«Լոլին լոռեցի է, հոգով մինիմալիստ, տեսակով բնապահպան ու ճամփորդել սիրող»: Հայկական Անահիտ տեսակի լոլիկի չրերից պատրաստած արտադրանքին այսպես են բնութագրում Կուշանեն, Մանեն եւ Մերին: Բրենդի համահիմնադիրներ քույրերը վստահ են՝ մարզային արտադրանքը ճանաչելի դարձնելով՝ կարելի է նպաստել մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:
Ապակյա տարայի եւ ձիթայուղի մեջ պահվող լոլիկի չրերն արդեն 5 ամիս է հասանելի են սպառողին: Կուշանե եւ Մերի Չոբանյանները GastroVino-ի հետ զրույցում պատմել են Լոլիի ստեղծման գաղափարի, պատրաստման եղանակի եւ դրա ներառական բաղադրիչի մասին:
«Մեր կատակը շատ լուրջ ընդունվեց»
Կուշանե. Ամանորն էր մոտենում, ամուսինս էլ պատերազմից նոր էր եկել: Առանց որեւէ հատուկ պայմանավորվածության՝ որոշել էինք ուղղակի չնշել այն, առանձնապես տրամադրություն չկար, գնումների էլ չէինք գնացել: Բայց այդ օրերին հյուրեր ունենալն անխուսափելի էր: Սուպերմարկետները «թալանված» էին, իսկ տուն եկողներին առանց հյուրասիրելու չէինք թողնի:
Հիշեցի, որ դեռ ամառվանից լոլիկի չիր ունեի տանը: Մտածեցի՝ օրիգինալ եւ հետաքրքիր կլինի դրանով ինչ-որ բան պատրաստել: Հյուրերը շատ հավանեցին, սկսեցին հարցնել, թե սրանից վաճառքում կա՞, որտեղի՞ց կարող են գնել: Հետո ընկերներիցս մեկն ասաց՝ ինչու փնտրել այն վաճառողին, ինքդ սկսիր քո տարբերակով լոլիկի չրի արտադրանք ներկայացնել:
Կուշանե Չոբանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կատակով Ֆեյսբուքում գրեցինք, որ մենք սրա վաճառքով ենք զբաղվում, բայց կատակը շատ լուրջ ընդունվեց: Քույրերով խորհրդակցեցինք ու որոշեցինք Լոլիի արտադրություն սկսել: Մեկ շաբաթ օնլայն վաճառելուց հետո միանգամից այն տարանք լաբորատորիա, որտեղ համապատասխան փորձաքննության ենթարկվելուց հետո Լոլին ЕАС հավաստագիր ստացավ: Այն փաստում է, որ արտադրանքն անվտանգ է եւ կարելի է ներկայացնել սպառման:
Լոլիկի չիրը ներդաշնակ է ձիթայուղի հետ
Մերի. Լոլին պատրաստվում է Վանաձորում՝ Հայաստանում աճեցված Անահիտ սորտի լոլիկի չրերից: Այս պահին լոլիկը ձեռք ենք բերում հայ արտադրողներից, բայց հետագայում կփորձենք ինքներս աճեցնել եւ չորացնել:
Մերի Չոբանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանի որ չրերը պահվում են ապակե տարաների մեջ, մարդկանց մոտ հաճախ է հարց առաջանում՝ Լոլին պահածո՞ է: Լոլին պահածո չէ, ջերմային մշակում չի անցնում, ավտոկլավի մեջ չի դրվում ու չի դառնում պահածո: Այն հայկական արեւահամ լոլիկի չրերի թարմ արտադրանք է, որը պահվում է առաջին մզվածքի՝ extra virgin ձիթայուղի մեջ եւ դրա խտության, օգտակարության շնորհիվ չիրը կարող է մի ամիս կամ մի քիչ ավելի պահվել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մինչ ապակե տարայում հայտնվելը՝ լոլիկները կրկնակի չորացում են անցնում, հետո միայն տեղափոխվում ձիթայուղի մեջ, որը շատ ներդաշնակ է չրի հետ: Չրերին ավելացնում ենք նաեւ համեմունքներ՝ սխտոր, դափնու տերեւ:
Երեւակայիր Լոլիի հետ
Կուշանե. Լոլին խոհանոցում իմպրովիզների սիրահարներին երեւակայելու հնարավորություն է տալիս: Այն որպես առանձին բաղադրիչ օգտագործելուց բացի՝ կարելի է համադրել այլ ուտեստների ու բանջարեղենի՝ անգամ թարմ լոլիկի հետ: Հարմար է թե որպես նախուտեստ օգտագործելու, թե աղցանների, փլավների մեջ ավելացնելու, պիցցաները ձեւավորելու համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մերի. Լոլիի յուրաքանչյուր տուփում սպառողը տարայի կողքին կգտնի նաեւ փոքրիկ բաղադրատոմս, որտեղ ներկայացնում ենք պոմիդորի չրերով պատրաստվող ուտեստներ՝ քամած մածունով, արիշտայով, պաստաներով, անգամ՝ ձվածեղով: Բաղադրատոմսերը վիդեոտարբերակով հասանելի են նաեւ մեր ֆեյսբուքյան էջում:
Ներառական բաղադրիչն ու ինքնատիպ տարբերանշանը
Կուշանե. Լոլին ստեղծման օրից իր հիմքում հստակ սոցիալական եւ ներառական բաղադրիչ է ունեցել, որի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բացահայտել շրջապատող միջավայրն ու մարդկանց: Ստավարաթղթե տուփն, ապակե տարան եւ դրա վրայից կախված «տարբերանշան» չիրը պատահական չեն ընտրված, դա հստակ ուղերձ ունեցող ֆունկցիոնալ դիզայն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մերի. Ստվարարաթղթե տուփը, որի մեջ Լոլին ճամփորդում է, Tmm Soft-ի հետ պատրաստում են աուտիզմ ունեցող երեխաները՝ ծնողների օգնությամբ: Դրանց չափն ու ձեւը ես եմ անում, իսկ այն վերջնական տեսքի են բերում նրանք:
Ստվարաթղթի եւ ապակե տարայի օգտագործմամբ փորձում ենք հոգ տանել բնության մասին՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրին վնասը:
Կուշանե. Տարայից կախված չիրն էլ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար է, ովքեր այն շոշափելով՝ կարող են հեշտությամբ տարբերել Լոլին այլ արտադրատեսակից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիշում եմ՝ տեսողության խնդիրներ ունեցող ծանոթներիցս մեկը մի անգամ զրույցի ժամանակ ինձ ասաց՝ ոնց ես պատկերացնում, երբ գնում եմ սուպերմարկետ, ինչպես եմ ընտրում կամ գտնում ուզածս: Այդ զրույցը շատ էր տպավորվել: Ու երբ սկսեցինք սրա վրա աշխատել՝ հասկացա, որ կախված չիրը կլինի տարբերանշան՝ դարակաշարում, սուպերմարկետում, թե այլ տեղ՝ տարաները միմյանցից տարբերելու համար:
Ինչպես գտնել Լոլին
Կուշանե. Վաճառքը հիմնականում իրականացնում ենք առցանց, բայց արդեն հասանելի է նաեւ «Հալեպ» խանութների ցանցում: Լոլին ներկայացված է նաեւ Աշտարակի «Գինու բակ» հյուրատանը, շուտով կլինի «Մամիկ» եւ Դեբեդի «Չամիչ» հյուրատներում:
Մերի եւ Կուշանե Չոբանյանները | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բանակցում ենք փոքր խանութների եւ հյուրատների հետ, եւ առաջիկա մեկ տարում չենք պատրաստվում այն լայն շուկա հանել։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: