×

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Դավիթ Երեմյան. Հպարտ եմ մեր թիմով, որում իրական հերոսներ կան

Արցախյան երկրորդ պատերազմի գրեթե ողջ ընթացքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը գտնվել է Արցախում՝ համակարգելով թիմի աշխատանքը: Նա եւ ընկերության մի շարք աշխատակիցներ Արցախի Հանրապետության կառավարության կողմից արժանացել են պետական պարգեւների: Բանակի օրվա առիթով Դավիթ Երեմյանին խնդրեցինք պատմել պատերազմի օրերին կատարված աշխատանքի եւ ապագայի հետ կապված ծրագրերի մասին:

- Պատերազմի ընթացքում ինչպե՞ս է ընկերությունը համակարգել սննդի մատակարարումը։

- Նախեւառաջ՝ շնորհակալ եմ մեր աշխատանքի բարձր գնահատանքի համար: Մեր ամբողջ թիմը, իսկապես, չի երկնչել ոչ մի դժվարության առջեւ, ոչ մի անհնարինություն չի խոչընդոտել մեզ, որպեսզի մինչեւ վերջ կատարենք մեր գործը: Շատերն են փաստում, որ պատերազմի ընթացքում նույնքան վտանգավոր ու ռիսկային էր Արցախում թիկունքում աշխատելը, որովհետեւ շատ դեպքերում թշնամին  թիրախավորում էր հենց թիկունքը:

Մենք 44 ծանրագույն օրեր ենք ունեցել, կյանքի ու մահվան կռիվ տվել։ Սեպտեմբերի 27-ին առաջին իսկ հուժկու եւ ավերող հարվածները հասցվել են մեր կողմից սպասարկվող հատվածներում՝ հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով:
Երբ սկսել են հրետակոծությունները, մեր թիմն արագ կողմնորոշվել է, թիմակից կանանց տարհանել, տղամարդկանցով մնացել, շարունակել աշխատանքը: Պատերազմի ամենաթեժ օրերին մեզ միացավ նաեւ «Երեմյան Փրոջեքթսի» երեւանյան թիմը, որն իր մեծագույն ներդրումն է ունեցել եւ ահռելի աշխատանք կատարել:

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Պատերազմից արդեն մի քանի օր անց հասկացանք, որ ավելի արդյունավետ աշխատելու համար պետք է վերանայել լոգիստիկ համակարգը. ՊՆ-ի կողմից ընդունված աշխատանքի սկզբունքներն ու ձեւաչափը թույլ չէին տալիս կանոնավոր սնունդ հասցնել դիրքերում ու պատերազմող զինվորին: Մենք արագ կազմակերպվեցինք եւ կարճ ժամանակահատվածում գտանք լուծումը՝ զինվորներին, ապաստարաններում պատսպարվածներին եւ գյուղերում ապրող բնակիչներին սնունդը հասցնելու համար հատուկ կտորե ուսապարկեր կարեցինք: «Երեմյան Փրոջեքթս»-ի 7 կիլոգրամ կշռող օրապահիկով ուսապարկերում նախաճաշի, ճաշի, ընթրիքի ուտեստներ էին՝ ապուրներ, աղցաններ, երշիկեղեն, պանիր, ջուր, հաց, սուրճ, քաղցրավենիք, մրգեր նաեւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ՝ ծխախոտ, սնունդը տաքացնելու միջոցներ (կրակայրիչ, չոր սպիրտ) եւ այլն: Ամեն օր, «Երեմյան Փրոջեքթս»-ի մեքենաներն օրական շուրջ 80 տոննա մթերք էին հասցնում Արցախի մեր բազաները, որտեղից փոքր ամենագնաց մեքենաներով սնունդը բաշխվում էր տարբեր ուղղություններով՝ դիրքեր, ապաստարաններ, գյուղեր:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Շատ բարդ էր հենց այդ բաշխման գործընթացը: Մեր աշխատակիցները կրակի ու հրետակոծությունների տակ, վտանգն արհամարհելով են տեղափոխել անհրաժեշտ պարագաներն ու սնունդը: Նույնիսկ կատարել են ընկերության պարտականությունների մեջ չմտնող գործառույթներ, ընդհուպ՝ վիրավորներ, զոհվածների մարմիններ, զենք ու զինամթերք տեղափոխելը: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության թե´ Արցախի եւ թե´ Երեւանի թիմերը 44 օրերի ընթացքում աշխատել եւ կատարել են իրենց առջեւ դրված բոլոր խնդիրներն ու ոչ միայն:

- Գիտենք, որ ձեր աշխատակիցները ոչ միայն կատարել իրենց անմիջական պարտականությունները, այլեւ մասնակցել են մարտական գործողություններին:

- Ես հպարտ եմ, որ աշխատում եմ մի թիմի հետ, որտեղ իրական հերոսներ կան: Այո, ունենք աշխատակիցներ, ովքեր օրհասական պահին վերցրել են զենքն ու անցել պաշտպանության, դիմակայել մինչեւ վերջ: Բայց, ցավոք, ունեցել ենք զոհեր ու վիրավորներ. իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են երկու, վիրավորվել՝ երեք աշխատակից:

Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանի մեր աշխատակից Անդրանիկ Մաթեւոսյանը հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին հարձակվեց զորամասի վրա, վերցրել է զենքը եւ բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում՝ կոմայի մեջ արդեն որքան ժամանակ Երեւանի Էրեբունի հիվանդանոցում է։ Հոկտեմբերի 24-ին Մարտունու մեր պահեստի հուժկու պայթյունի հետեւանքով ունեցանք զոհեր եւ վիրավորներ։ Ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են Վյաչեսլավ Բալասանյանը ու Կամո Գրիգորյանը։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գարիկ Պետրոսյանը եւ Մխիթար Բարաշյանը։ Անմար հիշատակ զոհվածներին, առողջություն մեր հերոս ընկերներին։ Այս տղաներն են բարձր պարգեւներ ստացել, ավաղ երկուսը՝ հետմահու։ Պատիվ ունեմ այս մարդկանց հետ աշխատելու: Եվ այո´, մեր կողքին իրական հերոսներ կան, որոնց սխրանքներին դեռ պետք է փորձենք արժանի լինել։

Իրականում մեր ամբողջ թիմն է արժանի պարգեւների, քանի որ բոլորն էլ աշխատել են իրենց ամբողջ ներուժով, օրուգիշեր, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Արցախի Հանրապետության կառավարության կողմից պարգեւատրվել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Սնունդ բանակին» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Գասպարյանը, ղեկավարի տեղակալներ Արտակ Գեւորգյանն ու Տիգրան Մելքումյանը, որոնց անմիջական վերահսկողության ու համակարգման ներքո իրականացվել է սննդի մատակարարման գործընթացը: Պարգեւատրվել են նաեւ մի շարք այլ աշխատակիցներ:

- Պատմեք «Սնունդ բանակին» ծրագրի մասին՝ պատերազմից առաջ եւ հիմա: Արդյո՞ք շարունակվում է մատակարարման գործընթացը:

- Մինչեւ պատերազմի սկսվելը, «Սնունդ բանակին» ծրագրով մեզ հատկացված զորամասերում սննդի կազմակերպման գործընթացն արդեն գրեթե ավարտին էինք հասցրել: Մեզ համար սկզբունքային էր հատկապես սահմանամերձ զորամասերի զինվորներին որակյալ ու թարմ սննդով ապահովելը, այդ պատճառով էլ առաջինը բացել էինք Հադրութում 3, Ջրականում 2, Մարտունիում 2, Արա Լեռի, Վարանդայի եւ հետո Ստեփանակերտի մեկական ճաշարանները: Հոկտեմբերի վերջին նախատեսում էինք բացել Ստեփանակերտի զորամասերից եւս մեկի ճաշարանը: Մեծ աշխատանքներ էինք կատարել զորամասերում: Մեզ վստահված ճաշարաններն ամբողջությամբ վերանորոգել էինք՝ համապատասխանեցնելով այն չափանիշներին, որոնք դրված են մեր ընկերության գործելաոճի հիմքում:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ուտեստների արագ պատրաստման ու մատուցվող սննդի որակի բարելավման եւ վերահսկման նպատակով մենք վերանորոգում ենք խոհանոցը, ճաշարանը վերազինում ենք ժամանակակից տեխնիկայով, նորագույն սարքավորումներով, գույքով, սպասքով, կահույքով, կահավորում ենք նաեւ ինքնասպասարկման հոսքագծերը: Զինվորների համար մշակվում է հատուկ սննդակարգ եւ մատուցվում  միայն թարմ, տեղական որակյալ մթերքից պատրաստված ու մեր ռեստորաններում մատուցվողի որակին չզիջող սնունդ:

Մեկ տարվա ընթացքում էլ ստեղծել էինք մոտ 400 նոր աշխատատեղ: Ամեն անգամ նոր ճաշարան վերանորոգելիս, մենք հստակ գիտակցում էինք, որ սա պատվի հարց է, որովհետեւ մենք արժեք ենք ստեղծում: Քանի որ այս ոլորտում երկար տարիների փորձ ունենք, եւ ինչ-որ առումով արդեն մասնագիտացած ենք, փորձի փոխանակում էինք իրականացնում այլ մատակարարների ու մեր գործընկերների հետ, մեր ճաշարաններն ու աշխատաոճն արդեն օրինակելի էին շատերի համար: Ի սկզբանե մեզ համար այս ծրագրին ներգրավվելը եղել է ոչ թե բիզնես, այլ մեծ պատիվ, պատասխանատվություն եւ պարտավորություն: Մինչ օրս էլ, մենք շարունակում ենք կատարել մեր առաքելությունը, ունենալով մեկ գերնպատակ՝ ոչ մի զինվոր պետք է չունենա սննդի պակաս: Այսօր սա մեզ համար առաջնային է առավել, քան երբեւէ:

«Երեմյան Փրոջեքթսը» շարունակում է սննդի մատակարարման գործընթացը, օրերս նաեւ վերանորոգեցինք եւ գործարկեցինք եւս մեկ ճաշարան Արցախում: Պատերազմը տեսնելուց հետո մեզ համար այս ծրագիրը շատ-շատ ավելի մեծ կարեւորություն է ստացել:

Գիտեք, շատերը չեն էլ պատկերացնում, թե բանակն ինչ է։ Այդ օրերին այնպիսի մարդկանց եմ հանդիպել, իմ աչքով եմ տեսել անհավանականն ու անհնարինը...18 տարեկան մեր տղաները, որոնց մենք «երեխեք» էինք ասում ու շատ լավ գիտեինք, որ, օրինակ, այս մեկը քիթը դժգոհ կծամածռի «մաննի կաշայից», իսկ մյուսի աչքերը կփայլեն ու լայն կժպտա, երբ թարմ թխած խմորեղենի հոտն ընկնի ճաշարանում... Հենց այդ տղաները, այդ «երեխեքը» իրենց մարմնով էին փակում ընկերներին ու կրակն իրենց վրա վերցնում: Այդ 18-20 տարեկան տղերքը մի ձեռքով զենքն էին բռնում, մյուսով գրկում էին վիրավոր ընկերոջը: Այդ «երեխեքի» կողքին էիր քեզ առավել ապահով զգում, քո միակ պաշտպանն ու կյանքի երաշխավորը հենց նրանք էին:  

Մեր տղաներն իրենց սխրանքներով, հերոսություններով եւ սեփական կյանքով են ապացուցել, որ մենք ունենք հզոր մարտիկներ, որոնք անձնազոհ դիմադրում էին աշխարհի գերզինված ու ժամանակակից ամենաուժեղ բանակներից մեկին՝ թուրքական բանակին:

Արդեն 29-ամյա մեր Բանակը՝ այդ տղերքն են, ովքեր կռվել ու պայքարել են մինչեւ վերջ, եւ այսօր նրանց տոնն է:

Փա´ռք մեր հերոսներին փա´ռք մեր Բանակին: Հզոր հաղթանակներն առջեւում են։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին