×

Գայանե Սիմոնյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից

19-ամյա Գայանեն խոհարարական օլիմպիադայի հաղթողներից է

Երիտասարդ խոհարարների 8-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող Գայանե Սիմոնյանն արժանացել է Plate Trophy մրցանակի։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի առաջին անգամ օլիմպիադան անցկացվել է օնլայն ձեւաչափով։ Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքին հետեւել է ժյուրիի 5 անդամ՝ երկուսը մասնակցի երկիրը ներկայացնող, իսկ երեքը՝ Հնդկաստանից, օնլայն ռեժիմով։

Գայանե Սիմոնյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից


19-ամյա խոհարար, հրուշակագործ Գայանե Սիմոնյանը GastroVino-ին ասել է, որ աշխատում է որպես հրուշակագործ, նաեւ Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանող է։ 2021 թվականին մասնակցել է World skills Armenia խոհարարական մրցույթին եւ գրավել առաջին տեղը, արժանացել ոսկե մեդալի, որն էլ ճանապարհ է բացել դեպի միջազգային մրցույթներ։

«Քանի որ հաղթել եմ` այս տարի աշնանը պետք է մասնակցեմ World Skills միջազգային խոհարարական մրցույթին։ Շեֆ խոհարար Արբի Ղարախանին, ով World skills Armenia-ի ժյուրիի կազմում էր, առաջարկեց փորձ ձեռք բերելու եւ ավելի լավ նախապատրաստվելու համար մասնակցել նաեւ Հնդկաստանում անցկացվող Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադային, եւ ես համաձայնեցի եւ Արբի Ղարախանին էլ եղավ իմ մարզիչը»,- ասել է Գայանե Սիմոնյանը։

Լուսանկարը՝ անձնական արխիվից


Երիտասարդ խոհարարների 8-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցել է 6-րդ անգամ, իսկ, ընդհանուր առմամբ, այս տարի մասնակցել է 55 երկիր։

«Օլիմպիադան կայացել է 2 փուլով։ Երկրորդ փուլ անցել է 20 մասնակից։ Առաջին տասնյակը պայքարել է 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի, իսկ երկրորդ տասնյակը՝ Plate Trophy-ի կամ, այսպես ասած, «լավագույն ափսեի» համար։ Մրցույթի արդյունքով եղել է 4 հաղթող։ Ես երկրորդ տասնյակում էի եւ արժանացա Plate Trophy մրցանակի»,- ասել է Գայանե Սիմոնյանը։

«Քանի որ Հնդկաստանի ժյուրին ուտեստի համը ստուգելու հնարավորություն չուներ, յուրաքանչյուր մասնակցի գնահատում էր իր երկրի ժյուրին, մեր դեպքում՝ Գարեգին Օհանյանն ու Տիգրան Ղամբարյանը։

Տիգրան Ղամբարյանը, Արբի Ղարախանին, Գարեգին Օհանյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից


Նրանք փորձում էին ուտեստների համը «փոխանցել» Հնդկաստանի ժյուրիի անդամներին։ Երբ խոհարարին բացատրում ես, թե ինչ համադրություններ կան ուտեստի մեջ, նա որոշ չափով կարող է պատկերացնել համը, հասկանալ, թե որքան են դրանք համադրելի։

Լուսանկարը՝ անձնական արխիվից


Օլիմպիադայի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի մոտ կար 3-4 տեսախցիկ, որոնցով Հնդկաստանից հետեւում էին աշխատանքին։ Որեւէ պահի կարող էին պահանջել տեսախցիկը մոտեցնել մասնակցի տախտակին»,- պատմել է երիտասարդ խոհարարը։

Լուսանկարը՝ անձնական արխիվից


Գայանե Սիմոնյանը մրցույթի առաջին օրը պատրաստել է իտալական պաստա՝ միջուկով եւ սոուսով, ինչպես նաեւ՝ կրեմ բրյուլե, որը ֆրանսիական դասական աղանդեր է։ Երկրորդ օրը տարբեր երկրների մասնակիցներ պատրաստել են ազգային ուտեստներ՝ իրենց մշակույթը ներկայացնելու համար։

Լուսանկարը՝ անձնական արխիվից


«Երբ արդեն երկրորդ տասնյակում էի՝ անհրաժեշտ էր հավն այնպես ոսկրահան անել, որպեսզի միսն ու կաշին չվնասվեին, հետո պետք էր դրանով ուտեստ պատրաստել։ Ես պատրաստեցի հավի ռուլետ՝ մանգոյի եւ քաղցր կարտոֆիլի խավարտով։ Հենց այս ուտեստով էլ հաղթեցի։ Թեպետ, ինքս էլ չէի պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու խոհարարական օնլայն մրցույթը, բայց ընթացքը լավ էր կազմակերպված եւ մասնակիցներն էլ ուժեղ էին, ներկայացնում էին աշխարհի լավագույն քոլեջները։ Լավ փորձ էր ինձ համար, հիմա պատրաստվում եմ հոկտեմբերին Չինաստանում կայանալիք World Skills-ին»,- ասել է Գայանեն։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին