարը, ով նախկինում աշխատել է նաեւ Seasons ռեստորանում որպես co-chief, իր վիդեոբլոգում առաջարկում է տարատեսակ բաղադրատոմսեր, եւ դրանց պատրաստման եղանակը մատուցում շատ անսովոր ձեւաչափով՝ առանց բառերի եւ կադրում երեւալու։

Ասում է, որ չի սիրում դիմահարդարվել ու կադրում հայտնվել, իր նպատակը՝ ռեստորանային ու հայկական ավանդական, բարդ կամ թեթեւ, բայց շատ համեղ ուտեստների պատրաստման գաղտնիքը բոլորին հասանելի դարձնելն է։
Gastrovino-ն հանդիպել է ու բացահայտել Համտեսի խորհրդավոր հեղինակին։

Ո՞վ է նա

29 տարեկան եմ։ 17 տարեկանից եմ խոհարարության մեջ։ Առաջին աշխատատեղս եղել է «Աբովյան 12-ը», որը այդ ժամանակ «Ronnefeldt» սրճարան էր կոչվում։

Մեր ընտանիքում բոլորն արվեստի աշխարհից են։ Ես էլ պետք է նրանց շարքերը համալրեի, բայց որոշեցի մի քիչ շեղվել։

Դեռ փոքր տարիքից պաշտում էի նկարչությունն ու խոհարարությունը։ Մայրիկս պահել է դպրոցական տետրերս, որոնց մեջ ես մանրամասնորեն գրել եմ ինչ-որ բաղադրատոմսեր ու մատիտով նկարել դրանց պատրաստման եղանակը։

Հիմա երբ թերթում եմ, հասկանում եմ, որ եթե դրանցից օգտվելով որեւէ բան փորձեմ պատրաստել, հաստատ կթունավորվեմ ուտելուց հետո։

Խոհարար դառնալու վերջնական որոշումս կայացրեցի ավարտական դասարանում եւ սկսեցի տարբեր ռեստորաններ այցելել ու փորձաշրջաններ անցնել։ Հետո ընդունվեցի Երեւանի հայ-հունական քոլեջի՝ խոհարարության բաժին։ Երեք տարի անց՝ ավարտելուն պես, գտա առաջին աշխատանքս։

Արեւիկ Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ծնողներս այնքան էլ կողմ չէին իմ մասնագիտական ընտրությանը, պնդում էին, որ չափազանց ծանրաբեռնված աշխատանք է եւ այս բնագավառում ամենաքիչը 12 ժամ ոտքի վրա ես մնում ամեն օր։ Բայց նաեւ չխոչընդոտեցին։

Խոհարարությունն արվեստ է

Եթե ուզում ես լավ խոհարար լինել, պետք է սիրես խոհարարությունը եւ ձգտես լավագույնին։ Համային զգացողությունը փորձի հետ է գալիս։ Առհասարակ, այն կարծիքին եմ, որ եթե մարդը սիրում է իր ոլորտը՝ ձգտում է ու հասնում լավ արդյունքի, որովհետեւ շարունակ աշխատում է ինքն իր վրա։ Խոհարարության մեջ մարդը պետք է նաեւ աչք ունենա, համային զգացողություն, համադրելու ունակություն։

Նկարչությունը շարունակում եմ սիրել եւ դրանից երբեք չեմ հրաժարվի, բայց վստահ եմ, եւ իմ փորձն էլ ապացուցում է, որ խոհարարությունն ու նկարչությունը շատ նման են։

Արեւիկ Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նկարիչը նկարում է կտավի վրա եւ մատուցում, մենք՝ խոհարարներս, նկարում ու մատուցում ենք ափսեի վրա։

Ուտեստը պարտադիր պետք է գեղեցիկ լինի, ճիշտ կտավի պես, որովհետեւ մարդը սնունդը առաջինն ընկալում է տեսողությամբ, հետո հոտառությամբ եւ վերջում՝ համով։ Համն ու հոտը համարժեք են, առաջին պլանում տեսքն է։

Ֆուդ բլոգինգի իմ տարբերակը

Եղբայրս՝ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն է նկարահանում իմ հոլովակները։ Հատուկ տարածք դեռ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, հիմնականում տանն ենք նկարահանում, թեեւ դիտողը դժվար գլխի ընկնի։




Հատուկ ընտրեցինք հոլովակների հենց այս ձեւաչափը՝ առանց խոսող ու բացատրող խոհարարի, որովհետեւ Հայաստանում նման հոլովակային տարբերակներ չկան։

Մանրակրկիտ ընտրում եմ բաղադրատոմսերը, որ լինի հեշտ պատրաստվող, մատչելի բաղադրիչներով, հասանելի համեմունքներով։ Ներկայացնում եմ, թե ռեստորանի ամենապատվիրվող ուտեստների ու քաղցրեղենների, թե մեր ազգային խոհանոցի ճաշատեսակների, թե հեղինակային ուտեստների բաղադրատոսմեր։ Դրանք մատուցելու տարբերակներ նույնպես առաջարկում եմ։

Ճաշացանկը

Մեր հաղորդաշարը դեռ նոր է ու մենք շատ մեծ պլաններ ունենք։

Ճաշացանկը միշտ հարմարեցնում ենք սպասվող տոներին։ Շուտով կգերակշռեն ազգային ուտեստները, որոնք նորովի կմատուցենք եւ շատերը կզարմանան, որ այդ ուտեստները հայկական են, սակայն օտար խոհանոցներում ավելի շատ են ներկայացվում ու մատուցվում։


Այս հոլովակների բուն նպատակը համեղ եփված ու գեղեցիկ մատուցված բաղադրատոմսերը տանտիրուհիներին հասանելի դարձնելն է, բացատրելը, որ բարդ բան չկա համեղ ու ռեստորանային ուտեստ պատրաստելու մեջ։

Ինչո՞ւ չենք կենտրոնաում միայն մեկ խոհանոցի ուղղությամբ։ Ուզում ենք, որ մարդիկ ինչ ուզեն, գտնեն մեր էջում, հատկապես որ դա մատուցում ենք բոլորովին նոր տեսակով։

Արեւիկ Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բայց գաղտնիք բացեմ՝ «Համտեսի» գերնպատակը հայկական մոռացված ու ավանդական ճաշատեսակները նորից նորաձեւ դարձնելն է, երազում եմ դրանք հանրայնացնելու եւ հանրամատչելի դարձնելու մասին։ Այս ամենն արվում է հենց այդ նպատակով։

Բարդությունները

Նկարահանման ընթացքում ինձ համար ամենաբարդ բանը դանդաղ աշխատելն է։ Ես սովոր եմ ամեն ինչ արագ ու երբեմն գերարագ անելու, իսկ նկարահանումների ընթացքում ամեն ինչ անում եմ շատ դանդաղ, որպեսզի տեսախցիկը կադրը ճիշտ ֆիքսի, իսկ մարդը, որը հոլովակը դիտելով ինձ հետ միասին միաժամանակ պատրաստում է, հասցնի։

Բարդ է նաեւ, որ միայն ձեռքերս են երեւում, ախր ես անընդհատ սովոր եմ նայել սնունդին, հոտոտել, ձեռքով շտկել, իսկ նկարահանման ընթացքում հետ-առաջ գնալ չի կարելի։



Չկա ուտեստ, որի պատրաստման ընթացքը չեմ հասցնի նկարահանել, պարզապես կան ճաշատեսակներ, որոնք նկարահանվում են երկու օրում։ Օրինակ, խոզի կողոսկրերը պատրաստելիս առաջին օրը նկարահանեցինք մարինացումը, երկրորդը օրը՝ բուն պատրաստումը։ Չեմ կարող խաբել մարդկանց եւ ամեն ինչ եփել մի քանի րոպեում կամ ժամում, մտածելով, որ դե լավ, մարդիկ չեն իմանա, թե օրինակ, կողոսկրերը մարինացվելուց հետո հասունացել են, թե ոչ։

Տանեցիների համար

Ընտանիքիս համար գրեթե չեմ պատրաստում, որովհետեւ շատ հոգնած եմ լինում ու սպառված։ Սա բոլոր խոհարարների խնդիրն է։ Երբեմն տանը թխվածքներ եմ պատրաստում մայրիկիս համար, աջարական խաչապուրի՝ հայրիկիս համար։ Երբեմն՝ նաեւ գառան մսով կերակուրներ։




Փոխարենը մայրիկիս պատրաստածն եմ մեծ հաճույքով ուտում, որն ուղղակի անմահական համեղ է։

Սիրում եմ ուտել իտալական խոհանոցի ճաշատեսակներ, պատրաստել՝ իսպանական։ Ծովամթեքով եմ սիրում աշխատել, թեեւ Հայաստանում տեսականին քիչ է ու պատրաստելն էլ բարդ։

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին