Խոհարարական արվեստի սիրահարներն ու բարձր խոհանոցի գիտակներն աշխարհի յուրաքանչյուր անկյունում փնտրում են չկրկնվող համեր, յուրօրինակ ձեռագիր ու նոր գույներ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նոր՝ «Renommée»-ռեստորանային նախագիծն իր ուրույն տեղն ունի հայաստանյան գաստրոնոմիկ քարտեզում: Եզակի եւ նախադեպը չունեցող ձեւաչափով ռեստորանի շեֆ-խոհարարն ու ճաշացանկի հեղինակը Կարեն Խաչատրյանն է, ով նաեւ «Երեմյան Ակադեմիա»-ի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրի ղեկավարն է:
Անձնական հետաքրքիր պատմության, աշխարհի լավագույն խոհանոցների բացահայտման, խոհարարական երկար ճանապարհորդության, հայրենիքում կայանալու եւ առանձնահատուկը՝ «Renommée»-ն ստեղծելու մասին զրուցել ենք Կարեն Խաչատրյանի հետ:
- Ինչու՞ եւ ի՞նչպես ընտրեցիք խոհարարի մասնագիտությունն ու կյանքը կապեցիք խոհարարական արվեստի հետ:
- Խոհարար դառնալը մանկության երազանք չի եղել, բայց դեռ մանկուց համեղ սնվել շատ եմ սիրել: Այդ պատրվակով հաճախ էի հայտնվում խոհանոցում եւ ինքս ինձ համար պատրաստում: Հիշում եմ՝ հետաքրքիր իմպրովիզներ էի անում ու հաճույք ստանում անգամ խոհանոցում իմ առաջացրած խառնաշփոթից (ծիծաղում է-հեղ.):
Խոհարարությունն ինձ դուր էր գալիս, սակայն ծրագրում էի ֆուտբոլիստ դառնալ:
Ամեն ինչ փոխվեց, երբ լուրջ վնասվածք ստացա, ու ֆուտբոլային կարիերան դարձավ անիրականանալի: Դա էլ «մտերմացրեց» ինձ եւ խոհանոցը: Իհարկե, դժվար էր հրաժարվել հաջողակ ֆուտբոլիստ դառնալու երազանքից: Բայց կարծում եմ, որ հաջողել եմ կյանքում եւ խոհարարության մեջ։ Ինձ օգնեցին սպորտի շնորհիվ իմ մեջ ձեւավորված հատկանիշները՝ կարգապահությունը, կամքի ուժը, մինչեւ վերջ պայքարելու, չհուսահատվելու կարողությունը:
- Ի՞նչ է տվել Ձեզ այլ երկրներում աշխատելու փորձը եւ ինչպե՞ ս հայրենիք վերադառնալու որոշում կայացրեցիք:
- Երբ առաջին քայլերն էի անում խոհարարության ոլորտում, նպատակ սահմանեցի՝ խոհարարությունը վերածել համեղ ճանապարհորդությունների, լինել աշխարհի տարբեր կոնցեպտուալ ռեստորաններում, ծանոթանալ այլ երկրների ազգային խոհանոցներին եւ ռեստորանային մշակույթին:
Ճանապարհորդություններս երբեք ինքնանպատակ չեն եղել. տարբեր երկրներում լինելու հնարավորությունը ես օգտագործել եմ բազմաթիվ դասընթացների ու վերապատրաստման ծրագրերի մասնակցության եւ միջազգային տարբեր հեղինակավոր մրցույթներում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար՝ դառնալով խոհարարության արծաթե, բրոնզե եւ ոսկե մեդալակիր:
Կարեն Խաչատրյանը եւ Դավիթ Երեմյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Որքան էլ այդ հաջողություններն ու արտասահմանյան կյանքը գրավիչ էին, ես համոզված էի, որ այնտեղ ապրելն ու գործունեություն ծավալելը ժամանակավոր բնույթ են կրելու: Գուցե իմ կյանքն այլ կերպ ընթանար, եթե օգտվեի հեղինակային ռեստորան ունենալու հնարավորությունից: Սակայն բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր մերժվեցին մի ակնթարթում, երբ իմացա, որ Հայաստանում հիմնադրվել է խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիա»-ն: Հասկացա, որ իմ կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելով՝ հնարավորություն ունեմ նպաստել մեր հայրենիքում խոհարարության եւ բարձր խոհանոցի արվեստի զարգացմանը: Կարծում եմ՝ նույնիսկ խոստումնալից ապագա ունեցող ռեստորանային կարիերան արժեր զոհել ակադեմիայի նման մնայուն նախագծում ընդգրկվելու համար: Նման հնարավորություն գուցե այլեւս չընձեռվեր:
- Ձեր խոհարարական ճանապարհորդության հաջորդ կանգառը Հայաստանն էր ՝«Երեմյան Փրոջեքթս»-ը: Կպատմե՞ք այստեղ Ձեր գործունեության մասին:
- «Երեմյան Ակադեմիան» ինձ մտածելու եւ ստեղծագործելու հնարավորություն տվեց: Այստեղ ես կատարելագործեցի ձեռագիրս՝ ամենախենթ մտքերս ու գաղափարներս վերածելով ուտեստների: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա նաեւ գործընկերներիս հետ համահեղինակել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Լիվինգսթոն» եւ «Կազա Նոստրա» ռեստորանների հատուկ ճաշացանկերը:
Ճանապարհորդություններն, իհարկե, այդքանով չեն ավարտվել: Իմ մասնագիտական կարիերայում «Երեմյան Փրոջեքթս»-ի «Renommée» ռեստորանն առանձնահատուկ տեղ ունի: Այն ինձ այլ կերպ ներկայանալու հնարավորություն տվեց: Աշխատելով միշլենյան ռեստորաններում՝ երազում էի նման ձեւաչափով խոհանոց ունենալու եւ այսպիսի ռեստորանի ճաշացանկ հեղինակելու մասին, եւ որ ամենակարեւորն է՝ դա իրականացնել Հայաստանում: Այսօր այդ երազանքն արդեն իրականություն է:
- Կպատմե՞ք ռեստորանի ձեւաչափի, առանձնահատկությունների եւ ճաշացանկի մասին:
- «Renommée»-ն բարձր խոհանոց ներկայացնող ռեստորան է, որը գործելու է երեկոյան ժամը 19:00-ից: Մեր հյուրերը վայելելու են բարձր խոհանոց՝ 10-12 ուտեստներով հեղինակային սեթ-մենյու ընթրիք: Մեր ռեստորանի յուրահատկությունը նաեւ նրանում է, որ ուտեստները պատրաստման շատ երկար եւ հատուկ տեխնոլոգիական փուլեր են անցնում:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Մոլեկուլյար խոհանոցի լայն հնարավորություններով դասական, ավանդական բաղադրատոմսերը մենք վերածել ենք շատ համեղ եւ յուրօրինակ ստեղծագործությունների ու անվանել «Համերի ճանապարհ»:
Այս ձեւաչափի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ճաշացանկում ընդգրկված են միմյանց հետ համադրելի բաղադրիչներով, բալանսավորված ուտեստներ: Մեր ճաշացանկն իսկապես համերի ճանապարհորդություն է, որտեղ յուրաքանչյուր ուտեստ իր պատմությունն ունի:
«Renommée» գալու են ոչ թե քաղցը հագեցնելու, այլ անծանոթ համեր գտնելու, նորը, չկրկնվողը փորձելու եւ բացահայտելու, մեզ հետ համերի աշխարհում ճանապարհորդելու:
- Իսկ ի՞նչ է տեսնելու շատ ճանապարհորդած, միշլենյան բազմաթիվ ռեստորաններում ընթրած հյուրը «Renommée»-ում, որը չի կարող տեսնել ոչ մի այլ տեղ։
- Մեր ուտեստների մեջ կա միտք, էմոցիա, համերը ճանաչելու եւ վայելելու մշակույթ:
«Renommée»-ի հյուրերը կտեսնեն այլ ձեռագիր եւ մոտեցումներ, հայկական ու արտասահմանյան մթերքների անկրկնելի համադրություն, որն այլ երկրների ռեստորաններում չեն գտնի:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Հուսով եմ, որ աշխարհի լավագույն ռեստորաններում ընթրած գուրմանները Հայաստան կգան նաեւ բարձր խոհանոց ճաշակելու եւ գնահատելու համար: Հուսով եմ՝ մի օր բոլորը կխոսեն այս նախագծի մասին: Մեր ամբողջ թիմի նպատակն է, որ «Renommée»-ն դառնա ոչ միայն «Երեմյան Փրոջեքսթի», այլեւ՝ Հայաստանի այցեքարտը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: