Գինեգործ Տաթեւիկ Գաբրիելյանը Վայոց ձորի Վերնաշեն գյուղից է, իր մասնագիտությունը հասկանալու, բացահայտելու համար թողել է Հայաստանի «գինեգործական մարզն» ու մեկնել Շվեյցարիա, ուր սիրահարվել է գինեգործությանը, այնուհետեւ՝ գերմանացի գինեգործ Ժան Պոլ Բերգերին։
Տաթեւիկ Գաբրիելյանը եւ Ժան Պոլ Բերգերը՝ զավակների հետ | Լուսանկարը՝ Krya Wines
Հայ-գերմանական գինեգործական ընտանիքն այժմ բնակվում է Հայաստանում, փորձում նոր կյանք տալ խաղողի 70-ամյա այգիներին, հիմնում նորերն ու գինի արտադրում։ Krya Wines-ի հիմնադիր Տաթեւիկ Գաբրիելյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է սարդոստայնի պես պահող գինեգործության, պանրագործարանում պատրաստվող գինու եւ սերունդների համար արվող գործի մասին։
«Էկզոտիկ» հայը Շվեյցարիայում
Գինեգործությունը սկզբից մինչեւ վերջ մեծ սեր, համբերություն է պահանջում, մի քիչ էլ օպտիմիզմ, որը ես չունեմ, բայց պակասը լրացնում եմ ամուսնուս օգնությամբ։ Այս ոլորտը կարծես սարդոստայն լինի, մարդիկ ընկնում են մեջը ու մնում։
Գինեգործության նկատմամբ հետաքրքրությունն ինձ մոտ առաջացել է հեռուստացույց դիտելիս. երբ ֆրանսիական վավերագրական ֆիլմերում տեսնում էի, թե ինչպես են գեղեցիկ կանայք գինու բաժակը ձեռքին շրջում խաղողի այգիներում, ասում էի՝ «վաու, սա այն է, ինչ ես ուզում եմ»։ Դպրոցից հետո ընդունվեցի Ագրարային համալսարան, բայց չավարտեցի, որովհետեւ կրթությունն ինձ հիասթափեցրեց։ Գինեգործությունը հասկանալու համար որոշեցի մասնակցել ամառային դպրոցի։ ԱՄՆ-ում գտա մի ծրագիր, որի կազմակերպիչը Շվեյցարիան էր, դիմեցի ու պատասխանեցին, որ ծրագիրն իրենց ուսանողների համար է, բայց հետաքրքիր կլինի հայ ուսանող ունենալ, որովհետեւ իրենց համար հայը խիստ «էկզոտիկ» է։
Ծրագրից հետո վերջնականապես որոշեցի Հայաստանում ուսումս թողնել ու մեկնել Շվեյցարիա։ Ամեն ինչ սկսեցի զրոյից, որովհետեւ կրթությունը ֆրանսերեն էր, իսկ ես bonjour (բարեւ) եւ au revoir-ից (ցտեսություն) այն կողմ ոչինչ չգիտեի։ Սկսեցի աշխատել եւ միաժամանակ պորտուգալացիների հետ միասին ֆրանսերեն սովորել։
Սիրահարվել գինեգործությանը, այնուհետեւ՝ գինեգործին
19 տարեկան էի, երբ սկսեցի աշխատել խաղողի այգիներում: Սկզբում աշխատանքը ծանր էր, ես՝ թույլ, իսկ Շվեյցարիայում ոչ ոք քեզ չի խնայի միայն այն բանի համար, որ աղջիկ ես կամ փորձնակ։ Առաջին տարվա ընթացքում մտածում էի, որ այս աշխատանքն իմը չէ եւ երբ տարին ավարտվեց ու պետք է որոշեի՝ վերադառնո՞ւմ եմ Հայաստան, թե՞ ոչ, բոլորին զարմացրեցի, երբ ասացի, որ ցանկանում եմ մնալ։
Հաջորդ տարի էլ ավելի կոփվեցի, մտածելակերպս փոխվեց, դադարեցի մտածել, որ ընդամենը փորձնակ եմ, հասկացա միջավայրն ու մինչեւ վերջ սիրահարվեցի այս գործին։
Տաթեւիկ Գաբրիելյանը եւ Ժան Պոլ Բերգերը՝ զավակների հետ | Լուսանկարը՝ Krya Wines
Շվեյցարիայում հանդիպեցի ամուսնուս, երկուսս էլ գինեգործություն էինք ուսումնասիրում մի փոքրիկ համալսարանում, բայց իրար չէինք հանդիպում, որովհետեւ տարբեր դասերի էինք հաճախում։ Ծանոթացանք շուրջ տասը տարի առաջ՝ պրակտիկայի ընթացքում, սիրահարվեցինք։ Սկզբում հիմնականում ապրում էինք Շվեյցարիայում, հետո տեղափոխվեցինք Գերմանիա, իսկ մի գեղեցիկ օր էլ ամուսինս որոշեց, որ գալիս ենք Հայաստան։ Մինչ այդ նա 5 անգամ եղել էր այստեղ եւ շատ էր հավանել մեր երկիրը։ Ինքս էլ ուզում էի վերադառնալ, բայց այդ ժամանակ մտածում էի, որ մոտ երկու տարի էլ կմնամ՝ գերմաներենիս գիտելիքները խորացնելու համար։ 2017 թվականի ամռանը տեղափոխվեցինք Հայաստան, սկսեցինք աշխատել «Ոսկեվազ» գինու գործարանում՝ որպես գլխավոր գինեգործներ:
Գինի՝ պանրագործարանում
Ամուսինս 17, իսկ ես 12 տարի գինու ոլորտում ենք, երկուսս էլ վաղուց ուզում էինք ստեղծել մեր գինին։ 2018 թվականին ծնվեցին մեր երկվորյակ աղջիկները, ես թողեցի գինեգործարանում աշխատանքս։ Երեխաների ծնունդը նոր խթան եղավ տեղից շարժվելու համար, որոշեցի, որ «բավ է լինել գինեգործի կին, հիմա ստեղծելու ժամանակն է»։ Մեր բալիկները լույս աշխարհ եկան կյանքի մի փուլում, երբ բոլոր պլանավորած գործերը միաժամանակ սկսեցին իրագործվել՝ տուն գնել, գինու արտադրություն սկսել։
Լուսանկարը՝ Krya Wines
Ես երկկողմանի վերնաշենցի եմ։ Ընտանիքս Վերնաշեն գյուղում նախկին պանրագործարան ուներ, որը երբեք չի շահագործվել։ Որոշեցինք գինի արտադրել հենց այդ տարածքում։ 2017-18թթ. սկսեցինք վերածնել, վերակառուցել իմ պապական հողերը՝ 70-ից ավելի տարեկան խաղողի այգիները, որոնք որակյալ խաղող են տալիս, գնեցինք նաեւ նորերը։ Հիմա կենտրոնացել ենք հողերի վրա, քանի որ լավ գինու սկիզբը լավ հողում աճող խաղողն է։ Փորձել ենք ստանալ եվրոպական ստանդարտներին համապատասխան, գեղեցիկ այգիներ, ինչը ներդրումներ, ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Հայաստանում մեկ հեկտար այգուց ամենաքիչը արտադրվում է 10 տոննա խաղող։ Մենք մեկ հեկտարից ստացել ենք մոտ երեք տոննա, ինչը հնարավորություն է տալիս, որ խաղողի դրական հատկություններն էլ ավելի խիտ լինեն։
Լուսանկարը՝ Krya Wines
Հիմա մշակում ենք խաղողի այգիներն ու ստեղծում մեր ուզած գինին։ Մշակելիս օգտագործում ենք միայն օրգանական նյութեր, տարրեր ունենք նաեւ բիոդինամիկայից։ Հավանաբար, կգնանք դեպի այդ ուղղություն, որովհետեւ բիոդինամիկան շատ ոգեշնչող է։
Համարակալված 800 շիշ
Krya Wines-ի առաջին կարմիր գինին շուկա դուրս եկավ շուրջ 2021թ. աշնան սկզբին, արտադրել ենք ընդամենը 800 համարակալված շիշ։ Այն ստեղծվել է 2019 թվականի Արենի տեսակի խաղողից։ Գինին խմորվել է երկար, 12 ամիս հնեցվել հայկական տակառներում։ Կարծում եմ՝ ստացվել է բավականին կոմպլեքս, խորը, բայց նաեւ թեթեւ գինի՝ Արենի խաղողի շնորհիվ։
Առաջին խմբաքանակի գրեթե կեսն արդեն սպառվել է։ Մի կողմից, ուզում ենք վաճառել, մյուս կողմից՝ պահել, հասկանալու համար, թե մյուս տարիներին ինչ կլինի գինու հետ։ Այն հնեցվել է մառաններում, բայց զարգանալու տեղ ունի։ Դեռեւս քիչ տեղերում ենք ներկայացված, քանի որ դանդաղ ենք շարժվում, չենք ցանկանում, որ մինչեւ 2020 թվականի գինու շուկա դուրս գալը այս խմբաքանակն ավարտվի։
Լուսանկարը՝ Krya Wines
Կարծում եմ՝ կարմիր Արենիի 2020 թվականի գինին կլինի մոտ 5 000 շիշ, 2021-ինը՝ 7 500 եւ հետզհետե քանակը կավելանա։ Վերջնական նպատակը տարեկան 70 հազար շիշ արտադրելն է, հիմնականում՝ արտահանելու համար։
Լուսանկարը՝ Krya Wines
Krya Wines-ի գինին գնային բարձր սեգմենտում է, մենք նախընտրում ենք արտադրել քիչ քանակությամբ բարձրարժեք գինի, սա է նաեւ պատճառը, որ սուպերմարկետներում ներկայացված չենք։ Գինին ամենալավը դեռեւս վաճառվում է մեր գործարանից, թեպետ բրենդինգի մեջ առանձնապես ներդրում չենք արել: Մարդիկ ինչ-որ կերպ իմանում են մեր մասին եւ երբ գալիս են գործարան, ակամայից նաեւ շրջայցեր ենք անում, հյուրերին ցույց ենք տալիս մեր վերափոխված այգիները։
«Գինին կրիայի նման է, սիրում է դանդաղ շարժվել»
Այլ գինիներով եւս պատրաստում ենք շուկա դուրս գալ։ Վայոց Ձորում աճեցված Կախեթ տեսակի խաղողի 2021 թվականի բերքից արտադրել ենք վարդագույն գինի։ Այս տարածքում սովորաբար Կախեթ չի լինում, բայց դրանք նոր տնկած, վեց տարեկան այգիներ են, փորձ ենք կատարել ու հետաքրքիր է ստացվել։
Կներկայանանք նաեւ սպիտակ գինով, որը Ոսկեհատ, Մսխալին եւ Գառան դմակ խաղողի սորտերի ասամբլյաժ է։ Այն այլ ոճով ենք ստեղծում, ավելի խորն է։ 2020 թվականին բնական խմորիչներով ֆերմենտացիա անելու փորձ ունեցանք։ 2021 թվականի սպիտակ գինին հենց բնական խմորիչներով է արտադրված։ Այն հնեցված է եւ շուկա դուրս կգա 2022-ի վերջին։ Կարեւոր է, որ գինին հանգստանա՝ լինի տակառում, տարայում, թե շշում։ Սա կարեւոր պայման է, որ գինին կարողանաս ներկայացնել այնպես, ինչպես ուզում ես, որովհետեւ ամեն ինչ արագ անելու դեպքում գինին շոկի է ենթարկվում։ Գինին կրիայի նման է, սիրում է դանդաղ շարժվել։
Լուսանկարը՝ Krya Wines
Մեր գինի կոչվում է «Կրիա» այն պատճառով, որ բավականին դանդաղ ենք առաջ գնում՝ կրիակի նման: Բացի այդ, կրիան շատ ազգությունների համար հաջողության, գումարի եւ երկարակեցության խորհրդանիշ է։
Ժան Պոլն ու նրա կինը
Արդեն չորս տարի է, ինչ ամուսնուս հետ կողք-կողքի ենք աշխատում, գլոբալ հարցերում ունենք նույն տեսակետը, բայց նպատակներին հասնելու հարցում տարբեր կերպ ենք մտածում։ Ամուսինս ավելի գերմանական մոտեցում ունի՝ «ես միշտ այսպես եմ արել ու այդպես էլ կշարունակեմ», իսկ ես նոր փորձերի կողմնակից եմ։ Ամուսինս ավելի օպտիմիստ է, ես՝ կրիտիկ, հատկապես երբ խոսքն իմ արած գործին է վերաբերում, բայց միշտ իրար լրացնում ենք։ Մենք ամեն ինչ երկուսով ենք անում, բայց Հայաստանում, երբ ասում եմ՝ «ես ու ամուսինս», ես միանգամից կորում եմ եւ դառնում Ժան Պոլի կինը (ծիծաղում է,-հեղ.)։ Թեպետ, վերջերս շատ ծրագրեր կան, որոնք նպաստում են կանանց առաջխաղացմանը, բայց այնտեղ, ուր կա եւ կին, եւ տղամարդ, տղամարդը հայտնվում է առաջին պլանում։ Ժամանակն է, որ կարծրատիպերը գոնե մի քիչ փոխենք։
Տաթեւիկ Գաբրիելյանը եւ Ժան Պոլ Բերգերը՝ զավակների հետ | Լուսանկարը՝ Krya Wines
2006 թվականին, երբ որոշեցի գինեգործ դառնալ, աղջիկներն այդ բաժինն ավարտելուց հետո դիպլոմը դնում էին տանը կամ, լավագույն դեպքում, աշխատում ինչ-որ ախտորոշման կենտրոնում։ Ինքս էլ մեկ տարի աշխատել եմ լաբորատորիայում, բայց այդ աշխատանքն ինձ համար չէ, դրա համար շարունակեցի պրակտիկ ուղղությամբ։ Իրականում, անգամ Շվեյցարիայում շատ չէին գինեգործ կանայք։ Պատճառը պահանջվող ֆիզիկական աշխատանքն է, որն ավելի հարմար է տղամարդկանց։ Բայց երբ չունես ուժ, օգտագործում ես խելքն ու ամեն ինչ ստացվում է։
Մինչեւ օրս իմ ծանոթները չեն պատկերացնում, թե ինչպես եմ հողի հետ աշխատում, բայց ես հենց հողի մարդ եմ ու կարծում եմ, որ կինն ավելի լավ է զբաղվում բույսերի մշակությամբ։ Իհարկե, գինեգործ լինելու համար որոշ գործերի պետք է տիրապետել, որոնք, որպես կանոն, տղամարդիկ են անում: Օրինակ՝ լավ է, եթե տրակտոր վարել գիտես, այլապես կարող ես դառնալ «շեֆ», բայց ոչ գինու հետ աշխատող գինեգործ։ Ես անում եմ բոլոր աշխատանքները, բացի «սրսկելուց», այն էլ որովհետեւ վատ հոտ է գալիս (ծիծաղում է,-հեղ.)։
Գինեգործությունը սերունդների համար արվող գործ է
Երեխաների ծնվելուց հետո, երբ թողեցի «Ոսկեվազ»-ի աշխատանքը, թվում էր, թե ամեն ինչ մի փոքր կհեշտանա, բայց ամուսինս դեռ աշխատում է Արագածոտնի մարզում եւ նրանից հեռու լինելը բավականին դժվար է։ Մենք «ապրում ենք» Երեւան-Եղեգնաձոր-Արագածոտն ճանապարհներին ու մեր փոքրիկները մեզ հետ հավասար, առանց դժգոհելու գնում-գալիս են։ Նրանք մեզ հետ նաեւ խաղողի այգիներում են լինում, գործարանում։ Դեռ երեք տարեկան են ու իրենց համար խաղողի այգին «խաղ» է, բայց փոխարենը ուշադիր հետեւում են, երբ տակառներն ենք լցնում կամ այլ գործեր անում, թվում է՝ մեծ պատասխանատվությամբ են մոտենում այդ ամենին։
Լուսանկարը՝ Krya Wines
Իրականում, գինեգործությունը սերունդների համար արվող գործ է։ Krya Wines-ը մեծ ծավալների կհասնի ու ապրուստի միջոց կլինի այն ժամանակ, երբ կգա գործը մեր երեխաներին հանձնելու պահը։ Մենք գիտակցում ենք, որ այս գործը պետք է անել մեծ սիրով ու զոհաբերությամբ, այլապես դրա մեջ երկար չես դիմանա։ Մենք դեռ աճում ենք, մեծանում, հիմա ոչ միայն բիզնեսից եկած փողն է գնում դեպի բիզնես, այլեւ մեր սեփական գումարը։ Հուսով եմ՝ 2025 թվականից կսկսենք կայուն եկամուտ ունենալ։
Դժվար տարվա «դառը» գինին
2020-ը վատ տարի էր բոլոր առումներով՝ եւ հայերիս, եւ խաղողի համար։ Այդ տարվա գինին դեռ շուկա դուրս չի եկել, բայց դրանում զգացվում են 2020-ի դառնությունն ու թափված արցունքները։
2020-ին ստիպված եղանք նաեւ դադարեցնել նոր գինեգործարանի աշխատանքները։ Պանրագործարանի տարածքը, իրականում, այնքան էլ հարմար չէ գինի ստեղծելու համար, առաստաղի ցածր լինելու պատճառով չենք կարողանում տեղավորել մեզ անհրաժեշտ տակառներն ու տարաները։ Նախորդ տարի գործարանի կողքին փորեցինք նոր գործարանի հիմքն ու դադար եղավ։ Այս տարի փորձեցինք հավաքել ուժերը, որ հաջորդ տարի անցնենք ընդհատված գործերին, շարունակենք ընթացիկ աշխատանքներն ու սկսենք նորերը։
Նոր գործարանը կառուցելուց հետո կկարողանանք մեծացնել արտադրվող գինու ծավալն ու կենտրոնանալ արտասահմանյան շուկաների վրա: Մեծ քանակությամբ գինին Հայաստանում սպառելն իրատեսական չէ, բայց արտահանելն իրական է, որովհետեւ մեծ ներուժ ունենք, մենք դեռ շուկայի «սկզբում ենք»։ Վերջին տարիներին առաջ ենք գնացել, բայց էլի տեղ ունենք։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Krya Wines-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: