×

NYT-ը «կրակն է ընկել» Facebook-ի իր խոհարարական խմբի ձեռքը

The New York Times-ը պատրաստվում է հրաժարվել Facebook-ում գործող իր խոհարարական խմբից ու դրա վերահսկողությունը հանձնել խմբի անդամներին: Մոտ 77,000 անդամ ունեցող այս խումբն այլեւս չի համապատասխանում «միայն ուտելիք» կարգախոսին, ու այն այլեւս անհնար է մոդերացնելը:

Facebook-ում երկու տարի առաջ հիմնված The New York Times Cooking Community խումբը ստեղծվել է The New York Times-ի խոհարարական նախագծի՝ NYT Cooking-ի կողմից:

Հարվարդում լույս տեսնող Nieman Lab պարբերականը, NYT Cooking-ի խմբագիրների հետ զրուցելուց հետո, գրում է՝ երբեմնի այն հաճելի անկյունը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից խոհանոց սիրող մարդիկ քննարկում էին բաղադրատոմսեր, պատմում ազգային ուտեստներից, կիսվում սովորություններով ու մշակութային առանձնահատկություններով, երկու տարում վերածվել է «ամեն ինչի քննարկման հարթակի»:

Օրեր առաջ NYT Cooking նախագիծը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու հայտարարել՝ Times-ի սոցմեդիայի խմբագիրներն այլեւս չեն պատրաստվում մոդերացնել խումբը եւ փնտրում են 10-20 կամավորի՝ աջակցելու իրենց այդ գործում:

«Այս խմբի հանդեպ հետաքրքրությունը շատ ավելին է, քան բաղադրատոմսերն են կամ The New York Times-ը: Քանի որ խումբը շարունակում է աճել եւ փոփոխվել, այն պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք համայնքի ներգրավված եւ տեղեկացված մաս են կազմում: Ժամանակն է, որ խումբը հանձնվի ձեզ՝ անդամներին»,- նշվում է NYT Cooking-ի տարածած գրառման մեջ:


Խմբի անդամների մի մասը կարծում է, որ Times-ի այս որոշումը հնարավոր է կապված լինի գումարի եւ ոչ բավարար բաժանորդագրությունների հետ, սակայն մեծամասնությունը վստահ է՝ նման անսպասելի որոշում կայացվել է NYT-ի մոդերատորների ուժասպառ լինելու եւ սննդի հետ կապ չունեցող կոնտենտի պատճառով:

NYT Cooking Community խումբը փոխեց ուղղությունը հատկապես 2020 թվականից բռնկված համաճարակի ու ԱՄՆ-ի ընտրությունների շրջանում: Խմբին չփրկեց նաեւ հայտարարությունը, որ ամիսներ առաջ տարածվեց NYT Cooking-ի խմբագիրների կողմից. «Ձեր քաղաքական հայացքները արտահայտելու համար գոյություն ունեն շատ այլ հարթակներ, եւ սա դրանցից մեկը չէ»: Միեւնույն է՝ խմբի հազարավոր անդամներ շարունակում էին շրջանցել այս կանոնն ու փորձում անգամ ուտեստի նկարների մեջ ներառել vote (քվեարկեիր) մեսիջը:

Տոները նույնպես բուռն կրքեր էին ավելացնում այս խմբում: Հաճախ, երբ մարդիկ խնջույքների եւ ուտեստների նկարներ էին հրապարակում, սկսվում էին բուռն դժգոհությունները, թե կարանտինի ժամանակ չի կարելի մեծ խմբերով հավաքույթներ անել ու իրար կողք առանց դիմակի նստել:

Խմբի ղեկավարման տարիների փորձն ապացուցում է՝ ամբողջ աշխարհից հազարավոր անդամներ ունեցող NYT Cooking Community-ին պետք է մոդերացվի 24/7 ռեժիմով:

Խոհարարական այս խմբի ապագան դեռ պետք է վերջնական որոշվի, մինչ այդ The Times-ը հայտնում է՝ առաջիկա շաբաթներին խմբագիրները կապ կհաստատեն կամավորների հետ ու խմբի վերահսկողությունը կհանձնեն նրանց ձեռքը:

Պատրաստեց Ամալի Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին