×

Հովիկ եւ Հովհաննես Ասմարյանները Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արցախում սիրիահայերի հիմնած «Սամրան» չփակվեց ողջ պատերազմի ընթացքում

Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող «Սամրա» ռեստորանը սիրիահայ ընտանիքի է պատկանում, որ տարիներ առաջ Հալեպից Ստեփանակերտ է տեղափոխվել: Այստեղ հյուրերին մոտենում է դպրոցահասակ մի տղա ու զրույց սկսում: 12-ամյա Հովհաննեսն է, որ մի քանի տարի է, ինչ օգնում է ընտանիքին ռեստորանի գործերում:

Հովհաննեսի սպասարկման հմտությունները միանգամից աչքի են ընկնում: Տղան շատ արագ հասկանում է հյուրի հետաքրքրություններն ու թույլ չի տալիս, որ նա գեթ մեկ րոպե ձանձրանա:

«Ամենակարեւորը հաճախորդի հետ մտերմանալն է, որ վստահի քեզ: Մտերմանալու համար տարբեր կատակներ եմ անում, կամ եթե իրենք են կատակում, շարունակում եմ կատակը»,- ասում է արդեն փորձառու Հովհաննեսը:

Հովհաննեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա կարողանում է սպասարկել 4 օտար լեզուներով՝ անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, նաեւ հեշտությամբ արեւելահայերենից անցնում է արեւմտահայերենի ու հակառակը:

«Բացի սպասարկումից, նաեւ պաղպաղակն եմ ես լցնում, իսկ երբ հյուրեր քիչ են լինում, հասցնում եմ ուտեստներ պատրաստել, օրինակ՝ Համշենի պուրի, լահմաջո, ֆատուշ, հումուս, ֆրի»,- ասում է Հովհաննեսը:

Հովհաննեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Սամրա»-ում Հովհաննեսից բացի աշխատում են նրա հայրը, մայրը, մորաքույրը, ավագ քույրն ու եղբայրը: GastroVino-ն զրուցել է ռեստորանի հիմնադիր Հովիկ Ասմարյանի հետ Սիրիայից Արցախ տեղափոխվելու, նախապատերազմական շրջանում ռեստորանի աշխատանքի ու պատերազմի օրերին մշտապես բաց մնալու մասին:

Ինչու՞ Արցախ

Հովիկ Ասմարյանի ընտանիքը 2012 թվականին է Հալեպից Ստեփանակերտ տեղափոխվել՝ իրենց տան մոտ տեղի ունեցած մեծ պայթյունից հետո:

«Մինչ այդ էլ արդեն որոշել էինք, որ եթե իրավիճակը վատթարանա, դուրս ենք գալու ու գնալու ենք Արցախ: Ինչու՞ հենց Արցախ: Որովհետեւ ես նախօրոք ծանոթ էի Արցախի ժողովրդին: Ի տարբերություն Երեւանի՝ այստեղ շատ ավելի ջերմ են, պարզ, շատ ավելի հյուրընկալ՝ հատկապես կոնֆլիկտի գոտիներից եկող մարդկանց հանդեպ, որովհետեւ նույնի միջով անցնելով՝ ավելի լավ են հասկանում մեզ»,- ասում է Հովիկը:

Արցախում հաստատվելու պատճառներից էր նաեւ ընտանիքում ստացած դաստիարակությունն առ այն, որ հերոսների սխրանքները խոսքով չեն գնահատվում, այլ գործով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հատկապես սփյուռքում միշտ կերազենք, կերգենք «հայրենիք»: Հայրենիքը կա, բայց եկողները, դժբախտաբար, քիչ են: Դրա համար էլ որոշեցինք, որ պետք է գանք Արցախ ու օրինակ դառնանք՝ ցույց տալով, որ մեր զոհված տղոց արյունը զուր չի թափվել, կան մարդիկ, որ կարժեւորեն»,- հավելում է նա:

Սիրիական ծառերն Արցախում

Ընտանիքը սկզբում հողագործությամբ էր զբաղվում: Փոքր այգի էին հիմնել, սկսել տարատեսակ ծառեր աճեցնել, հետո կարողացել են նաեւ տուն գնել:

«Փորձեցինք Սիրիայից տարբեր տեսակի ծառեր բերել ու տնկել մեր պտղատու այգում: Ուզում էինք, որ Սիրիայում աճող բոլոր տեսակներն էլ լինեն այստեղ: Օրինակ՝ սիրադեղձն Արցախում մենք առաջին անգամ սկսեցինք աճեցնել, նաեւ զեյթունը, պիստակը, կիվին եւ այլ ցիտրուսային մրգեր: Ստեփանակերտի այգում դրանք ջերմոցային պայմաններում էինք աճեցնում, սակայն երբ կարողացանք հիմնադրամների ֆինանսավորմամբ այգիներ հիմնել Կովսականում եւ Հորադիզում, փաստեցինք, որ Արցախի հարավային շրջաններում նմանատիպ ծառեր կարող են աճել առանց ջերմոցային պայմանների: Մեր փորձից հետո էր, որ Մեղրիում եւս սկսեցին զեյթուն աճեցնել»,- մանրամասնում է Հովիկը:

Հովիկ Ասմարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ցավոք, Հայաստանի համար անսովոր ծառերով լի 3-4 տարեկան այգին այժմ թշնամու կողմից օկուպացված տարածքներում է: Ստեփանակերտի այգին եւս մեծ կորուստներ է կրել, քանի որ 2 ամիս անդադար ռմբակոծվող ճանապարհներով դժվար էր մոտենալ դրան ու խնամել ծառերը. մեծ մասը չորացել են:

Ուտելիքի նոր մշակույթ

Սիրիահայ ընտանիքը ռեստորան հիմնելու միտք վաղուց ուներ: Բացի այդ էլ, տեղի բոլոր ճաշարանները նրանց միօրինակ էին թվում:

«Բոլոր տեղերում նույն խորովածն էր: Սենդվիչ էինք ուզում ուտել կամ մեկ այլ արագ բան՝ չէինք գտնում: Արդեն զգում էինք, որ Արցախը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ ունի, եւ տուրիստների համար, անխոս, պետք է արագ սննդի եւ միջազգային տարբեր տեսակի ուտեստների ռեստորան հիմնել: Ինչու՞ ոչ, նաեւ արցախցիների համար»,- մանրամասնում է Հովիկը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսպես, մոտ 3 տարի առաջ սիրիահայ ընտանիքը հիմնում է «Սամրա»-ն, որը դառնում է արեւելյան, արեւմտյան ու հայկական խոհանոցների խառնուրդ: Ռեստորանի առանձնահատկություններից է այն, որ ամեն ինչը տնական է, ուտեստների բոլոր բաղադրիչները տեղական են, իսկ պահածոներ հազվադեպ են օգտագործում: Ռեստորանի անունն էլ ընտանիքի ազգանունից է ծագում:

«Մեր ազգանվան արմատը՝ «ասմար», արաբերենից թարգմանաբար նշանակում է թուխ: Արաբերենում այս բառն ունի արական եւ իգական սեռ, կանանց դեպքում ասում են «սամրա»: Նույնն է թե ռուսերեն смуглянка բառը: Քանի որ ռեստորանում պետք է աշխատեին նաեւ կինս ու աղջիկս, առաջարկեցին սամրա դնել անունը, այդպես էլ եղավ»,- պատմում է Հովիկը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղի այցելուների համար շատ սիրելի են հավի թեւիկները, շաուրմաները, որ յուրահատուկ սոուսով են պատրաստվում, տնական նրբերշիկները, Համշենի պուրին եւ այլ ուտեստներ:

Համահայկական խաղերի տոնը

Ռեստորան հիմնելու դժվարությունները կապված էին հիմնականում անհրաժեշտ համեմունքների բացակայության հետ: Մեծաքանակ վաճառքի համար դրանք անգամ Երեւանում գտնելն ընտանիքի համար նվաճում էր:

«Բացի այդ, Արցախի ժողովուրդը շատ սիրում է իր խոհանոցը, իր իմացածը մշտապես պաշտպանում է ու խիստ պահպանողական հայացքով է նայում նորություններին: 2019-ին Արցախում տեղի ունեցած Համահայկական խաղերը առիթ դարձան տեղացիների համար համոզվելու, որ սենդվիչը ուտելու մշակույթ է, ոչ թե փողոցային մի բան: Այդ օրերին աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդությունը հենց մեր ռեստորան էր գալիս: Այստեղ տարբեր մշակույթների երգեր էինք հնչեցնում, մարդիկ պարում էին, լիքն էր թե´ մայթը, թե´ ներսի սրահը: Անմոռանալի օրեր էին»,- հիշում է Հովիկը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Համահայկական խաղերից ռեստորանում մի հուշանվեր է մնացել, որի պատմությունը բոլոր այցելուներին հետաքրքրում է: Ներսի սրահի պատին Արցախ-Բրազիլիա դրոշ է կախված, որը նվիրել են Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

«Սան Պաուլոյի հայկական համայնքը ռադիոկայան եւ ֆուտբոլային ակումբ ունի, որի համազգեստը Արցախի դրոշի գույներով է, ակումբի անունն էլ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» է: Համահայկական խաղերի ժամանակ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները մեզ այս դրոշը նվիրեցին, որի վրա նաեւ ֆուտբոլային ակումբի եւ ռադիոկայանի տարբերանշանները կան»,- պատմում է Հովիկը:

Անվճար հյուրասիրություն՝ պայթյունների ներքո

Պատերազմի առաջին օրը «Սամրա»-ն փակ էր, սակայն այդ գիշեր ռեստորանին մոտեցել են մի խումբ լրագրողներ ու ուտելու բան խնդրել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Առավոտից անոթի էին, ամեն տեղ փակ էր: Հյուրընկալեցինք իրենց ու առաջարկեցինք այն, ինչ տանն ունեինք: Հետո հաշիվն ուզեցին, մերժեցինք, որովհետեւ ճաշարանի մենյու չէինք առաջարկել իրենց, ընդամենը հյուրասիրել էինք: Նույն օրը կնոջս հետ մտածում էինք, որ պատերազմական իրավիճակի շարունակվելուն զուգահեռ, քաղաքում լինելու են նման մարդիկ, որ սննդի կարիք են ունենալու: Որոշեցինք, որ պետք է աշխատենք ու անվճար սնունդ մատուցենք: Այդպես, ամբողջ պատերազմի ընթացքում մեր դռները բաց էին՝ անգամ եթե ռմբակոծում էին հենց ռեստորանի հարեւանությամբ: Մեր հյուրերը հիմնականում լրագրողներ եւ սպաներ էին, հենց լսում էինք տագնապի ազդանշանը, բոլորս իջնում էինք նկուղ, սպասում մինչեւ հանդարտվի: Ընտանեկան միջավայր էր, դուռն էլ միշտ բաց էինք թողնում եկողների համար»,- հիշում է Հովիկը:

«Արցախում մնալը բոլորին չէ, որ տրված է»

Սիրիահայ գործարարը բիզնեսի կորուստների մասին խոսելը տեղին չի համարում, չի էլ ցանկանում մտածել այդ ուղղությամբ: Ասում է՝ ես կորուստ չունեմ:

«Եթե ասեմ, որ ինչ-որ չափի գումար եմ կորցրել, երբ կողքիս մի կին է նստած, ում տղան հաշմանդամ է դարձել, ես չեմ կարողանա նրա աչքերին նայել, ամո´թ է: Այսքան երիտասարդ զոհերի, հաշմանդամ դարձածների եւ հողի կորստի մեջ նյութականի մասին մտածելը մեղք է»,- վստահ է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա հավատում է, որ Արցախի հողերն ազատագրվելու են ու վերականգնվելու է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Հանուն այդ նպատակի Արցախը պետք է զարգանա բոլոր ուղղություններով, իսկ նախկին սխալներն այլեւս չպետք է թույլ տրվեն:

«Արցախում մնալն ամեն մարդու չէ, որ տրված է: Արցախցի լինելը պայմանավորված չէ Արցախում ծնված լինելու հանգամանքով, արցախցի հոգով պետք է լինես: Տեղացիները, որ այսօր շարունակում են ապրել այստեղ՝ իմանալով, որ շրջափակման մեջ են,  հերոսներ են, իսկ հերոսությունն ամեն մարդու տրված չէ: Ես իմ մասին չեմ խոսում, այլ այն բոլոր մարդկանց, որ շարունակում են ապրել Արցախ աշխարհում: Հատկապես Երեւանում մարդկանց մի փոքր խավ կա, որին պետք է բացատրել, որ արցախցին ազգություն չէ, բոլորս հայ ենք: Ինչպես որ կա վատ երեւանցի, վատ գյումրեցի, այդպես էլ վատ արցախցի կարող է լինել, բայց այդ մեկ մարդը որեւիցե պարագայում չի կարող լինել մի ամբողջ շրջանի դեմքը»,- ամփոփում է Հովիկ Ասմարյանը:

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին