World’s 50 Best Restaurants ակադեմիայի վարկանիշային սանդղակով սլովենացի Անա Ռոշը համարվում է աշխարհի լավագույն կին խոհարարը։
Ռեստորանային քննադատները պնդում են, որ նա ուղղակի կախարդ է, որն իր խոհարարական կախարդություններն անում է ոչ թե մայրաքաղաքում, այլ Սլովենիայի ամենափոքրիկ գյուղերից՝ Ստարոսելոյում։
Այնտեղ կա մի անկյուն, որը կրում է Hiša Franko անվանումը։ Տարածքն այդքան հայտնի չէր լինի, եթե Էռնեստ Հեմինգուեյն իր «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունն այնտեղ չգրեր։
Hisa Franko ռեստորանը
Ու հենց այդտեղ էլ ապրում ու այդ տան բակում էլ իր փոքրիկ ռեստորանն է աշխատեցնում մասնագիտությամբ դիվանագետ, հոբբիով՝ դահուկորդ Անա Ռոշը, ով եփել սովորել է սկեսուրից եւ խոհանոցային դանակին մոտեցել է միայն 30 տարեկանում։ GastroVino-ն պեղել է խոհարարության մի քանի կանոն Անա Ռոշի հարցազրույցներից։
Համառ պայքար
Խոհարարի ճանաչում ձեռք բերելը երկար ու համառ պայքարի արդյունք է, եւ ամենեւին էլ կապ չունի ռեստորանի կամ դրա հայտնի անվան հետ։ Ո՞վ գիտի, որտեղ է Կոբարիդը եւ այնտեղ գտնվող փոքրիկ Ստառոսելոն։ Գրազ կգամ, որ սլովենացիների միայն կեսը։ Այնպես որ, Սլովենիայում ճանաչում ձեռք բերելը, այն էլ որպես խոհարար, շատ- շատ դանդաղ գործընթաց է: Գեղեցիկ եւ լավ սնվելու համար բոլորը ճանապարհորդում են Կոպենհագեն, Լոնդոն կամ Փարիզ, բայց չեն գալիս ձեր երկրի հեռավոր մի գյուղ։
Անա Ռոշը
Հիշեք, ռեստորանը ձեր անվան հետ կապ չունի, պարզապես այնտեղ դուք պետք է երեք անգամ ավել աշխատեք ապացուցելու համար, որ դուք առավել արժանի եք խոհարարի կոչմանն ու դափնիներին, քան զարգացած մյուս երկրների խոհարարները:
Սխալներն ու հասունացումը
Ստեղծարարությունը միայն մեր մանկության արդյունք չէ` այն շատ ամուր կապված է մեր անհատականության տեսակի հետ։
Անա Ռոշը
Մինչ խոհարարի աշխատանքն ու անունը ստանձնելը ես բազմաթիվ սխալներ եմ գործել, եւ դրանք օգնում են ճիշտ ճանապարհը որոշելու հարցում։ Կարծում եմ, ես իսկապես հասունացա որպես մասնագետ, երբ սկսեցի ընդունել սխալներս։
Քննադատությունը
Կարծում եմ, լավագույն խոհարարները քննադատությունից չեն խորշում, որովհետեւ դա է զարգացման եւ առաջխաղացման հիմքերից մեկը։ Պետք է կարողանաս հաշվի նստել քննադատության հետ։ 10 տարի առաջ կար մի ռեստորանային քննադատ, որը մեր ամենահավատարիմ հաճախորդներից էր։
Անա Ռոշը
Բայց մի օր նա մի քննադատական հոդված գրեց իմ մասին, նշելով հետեւյալը. «Կարծում եմ, նա դոփում է տեղում եւ այլեւս չգիտի, թե ինչ է անում»։ Երբ դա կարդացի, ասացի՝ թող գնա նա գրողի ծոցը եւ անցա իմ գործին։ Բայց հաջորդ օրն այդ հոդվածը կարդացի նորից եւ հասկացա, որ այդ մարդը ճիշտ էր։ Սկսեցի հսկել իմ մթերքի աղբյուրներն ու իմ թիմը եւ ամեն ինչ իր տեղն ընկավ։
Երջանկության կարեւորությունը
Երբեմն չես կարող քեզ թույլ տալ կողքիդ ունենալ բավականաչափ քանակով մարդիկ, որոնք կօգնեն քեզ։ Ստիպված ամեն ինչ պետք է միայնակ անես։ Այդ պահին ամենակարեւորը բանը՝ ամեն ինչում անձնական երջանկություն գտնելն է։
Եթե դու երջանիկ չես քո անձնական կյանքում, չես կարող լավ եփել։ Ես կարծում եմ ավելի ու ավելի շատ խոհարարներ են սա հասկանում։
Պատրաստեց Լուսին Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: