Գրող Նարինե Աբգարյանը խոստովանել է, որ շատ է ուրախանում, երբ առնում է մանկության հոտերը:
«Սնունդը կյանքի մեծ մասն է, դու այն ես, ինչ ուտում ես: Լոլիկի հոտն իմ ամենասիրելին է, երբ պոկում ես պոչն ու զգում այն: Խանութում ինձ երեւի խելագարի տեղ են դնում. ամեն ինչից հոտ եմ քաշում:
Երբ մանկությանս հոտերն առնում եմ, չեք պատկերացնի՝ ոնց եմ ուրախանում: Հոտերը, համերը, գույները, ձայները շատ կարեւոր են: Ասում են, երբ հեղինակը շատ է գրում ուտելիքի մասին, ուրեմն՝ դիետա է պահում:
Ուսանողական տարիներին շատ էինք սոված մնում, միշտ ուտելիքի պակաս կար: Մի անգամ շատ սոված էինք պառկել, ու Եղեգնաձորից մեր ընկերուհին պատմեց՝ ինչպես են թոնիրում գառ խորովում, այնքան համով էր նկարագրում՝ կշտացած քնեցինք: Երբ սով ես ապրած լինում, սննդի մասին ավելի ստույգ ես գրում», - պատմել է Նարինե Աբգարյանը՝ Մեդիամաքսի Bravo.am կայքին տված ծավալուն հարցազրույցում:
Պատմելով այն մասին, թե ինչ է սիրում պատրաստել, Նարինե Աբգարյանն ասել է.
«15 տարեկանից պատրաստում եմ ու արդեն հոգնել եմ դրանից: Բայց փորձարկումներ անել ու նոր բաղադրատոմսեր սիրում եմ: Հայերս կանաչեղեն ենք շատ ուտում, ընկերս կատակում է, որ մենք աշխարհի ամենականաչակեր ժողովուրդն ենք, դրա համար կովերը մեզ ատում են: Երբ հյուր եմ ունենում, անպայման շուշան ու սիբեխ եմ հյուրասիրում: Այդ ուտելիքը մեզ յուրահատուկ է դարձնում, մինչդեռ ամաչում ենք դրանից: Առհասարակ, ամաչում ենք նրանից, ինչը մեզ հայ է պահում: Նախ պետք է մեզ ճիշտ ընդունենք, հասկանանք համաշխարհային պատմության մեջ մեր դերն ու ներդրումը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: