Հայաստանը ճանաչել ականջով ու զգալ քիմքով. դաշնակահար Սոնա Շաբոյանը Շվեյցարիայում հայրենիքի մասին պատմում է տարբեր միջոցներով եւ ասում, որ իր՝ արտերկրում մնալու հիմնական նպատակը Հայաստանի մասին հնարավորինս շատ պատմելն է։
Եթե տարիներ շարունակ նրա ծանոթներն ու ընկերները Հայաստան էին գալիս ու մեր երկրին սիրահարվում հայկական երաժշտություն լսելուց հետո, ապա արդեն մի քանի տարի է, ինչ «գինու հին աշխարհի» դռները նրանց առաջ բացվում են Ցյուրիխում գործող հայկական գինիների մառան-խանութում՝ Heres wine-ում։
GastroVino-ի հետ զրույցում Սոնա Շաբոյանը պատմել է գինին ճանաչելու եղանակների, Շվեյցարիայում ներկայացվող հայկական գինիների ընտրության եւ սեփական գինի արտադրելու մտադրության մասին։
Գինուց առաջ երաժշտությունն էր
Դաշնակահար եմ, ամբողջ կյանքում զբաղվում եմ երաժշտությամբ։ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բայց մեկ տարի անց տեղափոխվեցի Գերմանիա՝ ուսումս շարունակելու, մոտ 11 տարի անց էլ մեկնեցի Շվեյցարիա։ Մինչ այդ Գերմանիայում սահմանին մոտ քաղաքում էի ապրում եւ շաբաթը մեկ անգամ գնում էի Ցյուրիխ մի լավ ուսուցչից դասեր ստանալու: Հետո այդ քաղաքը սկսեց ինձ դուր գալ, որոշեցի տեղափոխվել եւ չեմ փոշմանել։
Սոնա Շաբոյանը | Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
Հաջորդ տարին «հոբելյանական է», կլրանա Եվրոպայում գտնվելուս 30-րդ տարին։ Հայաստանում ապրող հայն իրեն լավ է զգում, կողքից հոսքեր չկան, շրջապատում հայեր են, բայց երբ դուրս ես գալիս երկրից ու տեսնում տարբեր մարդկանց, մտքեր, գործեր, սկսում ես մտածել, թե ով ես դու։ Ես միշտ ինձ հայ եմ զգացել, բայց իսկապես սկսեցի դրա մասին մտածել, երբ հայտնվեցի դրսում։
Մոտ վեց տարի առաջ էր, որոշեցի Շվեյցարահայկական ասոցիացիա հիմնել։ Անվանումն ինձ համար կարեւոր էր ու այնպես պետք է հնչեր, որ դրա մեջ լիներ կայունություն, ողնաշար։ Երկար մտածեցի, հասկացա, որ այս պատմության իմաստը Հայաստանի գանձերով կիսվելն է, այն ժամանակ խոսքը երաժշտության մասին էր։ Մտածեցի գանձ, երաժշտություն, ապա՝ ժառանգություն բառի շուրջ, քանի որ տեղացիները դժվարությամբ կկարդային «ժառանգություն» բառը, կանգ առա լատիներեն տարբերակի վրա՝ «hereditas»։ Այսպես ծնվեց «Heres» տարբերակը, որը գեղեցիկ է հնչում եւ ունի մեսիջ, այն ասում է՝ «Սա հայկական ժառանգություն է, որով մենք ուզում ենք կիսվել ձեզ հետ։ Սա մերն է, բայց ձերն էլ է»։
Սոնա Շաբոյանը | Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
«Heres»-ը կազմակերպում էր համերգներ Շվեյցարիայում հայ արտիստների, իսկ Հայաստանում՝ շվեյցարացիների մասնակցությամբ։ Ինձ համար կարեւոր էր մշակութային կամուրջ ստեղծել եւ ժամանակի ընթացքում ստացվեց այն, ինչ մտածել էի։
Գինին ուսումնասիրել կամ հասկանալ ինտուիտիվ
Ես միշտ սիրել եմ գինի, բայց չեմ կարող ասել, որ շատ բան հասկացել եմ։ Գինիներն ունեն իրենց լեզուն եւ լսելու երկու ձեւ կա, կամ երկար սովորում ես՝ որպես արվեստ, գիտություն, կամ թողում ես ինտուիտիվ զգացողության վրա, զգում ես, ոչ թե փորձում հասկանալ։ Կարծում եմ՝ քանի որ ես երաժշտության մեջ եմ եւ այն շատ կապ ունի ինտուիցիայի հետ, ավելի լավ է աշխատում։ Տարիների ընթացքում հասկացել եմ, որ այն ամենաճիշտն է, դրա համար այլեւս ինքս իմ ինտուիցիայի վրա չեմ բռնանում, այլ ավելի շատ հավատում եմ, եւ այն ճիշտ է դուրս գալիս։
Տարիներ առաջ մտածեցի՝ ինչո՞ւ պետք է մարդիկ միայն ականջով ճանաչեն Հայաստանը, եթե կարելի է նույնը քիմքով փոխանցել ու ավելի լայն հորիզոն բացել։ Ինձ համար կարեւորը երաժշտությունը, գինին կամ նկարչությունը չէ, սրանք բոլորն էլ գործիքներ են, որոնք ինձ թույլ են տալիս պատմել Հայաստանի մասին։
Սոնա Շաբոյանը | Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
Չորս տարի առաջ ամռանը Հայաստանում էի եւ երկար ժամանակ տրամադրեցի հասկանալու համար, թե ինչ գինիներ կան։ Սովորական մարդու համար, ով ավելի հաճախ գինի ընտրում է պիտակով, դժվար է մտնել խանութ ու բազմաթիվ շշերի, տարբեր անունների մեջ հասկանալ՝ որն ինչ է, ինչ տարբերություններ կան։ Հասկանալու համար ով-ով է, ինչ գինիներ են արտադրում, ինչ խաղողից են պատրաստում, մի քանի փառատոնի մասնակցեցի, սկսեցի կարդալ, ուսումնասիրել, ծանոթացա որոշ գինեգործների հետ։
Կարեւոր դեր ունեցավ Wine Works ընկերության հիմնադիր Վահե Քեուշգուերյանը, կարելի է ասել՝ նա «Heres wine»-ի կնքահայրն է։ Խոսեցի նրա հետ, լսեցի մտքերը, ժամանակի ընթացքում հասկացա, թե ինչ գինեգործներ են ինձ ավելի շատ հետաքրքրում։
Հայկական գինու խանութ
Շվեյցարիայում հայկական գինիների խանութի բացումը եղավ 2018 թվականի մարտի 13-ին, անվանեցինք «Heres wine sallery»։ Երեք ամիս էր անցել բացումից, երբ որոշեցի, որ պետք է մասնակցենք Շվեյցարիայի ամենամեծ գինիների փառատոնին՝ Ցյուրիխում անցկացվող Expovina-ին։
Սոնա Շաբոյանը | Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
Քաղաքի կենտրոնում կա նավահանգիստ, ուր կանգնում է 18 նավ եւ երկու շաբաթվա ընթացքում նավերի վրա տարբեր գինիներ են ներկայացվում։ Մասնակցությունը թանկ է եւ նույնիսկ այն ֆիրմաները, որ երկար տարիներ զբաղվում են գինիներով, չեն համարձակվում մասնակցել։ Տեղերը նախապես են զբաղեցվում, բայց եթե բախտը ժպտա եւ ինչ-որ մեկը հրաժարվի մասնակցությունից, ապա կարող ես «խցկվել» նրա փոխարեն։ Երբ հանդիպեցի փառատոնի կազմակերպչի հետ, ներկայացա, իմացավ, որ երաժիշտ եմ, միանգամից համաձայնեց ընդունել մեր մասնակցությունը, նաեւ ասաց՝ «ինձ ավելի հետաքրքիր է վերցնել հայկական յուրահատուկ գինիներ, քան 50-րդ անգամ պորտուգալականը»։
Ներկայանալ ունիկալ սորտերով
Ինձ մոտ առավոտվանից մինչեւ ժամը երկուսը երաժշտական մասն է, ստուդիայում եմ, դրանից հետո լինում եմ գինու մառանում, երբ մարդիկ գալիս են գինի գնելու, ես պատմական, աշխարհագրական շրջայց եմ կազմակերպում նրանց համար։ Հաճախ զարմանում են, որ մինչ այդ պահը չեն իմացել Հայաստանի, հայկական գինիների մասին, բայց, ինչպես ասում են՝ «լավ է ուշ, քան երբեք»։ Ես գիտեմ, որ մեզ մոտից հեռանալուց հետո, երբ որեւէ տեղ տեսնեն կամ լսեն Հայաստան անունը, շատ ավելի ֆիքսվելու են դրա վրա։
Ես բոլորին պատմում եմ, որ հայկական խաղողի սորտերը, նույն «Արենին», խաղողի սկիզբն է, ասում եմ՝ եթե գինի սիրում եք, խմում եք, հետաքրքրված եք գինու պատմությամբ, պիտի հասկանաք, որ այն խաղողը, որ աճում է ձեր երկրում, վեց հազար տարվա մեջ եկել ու դառել է այն, ինչ հիմա ունեք։
Սոնա Շաբոյանը | Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
Շվեյցարիայում ներկայացնելու համար հայկական գինիներ ընտրելիս կարեւորեցի, որ դրանք պատրաստված լինեին հենց հայկական խաղողի սորտերից։ Շատ հայ գինեգործներ աշխատում են եվրոպական սորտերի հետ, ինչը վատ չէ, բայց Շվեյցարիայում հայկական «շարդոնե» կամ «մերլո» ներկայանցելու իմաստ չունի։
Երբ Երեւանում տարիներ առաջ սկսեցի հանդիպել գինեգործների հետ, ճանաչել նրանց, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, սկսեցի նմանություն գտնել արտադրողի եւ գինիների մեջ։ Գինիներ կան, որ խմում եմ եւ ասում եմ՝ «այս գինին միայն կարող էր պատրաստել այս մարդը»։ Ինձ համար կարեւոր է, որ ամեն գինի բնավորություն ունենա։
Այժմ մեր խանութում ներկայացված է ութ ընկերության գինի՝ Alluria, Kataro, Keush, Koor, Old Bridge, Trinity, Van Ardi, Zulal, Zorah: Բոլորը փոքր, բուտիկային արտադրություններ են։
Հայկական միաձայն գինիներ
Կորոնավիրուսի համավարակից առաջ շաբաթը երեք անգամ ունենում էինք բաց դեգուստացիաներ, երբ մարդիկ կարող էին գալ եւ գինիներ փորձել։ Հիմա եւս ունենում ենք միջոցառումներ, մարդիկ կարող են գրանցվել եւ գալ, բայց ոչ միայն գինի ենք մատուցում, այլեւ ուտեստ։ Օրինակ՝ վերջին անգամ առաջարկեցինք տոլմա, պասուց տոլմա, լեզու, այլ ուտեստներ։
Լուսանկարը՝ Սոնա Շաբոյանի արխիվից
Ես հաճախ զուգահեռ եմ տանում մեր գինու եւ ճարտարապետության կամ երաժշտության միջեւ, որովհետեւ Կոմիտասից սկսած՝ մեր երաժշտությունը մի ձայնանի է, կամ մեր ճարտարապետությունը, մեր եկեղեցիներն այնպիսին չեն, որ մտնես ու շշմես շքեղությունից, ամեն ինչ արված է, որ մարդ իր ներսը նայի։ Նույնը գինիների դեպքում է։
Գինի արտադրելու մասին
Ես ամեն օր շվեյցարացիների հետ «փորձեր» եմ անում եւ շատ դրական արձագանքներ եմ ստանում, որովհետեւ մի կողմից հայերիս լավ գիտեմ, մյուս կողմից՝ այնքան երկար եմ այստեղ ապրում, որ պատկերացնում եմ, թե ինչպես է պետք ինֆորմացիան տալ։ Սա տեղի է ունենում օրը մի քանի անգամ, երբ մարդիկ գալիս են մառան։ Երբ որեւէ բան ես պատմում, մարդը պետք է այն մարսի, բայց երբ նաեւ ցույց ես տալիս, մարսելու պրոցեսն արագանում է։
Մտադիր ենք Հայաստանում գինու արտադրություն սկսել, որպեսզի Heres wine-ը նաեւ իր գինիներով ներկայանա։ Հիմա այդ աշխատանքներով ենք զբաղվում։ Հիմա այդ գործով զբաղվելու ճիշտ ժամանակն է։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: