×

Լուսանկարը՝ The Monk restaraunt

Յոշիհիրո Իմաի․ Ոչ ոք չի ցանկանում ուտել ինչ-որ մեկի «ես»-ը

Յոշիհիրո Իմաին 2015-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է իր 14 նստատեղ ունեցող The Monk (Վանական) ռեստորանը եւ համարվում է աշխարհի ամենահայտնի խոհարարներից մեկը։ Իմաին խորապես ոգեշնչված է ճապոնական մշակույթից, հեղինակել է «Վանականը՝ փիլիսոփայի ճանապարհին ընկած լույսն ու ստվերը» գիրքը։  

Ներկայացնում ենք Յոշիհիրո Իմաիի խոհարարության կանոնները, որոնք նա ներկայացրել է The Talks նախագծին տված հարցազրույցում:

Խոհարարական իմ աշխատանքը առօրյա կյանքիս արտացոլանքն է՝ ի՞նչ եմ տեսնում, երբ այցելում եմ տարբեր այգիներ, ինչպե՞ս եմ ծախսում իմ ժամանակը, ի՞նչ երաժշտություն եմ լսում, ի՞նչ գիրք եմ կարդում, ինչպե՞ս եմ հոգ տանում մարմնիս եւ հոգուս մասին։ Ես հավատում եմ, որ այս ամենը փոխկապակցված է եւ իր ազդեցությունն է թողնում խոհարարի աշխատանքի վրա եւ դա շատ լավ տեսնում ու զգում են ռեստորանի այցելուները։

Պարզ ուտեստներ մատուցելը մեծ քաջություն է պահանջում: Ես հավատում եմ դրա ուժին:

Ես հավատում եմ լավ կրակի վրա եփված բանջարեղենի ուժին: Համոզված եմ, որ եփելու ամենապարզ ձեւը կերակրատեսակի պատրաստման լավագույն տարբերակն է։

Ես-ը ուտելի չէ: Ես սա շարունակ կրկնում եմ իմ աշխատակազմին ու նաեւ հավելում՝ աշխարհում ոչ ոք չի ուզում ուտել ինչ-որ մեկի «ես»-ը։

Ամենաբարդ բանը նվազագույն բաղադրիչներով ինչ-որ բան պատրաստելն է, որովհետեւ չես կարող խաբել։

Խոհարարությունը բնությունը գովերգելու, նրա հետ կապն ամրապնդելու միջոց է։ Հիմա, երբ ամեն ինչ թվայնացվում է, սնունդը շարունակում է մնալ բնության հետ կապի միջոց, որովհետեւ բանջարեղենները, միսը եւ ծովամթերքը շարունակում ենք ստանալ բնությունից։

Իմ բաղադրատոմսի հեղինակները շուկայում մթերք վաճառող գյուղացիներն են։ Նրանք ամեն օր ինչ-որ նոր ու թարմ բան են վաճառում։ Նրանց ապրանքի տեսակից եւ որակից է կախված, թե այդ օրն ինչ կպատրաստեմ։

Ինչ-որ բան պատրաստելիս ես կանոններ չեմ խախտում, որովհետեւ երբեւէ չեմ էլ հետեւել դրանց։ Իմ բաղադրատոմսերը շատ պարզ են, օրինակ՝ բրինձ, խմոր ու էլի ինչ-որ բան։

Ես ձգտում եմ հավատարիմ մնալ իմ բաղադրիչների էությանը եւ ապագայի համար մեկ ցանկություն ունեմ՝ խոհարարության մեջ լինել ավելի ազատ, քան հիմա եմ։

Խոհարարական աշխարհում ես կողմնակի անձ եմ, որովհետեւ երբեք, որեւէ տեղում խոհարարության դասընթաց չեմ անցել եւ երբեք խոհարարություն չեմ սովորել։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին