×

Մերի Յոլչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յոլչյանի համեղ ֆոտոներն ու Citron Agency-ի քաղցրաթթու գաղափարները

Նրբանկատություն, հատուկ հնարքներ եւ ուտելիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք. սրանք կարեւոր կետեր են, որոնց առկայության դեպքում լուսանկարից զգացվում է ուտեստի բույրը, չորահացի խրթխրթոցը, ինչն էլ դիտողին «գայթակղում է»՝ անձամբ փորձելու դրանք։

Food կամ HoReCa լուսանկարիչ Մերի Յոլչյանը տարիներ առաջ չգիտեր, թե ումից կարող է արժեքավոր խորհուրդներ ստանալ, իսկ այժմ կարող է նայել ուտեստի լուսանկարին ու հասկանալ, հեղինակը food լուսանկարիչ է, թե՝ ոչ։ Նա փորձում է food լուսանկարչությունը չդիտարկել որպես լուսանկարչության ճյուղ, որովհետեւ կարծում է, որ «այն նախ ամեն ինչի մասին է եւ միայն վերջում՝ լուսանկարչության»։

Food լուսանկարիչ եւ Citron Agency-ի տնօրեն Մերի Յոլչյանը GastroVino-ին պատմել է, թե ինչն է իրեն «ստիպել» զբաղվել food լուսանկարչությամբ եւ ռեստորանային բիզնեսի առաջխաղացմամբ։

Ստիպված դարձա food լուսանկարիչ

Մարքեթինգի մասնագետ եմ, երկար տարիներ զբաղվել եմ սննդի արտադրական բիզնեսի մենեջմենթով։ Կարելի է ասել՝ ստիպված դարձա food լուսանկարիչ։ 2017 թվականն էր, աշխատում էի Երեւանի ռեստորանային ցանցերից մեկում։ Գրասենյակում ունեինք լույսեր ու երբեմն ինչ-որ կերպ դրանք դասավորում էինք, «չխկացնում»։ Կարծես՝ վատ չէր ստացվում։ Ռեստորանն ուներ նաեւ լուսանկարիչ, բայց խնդիր ծագեց եւ պարզվեց, որ չի կարողանալու մենյուի համար նոր լուսանկարներ անել։ Փորձեցինք գտնել մեկ այլ լուսանկարիչ, չստացվեց։

Ռեստորանի տնօրենն ինձ հանձնարարեց այդ գործը, կարծում եմ՝ դեմքիս արտահայտությունից հասկացավ, թե որքան անհանգստացա այդ պահին։ Սկսել էի դասերի գնալ եւ սիրողական լուսանկարչություն ուսումնասիրել, լուսավորությունից մի փոքր հասկանում էի, բայց ստուդիայում լույս դնել չգիտեի։ «Չարաբաստիկ» օրը եկավ, հավաքվեցինք ամբողջ թիմով եւ սկսեցի լուսանկարել։ Ընթացքում շատ լարված էի, կարծում էի՝ լավ արդյունք չեմ ստանա, բայց բոլորս շատ զարմացանք, երբ հասկացանք, որ մենյուի համար բավական լավ լուսանկարներ են ստացվում։

Դրանից հետո տնօրենը հարցրեց, թե արդյո՞ք չեմ ցանկանա փոխել աշխատանքիս ուղղվածությունը, ասացի՝ «ոչ մի կերպ, ավելի քան 6 տարի է, ինչ մարքեթինգով եմ զբաղվում, միշտ պայքարել եմ իմ մասնագիտությամբ աշխատելու, հաջողության հասնելու համար»։

Լուսանկարը՝ Մերի Յոլչյան


Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց որոշեցի մի կողմ թողնել հաջողություններն ու զբաղվել նոր գործով։ Չգիտեի՝ ինչպիսին է շուկան, ինչ պետք է անել։ Վախենալով, բայց սկսեցի լուսանկարել։

Դեպի Փարիզ եւ հակառակը

Բնավորությամբ պերֆեկցիոնիստ եմ, հենց սկզբից հասկանում էի, որ պետք է խորությամբ ուսումնասիրել լուսանկարչությունը։ Սկզբում փորձեցի Հայաստանում կրթություն ստանալ, բայց հասկացա, որ բավարար չէ։

Food լուսանկարչություն սովորելու համար տեղափոխվեցի Փարիզ, ամառային ծրագիր անցա, սովորեցի կոմերցիոն լուսանկարչություն՝ Spéos Photography School դպրոցում, աշխատեցի հետաքրքիր, մեկը մյուսից պոպուլյար, պրոֆեսիոնալ մասնագետների հետ։ Ուսման ընթացքում ինքս իմ հետ ծանոթացա, եթե սա տեղի չունենար, հավանաբար, երբեք համարձակություն չէի ունենա Հայաստան վերադառնալուց հետո ամեն ինչ թողնել ու զբաղվել միայն food լուսանկարչությամբ։ Նաեւ հասկացա, թե ինչն է ինձ համար հաճելի, ով եմ ես, ուզում եմ օրվա 8 ժամն անցկացնել գրասենյակո՞ւմ, թե՞ երկու ժամ լուսանկարել ու բավարարված, երջանիկ զգալ, լինել մարքեթոլո՞գ, թե՞ food լուսանկարիչ։

Մերի Յոլչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փարիզում պետք է մնայի երկարաժամկետ ուսման, բայց 2018-ին որոշեցի վերադառնալ Հայաստան, հասկանալ, թե ինչ կարող եմ անել այստեղ, հետո կրկին մեկնել Փարիզ, բայց այնպես ստացվեց, որ մնացի։ Հայաստան վերադառնալուց հետո դուրս եկա բոլոր աշխատանքի վայրերից, որ կարողանամ զբաղվել միայն լուսանկարչությամբ։

Սիրում եմ ռիսկի գնալ, ամեն ինչ թողնելն ու զրոյից նոր աշխատանքով զբաղվելը մեծ ռիսկ էր։ Այդ փուլն ինձ համար շատ սթրեսային էր, թեպետ, ինտուիցիաս եւ ռիսկը խառնվել էին ու չհաջողելու վախ չկար։

Փոքրիկ սենյակից սկսվեց մեծ փոփոխություն

2019թ. մարտին Սախարովի հրապարակի մոտակայքում վարձեցի փոքրիկ սենյակ, որտեղ ունեի սեղան եւ համակարգիչ, ծնողներիս ասում էի՝ գնում եմ աշխատանքի, բայց դեռ պատվիրատուներ չկային։ Հետո որոշեցի համացանցում էջ ունենալ, ինչը նպաստեց, որ դեպքերն իրենք իրենց եւ շատ արագ զարգանան։

Լուսանկարը՝ Մերի Յոլչյան


Ես ոգեւորվում եմ, երբ ինձ դիմում են կոնցեպտուալ շարքերի համար։ Պատվերների դեպքում նախապես հանդիպում եմ՝ հասկանալու համար, թե դիմացինն ով է, ինչ է ուզում, 4-5 օր աշխատում եմ՝ մանրամասն հասկանալու, ընկալելու համար, թե ինչ լուսանկարներ պետք է ստանալ, ծանոթանում եմ ռեստորանին, հասկանում եմ, թե ինչ կարող եմ առաջարկել։ Այնուհետեւ վերցնում եմ մատիտն ու սկսում մոտավոր գծել, թե ինչ է պետք, ըստ ուտեստների՝ հասկանում եմ, որին ինչ կոմպոզիցիա է անհրաժեշտ։ Ինքս ինձ դժվար եմ գոհացնում, անընդհատ ինքս ինձ հետ թրեյնինգ եմ անում, ուսումնասիրում եմ տարբեր աղբյուրներ, հիմնականում ոգեշնչվում եմ նատյուրմորտներից, ժամանակակից նկարիչներից, ինչն ինձ օգնում է ավելի արագ կոնցեպտ մտածել։

Food լուսանկարիչը պետք է լինի ուտելիքի գուրու

Food լուսանկարիչ լինելու համար պետք է լինել ուտելիքի գուրու, խոհարար, դիզայներ, ոճաբան, հոգեբան, լուսանկարչական գիտելիքները եւս կարեւոր են, բայց ամենակարեւորն ուտելիքը «երկրպագելն է»։ Գուցե շատերն այս միտքը որկրամոլություն համարեն, բայց այս մասնագիտությամբ աշխատելու համար պետք է հատուկ վերաբերմունք ունենալ ուտելիքի նկատմամբ։

Մինչեւ նկարելու բուն պրոցեսին հասնելն այնքան գործ կա անելու. պետք է մտածել, թե ում համար է լուսանկարը, ինչ էմոցիաներ է ստանալու դիտողը, դրան ինչ քայլ է հաջորդելու։ Մինչեւ այս ամենը չուսումնասիրես, չես կարող վստահ լինել, որ արդյունքը հաջողված, իսկ պատվիրատուն բավարարված կլինի աշխատանքով։

Լուսանկարը՝ Մերի Յոլչյան


Բուն լուսանկարչական պրոցեսին նախորդող, նախապատրաստական փուլը շատ կարեւոր է, դրա համար ցանկալի է, որ դիմեն գոնե 4-5 օր առաջ, որպեսզի բոլոր մանրուքները պլանավորվեն, անհրաժեշտ պարագաները գնվեն ու լուսանկարման պրոցեսը հնարավորինս հանգիստ, առանց սթրեսի անցնի։

Լուսանկարելու ժամանակ կենտրոնանում եմ, որ ուտելիքը մաքսիմալ գեղեցիկ, էսթետիկ եւ ախորժելի լինի։ Այդ ընթացքում ամեն ինչ չէ, որ պետք է մարդիկ տեսնեն։ Food լուսանկարիչները հաճախ օգտագործում են հնարքներ, տարբեր նյութեր, որոնք բնավ կապ չունեն ուտելիքի հետ, բայց ավելի գրավիչ են դարձնում լուսանկարը։ Ինքս փորձում են հնարավորինս խուսափել քիմիական միջոցներից, բնական լուսանկարել, բացի այդ, հայերը արհեստական լուսանկարներ չեն սիրում, միանգամից կռահում են, որ ոչ ուտելի որեւէ բան է կիրառվել։

Citron Agency-ի քաղցրաթթու գաղափարները

Աշխատում եմ ռեստորանների, հյուրանոցների, խմիչքներ, հյութեր, պահածոներ արտադրողների հետ եւ ինձ դիմող մարդիկ հաճախ նաեւ խնդրում էին սոցիալական մեդիա մարքեթինգի հետ կապված որոշ գործեր անել։ Քանի որ նախկինում զբաղվել եմ ռեստորանների մարքեթինգով եւ աշխատել եմ լուսանկարիչների հետ, հստակ գիտեմ, թե, օրինակ, SMM-ի համար ինչ կադր է պետք, որպեսզի աշխատի, ճիշտ ազդեցություն ունենա դիտողի վրա։

Լուսանկարը՝ Մերի Յոլչյան


Հերթական անգամ, երբ դիմեցին նման հարցով, համաձայնեցի, պայմանական գին որոշեցինք ծառայության համար եւ 2020-ի փետրվարին ստեղծվեց Citron-ը։ Մեկ-երկու ամիս հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, ռեստորանները փակվեցին, վերաբացվելուց հետո անսպասելիորեն սկսեցի զանգեր ստանալ, աշխատեց «սարաֆանային ռադիոն»։ Ստացվեց շատ ավելի ակտիվ շրջան, քան սպասում էի։

Կազմակերպությունը Հայաստանում երկար մնալու նպատակ չուներ, քանի որ պետք է տեղափոխվեի Փարիզ, դրա համար որոշել էի, որ այն կունենա ֆրանսիական հնչողությամբ անուն, այնպիսի մի բան, որը կապ ունի HoReCa-ի հետ եւ բարդ չէ։ Այսպես` որոշվեց անվանումը։ Citron-ը կիտրոնն է, որը ցիտրուսների թագավորության լուրջ ներկայացուցիչ է, մեղմացնող հատկությունն ունի սննդի մեջ, նաեւ թարմություն է տալիս, թթու համին հաջորդում է քաղցրը, դրա համար էլ մեր գաղափարներն անվանում ենք «քաղցրաթթու»։

Citron-ը սկզբում ինձ համար թեստ էր, չգիտեի՝ կստացվի, թե՝ ոչ։ Դժվարություններ եղան՝ համավարակ, եւ, հատկապես, պատերազմ, բայց ստացվեց։ Օրերս հասկացա, որ թեստային փուլն անցել ենք ու գնում ենք առաջ։

Մերի Յոլչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Citron Agency-ն զբաղվում է այն ամենով, ինչը մարդկանց կարճատեւ երջանկություն է տալիս եւ առաջ է մղում հետագայի, հաջորդ քայլերի համար։ Մենք ընտրում ենք, թե ում հետ աշխատել եւ աշխատում ենք նրանց հետ, ովքեր գնահատում են մեր գործը, հարգում մեր եւ իրենց ժամանակը, նաեւ ընտրում ենք նրանց, ում հետ ուտելիք կիսելու ցանկություն կունենանք։

Մեր նպատակն է, որ մարդիկ իրենց կյանքի կարեւոր պահերը ճիշտ վայրերում անցկացնեն, ճիշտ ուտեստներով կիսվեն այլ մարդկանց հետ։ Ունենք մարքեթինգային նախագծեր, զբաղվում ենք լուսանկարներով, SMM-ով, ունենք նախագծեր, որոնց համար դիզայն ենք անում, բրենդինգով զբաղվում, վերջերս սկսել ենք նաեւ տեսանյութերով զբաղվել։

Փնտրում եմ նրանց, ովքեր կուզեն նվիրվել այս ոլորտին

Երբ Food լուսանկարչության ոլորտում առաջին քայլերն էի անում՝ Հայաստանում նման մասնագետների չէի ճանաչում, կային մարդիկ, ովքեր նկարում էին ամեն ինչ, չկար մեկը, ումից կարելի էր գոնե խորհուրդ հարցնել։ Մենք ունենք լավ մասնագետներ, ովքեր կարող են լուսանկարչություն սովորեցնել, բայց սննդի լուսանկարչությունը ստանդարտ լուսանկարչության հետ կապ չունի, ավելի շատ կապ ունի ցանկությունների հետ։

Լուսանկարը՝ Մերի Յոլչյան


Այժմ իրավիճակը մի փոքր այլ է, ինքս էլ ունեցել եմ աշակերտներ, որոնք հիմա աշխատում են ինձ հետ։ Առաջիկայում պատրաստվում եմ ուսուցման մեծ ծրագիր ներկայացնել. կսկսենք մաստեր-կլասերից, այնուհետեւ կլինեն food լուսանկարչության 1-3 ամսյա դասընթացներ։ Փնտրում եմ մարդկանց, ովքեր ինձ նման կուզեն նվիրվել այս ամենին։

Food լուսանկարչությունն իմ կյանքի մի մասն է դարձել։ Երբ զբաղվում ես արվեստով, լուսանկարչությամբ, չես կարողանում այն կտրել առօրյա կյանքից, հատկապես միտքը դժվար է տարանջատել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էլեն Գրիգորյանի եւ Մերի Յոլչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին