Տնական ուտելիքներ նախընտրողները շատ շուտով կկարողանան իրենց ճաշակին ու ցանկություններին համապատասխան ուտեստներ ձեռք բերել տնային խոհարարներից: Այս հնարավորությունը նրանց կընձեռնի երկու կողմերին իրար կապող Rooshe էլեկտրոնային հարթակը:
Rooshe ստարտափի համահիմնադիրներ Արշակ Ղազարյանը եւ Թերեզա Բաղդասարյանը GastroVino-ին պատմել են հարթակի նպատակի, խոհարարներին եւ պատվեր կատարողներին տրվող նոր հնարավորության եւ մեկնարկի մասին:
Rooshe-ում խոհարարները կներկայանան բաց խոհանոցով
Արշակ. Rooshe ստարտափի գաղափարը ծնվել է լանչի ժամին տաք ուտելիք պատվիրելու այլընտրանքներ փնտրելիս: Ստացվում էր այնպես, որ մեզ արդեն հայտնի ու սիրված վայրերից ուտելիքներ պատվիրելուց զատ՝ փորձում էինք գտնել շրջակայքում մարդկանց, տնային խոհարարների, որոնք մեզ համար կպատրաստեն մեր ուզած ուտեստը:
Արշակ Ղազարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գրասենյակային աշխատանքի պարագայում ժամանակին, տաք, որակյալ ու առողջ սննդի կարիքը մեզ ստիպեց ծրագրավորման ոլորտը կապել խոհարարության հետ եւ ստեղծել Rooshe հավելվածը, որտեղ կներկայացվեն ոչ միայն տնային խոհարարների պրոֆիլներն ու նրանց առաջարկած ուտեստները, այլ կարճ տեսանյութերի տեսքով դրանց պատրաստման ընթացքը:
Թերեզա Բաղդասարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Թերեզա. Գաղափարը, որ կարելի է տնային խոհարարից պատվիրել եւ գնել քո նախընտրած կամ նրա առաջարկած ուտելիքը, շատերին կարող է դուր գալ, բայց կան մարդիկ, որոնք թերահավատորեն են նայում դրան, քանի որ վստահ չեն ուտելիքի պատրաստման պրոցեսի վրա: Սա բավականին լուրջ եւ հիմնավոր խնդիր է, եւ հենց դա լուծելու համար որոշեցինք հարթակը ստեղծել այնպես, որ «խոհանոցը բերենք առաջին պլան»:
Սովորաբար մարդկանց վստահություն է ներշնչում այն ռեստորանը, որի խոհանոցը կամ բարը բաց է, քանի որ պատրաստման ողջ պրոցեսը տեսնելը որակի երաշխիք է համարվում: Այս դեպքում էլ մենք որոշեցինք Rooshe հավելվածում խոհարարներին ներկայացնել «բաց խոհանոցով»:
Խոհարարների համայնքի ձեւավորումը եւ կապը սպառողի հետ
Թերեզա. Rooshe.am կայքն արդեն հասանելի է գրանցումների եւ խոհարարների համայնքը ձեւավորելու համար: Գրանցվելու համար խոհարարից պահանջվում է ներբեռնել իր խոհանոցի լուսանկարը եւ սանիտարական գրքույկի սքանը, որի առկայությունը պարտադիր պայման է, ինչպես նաեւ պատասխանել մի քանի հիմնական հարցերի՝ սննդի պահպանման, փաթեթավորման, առաքման հետ կապված:
Թերեզա Բաղդասարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արդյունքում ձեւավորում խոհարարի պրոֆիլը, նա ստանում է իր նախնական վարկանիշը, որը 6 ամիսը մեկ պետք է վերանայվի՝ հաճախորդների եւ «գաղտնի գնորդների» կարծիքների հիման վրա: Պահանջվող տվյալները լրացնելուց հետո մենք հետադարձ կապով կապվում ենք խոհարարների հետ: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ գրանցված խոհարարները պետք է կրկին նոր հարցաշարի պատասխանեն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գրանցման փուլն անցնելուց եւ սեփական պրոֆիլն ունենալուց հետո խոհարարները կարող են ներկայացնել ուտելիքի պատրասման ընթացքի մասին պատմող իրենց կարճ տեսանյութերը, ինչպես նաեւ ներկայանալ ուղիղ եթերներով: Հաճախորդը կարիք ունի տեսնելու ոչ միայն ուտելիքի պատրաստման ընթացքը, այլեւ, թե ով է այն պատրաստում, քանի որ սնունդը շատ հաճախ նաեւ էմոցիոնալ կապ է ստեղծում սպառողի ու խոհարարի միջեւ:
Արշակ. Ինչ վերաբերում է կայքից օգտվողներին՝ այսինքն հաճախորդներին՝ նրանցից եւս գրանցում եւ մի քանի հարցի պատասխան կպահանջվի. ինչպիսի՞ խոհանոց են նախընտրում, բուսակե՞ր են թե՞ մսակեր: Այս հարցերի միջոցով կֆիլտրվի եւ համապատասխան բովանդակություն կներկայացվի օգտվողին:
Արշակ Ղազարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վեբ տարբերակից բացի՝ Rooshe-ը կունենա նաեւ մոբայլ հավելված, որը ներկայում թեստավորման փուլում է: Հավելվածից օգտվողը հնարավորություն կունենա անվերջ թերթվող «ֆիդ»-ի տեսքով ուտելիքների պատրաստման կարճ տեսանյութեր դիտել եւ պատվիրել այն, ինչը կտեսնի դրանցում: Հավելվածն օգտվողին կներկայացնի այն խոհարարների տեսանյութերը, որոնք շառավղով հնարավորինս ամենամոտ են գտնվում իրեն եւ պատվերը առաքելը ժամանակային առումով ավելի հարմար կլինի:
Սոցիալական բաղադրիչն ու առաքման տարբերակները
Թերեզա. Ստարտափ եւ բիզնես գաղափար լինելուց բացի՝ Rooshe-ն նաեւ սոցիալական բաղադրիչ ունի: Մասնագիտությամբ խոհարարները, որոնք գործազուրկ են կամ տնային տնտեսուհիներ են եւ իրենց տնային զբաղվածությունը չեն կարողանում համադրել այլ աշխատանքի հետ, այսպես կարող են նոր աշխատանքի հնարավորություն ստանալ եւ գումար վաստակել:
Արշակ Ղազարյանը եւ Թերեզա Բաղդասարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արշակ. Սկզբնական շրջանում մենք խոհարարներին կօգնենք ինչ-ինչ հարցերում, փաթեթավորման տոպրակներ կտրամադրենք: Տաք եւ որակյալ ուտելիք հասցնելու համար պետք է կարողանանք ճիշտ առաքման տարբերակներ առաջարկել:
Դրա հետ կապված երկու լուծում ենք առաջարկում՝ գործընկեր կազմակերպություններ, որոնցից հաճախորդն է ընտրելու, եւ անհատ առաքիչներ, որոնք կարող են խոհարարի ընտանիքի անդամ կամ մոտակայքում բնակվող մեկը լինել:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: