×

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

SEASONS` բոլոր եղանակներն են ձեզ համար

Համավարակի եւ հետպատերազմյան իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր ոլորտների, հայաստանյան բոլոր ընկերությունների գործունեության վրա։  Հայաստանի համար այսօր առավել քան կարեւոր զարգացման ծրագրերի իրագործման, գաստրոնոմիայի, գաստրոնոմիկ զբոսաշրջության, ռեստորանային ինդուստրիայի զարգացման տեսլականի եւ սպասվող նախագծերի մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Burgery_Angus&More», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Շերեփ», «Լավաշ», «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորաններ, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

- Պարոն Երեմյան, քաղաքում ակտիվորեն  լուրեր են տարածվում Ձեր նոր շատ խոշոր նախագծի մասին։ Ինչո՞վ է պայմանավորված այս օրերին նոր ռեստորաններ բացելու Ձեր որոշումը:

- 2017 թվականից սկսած՝ մեր ընկերությունը ռազմավարական երկարաժամկետ պլանավորման ձեւաչափով է գործում։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունեինք 2020-2021 թվականների համար, որոնց հիմքերը նախապատրաստել էինք նախորդ երկու տարիների ընթացքում։ Բայց համավարակը, ապա նաեւ պատերազմը շատ ծրագրեր հետ գցեցին։

Համավարակից եւ պատերազմից հետո վերականգնվելն ու նպատակները վերագտնելը շատ-շատ դժվար էր։ Բայց մեր թիմում կա պատասխանատվություն, կա առաքելության զգացում ու կա գիտակցում, որ այս օրերին մեր երկիրն առավելապես կարիքն ունի տնտեսական զարգացման, եւ գոնե այն ոլորտը, որը մենք ենք ներկայացնում, այս իրողության պայմաններում որոշ առումներով դա կարող է ապահովել։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ունեինք նախապատրաստված ծրագրեր՝ նոր երազանքներ, երբ «Տաշիր Գրուպ»-ից համագործակցության առաջարկ ստացանք։ Տարվա սկզբից բանակցում էինք եւ միասին քննարկում այդ համագործակցության մանրամասները։ Սա Հայաստանում քիչ կիրառվող նոր մոդել է, բայց մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել այս ձեւաչափով։ Արդյունքում՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանային նախագծերին միացան SEASONS ռեստորանային համալիրն ու M-CAFE սրճարանը։ Սա հիանալի հնարավորություն է մեզ համար ներկայանալու մեր նոր մոտեցումներով։

- Ի՞նչն եք փոփոխելու այս նախագծում։ Ինչպիսի՞նն է լինելու նոր SEASONS-ը։

- SEASONS անվանումը մեզ գրավեց, եւ թիմի կողմից էլ խրախուսվեց պահպանել ու չփոփոխել։ Այն իսկապես լայն հնարավորություն է ստեղծում հետաքրքիր ու յուրօրինակ կոնցեպտուալ մոտեցումով մեր այս նախագիծն իրագործելու համար։ Տարվա չորս եղանակները՝ ձմեռը, գարունը, աշունը եւ ամառը, ոգեշնչման հրաշալի աղբյուր են, եւ  SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» (All Seasons for You) հայեցակարգի շրջանակում կառաջարկի ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ, այն մեր հյուրերի համար կլինի հետաքրքիր ու գրավիչ տարվա բոլոր եղանակներին։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Այժմյան SEASONS-ի 2 սրահներից մեկում կգործի SEASONS ռեստորանը՝ բավականին հետաքրքիր եւ հարուստ ճաշացանկով։ Ռեստորանը որեւէ կոնկրետ երկրի խոհանոցի ուղղվածություն չի ունենա, բոլոր խոհանոցներից կմեկտեղենք ամենահամեղը, յուրահատուկը, իսկ մեր պրոֆեսիոնալ շեֆ-խոհարարները հմտորեն կհամադրեն յուրահատուկ համերը  հայկական որակյալ մթերքների հետ։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ի դեպ՝ ինչպես մեր բոլոր ռեստորաններում, այստեղ եւս օգտագործելու ենք մեր ֆերմաների մսամթերքն ու կաթնամթեքը։ Yeremyan Products կաթնամթերքն ու մսամթերքը կօգտագործվեն եւ՛ ռեստորանային, եւ՛ սրճարանային հատվածներում։ Նրբահամ հրուշակեղենն ու պաղպաղակը եւս պատրաստվելու են մեր բարձրորակ ու անարատ կաթից։

- Հրուշակեղեն եւ պաղպաղա՞կ՝ սա՞ է հիմնական նորույթն այս ծրագրի։ Ի՞նչ է մեզ սպասում։

- «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS-SWEETLAND հրուշակարանն ու պաղպաղակի հատվածը՝ SEASONS GELATERIA-ն կգործեն SEASONS ռեստորանի կողքի առանձին ընդարձակ սրահում։

Մեր քաղաքում իսկապես պակասում էր յուրօրինակ բարձրակարգ ռեստորան-հրուշակարանը, եւ մեր երազանքն էր այդ բացը լրացնելը։ Վստահ եմ, շատերը «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորաններում համտեսել են մեր հրուշակեղենը, որն իրականում մեր ներուժի ու վարպետության երեւի թե 10 տոկոսն էր միայն, իսկ այստեղ հիմա ներդրել ենք մեր հնարավորությունների 100 տոկոսը։

Բարձրակարգ ու շատ համեղ հրուշակեղեն, աղանդեր, ֆիրմային պաղպաղակի արտադրություն, բարձրորակ շոկոլադ, տարբեր տեսակի քաղցրավենիք… Այս կոնցեպտի վրա մի քանի տարի աշխատել ենք մեր շատ պրոֆեսիոնալ, հմուտ ու իր գործի գիտակ շեֆ-հրուշակագործի՝ Անահիտ Միքայելյանի հետ, ով ստեղծագործել է տարբեր երկրների խոհանոցներում, կուտակել է հարուստ փորձ, ունի շատ համեղ ձեռք, ստեղծարար մտածողություն, մասնագիտական նուրբ ճաշակ, եւ դա չօգտագործելն իրոք սխալ կլիներ։

Ամենահամեղ, նրբահամ հրաշք խմորեղենը մեր շեֆ-հրուշակագործի տաղանդի, մտքի անսահման թռիչքի ու վառ երեւակայության արտացոլումն են։ SEASONS SWEETLAND-ից նաեւ հնարավոր կլինի պատվիրել մեր ֆիրմային տորթերը կարեւորագույն առիթների համար։ Մեր հրուշակեղենը կարելի է նաեւ գնել եւ գեղեցիկ փաթեթավորմամբ ձեզ հետ տուն կամ որպես նվեր տանել։

SEASONS հրուշակարանը լինելու է իր յուրահատուկ կոնցեպտով. շատ կարեւոր է,  որ անուշահամ հրուշակեղենը մատուցվի համեղ սուրճով կամ որակյալ թեյով։ Այդ նպատակով էլ համագործակցում ենք թեյի աշխարհի լավագույն բրենդերից մեկի՝  Dammann Frères-ի հետ, որը Ֆրանսիայում ամենախոշոր եւ ամենահին թեյ արտադրող ընկերությունն է: Ըստ էության, այն գրել է ֆրանսիական թեյի պատմության հիշարժան էջերից մեկը եւ անգնահատելի ազդեցություն ունեցել աշխարհում թեյի սպառման մշակույթի զարգացման վրա: Հնդկաստանի, Ցեյլոնի, Աֆրիկայի, Չինաստանի, Ճապոնիայի, Վիետնամի լավագույն տնկարաններում աճեցրած այս շքեղ, անուշաբույր թեյը լավագույն համադրությունն ու ուղեկիցն է մեր խմորեղենի համար։

Ես էլ, ինչպես եւ տղամարդկանց մեծամասնությունը, քաղցրակեր եմ,  սիրում եմ համեղ թխվածք ու հատկապես՝ շոկոլադ։ Երբ տարբեր երկրներում եմ լինում, միշտ շոկոլադ եմ գնում, բերում ընտանիքիս։ Վստահեցնում եմ, որ մեր շոկոլադները ոչնչով չեն զիջում շվեյցարական կամ բելգիական արտադրության շոկոլադին։ Իրոք շատ համեղ են։

- Դուք նշեցիք, որ նաեւ բացօթյա սրճարան է լինելու:

- Այո: Նախկին M-CAFE-ի տարածքում կգործի իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն, որտեղ կառաջարկենք մեր շեֆերի կողմից պատրաստվող իտալական ուտեստները. տարատեսակ պիցցաներն ու պաստաները սիրում են բոլորը։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Նշեմ նաեւ, որ սրճարանային հատվածում ունենալու ենք հետաքրքիր բար՝ հատուկ կոկտեյլներով, եւ երեկոյան հաճելի լաունջ երաժշտություն։

- Այսքանով սպառվու՞մ են ծրագրերը։

- Այս նոր նախագծի ամենահետաքրքիր մասն ու ամենամեծ մարտահրավերը մեր ընկերության համար այն է, որ SEASONS այգին նույնպես գործելու է մեր կառավարման ներքո։ Սա մեզ համար որոշ առումով նորություն է, բայց մենք՝ գնահատելով մեր գործընկերների կատարած արդյունավետ ներդրումը կանաչապատման, գերժամանակակից միջազգային լավագույն տեխնոլոգիաներով աշխատող շատրվանների, հրաշալի միջավայր ստեղծելու գործում, որոշեցինք, որ կձեռնարկենք բոլոր հնարավոր քայլերն այս այգին ընտանեկան քաղաքային ժամանցի լավագույն վայր դարձնելու համար, որտեղ կկարողանանք վայելել եւ՛ ամառվա  զովը, եւ՛ ձմեռային ցուրտ օրերի արկածները։ Մեր Երեւանին աշխույժ ու կենսախինդ մթնոլորտ ու շունչ հաղորդելու նպատակով քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար այգում հետաքրքիր ու բազմազան միջոցառումներ ենք կազմակերպելու, գործակցելու ենք շատրվաններն իրենց լուսագունային եւ լազերային շոուներով, ունենալու ենք երեկոյան երաժշտական ծրագրեր։

Ասեմ նաեւ, որ SEASONS նախագծերի բացման յուրահատուկ միջոցառում ենք  նախատեսել, որը կդառնա քաղաքային անմոռանալի տոն։ Ամառային տոն, բայց եւ այնպես՝ բոլոր եղանակներն են ձեզ համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին