Կաղնեփայտե տակառները ժամանակից «չեն վախենում», ճիշտ պահպանման պայմաններին հետեւելու դեպքում էլ ծառայում են շատ երկար։ Տակառագործության մեջ հմտացած քույրերի՝ Մարիամի եւ Աննայի համոզմունքն է։
Մարիամ եւ Աննա Պողոսյանները
Քույրերի մանկությունն անցել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում գտնվող հոր արհեստանոցում՝ փայտե տաշեղներից առաջացած թեփերի մեջ խաղալով եւ դրանցից «տորթեր» թխելով: Արդեն ավելի գիտակից հասակում նրանք հասկացել են, որ սիրում են տակառագործությունն ու պարտավորություն ունեն հոր գործը շարունակելու:
GastroVino-ի հետ զրույցում Մարիամ եւ Աննա Պողոսյանները պատմել են տակառագործության մեջ առաջին քայլերի, Armenian Keg-ի ստեղծման եւ կաղնեփայտի առանձնահատկությունների մասին:
90-ականների դժվարություններն ու առաջին տակառը
Մարիամ. 1991 թվականին, երբ շատ ծանր վիճակ էր բոլորի մոտ եւ մարդիկ հազիվ էին հացի գումար հայթայթում, մասնագիտությամբ բժիշկ հայրս, որը երկար ժամանակ չէր վարձատրվում, որոշեց եւս մեկ գործ սկսել՝ տան բակում ստեղծելով իր «տակառագործարանը»:
Մարիամ Պողոսյանը
Տակառագործության համար առաջին հաստոցը ձեռք բերեց ընկերների օգնությամբ. ցուցակագրել էր 100 մարդու, որոնք հազարական դրամներով օգնեցին նրան՝ գնելու առաջին հաստոցը: Այդ հաստոցի օգնությամբ էլ հետագայում հայրս շուրջ երկու տարում սարքեց տակառներ պատրաստելու մյուս անհրաժեշտ հաստոցները:
Աննա. Առաջին տակառը հայրս պատրաստեց 1995 թվականին, որը սիմվոլիկ գումարով վաճառվեց «Վերնիսաժում»: Այդ տակառը կատարյալ լինելուց հեռու էր, դրանից հետո պատրաստման տեխնոլոգիան երկու անգամ փոխվել է, տակառներն ավելի հերմետիկ են դարձել, «չեն վախենում» ժամանակից եւ ծառայում են երկար: Հենց այդ տեխնոլոգիայով էլ այսօր մենք ենք աշխատում:
Armenian Keg-ի մեկնարկը եւ պատրաստման տեխնոլոգիան
Մարիամ. Տակառագործության հիմնական հմտություններին տիրապետել սովորեցինք դեռ դպրոցական տարիներին, բայց դրանով լուրջ զբաղվելու եւ տակառների մեր բրենդը՝ Armenian Keg-ը ստեղծելու որոշումը կայացրեցինք շուրջ մեկ տարի առաջ:
Armenian Keg-ի տակառները պատրաստում ենք ամենաքիչը 3 տարի անձրեւի եւ արեւի տակ բնական չորացում անցած կաղնու փայտից, որոնց վրա անգամ մեկ հատիկ ոստ չպիտի լինի, այլապես դրանից պատրաստված տակառը պիտանի չի լինի օգտագործելու համար: Տակառների փայտը հնարավոր է նաեւ արհեստական ճանապարհով չորացնել, բայց այն հասունացումն ու ճկունությունը չի ունենա, ինչպես բնականի դեպքում:
Մարիամ եւ Աննա Պողոսյանները
Բնական չորացում անցած փայտերին տակառի համար անհրաժեշտ կորություն տալիս ենք տաքացնելով եւ հատուկ գործիքի միջոցով ծռելով: Եթե չծռենք, այլ տաշենք փայտերը, դրանք հերմետիկ չեն լինի: Ծռելու դեպքում փայտի տարեկան օղակները եւս թեքվում են, ինչի արդյունքում դրանից պատրաստված տակառներից հեղուկը չի արտահոսում:
Աննա. Տակառները չենք լաքապատում: Եթե փայտի վրա լաք չկա, ուրեմն այն շնչում է եւ իր մեջ քիմիական պոլիմերիզացիայի պրոցեսներ են գնում, առանց որոնց տակառում խմիչքի հասունացում չի լինի: Փայտերի արանքներում էլ սոսինձ չի օգտագործվում, դրանք ուղղակի միլիմետրի ճշգրտությամբ կպնում են իրար:
Մարիամ եւ Աննա Պողոսյանները
Շատ կարեւոր է, թե ինչ նյութից է պատրաստված տակառի ծորակը: Մետաղե խցանը ժամանակի ընթացքում կորցնում է հերմետիկությունը: Փայտե խցանի դեպքում այդ մտավախությունը չկա` ժամանակի ընթացքում ուռչում է եւ ավելի հերմետիկ դառնում: Խցանները տակառից հանելու համար փայտե մուրճ ենք օգտագործում, որոնք օգնում են ավելի հեշտ ու ճիշտ հանել խցանը:
Մարիամ. Տակառների սովորաբար ապրում են 20-50 տարի՝ կախված ծավալից: Որքան տակառի ծավալը մեծ է, նրա մեջ խմիչքի հնեցումն ավելի երկար է տեւում, հետեւաբար՝ ավելի երկար կյանք ունի:
Armenian Keg-ն այս պահին առաջարկում է 1,5-ից մինչեւ 25 լիտր տարողությամբ տակառներ: Մտածում ենք շատ ավելի մեծ՝ 300 լիտր գործարանային չափերի տակառների պատրաստման մասին:
Կոնյակի, գինու, վիսկիի, կալվադոսի համար
Աննա. Տակառներ կարելի է պատրաստել տարբեր փայտերից, բայց եթե կոնյակ կամ ռեզերվային գինի ենք ուզում ստանալ, պետք է օգտագործել միայն կաղնու փայտից պատրաստված տակառ:
Եթե կաղնու փայտը եփենք, կզգանք, որ այն, երեւի թե, ամենավատ համ ունեցող փայտն է, բայց ժամանակի ընթացքում շնչելու հաշվին դրա կոպիտ նյութերը փոխվում ու նմանվում վանիլի, շոկոլադի, սուրճի կամ լիկյորի համերի: Նաեւ, ոչ մի ուրիշ փայտ չունի այնքան լիգնինի (փայտանյութի) պարունակություն, ինչը թույլ է տալիս, որ փայտն ավելի ծակոտկեն դառնա եւ շնչի: Նշված առանձնահատկություններից ելնելով էլ միայն կաղնու փայտի մեջ կարող ենք կոնյակ, վիսկի, ռեզերվային գինի, կալվադոս (խնձորի օղի) ստանալ:
Մարիամ. Ի տարբերություն մյուս խմիչքների՝ կալվադոս ստանալու համար հարմար է օգտագործել այն տակառը, որը մինչ այդ այլ խմիչքի հետ շփում է ունեցել: Այստեղ մի առանձնահատկություն էլ կա՝ եթե երեք տարբեր խմիչքների հնեցում տեսած տակառ վերցնենք եւ դրանց մեջ լցնենք խնձորի սպիրտ, կստանանք երեք տարբեր կալվադոս:
Մարիամ եւ Աննա Պողոսյանները
Տակառներում ցանկացած գինի կարելի է պահել, միայն պետք է հաշվի առնել, որ պահելու ժամկետը կախված է գինու տեսակից: Չոր գինիները խորհուրդ չի տրվում երկար պահել, քանի որ դրանք արագ օքսիդացման հակում ունեն: Թունդ գինիները տակառում կարելի է պահել երկար՝ կախված համի փոփոխությունից, թե ինչպես է դուր գալիս խմողին: Դա արդեն չափում են քիմքով:
Տակառագործությանը զուգահեռ
Մարիամը եւ Աննան տակառագործությունից զատ՝ սկսել են լուրջ քայլեր անել նաեւ գինեգործության ոլորտում:
Մարիամ. Ագրարային համալսարանի Գինու տեխնոլոգիա բաժում սովորելուն զուգահեռ ավարտվել եմ EVN գինու ակադեմիան: Հիմա Աննայի հետ փորձում ենք մեր ռեզերվային գինիները ստանալ Տավուշում աճող խաղողի սորտերից: Գինիները լինելու են, այսպես ասած, վայրի կամ բնական, այսինքն՝ պատրաստման ժամանակ խմորասունկ չենք օգտագործելու: Բնական խմորում են անցնելու կարասներում, որից հետո թնդեցման ենք դնելու կաղնե տակառներում:
Մարիամ Պողոսյանը
Աննա. Ի տարբերություն Մարիամի՝ գինեգործության ոլորտում իմ հայտնվելը փոքր-ինչ տարօրինակ է ստացվել: Մի անգամ Մարիամի փոխարեն համալսարանում պրակտիկայի դասի գնացի, որպեսզի բացակա չստանա: Նման էինք, մտածեցինք՝ չեն տարբերի: Հենց այդ մեկ դասն էլ դարձավ ճակատագրական, որ ես էլ որոշեմ սովորել գինու ակադեմիայում: Արդեն ավարտել եւ Մարիամի հետ աշխատում են մեր առաջին ռեզերվային գինին շուկա հանելու ուղղությամբ:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: