×

Տիգրան եւ Տավրոս Ավագյանները Լուսանկարը՝ Մեդիամաքս

Sutak. ընտանեկան ավանդույթներով բնական գինին

Գինեգործությունը շատ ընտանիքներում է սերնդեսերունդ փոխանցվել՝ ժառանգություն թողնելով գինի պատրաստելու ընտանեկան անգին գաղտնիքներ: Գինեսերների սեղանին 2019 թվականից հայտնված WineArt Winery ընկերության Sutak գինին եւս ընտանեկան գինեգործության արմատներ ունի:

WineArt Winery-ի հիմնադիր եղբայրներ Տիգրան եւ Տավրոս Ավագյանները GastroVino-ին պատմել են գինեգործության ուղին ընտրելու եւ բնական ճանապարհով պատրաստված գինու մասին:

Պապից եկած ավանդույթը

Եղբայրները պատմում են, որ դեռ վաղ տարիքից տեսել են, թե ինչպես է պապը տնային պայմաններում սեփական այգիների խաղողից գինի պատրաստել: Պապից սովորածը շարունակել է հայրը, հետո՝ փոխանցել որդիներին:

«Երբ չափահաս դարձանք, գինի պատրաստելու հետաքրքրությունը նաեւ մեր մեջ առաջացավ: Այսօր արդեն հասկանում ենք՝ գինին ու գինեգործությունը սեր են, որ մտնում է մարդու մեջ, դժվար է դրանից հրաժարվել»,- ասում է Տիգրան Ավագյանը:

Տիգրան Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տիգրանն ու Տավրոսն արվեստագետներ են:  Տիգրանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան։ Տավրոսը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, եւ այժմ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» ամսագրի գեղարվեստական խմբագիրն է եւ «Զինուժ» հեռուստածրագրից հայտնի արծիվի հեղինակը: Sutak-ի պիտակի հեղինակը եւս Տավրոսն է:

Եղբայրներն ասում են՝ արվեստի ոլորտում մասնագիտացած լինելն իրենց օգնել է, որ գինեգործությանը նայեն ոչ թե բացառապես որպես բիզնեսի, այլեւ`մշակույթի, ինչի միջոցով կարելի է երկրի ու ազգի մասին պատմել օտարներին:

Պետք էր կրթվել այս ոլորտում

Տնական գինեգործությունը հաջողելուց, ծավալը մեծացնելուց հետո Տիգրանի եւ Տավրոսի մոտ սեփական բրենդ ստեղծելու եւ արտադրանքը շուկայում ճանաչելի դարձնելու միտք է առաջացել։

«2016 թվականից սկսած արդեն փորձեցինք ստանալ ոչ թե ուղղակի տնական, այլ շուկայական ստանդարտներով գինի: 3-4 տարի փորձերի ու խաղողի տարբեր սորտերի հետ աշխատելու արդյունքում՝ եկանք այն համոզման, որ կարող ենք ստեղծել նման որակի գինի»,- ասում է Տավրոս Ավագյանը:

Տավրոս Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Քանի որ մենք ինքնուս, ավանդական գինեգործներ ենք, որոշեցինք, որ մինչեւ գինին շշալցնելն ու շուկա հանելը՝ նախ պետք է կրթվել, որոշակի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, հետո նոր անցնել արտադրության: Այդպես ծանոթացանք գինեգործ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարուշ Սամվելյանի հետ եւ այժմ էլ համագործակցում ենք նրա հետ Sutak-ի արտադրության գործում»,- ասում է Տիգրանը:

Կարմրահյութից ու Հաղթանակից ստացված բնական գինին

Sutak-ը հայկական երկու սորտերի՝ 80 տոկոս Կարմրահյութի եւ 20 տոկոս Հաղթանակի միաձուլում է: Տիգրանի խոսքով՝ այս երկու սորտերը համային առումով շատ լավ են համադրվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Sutak-ը դասվում է բնական գինիների շարքին, այսինքն իր պատրաստման ճանապարհով ավելի մոտ է աշխարհում ընդունված «natural wine» հասկացությանը:

«Ընդհանրապես ինչ տեսակի գինի էլ պատրաստես, պետք է այս գաղափարով առաջնորդվես՝ գինին ապրող օրգանիզմ է, եթե իր հետ ճիշտ չվարվես, կարող է խռովել»,- նշում է Տավրոսը:

Նրա խոսքով՝ բնական գինին մյուսներից տարբերվում է ավելի բարդ ու երկարատեւ պատրաստման ճանապարհով, ինչի ընթացքում փչանալու ռիսկերն ավելի շատ են:

Տիգրան Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հիմնական շեշտը բնական գինու դեպքում այն է, որ խմորումն ընթանում է ինքնաբերաբար՝ խաղողից եկած խմորասնկերով, լրացուցիչ ոչինչ չի օգտագործվում նման գինու պատրաստման համար: Մարդը որեւէ միջամտություն չի անում, խմորիչ չի ավելացնում, սուլֆիտներով չի կայունացնում: Այսինքն, կա որոշակի նյութերի ցանկ, որոնք բնական գինու պատրաստման մեջ չեն օգտագործվում:

Խաղողի բերքը ջարդելուց հետո ուղղակի լցնում ենք պահամանների մեջ, որտեղ այն սկսում է խմորվել այնքան ժամանակ, որքան գինին է պահանջում: Պարզապես ամեն օր ուշադիր պետք է հետեւել խմորման ընթացքին, ջերմաստիճանին եւ համից հասկանալ, թե հետո ինչ է պետք անել»,- ասում է Տիգրանը:

Գարուշ Սամվելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործ Գարուշ Սամվելյանն է շարունակում բնական գինու թեման եւ ասում է, որ հայկական գինիները շատ ավելի բնական են, քան թվում է, ինչը պայմանավորված է ե՛ւ  սորտերով, ե՛ւ բնակլիմայական պայմաններով:

«Եթե մի գինու վրա նշված է բնական, դա չի նշանակում, որ մնացած գինիները բնական չեն: Բնական ասելով պետք է հասկանալ, որ գինու հիմնական ծնունդն իրականացվել է ինքնաբերաբար, ինչն ավելի առողջարար է մարդու օրգանիզմի համար»:

Արտահանումը Ֆրանսիա

Sutak-ի արդեն փոքր խմբաքանակ արտահանվել է Ֆրանսիա: Տիգրանն ու Տավրոսն անկեղծանում են՝ արտահանման մասին չեն էլ մտածել, ամեն ինչ շատ պատահական է եղել:

Տիգրան եւ Տավրոս Ավագյանները Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երեւանյան գինետներից մեկում ֆրանսիացի գործընկերները փորձել էին Sutak-ն ու կապ հաստատել մեզ հետ: Ասացին, որ իրենց հետաքրքրել է մեր գինին, առաջարկեցին համագործակցել, ինչի արդյունքում շուրջ 570 շիշ Sutak գինի արդեն արտահանվել է Ֆրանսիա»,- ասում է Տավրոս Ավագյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Sutak-ի արտադրության ծավալները փոքր են, եղբայրները շեշտը քանակի վրա չեն դրել եւ հետագայում էլ դժվար մեծացնեն ծավալները:

«Այս տարին նաեւ սպիտակ գինի կարտադրենք, այն եւս բնական ճանապարհով ենք ստանում: Սպիտակը կլինի Ոսկեհատ եւ Մուսկաթ խաղողներից»,- ասում է Տիգրանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին