Լոլիկը կարող է համեղ համադրություն դառնալ պորտվեյնի, ծիրանը՝ ամարետոյի, թուրինջը՝ կոնյակի հետ։ Anook jams-ում երկար փորձարկել են տարբեր համեր, հետո պահածոյացրել, տարաներին փակցրել հետաքրքիր պիտակներ ու հասցրել ամենատարբեր տեսակի ջեմեր պատրաստող ու ջեմերի սիրահար հայ սպառողին։ Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ջեմերը սպառողին հասանելի են դարձել շուրջ երկու ամիս առաջ։
Երաժիշտ, Anook jams-ի հիմնադիր Իրինա Իգիթխանյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է համավարակը նոր շունչ տվել տարիներ առաջ ծնված գաղափարին եւ ինչպես է ճգնաժամային տարում, փոքր թիմով, հնարավոր եղել իրագործել նախաձեռնությունը։
«Մեր ջեմերի համար շուկայում դեռ փոքր նիշա կա»
Ջեմերի արտադրության մասին սկսել եմ մտածել շուրջ 7 տարի առաջ, անգամ փորձեր եմ արել, բայց ավելի սիրողական մակարդակով։ Տանը խաղում էինք տարբեր համերի հետ, փորձում էինք, նաեւ արտադրության գաղափարը կար, բայց ինչ-ինչ պատճառներով կանգ առանք։
Կորոնավիրուսը դրդեց, որ վերակենդանացնենք այդ գաղափարը։ Չնայած մեր շուկան բավական հագեցած է, ու հաճախորդները սովոր են ջեմերին, մուրաբաներին ու զանազան տեսակներ կան, բայց մի փոքր շուկայական ուսումնասիրություն արեցի եւ համոզվեցի, որ այս ջեմերի համար դեռ փոքր նիշա կա, որովհետեւ դրանք տարբերող են։
Իրինա Իգիթխանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խոհանոցի ու սննդի նկատմամբ հատուկ սեր ունեմ, միշտ փորձել եմ հնարավորինս տարբեր խոհանոցների հետ շփվել, փորձարկումներ անել, բացահայտել նոր բաղադրատոմսեր։ Իմ սիրած խոհանոցը ֆրանսիականն է, որովհետեւ նրանք քաջ են իրենց մատուցումների մեջ, չեն վախենում տարբեր համադրումներից եւ դա ինձ միշտ ոգեւորել է։
Լուսանկարը՝ Anook jams
Ջեմեր արտադրելու դրդապատճառներից մեկը նաեւ այն էր, որ Հայաստանը, առհասարակ, եւ Երեւանը՝ մասնավորապես, բոլորովին նոր սնվելու մշակույթ է որդեգրել։ Նոր սննդի կետեր են բացվում, նոր սրճարաններ, օրեցօր աճում է այն ռեստորանների թիվը, որոնք փորձում են մի կողմից ներկայացնել որեւէ երկրի խոհանոց, մյուս կողմից՝ համատեղել նաեւ հայկական ավանդական ուտեստների հետ։ Այդ սիներգիան, կարծում եմ, շատ լավ է աշխատում։ Մի կողմից, փաստորեն, դրդում է, որ մարդիկ խորանան հայկական ավանդական ուտեստների մեջ եւ փորձեն բացահայտել թաքնված կամ մոռացված բաղադրատոմսերը, մյուս կողմից՝ մատուցել նաեւ ժամանակակից, ավելի ընդունելի ձեւով ու տեսքով։
Կարելի է ասել, որ նույն մոտեցումը Anook jams-ի մեջ է, որովհետեւ դա իսկապես հինն է՝ նոր մեկնաբանմամբ, մենք հիմնվում ենք ավանդական սննդամթերքի վրա։
Anook-ը կնոջ ամբողջական կերպար է
Երբ 7 տարի առաջ ծնվեց գաղափարը՝ մտածում էինք բրենդի մասին, թե՝ ինչի՞ հետ է ասոցացվում ջեմը։ Թիմի բոլոր անդամները միաձայն եկան այն եզրահանգման, որ այն անմիջապես ասոցացվում է նախաճաշի, մեկ սեղանի շուրջ ընտանիքի միավորման։ Ինձ համար էլ հանգստյան օրերի լավագույն մասը հենց նախաճաշն է, երբ բոլորը միասին են, ինչը կիսվելու, շփվելու, համեղ որեւէ բան համտեսելու առիթ է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բացի այդ, ջեմ պատրաստելը, կարծում եմ, բոլորս կապում ենք նաեւ մեր ընտանիքների կանանց հետ՝ մայրիկներ, տատիկներ։ Այսպես` եկավ կնոջ կերպարը եւ մենք փորձեցինք անուն դնել, որը կմարմնավորի նրան։ Անուկը Աննայի փաղաքշական տարբերակներից մեկն է, որը հետաքրքիր կանացի հիմք ունի, լակոնիկ է, միջազգային։ Մի կողմից ես հասկանում եմ, որ ավանդական հայկական անուն չէ, բայց այն մի ամբողջական կնոջ կերպար է, որը նաեւ, եթե հաջողվի ժամանակի ընթացքում առաջ գնալ ու կարողանալ արտահանել ջեմերը, դժվար կարդացվող կամ ընկալվող չի լինի։
Տարան եւ պիտակը
Մեր տարաները վեցանկյուն են, կոկիկ, «բուտիկային» տեսք ունեն։ Տարաների ընտրությունը շատ գիտակցված է կատարվել (ջեմի զուտ քաշը 200 գրամ է)։ Ես, օրինակ, անծանոթ պրոդուկտ գնելիս մի քիչ կմտածեմ. «արդյոք արժե՞ մեծ տարայով գնել»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հատկապես, որ սննդի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ եւ համարում եմ, որ չի կարելի թափել կամ հասցնել այն վիճակի, որ այլեւս հնարավոր չլինի օգտագործել։ Տարաների պիտակների հարցում համագործակծեցինք իմ վաղեմի գործընկերներից մեկի հետ, ով դիզայներ-արվեստագետ է, նա առաջարկեց հետաքրքիր լուծումներ։ Այդ ոճը մեզ շատ դուր եկավ, մտածեցինք, որ կտարբերվի։ Արդյունքում ստացվեց արվեստի ու սննդի հետաքրքիր համադրում։
«Փորձում էինք անել մի բան, որ դեռ չկար շուկայում»
Արտադրության սկզբում ինձ միացավ նաեւ իմ գործընկերը, ով սննդի ոլորտի պրոֆեսիոնալ է։ Դա նաեւ հույս ներշնչեց, որ ինքն էլ է հավատում է պրոդուկտի կենսունակությանը։
Մենք փորձում էինք անել մի բան, որ դեռ չկար հայկական շուկայում։ Ալկոհոլային ջեմերն աշխարհում նորություն չեն, տարբեր տեղերում տեսել եմ, փորձել ու դա ոգեւորել է ինձ։ Մենք սովոր ենք նախաճաշերի ժամանակ ջեմը քսել հացին, բայց ուրախ եմ արձանագրել, որ մեր ռեստորաններում պանիրը մատուցելիս նաեւ մեղր կամ ջեմ են առաջարկում։
Լուսանկարը՝ Anook jams
Ես մեր ջեմերը փորձել եմ տարբեր հացաբուլկեղենի հետ։ Կա ջեմ, որ, ըստ իս, ավելի համեղ է կրուասանով, քան հացով, մյուսը՝ հակառակը։ Ջեմերը կարող են որպես հիմք ծառայել նաեւ մսային ուտեստների սոուսների համար։ Մի փոքր ալկոհոլի ներկայությունը պիկանտ համ կտա ուտեստին։
Դեռ միայն 7-ն են ներկայացրել
Սկսել ենք 7 տեսակի ջեմով, բայց չեմ ասի, թե մեր բոլոր ջեմերն արդեն պատրաստել ու ներկայացրել ենք։ Փորձել ենք այնպես անել, որ համերն ու համադրությունները տարբեր լինեն, որպեսզի մարդիկ ընտրության հնարավորություն ունենան։ Պատրաստ ենք նաեւ, որ շուկան, հաճախորդը կարող են զտել մեր տեսականին, մի տեսակը կարող է լավ վաճառվել, մյուսը՝ ոչ։ Ապագայում ոչ միայն կհետեւենք շուկայական ուսումնասիրություններին, այլեւ կսկսենք ավելացնել տեսակները, որովհետեւ ստեղծագործական ընթացքը վերջ չունի, դա իմ ամենասիրելի պահերից մեկն է, երբ դու ոչ միայն ինքդ քեզ համար ես նոր բան բացահայտում, այլեւ հնարավորություն ես ունենում կիսվելու հանրության հետ։
Լուսանկարը՝ Anook jams
Բացի այդ, կան ջեմեր, որոնք ակնհայտորեն սեզոնային են, օրինակ՝ մանդարինով ջեմերը, որոնք անմիջապես ասոցացվում են Ամանորի համերի ու բույրերի հետ։
Anook-ի ամենաէկզոտիկ ջեմը
Լոլիկի ջեմը, երեւի, ամենաէկզոտիկն է, որովհետեւ երբ ասում ես՝ «լոլիկի ջեմ», մարդիկ լարվում են, բայց հավաստիացնում եմ, որ շատ յուրահատուկ համ ունի, մանավանդ, որ մի փոքր պորտվեյն կա մեջը։ Այս ջեմը պատրաստվում է տեղական լոլիկից։
Լուսանկարը՝ Anook jams
Մեր ջեմերում ալկոհոլի պարունակությունը շատ չէ։ Թիմով եկել ենք այն որոշմանը, որ չվախեցնենք մեր ապագա հաճախորդներին, որ մի փոքր ուտելուց հետո մարդը չգինովանա։ Ալկոհոլը պարզապես ջեմի երանգներից մեկն է։
Բնական կամ բիո ջեմեր
Anook jams-ի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ «բիո» են՝ առանց կոնսերվանտների։ Դա, իհարկե, իր «վտանգն» է պարունակում։ Մենք միշտ պիտակի վրա գրում ենք, որ բացելուց հետո պետք է պահել սառնարանում, որոշ ջեմեր բացելուց հետո կարող են մի փոքր փոխել գույնը, ինչը եւս հավելումների և կոնսերվանտների բացակայության պատճառով է:
Արհեստական, քիմիական հավելումների բացակայությունը նաեւ ինչ-որ չափով համահունչ է այն զարգացումներին, որի ականատեսն ենք հիմա թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։
Սերտիֆիկացում եւ պահպանման ժամկետ
Anook jams-ը հենց առաջին փորձից անցել է սերտիֆիկացման բոլոր փուլերը, լաբորատորիաները հաստատել են, որ արտադրանքն առողջության համար վտանգավոր չէ։ Թեպետ, համապատասխան ատյանները թույլ են տվել տարայի վրա նշել պահպանման երկու տարի ժամկետ, բայց երկար քննարկումներից հետո մենք որոշեցինք նշել մեկ տարի, որ ավելի հանգիստ լինենք ու հանկարծ խնդիրներ չառաջանան։
Նոր նախաձեռնություն՝ ճգնաժամային տարում
Մենք համեստորեն ենք սկսել այս գործը, շատ լավ գիտակցելով, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, մասամբ նաեւ այն պատճառով, որ մեր շուկան բավականին զարգացած է պրոդուկտների առումով եւ ընտրությունն անընդմեջ ընդլայնվում է։
Անի Խչոյանը զրուցում է Իրինա Իգիթխանյանի հետ | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համավարակի պայմաններն ու մնացած բոլոր ուղեկցող դժվարությունները ստիպում էին երկու անգամ մտածել այն մասին, թե ինչ ենք ուզում անել։ Այնուամենայնիվ, որոշեցինք, որ արժեք գոնե սկսել։ Չէի ասի, որ մեծ ակնկալիքներ չունենք, բայց մտադիր ենք հետամուտ լինել այս գաղափարին եւ փորձել զարգացնել, կենցաղի, մեր առօրյայի մի մաս դարձնել ջեմերը, լիահույս ենք, որ կհաջողվի։
Մեր արտադրամասը բավականին փոքրիկ է, թիմը՝ եւս, բայց այս պահին բավարարում է այն ծավալը, որ մենք նախատեսում ենք արտադրել։ Եթե հաջողվի ընդլայնել արտադրությունը, ապա կմտածենք նոր տարածք տեղափոխվելու մասին, բայց բոլորս փորձում ենք պինդ հողի վրա կանգնել եւ մտածել, որ քայլ առ քայլ առաջ ենք շարժվելու։
«Արվեստն ու ջեմերը իրար չեն հակասում»
Մասնագիտությամբ երաժիշտ եմ, տարբեր ծրագրերի մեջ եմ ներգրավված։ Արդեն 17 տարի է՝ ունեմ իմ մշակութային ասոցիացիան, դրա շրջանակներում տարբեր ծրագրեր եմ իրականացնում՝ փառատոններ, համերգներ, ցուցահանդեսներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ջեմերի մեջ եւս ստեղծագործական սկիզբ կա։ Ինձ համար սա եւս մշակույթ է՝ շատ կարեւոր եւ լուրջ։ Ամեն տեղ, ուր կա ստեղծարար մաս, ինձ անվերջ ոգեւորում է, որովհետեւ հասկանում եմ, որ սովորելու շատ տեղ ունեմ։ Ինձ չի վախեցնում այն, որ սերը կարող է լինել ե՛ւ մշակութային ծրագրերում, ե՛ւ ջեմերում, որովհետեւ, կարծում եմ, սկզբունքը նույնն է, այս երկուսն ինձ համար իրար հակասող չեն։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի եւ Anook jams-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: