Ճապոնիայից Տաիջի Նոտսուն մեկ ամիս առաջ հիմնել է OhSushi առաքման ծառայությունը՝ երեւանցիներին առաջարկելով ավանդական սուշի հայկական բաղադրիչներով: Պատվերներն ընդունում է առնվազն մեկ օր առաջ, որ հասցնի թարմ ձուկ գնել եւ բարձրորակ սուշի պատրաստել: Քանի որ համաճարակի պատճառով առաքման ծառայություններն ավելի լավ են աշխատում, Տաիջին որոշել է սկսել առաքումից՝ մինչեւ կբացի իր ռեստորանը:
***
45-ամյա Տաիջին կրթությամբ կենսաբան է, երկար տարիներ Ճապոնիայի եւ Մոնղոլիայի դպրոցներում ուսուցիչ է աշխատել: Ավելի քան 70 երկրում ճամփորդելուց հետո որոշել է նաեւ Ճապոնիայից տեղափոխվել այլ երկիր ապրելու, սկսել է Ուկրաինայից, տեղափոխվել Վրաստան, այնուհետեւ Հայաստան: Վրաստանում Հայաստանից ճապոներենի դասախոսների է հանդիպել, որոնք էլ առաջարկել են իրեն Հայաստանի համալսարաններում ճապոներեն դասավանդել: Տաիջին Հայաստան է եկել 2017 թվականին, իսկ 2019-ին Երեւանում հայ կնոջ հետ ընտանիք է կազմել:
Երկու տարի առաջ Տաիջին դադարեցրել է դասավանդումը եւ Թբիլիսիում հյուրատուն է հիմել, որը մինչ օրս գործում է, սակայն համաճարակի պատճառով եկամուտ չի ապահովում: Նա էլ որոշել է կիրառել իր խոհարարական հմտություններն ու երեւանցիներին իսկական սուշի առաջարկել:
«Ձեռքի հետ» սովորել էր
Տարիներ առաջ Ճապոնիայում որոշեցի սուշի պատրաստել սովորեմ: Խոհարար աշխատելու կամ սուշի բար բացելու միտք չունեի, պարզապես ուզում էի օտարերկրացի ընկերներիս համար ավանդական համեղ սուշի պատրաստել: 20 տարվա փորձ ունեցող մի խոհարարի էի դիմել, երեք ամիս տեւեց դասընթացը:
Սուշիի պատրաստման ավանդական եղանակը բավականին դժվար է. խիստ կանոններ կան, որոնք լացելու աստիճանի դժվար են: Ճապոնացի հաճախորդներն էլ սովորություն ունեն դժգոհելու, եթե սուշին իրենց իմացած ձեւով չես մատուցում:
Տաիջի Նոտսուն | Լուսանկարը՝ OhSushi
Ուսուցիչս ինձ նախազգուշացրել էր՝ եթե անգամ փորձեմ Ճապոնիայում սուշի խոհարար դառնալ, խոհանոց մուտք գործելու համար տարիներ կպահանջվեն: Ճապոնիայում առնվազն մեկ տարի պետք է աման լվանաս, որ վստահեն սուշիի ձուկը կտրես:
Ուսուցիչ, դասախոս, հյուրատուն, խոհարար
Մինչ Հայաստանը երկու տարի Վրաստանում սուշի եմ ակտիվ պատրաստել ե՛ւ ընկերներիս, ե՛ւ տարբեր միջոցառումների համար: Թբիլիսիում իմ հյուրատանը նույնպես հաճախ սուշի իվենթներ եմ կազմակերպել:
Քանի որ կնոջս ու երեխայիս հետ հիմա Հայաստանում ենք ապրում ու համաճարակի պատճառով չենք կարող ճամփորդել, 2020-ի վերջից որոշել ենք սուշի բիզնես սկսել: OhSushi առաքման ծառայությունը հիմնել ենք մարտից, բայց նախապատրաստվել սկսել ենք 2020-ից:
Լուսանկարը՝ OhSushi
Անընդհատ փորձարկում էի, հյուրասիրում մեր հայ ընկերներին, որպեսզի հասկանամ՝ ինչն է ամենաշատը դուր գալիս հայ հաճախորդին: Հասկացա, որ հայերն ավելի շատ պարզ համեր են սիրում՝ ոչ շատ ընդգծված ու կտրուկ, մինչդեռ ճապոնացիները, ընդհակառակը, ավելի զգայուն համեր են նախընտրում:
Երկար ժամանակ ենք ծախսել նաեւ սեթերն ու գները որոշելու վրա, մեր առաջարկը համեմատել ենք երեւանյան սուշի բարերի հետ: Մինչ այս գործով զբաղվելը չգիտեի անգամ, որ Հայաստանում ավելի քան 26 սուշի բար է գործում:
Նոր-նոր են
Հաճախորդների հետ շփման ու սոցիալական էջերի առաջխաղացման գործում ինձ կինս է օգնում:
OhSushi-ի «Oh» նախդիրը կարդացվում է առանց «h» հնչյունի, այն ճապոներենում հարգանքի, քաղաքավարության նշանակություն ունեցող մասնիկ է:
Լուսանկարը՝ OhSushi
Գովազդելու ու մեր մասին տեղեկացնելու համար երեւանյան ռեստորաններում հաճախ նաեւ սուշի միջոցառումներ ենք կազմակերպում, որի ժամանակ ես բոլորի աչքի առջեւ պատրաստում ու շփվում եմ հյուրերի հետ: Ունենք նաեւ քեթրինգ ծառայություններ:
Մենյուն
Ohsushi-ն առանձնահատուկ է նրանով, որ օգտագործում ենք հայկական ձկնատեսակներ՝ իշխան, սիգ: Բանջարեղենը նույնպես ամբողջովին տեղական է:
Փորձում ենք համադրել ճապոնական սուշիի պատրաստման ավանդական մոտեցումը հայկական համուհոտի հետ: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ շատ հավանում եմ հայկական ձկնատեսակները:
Իշխանի նիգիրի | Լուսանկարը՝ OhSushi
Ամենայուրահատուկ մենյուն կարմիր իշխանի մսից պատրաստված եւ Տոկիոյի ավանդական սոուսի մեջ դրված սիգայով նիգիրիներն են: Նիգիրի սուշին մեկ կտոր ձուկ ու բրինձ է՝ շատ պարզ, բայց շատ համեղ ու գեղեցիկ է:
Կան նաեւ ռոլեր, որ բացի ձկից ներառում են բանջարեղեն եւ ձու:
Քանի որ հայ հաճախորդներից ոմանք նախընտրում են եփված ձուկ, Ohsushi-ն ունի ռոլերի տեսականի նաեւ եփված ձկնեղենով (անվանման մեջ կա Yaki բառը):
Սիգայի նիգիրի | Լուսանկարը՝ OhSushi
Բացի դրանից, մշակել ենք բավականին հարուստ տեսականի բուսակեր հաճախորդների համար. ունենք հատուկ ճապոնական սոուսում եփված սնկով, կարմիր կաղամբով, բազուկով ռոլեր: Դրա շնորհիվ մեծ հետաքրքրություն կա վեգանների կողմից, որոնք սովորաբար դժվարանում են Երեւանում իրենց համար ընդունելի սուշի գտնել:
Արմատներն են խոսում
Որպես ճապոնացի այլ երկրներում սուշի փորձելիս սովորություն չունեմ քննադատել, քանի որ ամեն տեղ մարդիկ իրենց ձեւով են պատրաստում: Օրինակ, հայտնի California ռոլը լրիվ այլ ոճի սուշի է, որը շատ տարբեր է ճապոնականից:
Հավանում եմ California-ն, բայց ես ճապոնացի եմ ու նախընտրում եմ ավանդականը:
California ռոլի դեպքում դիզայնն է ավելի շատ կարեւոր, մինչդեռ Ճապոնիայում կարեւորում ենք սուշիի համը, թարմությունն ու ձկների բազմազանությունը: Ես նույնպես պատրաստելիս ավելի շատ կենտրոնանում եմ համի վրա:
Լուսանկարը՝ OhSushi
Իմ առաջարկած սուշին շատ թարմ է, քանի որ ի տարբերություն մի շարք սուշի բարերի՝ ես ձուկը ոչ թե պատրաստի ֆիլեի տեսքով, այլ ամբողջական եմ գնում ու ինքս կտրատում: Հենց այդ պատճառով եմ պատվերները խնդրում առնվազն մեկ օր շուտ անել, քանի որ մթերքը գնում եմ պատվերը ստանալուց հետո: Սուշիի պատրաստման գործն ընդամենը 30%-ն է, 70%-ը դրա նախապատրաստումն է:
Ամալի Խաչատրյան
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: