×

Լուսանկարը՝ BBC

Էդինբուրգի առեղծվածային հայ խոհարար Փիթերի պատմությունը

Եղիսաբեթ II-ի Էդինբուրգյան նստավայրին կից՝ հենց Հոլիռուդհաուզում, կա մի հետաքրքիր շինություն։ Այն այցելուներին ավելի հայտնի էր «Հայկական ռեստորան» անվամբ, գրում է BBC-ն ու ներկայացնում Փիթեր անունով առեղծվածային մի հայ խոհարարի պատմություն։ Հոդվածագիր Քրիստոֆեր Բոբինը փորձել է բացահայտել, թե ինչու էին Էդինբուրգում գտնվող «Վտարանդի Աղթամար լճի վանքը» ռեստորանի շուրջն այդքան շատ լեգենդներ հյուսվում։

Խորհրդավոր անհետացում

1979-ին բացված «Aghtamar Lake Van Monastery in Exile»-ը, որը թարգմանվում է որպես «Վտարանդի Աղթամար լճի վանքը», էքսցենտրիկ մատուցված էկզոտիկ ճաշկերույթների մշակույթի մաս էր կազմում։


Սոցիալական մեդիաների բացակայության դարաշրջանում այս ռեստորանի գոյության մասին հնարավոր էր իմանալ միայն զրույցներից եւ շշուկներից։ Այստեղ հնարավոր էր ճաշկերույթը նախապես պատվիրել՝ հանդիպելով ռեստորանի հայ սեփականատիրոջ հետ, որը նաեւ միակ խոհարարն էր, եւ որին բոլորը դիմում էին Փիթեր։

Պատմում էին, որ նա ամբողջ գիշեր հայկական ավանդական ճաշատեսակներով եւ պարերով սպասարկում էր տարատեսակ բանկետներ։

Լուսանկարը՝ BBC


Սակայն մեկ տասնամյակ առաջ, պատահական մի օր, Փիթերը անհետացավ՝ թողնելով իր հաճախորդներին սոված՝ առանց վերջին ճաշի եւ դարի հարցով՝ ու՞ր է նա կորել։

Փիթերի զրուցակիցներից մեկը

Ջո Սպիլերն այդ ռեստորանում ընթրել էր 2010-ին, փակվելուց անմիջապես առաջ եւ ինչպես ռեստորանի մյուս հաճախորդները, այն գտել էր միայն տարբեր պատմությունների միջոցով։

«Ես այդ ռեստորանի մասին լսել եմ իմ ընկերներից, որոնք էլ լսել էին իրենց ընկերներից՝ այնտեղ շատ դժվար էր տեղ ամրագրել», - պատմում է Ջոնը։

Լուսանկարը՝ BBC


Ռեստորանի տարածքը նա նկարագրում է որպես կիսամութ մի սենյակ, կենտրոնում մոմերով բանկետի սեղան՝ զարդարված խորհրդային ու հայկական սպասքով։ Ճաշի  եւ գինու արանքում նա հասցրել էր մի քանի բառ փոխանակել Փիթերի հետ եւ վերհիշում է, որ նրանք զրուցել էին Ցեղասպանության մասին։

«Նա ասում էր, որ Ցեղասպանության ժամանակ կորցրել է իր բոլոր բարեկամներին եւ այդ հետքն ամբողջ կյանքում կմնա իր հետ», - հիշում է Ջոնը։

Այլ աղբյուրներ

Ավելի քան 10 տարի է, ինչ Փիթերի ռեստորանը դատարկ է եւ լքված: Այժմ այն վերահսկվում է Էդինբուրգի Cockburn Association-ի կողմից:

Դրա տնօրեն Թերի Լեւինթալը վերջին անգամ հանդիպել է Փիթերին ՝ քննարկելու շենքը պահպանելու հարցն ու ընթրել ռեստորանում, մինչեւ փակվելը։

Տարբեր աղբյուրները վկայությամբ՝ Փիթերը մասնագիտությամբ խոհարար չէր, այլ պարզապես գիտեր պատրաստել ընտանեկան այն ճաշատեսակները, որոնցով սնվել էր մանկության տարիներից։ Դրա շնորհիվ նա ակամա փոխել էր ընկալումը, թե ինչպիսին պետք է լինի ուտելիքը Շոտլանդիայում։

Լրագրող Քեյթ Դեվայնը պնդում է, որ ինքն ականատես է եղել, թե ինչ ազդեցություն է ունեցել Փիթերը Շոտլանդիայի խոհարարների և ռեստորանների վրա։

«Խոհանոցն առանձնացված էր ճաշկերույթների սրահից եւ սննդի մատուցման կետից, բայց Փիթերը սովորություն ուներ դուրս գալ, հանդիպել, զրուցել մարդկանց հետ եւ բարեւել։ Այն ժամանակ դա շատ արտասովոր բան էր», - ասում է Քեյթը։

Որտե՞ղ է Փիթը

BBC-ի հոդվածագիր Քրիստոֆեր Բոբինը գրում է.

«Պարզել էի, որ Փիթերը Էդինբուրգում ուներ նաեւ գորգերի հայկական խանութ, որն նույնպես անմխիթար վիճակում է։ Ես այնտեղ թողեցի մի գրություն՝ խնդրելով զանգահարել ինձ, բայց գրեթե վստահ էի, որ հենց այդտեղ էլ կավարտվեն իմ որոնումները։ Բայց մեկ ամիս անց ես հայկական ակցենտով մի ձայնային հաղորդագրություն ստացա. «Շնորհակալություն ձեր ստեղծագործական նամակի համար, ես ուրախ կլինեմ հանդիպել», - ասվում էր ձայնագրության մեջ։

Լուսանկարը՝ BBC


Մենք պայմանավորվեցին եւ Փիթերը համաձայնեց ինձ ցույց տալ ռեստորանը;

Երբ հրեցի փայտե ծանր դուռը, ներսից մի փոքրամարմին մարդ ողջունեց ինձ եւ ներս հրավիրեց։ Սա դեռ նրա ռեստորանն էր, իսկ ես հյուր էի։

Ձեռքերը մեջքի ետևում Փիթերը ցույց էր տալիս ինձ ռեստորանը, խոսում ճարտարապետությունից, բայց ինձ հետաքրքիր էր նրա կերպարը, ես ուզում էի իմանալ նրա մասին։

Լուսանկարը՝ BBC


Փիթերն իր մասին շատ անորոշ էր խոսում, հպանցիկ, ասաց, որ մոտ 80 տարեկան է, առաջին անգամ Շոտլանդիա եկել է 1970-ին՝ սովորելու նպատակով եւ պրոֆեսիոնալ խոհարար չէ։

«Ես ուղղակի հասկացա, որ կարող եմ իմ աշխատանքը վերածել հոբբիի։ Ընկերներս շատ էին ինձ քաջալերում, երբ նոր էի ամեն ինչ սկսում», - պատմում էր Փիթերը։

«Ես փորձում էի  կոտրել այն խոչընդոտները, որոնք խանգարում են ճաշելու պրոցեսին», - ասում է նա։

Փիթերը հաստատում է՝ ճիշտ է շշուկներն այն մասին, որ սեղանի պատվերը կարող էր կատարվել միայն ներկայանալու դեպքում եւ բերանացի։

«Մի քանի գիշեր մենք երեք փուլով հյուրեր ենք ընդունել ու նրանք այնքան շատ էին, որ մարդիկ իրենց հետ աթոռներ էին բերում՝ ավելի շատ նստատեղեր ունենալու համար», - պատմում է Փիթերը։

Բայց նման պարագայում ինչո՞ւ է նա անսպասելի փակել իր դռները եւ ո՞ւր էր անհետացել։ Պարզվում է, նա չէր հեռացել Շոտլանդիայից և չէր լքել իր հաճախորդներին։ Պարզապես մեկ տասնամյակ առաջ կատարված կողոպուտի հետեւանքով ռեստորանը զրկվել էր բոլոր հայկական հնաոճ իրերից և դեկորից: Հիասթափված Փիթերը որոշել էր պարզապես փակել ռեստորանն ու անհետանալ հասարակության աչքից:

Լուսանկարը՝ BBC


Զրույցի ավարտին նա բարձրաձայնում էր իր առաջնորդող փիլիսոփայությունը՝ այն պարզ բաղադրատոմսը, որը նրան դարձրեց տեղական  լեգենդ.

«Պարզապես կարողացեք ձեր ներսից դուրս բերել այն ամենը, ինչով զբաղվելը ձեզ դուր է գալիս, եւ փորձեք օգնել այն մարդկանց, որոնց նույնպես դա դուր է գալիս,  փորձեք կիսվել այդ ամենով»:

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին