×

Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կուբացի մատուցող Ռեյ Գավիլանը. «Այստեղ ինձ բոլորը սիրում են»

Սովորաբար այլ երկրներում տեղացիներն անակնկալի չեն գալիս, երբ իրենց սպասարկում է օտարերկրացի մատուցող, սակայն Հայաստանում այդ երեւույթը բավականին անսպասելի է։ Նորաբաց Master Chef ռեստորանում նման անսպասելի իրավիճակ գրեթե ամեն օր է պատահում. այստեղ կուբացի մատուցող է աշխատում։ 

Ռեյ Գավիլանը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականի վերջում: Իրեն այնքան լավ է զգում Հայաստանում, որ չի պատրաստվում հեռանալ։ Ռեյն այս ռեստորանում շատ սիրված է, նա իսպաներենից ու անգլերենից բացի բավականին լավ խոսում է ռուսերեն, տիրապետում է նաեւ ֆրանսերենին, հունարենին, իտալերենին։ Հայերեն չգիտի, բայց դա ամենեւին չի խանգարում անմիջական կապ հաստատել հայ հաճախորդների հետ։ Շատերն են ձգտում, որ հենց Ռեյն իրենց սպասարկի. կուբացի մատուցողը միշտ բարձր տրամադրություն ունի, հաճախ է պարում, ժպտում ու այցելուներին ուրախացնում։ 

Ռեյ Գավիլանի հետ զրույցում պարզել ենք, թե նա ինչպես է հայտնվել Հայաստանում ու որոշել հաստատվել այստեղ, ինչու է այդքան շատ սիրում իր աշխատանքը եւ որն է պատճառը, որ այդքան սիրված է ռեստորանում։

Ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ

Ես Հավանայում երկար տարիներ աշխատել եմ սիգարներ արտադրող հայտնի ընկերություններից մեկում, սկզբում թարգմանիչ էի, տարիների ընթացքում պաշտոնի բարձրացումներ եղան, որի շնորհիվ սկսեցի տարբեր երկրներում ներկայացնել մեր արտադրանքը եւ երկար ժամանակ բնակվել Կուբայից հեռու։ Մի շարք երկրներում եմ ապրել: Մինչ Հայաստանը Ռուսաստանում էի բնակվում՝ մոտ տասը տարի։ 


Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր ընկերությունը ցանկանում էր Հայաստանում եւս ներկայացնել իր արտադրանքը եւ խանութ հիմնել, մի քանի գործընկերներով ժամանել էինք Երեւան, բայց որոշ խնդիրների պատճառով այս ծրագիրը չհաջողվեց իրականացնել, ու գործընկերներս հեռացան Հայաստանից, միայն ես մնացի։ Եթե մտքիս մի բան եմ դնում, անպայման հասնում եմ դրան, ոչ մի բանից հեշտությամբ չեմ հրաժարվում, այդ պատճառով էլ որոշել եմ մնալ Հայաստանում, հաստատվել այստեղ ու իրականացնել իմ բոլոր ծրագրերը՝ ոչ մի տեղ չեմ շտապում։ 

Սեր առաջին այցելությունից

Շատ սիրում եմ այս երկիրը. մարդիկ շատ բարի են, հյուրասեր։ Կուբացիներս ամենաշատը գնահատում ենք հարգանքը միմյանց նկատմամբ, Հայաստանում ես այդ հարգանքն ամենուր եմ նկատում։ Երբեւէ խտրականություն չեմ զգացել, մինչդեռ Ռուսաստանում շատերից եմ վատ վերաբերմունք տեսել, ինձ շատ հաճախ էին հիշեցնում, որ սեւամորթ եմ, ոստիկաններն ինձ պարբերաբար կանգնեցնում էին փաստաթղթերս ստուգելու համար։


Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում մարդիկ փողոցում ինձ հետ խոսում են այնպես, կարծես, ես նրանց հազար տարվա ծանոթը լինեմ (հիմա էլ այդ մասին պատմում եմ ձեզ ու զգում՝ թե մարմինս ինչպես է փշաքաղվում)։ Նույն կարծիքին նաեւ կինս. նա Մոսկվայից է, ազգությամբ ռուս է, բայց Հայաստանում իրեն ավելի լավ է զգում, քան իր հայրենիքում։ 

Մատուցող միշտ է եղել

Նախկինում վեց ամիս մատուցող աշխատել եմ ԱՄՆ-ում, նաեւ երեք ամիս՝ Մեքսիկայում: Երբ հիմնական աշխատանքիս զուգահեռ ազատ ժամանակ եմ ունեցել, այս գործն եմ արել։ 

Հայաստանում որոշ կապեր ունեի, որոնց շնորհիվ սպասարկման ոլորտում աշխատանքների առաջարկներ ստացա։ Սկսեցի աշխատել Mezzo ակումբում, հենց Master Chef-ը բացվեց, տեղափոխվեցի այստեղ։ 


Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երբ հաճախորդներն ուզում են իմանալ՝ ես որտեղից եմ, մշտապես անգլերեն են հարցնում, չեն պատկերացնում, որ նաեւ ռուսերեն եմ խոսում, հետո սկսում են հետաքրքրվել, թե որտեղից այդքան լավ ռուսերեն գիտեմ։ Հենց ասում եմ՝ Կուբայից եմ, միանգամից սկսում են թվարկելը՝ «կուբական սիգար», «Ֆիդել Կաստրո», «Չե Գեւարա»... Կապ չունի՝ ինչ տարիքի է հաճախորդը, աղջիկ է, թե տղա, բոլորի արձագանքը նույնն է, ու դա շատ հաճելի է։ 

Մատուցողի աշխատանքի նրբությունները

Այս գործում ամենակարեւորը հաճախորդի գոհ մնալն է։ Պետք է հարգանքով մոտենալ յուրաքանչյուրին, անգամ եթե հաճախորդը վատ տրամադրություն ունի, պետք է շարունակել ժպտալ նրան։ Ինձ համար շատ կարեւոր է այցելուի ժպիտը։ Հատկապես համավարակի շրջանում շատերն են հիմա սթրեսային վիճակում գտնվում, հնարավոր է՝ անձնական խնդիրներ ունեն, այդ դեպքում եթե կարողանում ես որսալ հաճախորդի ժպիտը, ուրեմն դու պրոֆեսիոնալ ես քո գործում։ Իսկ թե ինձ ինչպես է հաջողվում մարդկանց ժպիտներ պարգեւել, թող իմ գաղտնիքը մնա։ 


Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ես զգում եմ, որ այստեղ ինձ բոլորը սիրում են. մարդիկ ինձ ողջունելիս ոչ թե միայն բարեւում են, այլ իսկապես ուրախանում են՝ ինձ տեսնելով։ Եթե ես աշխատանքի եմ, իմ բոլոր խնդիրները թողում եմ տանը եւ ուրախ տրամադրությամբ սկսում սպասարկելը, մշտապես կատակներ եմ անում։ 

Այս աշխատանքում ինձ միայն մի բան է պակասում՝ հայերենը։ Ես մի քանի լեզուների եմ տիրապետում, բացի տարբեր երկրներում ապրելու փորձից, նաեւ կրթությամբ եմ լեզվաբան։ Ինձ համար խնդիր չէ նոր լեզու սովորելը, բայց ձեր լեզուն շատ դժվար է ու երկար ժամանակ է հարկավոր վարժ խոսելու համար։ 

Where are you from, брат?

Երբ հաճախորդը տեսնում է, որ ես հայերեն չեմ խոսում, չի բարկանում, եթե նա անգամ հայերենից բացի ոչ մի այլ լեզվով չի կարողանում ինձ հետ հաղորդակցվել, միեւնույն է, ձգտում է խոսել հետս։ Մի քանի օր առաջ երիտասարդների մի խումբ էր այցելել, որոնք ոչ անգլերեն էին խոսում, ոչ էլ ռուսերեն, այդ պահին գործընկերս եկավ ինձ օգնության ու գրանցեց պատվերը։ Որոշ ժամանակ հետո այդ խումբը միեւնույն է ինձ կանչեց ու հարցրեց՝ «Where are you from, брат?»։ Այնքան հաճելի էր այդ մոտեցումը, որ ոչ թե պարզապես հարցրին՝ որ երկրից եմ, այլ այդ հարցին ավելացրին «եղբայրս» բառը՝ ռուսերենով։ 


Ռեյ Գավիլանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայերենից մի քանի արտահայտություն սովորել եմ, բարեւում եմ, հարցնում՝ «ո՞նց ես»։ Գիտեմ նաեւ, եթե ասում ես՝ «ո՞նց ես», նշանակում է մենք արդեն երկար ժամանակ իրար ճանաչում ենք, դրա համար հաճախորդների հետ խոսելիս ասում եմ՝ «ո՞նց եք». ինձ համար նման նրբությունները շատ կարեւոր են։ 

Մնալու է Հայաստանում

Ուրախ եմ, որ հայերը հիմնականում լավ տեղյակ են Կուբայի մասին, նկատում եմ՝ այստեղ ես միայն կուբական սիգարներով ու Սալսա պարով չեմ հայտնի։ 

Հայաստանում շատ քիչ կուբացիներ կան, ու դա ինձ շատ է ոգեւորում, որովհետեւ ես ուզում եմ այստեղ իմ «կայսրությունը» ստեղծել (ծիծաղում է-հեղ․)։ Գուցե Սալսայի դասեր սկսեմ, իհարկե, պրոֆեսիոնալ պարող չեմ, բայց ես Կուբայից եմ. պարելն իմ արյան մեջ է։ Ձգտում եմ Հայաստանում նաեւ իմ սեփական բիզնեսը հիմնել։ 


Ամալի Խաչատրյանը զրուցում է Ռեյ Գավիլանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս

Իմ հայրենիքը շատ սիրում եմ, բայց այս շրջանում չեմ ուզում Կուբայում ապրել, այս պահին ինձ այնտեղ լիարժեք ազատ չեմ զգում մի շարք խնդիրների պատճառով։ Հայաստանը շատ եմ հավանել, պատրաստվում եմ այստեղ ապրել ու կուբական մշակույթ բերել այս երկրին։ 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին