×

Վահե Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորանային ոլորտին հակացուցված են նոր սահմանափակումները

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած եւ պատերազմի հետեւանքով էլ ավելի խորացած դժվարությունները։ Վերջին մեկ տարվա ընթացքում ռեստորաններ, սրճարաններ այցելողների թիվը նվազել է, իսկ այցելողներն էլ կրճատել են իրենց ծախսերը։

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը այսօր GastroVino-ին ասել է, թե «մտայնություն կա, որ նոր խստացումներ կլինեն՝ հաշվի առնելով վերջին օրերին վարակի թվերի ավելացումը»։

«Նախկինում մտցված սահմանափակումների թուլացումից հետո ոլորտը աշխատում է ցածր շրջանառությամբ։ Այս պահին ճիշտ չենք համարում նոր սահմանափակումներ մտցնելը. կյանքը ցույց տվեց, որ շատ վայրերում դրանք չեն պահվել կամ ձեւական բնույթ են կրել։ Պետք չէ նոր խստացումները տնտեսվարողին հավելյալ պատժելու առիթ դարձնել։ Սահմանափակումները դժվարություններ են առաջացնելու դեռեւս մեծ խնդիրների մեջ գտնվող ոլորտի համար»,- ասել է Վահե Գեւորգյանը։

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը նշել է, որ, ըստ վիճակագրության, 2019 թվականին տուրիզմը $1 մլրդ-ից ավելի գումար է բերել Հայաստան, որից $250 մլն-ը զբոսաշրջիկները ծախսել են ռեստորաներում եւ սրճարաններում։ Հիմա էլ աշխուժացման նվազագույն նշաններ կան, Երեւանի փողոցներում, երբեմն, հնարավոր է տեսնել զբոսաշրջիկների։

«Այդպիսի փոքր ակտիվությամբ մեծ խնդիրները չեն լուծվի։ Պետք է քայլեր ձեռնարկել՝ որոշակի փոփոխությունների հասնելու համար։ Անհրաժեշտ է մուտքի ավելի մեղմ պայմաններ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք նույնը սահմանել են մեր երկրից ժամանողների համար։ Տուրիզմի կոմիտեն պետք է մարքեթինգային արշավներ, թիրախային երկրներում գովազդներ իրականացնի, որպեսզի մարդիկ հասկանան, որ կարելի է այցելել Հայաստան։ Որոշ երկրներում դեռ մտահոգություններ կան Հայաստանի անվտանգության շուրջ, որոնք առաջացել են պատերազմից հետո։ Այդ ուղղությամբ էլ հստակ ուղերձներ չեն եղել»,- ասել է նա։

Վահե Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վահե Գեւորգյանը նշել է, որ պատերազմի պատճառով հետաձգված ընտանեկան միջոցառումները նախորդ ամիս որոշակի ակտիվություն են առաջացրել ոլորտում, սակայն ծախսերը, հյուրերն ու տոնական բաղադրիչն էական կրճատված են եղել։

«Հասարակության շրջանում կան անորոշություններ, սպասումներն ավելի հակված են բացասականին։ Չենք կարծում, որ խնդիրները լուծման փուլում ենք, քանի որ դրանք ավելի են խորանալու. ձմռանը հաջորդող ամիսները տարբեր ոլորտների համար ծանր են լինում, դրան զուգահեռ, մարդկանց եկամուտները էականորեն նվազել են»,- ասել է Վահե Գեւորգյանը։

Ռեստորանների միության գործադիր տնօրենն ասել է նաեւ, որ իրենք երկխոսության մեջ են պետական կառույցների՝ հիմնականում Էկոնոմիկայի նախարարության հետ։

«Ըմբռնումով են մոտենում, հասկանում, բայց երկխոսությանը պետք է հաջորդեն քայլերը։ Տուրիզմի կոմիտեն ավելի վաղ պետք է քայլեր աներ, բայց չի արել, եւ գոնե հիմա պետք է անի, փորձի զբոսաշրջային հոսքերի մի մասն ուղղել դեպի Հայաստան»,- ասել է Վահե Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչները դժվարությամբ, լուրջ ծախսերով պահել են իրենց բիզնեսը՝ հույս ունենալով, որ որեւէ շարժ կլինի, բայց առկա անորոշությունն ազդելու է որոշումների վրա, մի մասը չի դիմանալու եւ ստիպված է լինելու դադարեցնել գործունեությունը։

«Անցած տարվա ընթացքում փակվել է մոտավորապես 100 ձեռնարկություն, 800-1000-ն էլ ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը»,- ասել է Վահե Գեւորգյանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին