×

Գոհար Ղարիբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«ՎայնԳոգ». 22-ամյա գինեգործի նուրբ ու հաղթական ռոզեն

Օրերս շշալցվել է «ՎայնԳոգ» վարդագույն գինու երկրորդ խմբաքանակը։ «ՎայնԳոգը» ստեղծել է EVN Գինու ակադեմիայի ամենակրտսեր ուսանողը՝ 22-ամյա Գոհար Ղարիբյանը։ Նա որոշել է, որ շուկա դուրս գալուց առաջ գինիները մի փոքր կհանգստանան շշերում եւ հոկտեմբեր ամսին, երբ կամբողջանա համահոտային փունջը, հասանելի կլինեն գինեսերներին։

GastroVino-ի հետ զրույցում Գոհար Ղարիբյանը պատմել է մասնագիտական կողմնորոշման, «ՎայնԳոգ»-ի անսովոր երանգի եւ ապագայի ծրագրերի մասին։

Մասնագիտական փնտրտուքի արդյունքը

Իմ ընտանիքում գինեգործներ չկան, տատիս հայրն ու պապն են տան պայմաններում գինի պատրաստել։ Ես էլ նախկինում հետաքրքրված չէի գինեգործությամբ, երբեմն խմում էի շուկայում առկա գինիները, այն էլ՝ քաղցրերը։

Իմ մուտքն այս ոլորտ պատահական է եղել։ Մասնագիտական փնտրուքների մեջ էի։ Մորաքույրս գիտեր, որ սիրում եմ ուտեստներ պատրաստել եւ ասաց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի «Սննդի տեխնոլոգիա» բաժին, նաեւ պատմեց EVN Գինու ակադեմիայի մասին եւ այն ինձ շատ հետաքրքրեց։ Այս ժամանակ ընդամենը 17 տարեկան էի, իսկ Ակադեմիայում ընդունելությունը 18 տարեկանից է, ուսուցումն էլ՝ անգլերեն։ Այս երկու հանգամանքով պայմանավորված՝ որոշեցի դիմել Ագրարային համալսարան։ Ընդունվեցի «Կաթի տեխնոլոգիա» բաժին, միաժամանակ սկսեցի անգլերեն սովորել՝ ապագայում EVN ընդունվելու համար։

Գոհար Ղարիբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ագրարայինում սովորելու երրորդ տարում եվրոպական մի կրթական ծրագրով Իտալիա մեկնելու հնարավորություն եղավ։ Պիտի ուսումնասիրեի սննդի տեխնոլոգիա, բայց այնպես ստացվեց, որ Սալեռնոյի համալսարանում կես տարի գինեգործություն ուսումնասիրեցի ու սիրահարվեցի այս գործին։

Հայաստան վերադառնալուց հետո պատրաստվում էի ընդունվել EVN Գինու ակադեմիա, բայց մինչ այդ Ակադեմիան հայտարարեց վերապատրաստման հայալեզու խտացված դասընթացների մասին։ Հայտը թռուցիկ էի կարդացել ու միանգամից լրացրել։ Ընթացքում պարզվեց, որ ծրագիրը երկու մասից է բաղկացած․ առաջին փուլում բարձր միավորներ ստացած մասնակիցները հարցազրույց էին անցնելու, երկրորդ փուլ անցնողներն էլ՝ գինու արտադրություն սկսելու հնարավորություն ստանալու։ Բարեհաջող անցա առաջին փուլն ու ինձ հրավիրեցին հարցազրույցի, մի քանի տասնյակ մասնակիցներից ընտրեցին այն վեցին, որոնց գինի արտադրելու հնարավորություն էր տրվելու: Ես էլ նրանց թվում էի։

Ծրագիրն իրականացվում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ։ GIZ-ն առաջին տարում հոգում էր բոլոր ծախսերը, իսկ երկրորդ տարվանից սկսած գինեգործն ամեն ինչ պետք է ինքնուրույն աներ՝ շուկա մուտք գործելուց հետո իր կենսունակությունն ապահովելու համար։

2019թ․ սեպտեմբերին մեկնարկեց գինի պատրաստելու գործընթացը։ Հիմնական նպատակը ոչ թե կոմերցիան էր, այլ՝ որակյալ գինի արտադրելը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջին տարում պատրաստեցի 500 շիշ «ՎայնԳոգ»։ Մտադիր եմ յուրաքանչյուր հաջորդ տարի որոշ չափով ավելացնել քանակը, օրինակ՝ այս տարի շշալցվել է շուրջ 1000 շիշ, հաջորդ տարի արդեն 2000 շիշ գինի կարտադրենք եւ հետզհետե կհասցնենք մինչեւ 5 հազարի ու հենց այդ ժամանակ էլ կմտածենք արտահանման մասին, քանի որ առաջարկներ են լինում ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, բայց քանակը դեռեւս բավարար չէ։

Գինի արտադրելու նրբությունները

«ՎայնԳոգ»-ի հումքը ձեռք եմ բերել Արմավիրի մարզից, ողջ ընթացքում հետեւել եմ խաղողի աճեցման պրոցեսին, բերքահավաքն էլ ձեռքով արել։ Խաղողի վերահսկողությունը կարեւոր է ինձ համար, որովհետեւ եթե խաղողագործները կարեւորում են բերքի քանակը, ապա ինձ անհրաժեշտ է քիչ քանակությամբ, բայց շատ որակյալ հումք։ Հետեւաբար, խաղողը գնում եմ շուկայականից էականորեն բարձր գնով։

Գինին էլ առայժմ արտադրվում է գինեգործարաններից մեկում։ Այստեղ եւս բոլոր գործընթացներին անմիջական մասնակցություն եմ ունենում՝ սկսած մթերումից, մշտապես կապի մեջ եմ լինում գործարանի գինեգործի հետ, այնպես չէ, որ պարզապես պատվիրում եմ, վերցնում պատրաստի գինին ու վաճառում։ Արտադրությունը հենց սրանով է տարբերվում։ Գինու ակադեմիայի 18-ամսյա ծրագրի ընթացքում գինեգործությունն ուսումնասիրում ենք հենց սկզբից՝ սկսած խաղողի վերամշակումից, տեխնոլոգիական պրոցեսներ, քիմիա, մարքեթինգ։ Սա օգնում է, որ արտադրության մեջ պատկերացումներն ավելի ամբողջական լինեն։

Անսովոր ռոզեն

«ՎայնԳոգ»-ը կարմիր հատապտղային բույրեր, մորու, ելակի, նռան, մի փոքր ծաղկային ելեւէջներ եւ վարդագույնի համար անսովոր երանգ ունեցող գինի է։ Նրանք, ովքեր գինու ոլորտի մասնագետներ չեն, երբեմն շփոթում են կարմիր գինու հետ, բայց զարմանում են, թե ինչո՞ւ է երանգն ավելի բաց։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իրականում, գինու յուրահատուկ երանգը ստացվել է «Հաղթանակ» սորտի խաղողի շնորհիվ։ Այս տեսակից հիմնականում պատրաստում են կարմիր գինի։ Երբ կանգ առա խաղողի այս տեսակի վրա՝ որոշակիորեն պատկերացնում էի, թե ինչ արդյունք կստանամ։ Փոքրիկ ուսումնասիրությունից հետո պարզեցի, որ շուկայում նման գինի չկա եւ որոշեցի ռիսկի դիմել, թեպետ պարզ չէր, թե շուկա դուրս գալուց հետո ինչպես կընկալվեր գինին։

Իրականում, «ՎայնԳոգ»-ը թե՛ գույնով, թե՛ պատրաստման տեխնոլոգիայով ու բնույթով շատ նման է «կլարետ»-ի։ Այս գինուց պատրաստել են Ֆրանսիայում՝ դեռեւս 15-րդ դարում եւ արտահանել անգլիական շուկա։ Այժմ մտածում եմ այն որպես «կլարետ» սեգմենտավորելու մասին։

Տղամարդիկ եւս սիրում են ռոզե

Ընդունված է համարել, որ վարդագույն գինիները թեթեւ, կանացի խմիչքներ են, ես էլ որոշեցի գինուն տալ կանացի կերպար եւ հենց իմ կերպարով էլ ստեղծվեց գինու շշի պիտակը։ Շատերը հորդորում էին գինին անվանել «Գոհար», բայց մտավոր սեփականության խնդիր կար եւ չստացվեց։ Անկեղծ ասած՝ այդ տարբերակն այնքան էլ իմ սրտով չէր եւ հետո, շատ պատահական, որոշեցի այն անվանել «Վայն Գոգ», «վայն»՝ գինի եւ Գոգն էլ իմ անվան կրճատ տարբերակն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«ՎայնԳոգ»-ը բնավորությամբ նման է ինձ։ Ես կարծում եմ՝ գինին պետք է ոգեւորի մարդկանց, ուժ տա, մոտիվացնի, ուղղորդի դեպի հաղթանակներ։ Ես եւս սիրում եմ առաջ գնալ ու զգալ հաղթանակի բերկրանքը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարծում էի, որ «ՎայնԳոգ»-ը նուրբ կերպար կունենա, բայց, միեւնույն ժամանակ, կունենա «Հաղթանակ» սորտի հաղթականությունը։ Տարբեր համտեսների ժամանակ ոլորտի մասնագետներն ասում են, որ վարդագույն գինու համար այն մարմնեղ է ստացվել։ Մենք անընդհատ փորձում ենք այն տանել կանանց առօրյա, որպեսզի խմեն նաեւ աղցանների կամ աղանդերի հետ, բայց, միեւնույն է, տղամարդ սպառողներն ավելի շատ են։ Այս հանգամանքն ինձ մի փոքր զարմացնում է, բայց, հավանաբար, տղամարդկանց դուր գալու պատճառը համահոտային առանձնահատկություններն ու մարմնեղությունն է։

Ապագա՝ գինեգործության մեջ

Ես դեռ սովորում եմ EVN Գինու ակադեմիայում, այն կավարտեմ 2022 թվականի մայիսին։ Այս տարի արդեն ավարտել եմ Ագրարային համալսարանի բակալավրիատը եւ պատրաստվում եմ ընդունվել մագիստրատուրա։ Օրվա հիմնական մասը զբաղվում են գինեգործությամբ՝ կոմերցիոն հարցերով եւ այլն։ Երկու տարի աշխատում էի որպես սննդի փորձագետ, բայց վերջերս որոշեցի թողնել այդ աշխատանքն ու միայն գինեգործությամբ զբաղվել, գիտելիքներս զարգացնել։

Գոհար Ղարիբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ապագաս պատկերացնում եմ գինեգործության մեջ, գինու տեսականին շատացնելով՝ նաեւ սպիտակ եւ կարմիր գինիներ արտադրելով, խաղողի այգիներ հիմնելով ու սեփական գինեգործարան ունենալով։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին