«Արեւ, արեւ, արի դուս, քեզ բերել ենք աչքի լուս, քու քուրիկը լուսինկան, բերեց գինի մեկ բաժակ»։ Երգը լսվում է պատանի «գինեգործների» դասարան-արտադրամասից, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղողի եւ գինու դպրոցի սաներն գինի են շշալցնում: Ավտոմատ հոսքագծերի փոխարեն ձեռքով կատարվող աշխատանքը թույլ է տալիս, որ նրանց ձայնը պատերից դուրս էլ լսելի դառնա:
«Խաղողն ու գինին երաժշտություն սիրում են: Եթե մենք չենք երգում, ապա, անպայման, երաժշտություն ենք միացնում»,- ասում են աշակերտները, որոնք միմյանց փոխարինելով ու չընդհատելով աշխատանքային պրոցեսը, արտադրամասում ընդունում են GastroVino-ին, կիսվում ստացած գիտելիքներով ու պատմում սեփական ձեռքերով շշալցված գինու մասին:
«Խաղողի եւ գինու դպրոց»-ն իր գործունեությունը սկսել է 2018 թվականից: Դպրոց հաճախող աշակերտները սովորում են այգեգործություն եւ գինեգործություն՝ խաղողի տնկիների, վազերի խնամքից մինչեւ խմորման, գինու արտադրության տեխնոլոգիա եւ շշալցում: Դպրոցում կարող են սովորել ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները, այլ բոլոր ցանկացողները:
Արտադրություն՝ սովորելու ընթացքում
Մինչ տղաները զբաղված են շշերի ախտահանման աշխատանքով՝ դպրոցի գործունեությանը մեզ առաջինը ծանոթացնում են 9-րդ դասարանցի Աննան ու Մարիան:
Գինու պատրաստման համար արդեն որոշակի հմտություններ ձեռք բերած աշակերտուհիներն ասում են, որ ստացած տեսական գիտելիքներն անմիջապես կիրառում են գործնական աշխատանքում` արտադրության մեջ: Թեեւ գինու պատրաստման ողջ գործընթացն իրականացնում են ձեռքով՝ նոր սերնդի սարքերի օգնությամբ, բայց այսպես պատրաստման նրբություններին ավելի լավ են ծանոթանում:
Աննան եւ Մարիան | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ձեռքով աշխատանքն օգնում է մանրունքներին ավելի շատ ուշադրություն դարձնել ու ավելի խորությամբ ծանոթանալ պատրաստման տեխնոլոգիային: Այն աշակերտները, որոնք կցանկանան հետագայում մասնագիտանալ գինեգործության մեջ, արդեն բազային գիտելիքներով կմտնեն ոլորտ»,- ասում է Աննան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Այգեգործության համար տարին մի փոքր ուշանում է, 2021-ի դասերն ու աշխատանքները դեռ արտադրամասում ենք անցկացնում, եղանակը տաքանալուն պես դուրս կգանք այգի՝ խաղողի տնկիների հետ աշխատելու: Մինչ այդ հասցրել ենք գինու դարակները գրեթե ամբողջությամբ լրացնել, մի քանի շիշ ու կավարտենք 2020-ի Աղավնաձորի Արենի տեսակի խաղողի բերքից ստացված կարմիր գինու շշալցումը»,- ասում է Մարիան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դպրոցը, բացի 2020-ից, շշալցված գինիներ ունի նաեւ 2018-ից եւ 2019-ից, դրանց մի մասը՝ շուրջ 500 շիշ, նախորդ տարի վաճառվել են ու գումարը փոխանցել բանակին:
«Որ գինին չհիվանդանա»
Շշերի ախտահանման աշխատանքն ավելի փոքրերին հանձնելով՝ զրույցին են միանում Ալենն ու Մանվելը եւ նկարագրում խաղողից գինի ստանալու իրենց տեխնոլոգիան՝ խմորման պրոցեսից մինչեւ շշալցման ողջ շղթան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հատուկ ջարդիչի օգնությամբ ջարդելուց հետո՝ խաղողը լցնում ենք տակառների մեջ եւ թողնում, որպեսզի խմորում անցնի, որը կարող է տեւել 15 օրից մինչեւ 1 ամիս: Դրանից հետո լցնում ենք մամլիչի մեջ՝ չանչերն ու մաշկը հյութից առանձնացնելու համար, այնուհետեւ խաղողի հյութը լցնում ենք մետաղյա պահամանների մեջ ու թողնում, որ խմորիչների ակտիվ վիճակը մի քիչ հանդարտվի, համերը գան իրենց տեղը, հնանա ու գինի դառնա»,- պատմում է Ալենը:
Նա ասում է, որ մետաղյա պահապաններում գինու հնանալու ժամկետը կախված է նրանից, թե ինչ տեսակի գինի են ուզում ստանալ՝ թո՞ւնդ, թե՞ թեթեւ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ընդհանուր 1 կամ 2 ամիս պետք է մնա մետաղյա պահամաններում, որ ընտիր գինի ստանանք, բայց փայտից տակառներում գինին կարելի է տարիներով թողնել»,- նշում է նա:
Աշակերտները խաղողի մաշկի մնացորդը չեն նետում, դրսում չորացնում են եւ հետագայում որպես պարարտանյութ օգտագործում վազերի մշակման համար, այսպես իրենց շնորհակալությունն են հայտնում այգիներին՝ բերք տալու համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հնեցման պրոցեսին հաջորդող շշալցման աշխատանքների մասին պատմում է Մանվելը.
«Շշերի լվացման, ախտահանման պրոցեսն ամենակարեւորներից է, որ գինին չհիվանդանա: Եթե շշերը լավ ախտահանված չլինեն, գինին կարող է հիվանդանալ ապակու վրա մնացած բակտերիաների հետեւանքով: Դրա համար մենք հատուկ գործիքի օգնությամբ շատ լավ մաքրում ենք շշերն ու ախտահանում սպիրտով»։
Արդեն գինով լցված շշերի խցանելու գործին, որն իրենից ուժ է պահանջում, աղջիկներին օգնության են հասնում տղաները:
«Խցանները պետք է լինեն ոչ շատ ներքեւ, ոչ վերեւ, դրանք մատով շոշափելիս պետք է շշին գրեթե հավասար լինեն, որ ոչ գինու որակի վրա ազդի, ոչ էլ հանելիս դժվարություններ առաջացնի: Գինու շշերը պահեստում դնում ենք պառկած, որ խցանները չչորանան, խոնավ մնան եւ օդի համար ճանապարհ չբացվի դեպի գինի: Այսինքն՝ հորիզոնական դիրքում գինին շփվում է խցանի հետ ու խցանը չի թողնում, որ օդը մտնի գինու մեջ»,- մանրամասնում է Մանվելը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինին պահելու համար ամենանպաստավոր ջերմաստիճանը +16 –17-ի սահմաններում է:
Գինու ավանդական կարասը
Պահեստի կենտրոնում մեծ կարասի մեջ գինի է հնանում: Ժամանակակից մեթոդներով գինի պատրաստելուց բացի՝ աշակերտները սովորում են կարասի մեջ գինի ստանալու հայ գինեգործության ավանդական տարբերակը։
2020 թվականի դեկտեմբերի սկզբին Աղավնաձորի Արենիի բերքից ստացած գինուց մոտ 230 լիտր լցրել են կարասի մեջ, բերանը փակել մեղրամոմով ու թողել, որ հնանա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գինու այսպիսի կարասները պատրաստվում են կավից եւ շնչելու հատկություն ունեն: Գինին կարասի մեջ զարգանում է եւ կարող է մնալ երկար տարիներ: Կարասում հնեցված գինին նաեւ առանձնահատուկ համեղ եւ անուշաբույր է»,- ասում է Մարիան:
Խաղողի այգին՝ բաց դասարան
«Խաղողի եւ գինու դպրոց»-ը, բացի իր արտադրամասից, տնկարան ու խաղողի այգի եւս ունի: Դպրոցի տնօրենը՝ մասնագիտությամբ գինեգործ-տեխնոլոգ Արտակ Ռշտունին ասում է՝ դպրոց հաճախող երեխաները պետք է սովորեն վազի ծնունդի պատմությունից մինչեւ գինու համտես:
Արտակ Ռշտունին | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մարտին գինու շշալցումն ավարտում ենք եւ մինչեւ հոկտեմբերի վերջ դուրս գալիս այգի ու տնկարան, այսպես ասած, բաց դասարան, խաղողի տնկիներն աճեցնելու, վազերը բուժելու եւ խնամելու համար: Դպրոցի այգիներն ընդամենը երկու տարեկան են: Այգին ու տնկարանը հիմնել ենք երեխաների, դպրոցի բարեկամ խաղողագործների եւ գինեգործների շնորհիվ»,- ասում է տնօրենը:
Հայաստանի տարբեր շրջաններից ու երեւանյան բակերից աշակերտները խաղողի տնկիների նմուշներ են հավաքում, բերում տնկարան, թողնում արմատակալի, այնուհետեւ՝ արդեն մեծացած թփերը տեղափոխում այգի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Երեխաների հավաքված բոլոր տնկիները հատիկ-հատիկ ուսումնասիրելու ենք, չի բացառվում, որ հենց երեւանյան բակերից բերված տնկիների մեջ հանդիպի Հայաստանի խաղողի էնդեմիկ սորտ, որը մեր պատմությունն է, որով աշխարհին կարող ենք ապացուցել, որ դեռեւս 6000 տարի առաջ էլ հայերն ունեցել են գինեգործություն»,- ասում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Փայտե ցուցանակներ պատրաստող երեխաներին ցույց տալով՝ Արտակ Ռշտունին ասում է, որ այս տարի եւս մի առաքելություն ունեն կատարելու:
«Աշակերտները շրջելու են մայրաքաղաքի բոլոր թաղամասերում, որտեղ խաղողի վազ հանդիպեն, պետք է խնամեն, էտեն, ջրեն, իրենք կողմից պատրաստվող այս ցուցանակները փակցնեն խաղողի վազերի մոտ, որտեղ նշված կլինի, թե խաղողի ինչ սորտ է աճում այդտեղ: Կարծում եմ՝ խաղողի թառմաներ ունեցող բնակիչները եւս «կհամագործակցեն» մեզ հետ: Ի վերջո՝ պիտի հասկանանք, որ չի կարելի կտրել խաղողի վազն ու կայանատեղի սարքել, քանի որ ամեն մի հատիկ վազի հետ մենք Հայաստանի պատմությունն ենք կտրում»:
Դպրոցը համագործակցում է ՀԱԱՀ-ի Խաղողագործության ինստիտուտի գիտական կենտրոնի հետ, պարբերաբար դպրոց են գալիս խաղողագործներ ու գինեգործներ՝ աշակերտների հետ իրենց փորձով կիսվելու:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: