×

Նարինե Երիցյանը (մեջտեղում)՝ գործընկերների հետ

Նարինե Երիցյան. «Աթենք»-ում մեր աշխատանքը ստեղծագործական է

Մսամթերքի արտադրությունը երկարատեւ աշխատանք է: Այդ գործընթացում յուրաքանչյուր փուլ վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, իսկ ամբողջ ընթացքը՝ հումքի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանք գլխավոր տեխնոլոգի պատասխանատվության ներքո է:

Մսի տեխնոլոգի մասնագիտության առանձնահատկությունների, արտադրության ապահովման կարեւոր կանոնների եւ մսամթերքի արտադրության հայկական ավանդույթների մասին զրուցել ենք Հայաստանում մսամթերքի առաջատար արտադրողներից «Աթենք» ընկերության գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանի հետ:

- Նարինե, գիտենք, որ «Աթենք» ընկերության հետ Ձեր «ծանոթությունը» վաղեմի պատմություն ունի: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս եւ երբ սկսեցիք Ձեր մասնագիտական ուղին «Աթենք» ընկերությունում:

- Առաջին անգամ, երբ «Աթենք»-ի գործարան եկա, դեռ ուսանող էի: 2008 թվականն էր: Այդ ժամանակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մսի եւ մսամթերքի տեխնոլոգիաների բաժնում էի սովորում, եւ կուրսընկերներիս հետ արտադրական պրակտիկա էինք անցնում: Շատ ոգեւորված էի, տպավորված արտադրության կազմակերպման գործընթացով, աշխատանքային մթնոլորտով եւ կարգապահությամբ: Այդ պահից սկսած ինձ համար որոշեցի՝ եթե երբեւիցե աշխատեմ որեւէ կազմակերպությունում, ապա դա պետք է լինի հենց «Աթենքը»-ը. իմ երազանքի աշխատավայրն ու նպատակի բարձր նշաձողը «Աթենք»-ն էր դարձել:

Համալսարանն ավարտելուց հետո եւ´ ուսման, եւ´ աշխատանքային դադար ունեցա,  քանի որ երեխաների խնամքի արձակուրդում էի: Մեր ոլորտն արագ զարգացող ու անընդհատ փոփոխվող է, եւ ինձ մոտ մտավախություն կար, որ գուցե ես փոքր-ինչ հետ եմ մնացել նորամուծություններից, չէի համարձակվում աշխատանք փնտրել հենց իմ՝ տեխնոլոգի մասնագիտությամբ: Որոշեցի դիմել «Աթենք» ընկերություն, որքան էլ տարօրինակ հնչի, հաշվապահի հաստիքի համար:

Աշխատանքի ընդունման հարցազրույցներից մեկի ժամանակ հանդիպում ունեցա  ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ, ում հետ զրույցն  էլ դարձավ շրջադարձային: Ինձ համար անսպասելի ու հաճելի էր լսել, որ պարոն Ադամյանն ինձ տեսնում է տեխնոլոգի դերում, քանի որ  գիտելիքներս թույլ են տալիս աշխատել հենց նեղ մասնագիտական հաստիքում: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ մեծ ոգեւորություն ու պատասխանատվություն էր ինձ համար, երազանքս էր իրականանում: Գուցե այն չիրականանար, եթե «Աթենք» ընկերությունում չարժեւորեին, չվստահեին դեռեւս աշխատանքային փորձ չունեցող, սակայն մեծ ձգտումով, հեռանկարային երիտասարդներին, ու հնարավորություն չընձեռեին նրանց ինքնադրսեւորվելու եւ կայանալու:

Այսպես, արդեն 7 տարի է՝ աշխատում եմ «Աթենք» ընկերությունում, որից 6-ը՝ որպես տեխնոլոգ եւ այս տարվանից արդեն որպես գլխավոր տեխնոլոգ:

- Ի՞նչ է իրենից ենթադրում մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր տեխնոլոգի աշխատանքը: Որո՞նք են հիմնական պարտականություններն ու առանձնահատկությունները:

- Արտադրության նախապատրաստումից, հումքի ընդունումից եւ որակի գնահատումից, նախնական մշակումից մինչեւ նոր բաղադրագրերի ստեղծում, պատրաստի արտադրանքի փորձարկում եւ ամբողջ արտադրական գործընթացի վերահսկումը տեխնոլոգի պատասխանատվության ներքո են: Մեր հետաքրքիր եւ բազմաբնույթ աշխատանքը մի քանի մասնագիտությունների միավորում է՝ ինժեներիա, հաշվապահություն, կառավարում, մարքեթինգ: «Աթենք»-ում այդ բաժիններն առանձնացված են, իսկ տեխնոլոգը մշտապես առնչվում է այդ բաժիններից յուրաքանչյուրի հետ:

Նարինե Երիցյանը


Գլխավոր տեխնոլոգի պարտավորությունների շրջանակն ավելի լայն է: Նա վերահսկում է նաեւ հատուկ տեխնոլոգիական բաժինը, հրահանգավորում եւ հետեւում է անձնակազմի աշխատանքին: Տեխնոլոգի աշխատանքի էությունն ամեն բան հավասարակշռության մեջ պահելն է. մի կողմից արտադրել որակյալ մթերք եւ դյուրին դարձնել արտադրության գործընթացը, մյուս կողմից՝ ապահովել  կազմակերպության մրցունակ դիրքերը:

- Տեխնոլոգի կարեւոր գործառույթներից է բաղադրագրերի ստեղծումը:  Ինչպե՞ս եք դրանք ստանում:

- Ինչպես արդեն նշեցի, մեր աշխատանքը ստեղծագործական է, իսկ էքսպերիմենտները դրա անբաժանելի մասն են: Նոր գաղափարներն ամենուր են՝ որեւէ նոր համեմունք կամ մթերք փորձելիս, հետաքրքիր պրոդուկտ կամ պիտակ տեսնելիս եւ այլն:

Օրինակ՝ մեր կիսաապխտած իսպանական երշիկի համը ստացել ենք երկար փորձարկումների արդյունքում: Ուզում էինք հետաքրքիր ու տարբերվող մթերք ստանալ, բայց արդյունքն անընդհատ չէր գոհացնում: Փորձարկումներից մեկի ժամանակ անհրաժեշտ համեմունքից բավարար քանակություն չկար, եւ չափաբաժինը լրացրեցինք մեկ այլ համեմունքով: Արդյունքում՝ ստացանք այն համը, որը փնտրում էինք:

Նշեմ նաեւ, որ բաղադրագրեր ստեղծելը միայն անձնական նախաձեռնություն չէ, տեխնոլոգին տրվում են նաեւ նոր արտադրանք ստեղծելու հստակ ու կոնկրետ պահանջներով առաջադրանքներ:

- Ինչո՞վ է առանձնահատուկ «Աթենք» ընկերության արտադրությունը: Ի՞նչ տեխնոլոգիաներով եք իրականացնում մսամթերքի արտադրական գործընթացը։

- «Աթենք» ընկերությունում միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ: Առաջինն իր բնույթով ժամանակատար է, եւ ցանկալի արդյունք ստացվում է հիմնականում մարդկային գործոնի շնորհիվ:

Ավանդական մեթոդը ենթադրում է մսի երկարատեւ մշակում՝ աղադրում, հասունացում, հնեցում եւ չորացում. այս ամենը կարող է տեւել մինչեւ անգամ 40 օր: Ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված արտադրատեսակները բավականին պահանջված են եւ մեր սպառողների քիմքին հաճելի, քանի որ մսամթերքը պատրաստվում է ճիշտ տնականի նման: «Աթենք» ապրանքանիշի Ավանդական գուրման, Ավանդական Մոսկովյան, Մինի սալյամի, հում ապխտած երշիկներից Կոնյակով, Պիկանտ, Լենիանական, Չորիզո  տեսակները, Սուջուխը, Բաստուրման, հում ապխտած ուտեստներից ՝բեկոնը, վզի միսը, ֆիլե-բալիկը, Ուկրաինական եւ Հունգարական շպիկերը, տավարի լեզուն, խոզի ազդրերի՝ համեմունքային եւ ԳՈՍՏ տեսակները, խնձորով հնդկահավը միմիայն այս տեխնոլոգիայով են պատրաստվում:

Ոչ բոլոր արտադրողներն են նախապատվությունը տալիս ավանդականին: Խոշոր ընկերությունները նախընտրում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արագ ու մեծ ծավալով արտադրանք: Բայց ավանդական մոտեցումների կիրառումը միանշանակ առավելություն է, ուստի մեր արտադրությունում այն յուրահատուկ տեղ ունի:

Որպես տեղական մսամթերքի առաջատար ու խոշոր արտադրող, մենք մեծ նշանակություն ենք տալիս, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներին. անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները, որպեսզի ապահովենք որակյալ մսամթերքի լայնածավալ արտադրություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես մեր տեղական, այնպես էլ արտաքին շուկաների սպառողներին:

- Կարո՞ղ ենք ասել, որ կան մսամթերքի արտադրության հայկական ավանդույթներ: Արդյո՞ք հայկական արտադրության մսամթերքն արտադրական տեխնոլոգիաներով, մեթոդներով եւ  որակով մրցունակ է միջազգային շուկաներում:

- Յուրաքանչյուր երկիր ունի մսամթերքի արտադրության ուրույն ոճ ու ավանդույթներ: Ասել, որ դրանք մեզ մոտ բացակայում են, միանշանակ սխալ կլինի, քանի որ հայերը տարածաշրջանում աչքի են ընկել մսային ուտեստների եւ մսամթերքի պատրաստման յուրօրինակ մոտեցումներով:

Հայերիս համար հիմնականում ընդունելի են համեմունքային արտահայտիչ համով եւ չոր, ձիգ կոնսիստենցիայով մթերքները: Իհարկե, ընթացքում փոխվում են սպառողների ճաշակն ու նախասիրությունները, մարդիկ ցանկանում են նոր համեր փորձել: Նրանք ճանապարհորդում են, տարբեր երկրներում համտեսում  նոր պրոդուկտներ, ինչն էլ նոր պահանջարկ է ձեւավորում: Բայց, օրինակ, մեր գործողումների ընթացքում լինելով երշիկի հայրենիք համարվող Գերմանիայում, ինչպես նաեւ Ավստրիայում՝ նկատել ենք, որ այնտեղ նախապատվությունը տալիս են ավելի նուրբ ու հյութալի երշիկներին:

Նարինե Երիցյանը (ձախից)


Ուրախ եմ նշել, որ մեր տեղական արտադրանքը թե´ որակի, թե´ համային ու հոտային հատկանիշների  ու թե´ լայն տեսականու առումով մրցունակ է արտաքին շուկաներում: Այդ մասին են վկայում նաեւ Ռուսաստանում ու հատկապես Վրաստանում մեր մսամթերքի մեծ պահանջարկը: Տարբեր երկրներից եկած մասնագետներն էլ նույնն են փաստում, համտեսների ընթացքում էլ միշտ գովեստի խոսքեր ենք լսել:

- Կնշե՞ք արտադրության արդյունավետության ապահովման 5 կանոն կամ պահանջ, որոնց պետք է հետեւել մսամթերքի արտադրության ժամանակ:

- Արտադրությունում առաջնային կանոնների ցանկը միանշանակ գլխավորում են սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք մեր արտադրամասերում պահպանվել եւ պահպանվում են ամենայն խստությամբ: Հետո որակյալ ու անվտանգ հումքն է, որը մենք ձեռք ենք բերում հայաստանյան եւ եվրոպական առաջատար մատակարարներից: Հաջորդը՝ պրոֆեսիոնալ եւ հմուտ մասնագետներն են, ովքեր տիրապետում են մսամթերքի արտադրության բոլոր նրբություններին եւ անհրաժեշտ տեխնոլոգիաներին: «Աթենք» ընկերության տեխնոլոգիական ամբողջ անձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում, փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ ունենում արտասահմանյան գործընկերների հետ: Արտադրության արդյունավետության ապահովման կանոններից մյուսը ժամանակակից սարքավորումների առկայությունն է. մենք անընդհատ հետեւում ենք միջազգային միտումներին, նորություններին եւ փորձում դրանք կիրառել մեր արտադրության գործընթացում: Եվ իհարկե, էլ ինչ որակյալ արտադրանք, առանց բարեխիղճ աշխատանքի, որն ի սկզբանե եղել է «Աթենք» ընկերության գործունեության հիմքում, եւ ամենակարեւոր արժեքն է մեզ համար: Վերջինս կարեւոր է արտադրության  բոլոր  փուլերում, եւ բոլորի համար՝ բանվորից մինչեւ տնօրեն: Մեր թիմն անընդհատ կատարելագործվում, զարգանում եւ պահպանում է ընկերության որդեգրած արժեքները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին