×

Հյուրատան աշխատակիցները Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան

«Չամիչ» հյուրատունը՝ Դեբետի ու հարակից գյուղերի «համեղ կայան»

Դեբետ գյուղում 2020-ի հուլիսից գործում է «Չամիչ» հյուրատունը՝ իր տնական ու գյուղական խոհանոցով: Երեւանից ամուսիններ Լիլիթ Չիտչյանը եւ Դավիթ Կարմիրշալյանն այս հյուրատունը բացելիս մեծ ուշադրություն են դարձրել հատկապես խոհանոցին, որպեսզի «Չամիչ»-ը դառնա սննդի կայան Դեբետի շրջակայք այցելող զբոսաշրջիկների համար:

Այցելուները

«Չամիչ» ռեստորանի ճաշացանկը որոշել են հյուրատան հիմնադիրները եւ տեղացի աշխատակից խոհարարները: Այստեղ չեք գտնի խորոված-քաբաբ, իտալական կամ ֆրանսիական ուտեստներ. «Չամիչ»-ում մատուցում են՝ պարզ, հասարակ, բայց շատ համեղ, գյուղական-տնական ճաշատեսակներ: Օգտագործվող մթերքը նույնպես ամբողջությամբ տեղական է:

Լիլիթը եւ Դավիրը Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Պարտադիր չէ հյուրատանը գիշերել, որ օգտվեք ռեստորանից: Ավելին՝ այստեղ ավելի շատ այցելում են ռեստորանի, քան մնալու համար: Դեպի Հաղպատ եւ վերադարձ գնացող զբոսաշրջիկներն արդեն քանի ամիս է՝ հիմնականում այստեղ են ճաշում:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Հյուրատան հանգստացողների համար նախաճաշը ներառված է գիշերակացի գումարի մեջ, ճաշել կամ ընթրել ցանկանալու դեպքում հյուրերին առաջարկվում է առանձին օգտվել ռեստորանի ճաշացանկից:

Խոհարարները

53-ամյա Նարինեն «Չամիչ»-ում խոհարար է աշխատում բացման օրվանից: Մինչ այդ Ռուսաստանում է ապրել, Սարատովում քրոջ հետ սրճարան է աշխատացրել: 2020-ի մարտին եկել է Հայաստան ու կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով չի կարողացել հետ գնալ: Հենց այդ անորոշ շրջանում է Լիլիթից աշխատանքի հրավեր է ստացել ու դադարել սեփական գյուղից հեռանալու մասին մտածել:

Նարինեն եւ Ռուզաննան Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


«Շատ սիրով եմ աշխատում. «Չամիչ»-ն իմ երկրորդ տունն եմ համարում, ոնց իմ տանն եմ պատրաստում, նույն ձեւ՝ այստեղ: Ինձ թվում է՝ բոլոր հյուրերին դուր է գալիս իմ պատրաստածը. ով եկել, կերել է, շնորհակալություն է հայտնել: Իմ պատրաստած անգամ հասարակ կաղամբով աղցանն են հավանում ու երկրորդ բաժինն ուզում: Շատ հաճելի զգացում է, որ քո գործից մարդիկ գոհ են մնում»,- ասում է Նարինեն:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Հարցին, թե որն է համեղ պատրաստելու գաղտնիքը, Նարինեն ասում է՝ գաղտնի բաղադրատոմսեր չունի, պարզապես ինքն «իր ձեւով» է պատրաստում. չէ՞ որ յուրաքանչյուր տան տիկին խոհանոցում իր ձեռագիրն ունի, ու ոչ մեկի պատրաստած տոլման նույն համը չունի:

Ռուզաննան Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Վերջին օրերին խոհանոցում Նարինեին միացել է իր համագյուղացի Ռուզաննան: Ի տարբերություն Նարինեի՝ մինչ այս Ռուզաննան երբեւէ չի աշխատել, սակայն խոհանոցի վարպետ է. տանը մշտապես ինքն է պատրաստել ու ծանոթ է գյուղի ավանդական ուտեստներին: Բացի այդ, հյուրատան բացման օրվանից այստեղ Ռուզաննայի պատրաստած կաթնամթերքն է մատակարարվել:

Մենյուն

«Չամիչ»-ում ճաշացանկը բաժանած է արագ ու երկար պատրաստվող ուտեստների: Խաշլամա, տոլմա, տնական հավ ու նման ուտեստներ ցանկալի է պատվիրել նախօրոք:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Իսկ պատահաբար այցելած ու շտապող հյուրերին խոհարարները, բացի արագ պատրաստվող սննդից, առաջարկում են տարատեսակ բլինչիկներ ու կոտլետներ:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Շատ պահանջված ու սիրված են տապակած կանաչիները: Լոռու մարզի ամենահայտնի կանաչին՝ զիմբելն այս ռեստորանի ամենահայտնի ուտեստն է, այն տապակած վիճակում կարելի է պատվիրել թե սեզոնին, թե ձմռանը:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


«Չամիչ»-ում առանձնահատուկ է նաեւ չամիչով փլավը. պատրաստում են լավաշով, ընդեղենով, չրերով…

Թթուն, կոմպոտները, պահածոները նույնպես տնական են:

Փուռը

«Չամիչ» հյուրատան «ամենաչամիչ» անկյունը փուռն է: Տունը գնելիս փուռը պահպանված է եղել, հյուրատան հիմնադիրներն այն պարզապես վերանորոգել ու մեծացրել են:

«Եթե մեզ մոտ առնվազն 5-6 մարդ հավաքվում է, հացն այս փռում ենք թխում. փուռ օգտագործելը շատ ժամանակատար ու ծախսատար գործընթաց է:

Լիլիթը Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


Փռում կարող ենք պատրաստել նաեւ գաթա, աջարական խաչապուրի, պիցցաններ ու ձուկ: Մեր հյուրերը նույնպես կարող են մասնակցել հացի թխման այս հաճելի գործընթացին»,- պատմում է հյուրատան հիմնադիր Լիլիթը:


Նարինեն ու Ռուզաննանն ասում են՝ Դեբետում, հավանաբար, սա միակ տունն է, որտեղ փուռը պահպանվել ու օգտագործվում է: Տարիներ առաջ է փուռը Դեբետում շատ տարածված եղել, հիմա բոլորն անցել են էլեկտրական վառարանների:

Լուսանկարը՝ «Չամիչ» հյուրատան


«Այն ժամանակ բոլորը փուռ ունեին, ե՛ւ պապայիս-մամայիս տանն է փուռ եղել, ե՛ւ այս տանը, որ հարս եմ եկել: Առաջ ամեն ինչ փռում էինք թխում, հիմա գյուղում, երեւի, փուռ վառող չի լինում: Մենք անգամ մեր սեփական տան փուռը քանդել, տեղը բաղնիք ենք սարքել», ծիծաղելով պատմում է Նարինեն ու շարունակում խոսքը,- «Եթե փուռ ես վառում, պետք է ամբողջ օրդ տրամադրես թխելուն, բայց դե, փռի հացն ուրիշ է, հա՜մը, հո՜տը, տե՜սքը շատ են տարբերվում վառանում թխած հացից. չէ՞ որ այն բնական կրակով է թխվում»:

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին