×

Լիլիթ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թթխմորով հացը, արցախցի բաբոն ու հացագործ դարձած տնտեսագետ Լիլիթը

«Հացին պետք է լավ տրամադրություն ու ժպիտ փոխանցել»,- թխելու համար «հասունացած» խմորը ձեռքը վերցնելով՝ ասում է Լիլիթն ու ինձ էլ մասնակից դարձնում այն ձեւավորելու վերջնական գործին:

«Հիմա թելի ու ածելիի օգնությամբ նախշեր կանենք, որ հացն ավելի սիրուն ու համեղ դառնա»,- փոքրիկ նրբություններով է կիսվում երիտասարդ հացագործը:

Անհստակ նախշեր անելով հարցնում եմ՝ չե՞ս խանդում, երբ ստեղծածդ գործով այսպես ազատ կիսվում ես մյուսների հետ: «Մինչեւ չկիսվեմ, նորը չեմ ստեղծի: Սա արդեն ծնվել է, հիմա ժամանակն է ինչ-որ նոր բանի ծնունդի»,- պատասխանում է Լիլիթը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



Մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթ Խաչատրյանը մեկ տարի էլ չկա, ինչ սկսել է թթխմորով հաց թխել եւ հիմնել ERA Sourdough Bread and more-ը: GastroVino-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է իր սկսած աշխատանքի, թթխմորի հետ ծանոթության եւ «Էրա» հացերի մասին:

Ամեն ինչ սկսվեց կարանտինից

Լիլիթն ասում է՝ միշտ սիրել է համեղ սնվել, բայց երբեք չի պատկերացրել, որ մի օր ինքնուրույն կսկսի հաց թխել:


Լիլիթ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Կարանտինի ժամանակ խնդիր կար ամեն օր հատուկ ժամի գնալ խանութ եւ հաց գնել: Սահմանափակումներն իմ մեջ մեծ էներգիա եւ նոր բան ստեղծելու ցանկություն էին կուտակել, ինչն էլ արտահայտվեց հաց թխելու գաղափարով»,- պատմում է Լիլիթ Խաչատրյանը:

Թթխմորով հաց ստանալու գաղտնիքներին Լիլիթին ծանոթացրել է Լոս Անջելեսում բնակվող ավագ ընկերը՝ Աննա Սաղբալյանը:

«Աննան ավելի արհեստավարժ է այս գործում ու ինձ շատ օգնեց, սովորեցրեց բոլոր նրբությունները: Այսպես՝ 2020-ի մարտին ծնված գաղափարը միս ու արյուն ստացավ մայիսին»,- ասում է նա:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



Արմատներով արցախցի Լիլիթը 8 տարի առաջ է Մոսկվայից վերադարձել Երեւան ու  ստացել տնտեսագետի մասնագիտություն, բայց նոր բան ստեղծելու ցանկությունը հաղթել է մասնագիտական հմտություններին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Հեշտ աշխատանք չէ սա, պինդ նյարդային համակարգ եւ ֆիզիկական ուժ է պահանջում, բայց երբ կպնում եմ խմորին, զգում եմ, թե այն ոնց է ինձ հետ կապի մեջ մտնում, խոսում: Ինձ համար սա մեդիտացիայի պես մի բան է, եւ շատ կարեւոր է, որ հացի հետ աշխատանքը սկսի ու ավարտի նույն մարդը»,- ասում է նա:

Էրա բաբոն

ERA Sourdough Bread and more-ը Լիլիթի մեծ տատի՝ Էրայի անունն է կրում, որն ապրել է Արցախի Բերդաձոր գյուղում: Հաց թխելն ու խմորի հետ աշխատանքը Լիլիթն առաջին անգամ հենց նրա մոտ է տեսել:

Լիլիթ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Էրա բաբոն ինձ համար ուժեղ կնոջ կերպար է: Նա միավորում, իր շուրջն հավաքում էր ընտանիքի անդամներին, հարազատներին, ինչպես հացը՝ միավորում ու ջերմ մթնոլորտ է ստեղծում:

Ուզում եմ, որ այս գործի շնորհիվ մարդիկ ոչ միայն առողջ սնվեն, այլ թալիսմանի պես սերնդեսերունդ փոխանցեն մեծերից ժառանգած ավանդույթները, որոնցից մեկը հենց տներում հաց թխելու գաղափարն է»,- ասում է Լիլիթը:

Ծանոթությունը թթխմորի հետ

Հիշեցնում է՝ նախկինում հաց թխում էին միայն թթխմորով ու նշում, որ հիմա դա գրեթե վերացել է:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Ինձ շատ ոգեւորեց այն միտքը, որ ինքս տարածեմ թթխմորով առողջ հացի գաղափարն ու զբաղվեմ այս գործով: Թթխմորի բաղադրության մեջ ալյուրից ու ջրից բացի ոչինչ չկա, այն թթվեցրած զանգված է, որին «հասունացնում ես» 14 օրվա ընթացքում՝ խմորի մեջ օգտագործելու համար: Թթխմորով պատրաստված հացն առողջարար լինելուց բացի՝ նաեւ շատ երկար է պահպանվում: Հենց այդ հատկության շնորհիվ էլ նախկինում հացը գրեթե բացառապես թթխմորով են թխել»,- ասում է նա:

«Որ տներից հացի բույր զգացվի»

Լիլիթը նպատակ է դրել՝ տներում հաց թխելու մշակույթը վերականգնել:

«2020-ի օգոստոսից սկսել եմ վարպետության դասեր կազմակերպել: Եթե կարող եմ մարդկանց օգուտ տալ, սիրով եմ անում, ամենամեծ հաղթանակն այն է, երբ տվածդ խորհուրդը մարդիկ օգտագործում են: Ուզում եմ սովորեցնել՝ ինչպես թխել լավ որակի հաց, սնվել ավելի առողջ, օգտագործել առանց հավելումների հաց:


Լուսանկարը՝ Լ. Խաչատրյանի արխիվից



Հիմա անգամ գյուղերում են մարդիկ սկսել հաց գնել, շատ եմ ուզում վերակենդանացնել, զարգացնել քարե վառարաններում հաց թխելու մշակույթը: Ուզում եմ, որ մարդկանց տներից իսկական հացի բույր զգացվի»,- ասում է նա:


Լուսանկարը՝ Լ. Խաչատրյանի արխիվից



Լիլիթը ցանկանում է նաեւ այցելություններ կազմակերպել Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող հացի թանգարան եւ ուսումնասիրել, թե Հայաստանի որ տարածաշրջանն ինչ տեսակի հացով է հայտնի եղել:

«Էրա»-ի տեսականին

«Էրա»-ի հացերը պատրաստվում են ցորենի, տարեկանի, հաճարի, ամբողջահատիկ ցորենի ալյուրներից՝ թե առանձին, թե խառնուրդ տարբերակներով: Հիմնական բաղադրությունն է ալյուր, ջուր եւ աղ: Հացեր կան, որոնք իրենց մեջ ունեն նաեւ արեւածաղիկի սերմեր, դոշաբ, չրեր, ընկույզ:


Լուսանկարը՝ Լ. Խաչատրյանի արխիվից



«ERA Sourdough Bread and more-ն այժմ աշխատում է պատվերով, քանի որ ամեն մի հացը մինչ թխվելը պահանջում է մոտ 20 ժամ «նախապատրաստում», այսինքն՝ տաք եւ սառը ֆերմենտացիա եւ բնական ճանապարհով հասունացում»,- պատմում է Լիլիթը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



Գնորդները կարող են ERA Sourdough Bread and more-ի հետ կապ հաստատել ֆեյսբուքյան եւ իսնտագրամյան էջերի միջոցով: Հացերի մշտական վաճառք կա նաեւ Gouroo ռեստորանում, շուտով համագործակցություն կլինի այլ ռեստորանների հետ եւս:

Արցախի գաթա կամ ճղոպուրով հաց

Լիլիթը բացի հացից՝ նաեւ Արցախի գաթա է պատրաստում, այս դեպքում էլ մոտիվացնողը պապն է եղել:


Լուսանկարը՝ Լ. Խաչատրյանի արխիվից



«Պապիկս միշտ նկարագրում էր իր մայրիկի պատրաստած թոնրի գաթայի համը ու երբեք չէր ուտում այն քաղցրավենիքը, որը խանութից էինք գնում: Միշտ այդ ցանկությունն ունեի, որ իր նկարագրած գաթան պատրաստեմ: Փորփրեցի հին բաղադրատոմսեր, օգնեցին նաեւ արցախցի բարեկամներն ու վերականգնեցինք ճղոպուրով հացի բաղադրատոմսը»,- ասում է նա: Արցախի գաթայի խորիզը միայն ընկույզից ու շաքարավազից է պատրաստված, իսկ խմորը հացի պես փափուկ է եւ թեթեւ:


Լուսանկարը՝ Մեդիամաքս



Զրույցն ամփոփելիս Լիլիթը կիսվում է նաեւ մի գեղեցիկ սովորույթով.

«Հացը ձեռքից ձեռք, ընտանիքից ընտանիք է փոխանցվում ու ինձ համար հետաքրքիր խորհուրդ կա դրա մեջ: Երբ պատվեր եմ ունենում, պարտադիր անունը ճշտում եմ եւ հացի թղթե տոպրակների վրա գրում եմ, թե ում ընտանիքին ուղարկում»:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին