×

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից

Երեւանից-Տաթեւ՝ մոռացված ուտեստների հետքերով

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ն իր խոհարարներին գործուղել է Սյունիքի մարզ՝ հատուկ գործողության։ Երեւանից Տաթեւ մեկնած խոհարարները մեկ ամիս շարունակ տեղացիներին օգնել են վերհիշել մոռացված ուտեստները։

Խոհարար Լուսինե Հովհաննիսյանը GastroVino-ին պատմել է մոռացված բաղադրատոմսերի վերադարձի ու Տաթեւի տարբերվող համերի մասին։

Հին կերակրատեսակների վերադարձը սյունեցիներին

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ն՝ ավագ սերնդի օգնությամբ, գտել ու մշակել էր Սյունիքի խոհանոցի 70 կերակուր։

«Ես եւ ՀԿ գլխավոր վարպետ Աննա Մաթեւոսյանը մեկնեցինք Տաթեւ՝ կատարելու մեր առաջադրանքը։ Մեկ ամիս շարունակ, շաբաթական վեց օր, յուրաքանչյուր օր երեք ժամ նախագծի մասնակիցներին ներկայացրեցինք մոռացված, բայց հետաքրքիր բաղադրատոմսեր»,- պատմել է Տաթեւ գործուղված խոհարարը։

Լուսինե Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


Նախագծի հեղինակը «Գործընկերություն եւ Ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն է, դասընթացը տեղի է ունեցել Տաթեւ համտեսի կենտրոնում՝ «Սյունիքի ավանդական ուտեստներ․ անցյալից ներկա որպես բարեկեցության աղբյուր» ծրագրով, ունեցել է 15-65 տարեկան 24 մասնակից՝ 12 տնային տնտեսուհի եւ 12 դպրոցական։

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


«Առաջին չորս դասն անցկացրեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Դասընթացը սկսեց հայ ազգային խոհանոցից, հետո անդրադարձանք մսի մշակմանը, մարինացմանը, ճիշտ սնվելուն։ Սյունեցիներին օգնեցինք վերհիշել մոռացված ու վերականգնված ուտեստները։ Դասերի ընթացքում պարզ դարձավ, որ նրանք ե՛ւ մոռացել են որոշ ուտեստներ, ե՛ւ միաժամանակ հիշում են. օրինակ՝ ավագ մասնակիցներից մեկը պատմում էր, որ մեր ներկայացրած ուտեստների մասին լսել է իր տատից»,- ասել է Լուսինե Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


Կազմակերպության խոհարարներին նա համարում է «հատուկ ջոկատայիններ», որովհետեւ «մեր խոհանոցն այնքան են թալանել ու մոռացության ենթարկել, որ յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է վերադարձնել մեր ուտեստները»։

«Սյունիքի համերը տարբեր են»

Տաթեւ մեկնելուց առաջ Լուսինե Հովհաննիսյանը ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից, բայց, ասել է, որ նախագիծը մեծ փորձառություն էր իր համար։

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


«Այստեղ հասկացա, թե մեր բնությունն ինչ հնարավորություններ է մեզ տալիս։ Տաթեւ գյուղում գրեթե բոլորը հող են մշակում ու այստեղ աճող մրգերն ու բանջարեղենը այլ համ ու հոտ ունեն։ Հոնն ու ալոճն էլ այստեղ շատ են, գյուղում դրանցից համեղ պաստեղներ ենք պատրաստում, մենք էլ մի քանի հետաքրքիր բաղադրատոմս փոխանցեցինք։ Սյունիքը, կարելի է ասել, դդումի հայրենիքն է, ինքս ինձ համար բացահայտեցի դեռահաս դդումը՝ բրանին։

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


Այն Սյունիքում շատ է օգտագործվում, դրանով համեղ ուտեստներ, այդ թվում՝ ղափամա են պատրաստում։ Մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է ղափաման մեղրով քաղցրացնել, հարստացնել։ Հոնապուր ու մասնապուր էլ պատրաստեցինք»,- պատմել է Լուսինե Հովհաննիսյանը եւ հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի։

Լուսանկարը՝ Լուսինե Հովհաննիսյանի արխիվից


«Այս ծրագրով հին կերակրատեսակները վերադարձրեցինք սյունեցիներին։ Տաթեւը զբոսաշրջային գյուղ է, ճիշտ է, այժմ այստեղ զբոսաշրջիկներ չկան, բայց երբ վերադառնան, տեղացիները կկարողանան ավանդական եւ ավելի հետաքրքիր ուտեստներ ներկայացնել հյուրերին»,- ասել է Լուսինեն։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին