×

Ալյոնա Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նախկին զինվորական, այժմ խոհարար շուշեցի Ալյոնան ու վերադարձի հույսը

Արցախում 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներից հետո շուշեցի Ալյոնա Սարգսյանի կյանքը փոխվեց։ Առաջինից հետո Ալյոնան թողեց զինվորական ծառայությունն ու որոշեց խոհարար դառնալ, երկրորդից հետո ստիպված եղավ թողել տունն ու աշխատանքը, ամեն ինչ սկսել զրոյից։ Երկու դեպքում էլ նա տեղափոխվեց Երեւան։

GastroVino-ի հետ զրույցում Ալյոնան պատմել է Շուշիի ուսումնարանում անցկացված խոհարարական դասերի, չեղարկված ծրագրերի ու տուն վերադառնալու հույսի մասին։
 
Խոհարարությունից առաջ՝ զինվորական

18 տարեկանից աշխատել եմ տարբեր ոլորտներում։ Սիրում եմ սպասարկման ոլորտը, արհեստն ու արվեստը։ Աշխատել եմ թատրոնում, հիվանդանոցում, եղել եմ հյուրանոցի մենեջեր, զինվորական, զբաղվել եմ նաեւ կամավորական աշխատանքով։ Փորձում էի բաց չթողել Արցախում անցկացվող որեւէ նոր դասընթաց, որը կարող էր ինձ գիտելիք տալ։

Որպես բարձրագույն կրթություն՝ ընտրել էի իրավաբանությունը, բայց որոշ հանգամանքների բերումով տեղափոխվեցի պատմության բաժին։ 2013թ․-ին սկսեցի ծառայել բանակում՝ ռադիոտեխնիկական զորամասում գծագրողավար էի, օդային քարտեզներ էինք գծում: Մարտական հերթապահություն եմ անցել, գաղտնիության երրորդ աստիճան ունեմ։ Ծառայությունս տեւել է 4 տարի եւ 9 ամիս։ Ավարտելու որոշումը կայացրել եմ Ապրիլյան պատերազմից հետո, որի ընթացքում ապրում էինք զորանոցային պայմաններում եւ հետո շուրջ մեկ ամսից ավելի տուն չէինք գնում։ Մտածում էինք, որ կարող են զորամասի ուղղությամբ կրակել։ Այդ ժամանակ զգացի, որ, կարծես, կորցնում եմ կյանքս։ Միշտ հասկանում էի, որ բանակն ու իմ «փխրուն» հոգին անհամատեղելի են, բայց նաեւ սիրում էի ծառայությունը, մտածում էի առաջընթացի, բանակում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մասին։

Ծառայությունից հեռանալուց հետո արթնացավ խոհարարական արվեստի հանդեպ սերը։ Մինչ այդ սովորել էի Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի խոհարարության բաժնում, բայց հասկանում էի, որ բավարար գիտելիք չեմ ստացել։ Մի անգամ Facebook-ով նամակ գրեցի Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանին՝ Երեւանում վերապատրաստվելու համար։ Նա արագ արձագանքեց ու ասաց, որ կարող եմ անվճար սովորել իր ստուդիայում։

Ալյոնա Սարգսյանը եւ Սեդրակ Մամուլյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վեց ամիս ապրեցի Երեւանում, սովորեցի, վերապատրաստվեցի տարբեր ռեստորաններում, հետո վերադարձա Արցախ՝ Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ավագ խոհարար աշխատելու առաջարկ էի ստացել։ Մեծ ճաշարան էր, որը 3-անգամյա սնունդ էր տրամադրում 150 աշակերտի։ Ամեն ինչ անում էի, որ երեխաները վիտամիններով հարուստ, լավ սնունդ ունենան, հետեւում էի, որ կոտլետի կշիռը տեղը լինի (ծիծաղում է- հեղ․)։ Երկու տարի աշխատելուց հետո տնօրենն առաջարկեց խոհարարական խումբ բացել։

Ընկեր Սարգսյանն ուսումնարան բերեց աղջիկներին
 
Ուսումնարանը միայն տղաների համար էր, հիմնականում շինարարական մասնագիտություններ էին սովորում։ Խոհարարական խմբի բացվելուց հետո վերջապես Արցախի տարբեր բնակավայրերից աղջիկներն էլ կարող էին գալ եւ անվճար կրթություն ստանալ։


9-րդ դասարանն ավարտած աշակերտներն ուսումնարանում երկու տարի սովորում էին դպրոցական ծրագրով եւ զուգահեռ մասնագիտական կրթություն ստանում, իսկ վերջին մեկ տարում միայն մասնագիտական ծրագիր էր։ Իմ կարծիքով՝ ավարտելիս նրանք պատրաստի խոհարարի օգնականներ էին։ Այսպես եմ ասում, որովհետեւ խոհարար լինելու համար փորձ է պետք։ Լավ ռեստորանում էլ խոհարարի օգնական աշխատելու համար պետք է ծանոթ լինես չափորոշիչներին, իմանաս՝ ինչ է հասարակական սնունդը, ինչ տնտեսական ճյուղ է, ինչով է զբաղվում, քիմիական կազմը, սննդի տեխնոլոգիան եւ այլն։ Փորձում էի ինքս էլ կրթվել ու նրանց տալ անհրաժեշտ գիտելիքներ, տարբեր նյութեր էի գտնում, թարգմանում, փորձում էի երեխաներին մատուցել մատչելի ձեւով։

Խոհարարական խումբը երեխաների հոսքն անընդհատ աճում էր, նույնիսկ մեծերի համար էինք նախատեսում խմբեր բացել, որովհետեւ դիմողները շատ էին։

Շենքային պայմանները լավն էին, չափորոշիչները՝ բարձր։ Ուսումնարանը հեռանկարային էր ոչ միայն երեխաների, այլեւ ինձ համար, որովհետեւ Ֆրանսիայում վերապատրաստվելու հնարավորություն կար։


Դասերի ընթացքում անընդհատ փորձարկումներ էինք անում, այն, ինչ ամբողջ աշխարհում տարածված է, միքսում էինք տեղական բնամթերքի հետ ու ստանում լավ արդյունք։ Աշակերտներին միշտ ասում էի՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկան լավ սովորեք, որովհետեւ դրանք խոհարարության մեջ մեծ տեղ ունեն։ Առանց դրանց իմացության չես կարող լավ մասնագետ դառնալ։ Օգնում էի, որ զարգանա հեղինակային խոհանոցի հանդեպ սերը, որովհետեւ խոհարարը չպետք է մոռանա, որ արարող է, նրան ոչինչ չպետք է կաշկանդի։ Խոհարարությունն ամեն օր սովորելու եւ ինքնազարգանալու մասնագիտություն է։ Սիրելու եւ այդ սերը սննդի միջոցով փոխանցելու հմտություն։

Սեպտեմբերի 27-ից առաջ

Պատերազմը սկսվելուց առաջ պլանավորել էինք մեկ շաբաթվա պրակտիկ աշխատանք, անհրաժեշտ մթերք էինք գնել։ Արագ սննդի միամսյակի առաջին կուրսն էր, ուրբաթ օրը «սեւ բուրգեր» էինք պատրաստել, հաջորդը պետք է լիներ բազուկի հիմքով կարմիր բուրգերը։


Սպասում էինք, որ հանգստյան օրերն անցնեն ու շարունակենք ծրագիրը։ Առավոտյան արթնացանք պայթյուններից։ Չէինք պատկերացնում, որ կարող էր պատերազմ սկսվել։

Ուսումնարանում երեք խումբ ունեի ու պատերազմի ողջ ընթացքում երեխաները զանգում էին, հարցնում, թե որտե՞ղ եմ, ինչպե՞ս ու ե՞րբ են վերսկսվելու դասերը։

Պահեստազորային Ալյոնան

Առաջին պայթյուններից հետո պահեստազորայինների հեռախոսներին կարճ հաղորդագրություն էր եկել, որով խնդրում էին մոտենալ զինկոմիսարիատներ։ Ես էլ պահեստազորային եմ, թեպետ չէին կանչել, բայց որոշեցի գնալ։ Երկինքն արդեն մռայլ էր, լսվում էին պայթյունների ձայները, քայլելով հասա զինկոմիսարիատ, մի քիչ զարմացան, ասացին՝ «եթե կարիք լիներ՝ կկանչեինք, աղջկա տեղ չէ»։ Նրանք եւս չէին պատկերացնում, որ իրադարձությունները նման ընթացք կունենային։ Ասացի, որ ծառայել եմ ռադիոտեխնիկական զորամասում եւ կարող եմ օգնել որպես ՄՈԲ՝ Շուշիում տեղակայված զորամասերից մեկում։ Մերժեցին, բայց հանգիստ չէի կարող նստել, սկսեցի տարբեր ուղղություններով աշխատել, ծանոթների միջոցով ինչ-որ բան փորձեցի անել։ Գյուղնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ երիտասարդ կամավորների կարիք կա։ Դիմեցի, նախարարության պաշտոնյան ասաց, որ Հադրութում տեղ կա, բայց կարճ ժամանակ անց փոխեց միտքն ու ինձ ուղարկեց Շուշիի զորամաս՝ որպես խոհարար։ Շուշիի ՀՕՊ-ում անցկացրեցի 5 օր, Մշակույթի տան դեպքից հետո հիվանդանոցում օգնում էի վիրավոր ոստիկաններին, հետո՝ հացի փռում էի։

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե քանի անգամ եմ փրկվել, որովհետեւ ամեն անգամ, երբ սննդի մատակարարների, հացի փռերի կամ այլ մարդկանց հետ պայմանավորվում էի օգնության գնալու համար, ինչ-որ բան խանգարում էր, կարող էր մեքենա փչանալ կամ ուրիշ խնդիր լիներ, հետո իմանում էի, որ այն վայրերում, ուր պիտի գնայի, սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։

Շուշիից Երեւան

18 օր Շուշիում էի, հոկտեմբերի 14-ին մորս հետ տեղափոխվեցի Երեւան՝ վարակվել էինք կորոնավիրուսով։ Մայրս բուժաշխատող է ու մինչ այդ օրն օգնում էր մարդկանց։

Վարակվելուց հետո երկարատեւ բուժում ստացա ու ինձ թվում էր՝ դասալիք եմ, որ չեմ վերադառնում Շուշի։ Մտածում էի, երբ լիարժեք առողջանամ, կվերադառնամ, նշանակություն չունի, որ պատերազմ է, պետք է գնամ ու օգնեմ մարդկանց, ծաղիկներս ջրեմ։ Վերադառնալ չստացվեց։

Երեւանից տեղափոխվեցինք Դիլիջանի պանսիոնատներից մեկը։ Նոյեմբերի 10-ի հայտարարության լուրն այնտեղ կարդացի, ուշագնաց եղա։ Մի քանի օր չէի կարողանում արցունքներս զսպել։ Հարցը տունը կամ նյութական կորուստները չէին, այլ այն միտքը, որ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, հողն ու հայրենիքը կորցրեցինք։

Մինչեւ պատերազմը բանաստեղծություն էի գրել հեռացողների ու գնացողների մասին ու նաեւ այն մասին, որ «մի օր կլքեմ այս տխուր քաղաքը»։ Իմ բանաստեղծությունն իրական դարձավ։ Մի բան էր, որ մտածում ես արտերկրում վերապատրաստվելու եւ հայրենիք վերադառնալու մասին, այլ բան, երբ չես կարող վերադառնալ։ Անընդհատ խեղդվում եմ հողի կարոտից, մտածում եմ՝ Արցախն իմ կարիքն ունի, իմ երեխաներն ինձ են սպասում։ Եզնիկ Մոզյան ուսումնարանը գործում է Ստեփանակերտում, բայց այնտեղ տուն գտնելը շատ դժվար է, անվտանգության հարցեր էլ կան։ Մի բան է պատերազմը, երբ դու պատրաստ ես անգամ զոհվել, այլ բան՝ թշնամու հետ կողք-կողքի ապրելը։ Հերոս են այն մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, չավարտված պատերազմի պայմաններում։

Ծնողներս Արցախի տարբեր բնակավայրերից են, 1992-ին տեղափոխվել են Շուշի, ես երկու տարեկան եմ եղել։ Իմ ողջ գիտակից կյանքն անցել է Շուշիում։ Ամեն անգամ, երբ մեքենայով ինչ-որ տեղ եմ գնում, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ Ստեփանակերտից գնում եմ Շուշի, առավոտյան արթնանում եմ ու ինձ թվում է, որ Շուշիում եմ։ Վատ է, որ տուն տանող ճանապարհ չկա։ Հունվար ամսին, երբ գնացի Արցախ, հատուկ այնպիսի ժամ էի ընտրել, որ մութն ընկած լինի ու չտեսնեմ Շուշիում դրված ադրբեջանական ու թուրքական դրոշները։

«Ընկեր Սարգսյան, դուք հուսահատվելու իրավունք չունեք»

Երբ հուսահատվում եմ, աշակերտներս են ինձ մոտիվացնում են։ Սոցցանցի իմ էջում մի գրառում էի արել, աշակերտուհիս, որ ընկերոջն է կորցրել, գրել էր՝ «ընկեր Սարգսյան, դուք հուսահատվելու իրավունք չունեք, մեզ միշտ մոտիվացրել եք, սովորեցրել, որ ուժեղ լինենք»։

Ալյոնա Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ աշխատում եմ Երեւանի ռեստորաններից մեկում, բայց դասավանդելն ու ռեստորանում աշխատելը տարբեր են։ Հասկանում եմ, որ շատ բան ունեմ սովորելու՝ թե՛ տեխնիկական հնարքներ, թե՛ արագաշարժություն։ Երեւանում չափորոշիչներն ավելի բարձր են։ Երբ աշակերտներս հարցնում էին՝ «ընկեր Սարգսյան, կա՞ մի բան, որ չգիտեք», պատասխանում էի՝ «լավից լավն էլ կա»։ Երեւանում համոզվեցի, որ ճիշտ էի։ Այս պահին ուզում եմ կենտրոնանալ վերապատրաստման, ավելի լավ մասնագետ դառնալու վրա, որպեսզի կարողանամ ավելին տալ աշակերտներիս։

Արցախի խոհանոցը վերածննդի կարիք ունի

Դեռ համավարակից առաջ Արցախում մի ծրագիր էր իրականացվում, որով երիտասարդները Իտալիայում անվճար վերապատրաստվելու հնարավորություն ունեին։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել էր 12 մասնագետ, այդ թվում՝ ես։ Պետք է մեկնեի Պարմա քաղաք, պրոշուտոյի արտադրությանը ծանոթանալու համար, համավարակով պայմանավորված՝ ձգձգվեց, պատերազմի պատճառով էլ ծրագիրը դադարեցվեց։ Մեծ ծրագրեր ունեի, մտածում էի արտերկրում կվերապատրաստվեմ, կվերադառնամ ու Արցախում օրգանական ռեստորան կունենամ։

Արցախի խոհանոցը վերածննդի կարիք ունի, ավանդական ճաշատեսակներ կան, որոնք պետք է զարգացնել, համադրել եվրոպականի հետ։ Ուսումնարանի դասերի ժամանակ էլ փորձում էինք տեղային բանջարեղենից, բույսերից ստանալ եվրոպական ստանդարտների ուտեստներ։

Արցախի առանձնահատկությունները շատ են։ Բնակավայրերում դեռ մնացել է մաքուր, բիո մթերքի արտադրությունը։ Արցախյան համն ու հոտն ուրիշ է։ ֆրանսահայ խոհարար Ժեռար Եսայանը, ով Ֆրանսիայում 50 աշխարհահռչակ խոհարարի համար պարտեզ ունի եւ աճեցնում է բիո բանջարեղեն, նշում էր, որ համային առումով Արցախի մթերքը շատ հագեցած է, հնարավոր չէ համեմատել այլ երկրների հետ։

Վերադարձի հույսը

Ափսոսում եմ, որ մի բուռ հող չեմ վերցրել Շուշիից, որ հավատի ծաղիկ տնկեի։ Հավատում եմ, որ վերադառնալու ենք, բայց ոչ պատերազմի միջոցով, այլ՝ ուժեղ դիվանագիտության, ուժեղ տնտեսության շնորհիվ։ Մենք այլ ելք չունենք այլեւս իրավունք չունենք գեթ մի զինվորի կյանք զոհել։ Ամեն մեկս պիտի տնտեսություն զարգացնենք, պատերազմը եղավ նաեւ ամեն մեկիս մեղքով, որովհետեւ թերացանք ինչ-որ հարցում։ Հիմա էլ իմ հույսը չի մարել, մտածում եմ, որ կարող եմ հաջողության հասնել ու Արցախում մեծ ծրագրեր անել։

Անի Խչոյան

Լուսանկարները Էմին Արիստակեսյանի եւ Այլոնա Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին