×

Ալիսան եւ Տիգրանը Լուսանկարը՝ Dulce by Alice

Հայ ամուսիններն Իսրայելում հայտնի են ֆրանսիական թխվածքով

Ամուսիններ Տիգրան Խռոյանը եւ Ալիսա Բոռոզանը տարիներ առաջ Հայաստանից Իսրայել են տեղափոխվել ու հիմնել Dulce by Alice խանութ-սրճարանը։ Հայֆա քաղաքում հայ ընտանիքի պատրաստած ֆրանսիական թխվածքներն արդեն մեծ ճանաչում են ձեռք բերել. ֆրանսիական խոհանոցը նորություն է տեղացիների համար։ Երիտասարդ ամուսինները Հայ-ռուսական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողներ են եղել, ամուսնանալուց հետո որոշել են իրենց նոր կյանքն այլ երկրում սկսել, նոր մասնագիտություն ձեռք բերել ու ինքնուրույն նոր բիզնես հիմնել։ Տիգրանը եւ Ալիսան մեզ հետ զրույցում պատմել են Իսրայել տեղափոխության, խոհարարությունն արագ յուրացնելու եւ ֆրանսիական խմորեղենների բարդությանը տիրապետելու մասին։ 

Երեւան-Հայֆա

Ալիսա. Հայֆա տեղափոխվել ենք չորս տարի առաջ. որոշել էինք լիովին փոխել մեր կյանքը։ Երեւանում Սլավոնական համալսարանի նույն կուրսում ենք սովորել, ես ավարտել եմ բակալավրիատը, Տիգրանն ընթացքում երկու տարի ծառայության է մեկնել ու կիսատ է թողել ուսումը։ Մեր մասնագիտությամբ ոչ մի օր չենք աշխատել։ 

Տիգրան. Ի սկզբանե, մեր նպատակն էր երկրից գնալ, տարբերակներ էինք քննարկում, թե որ երկիր. ուզում էինք՝ ամեն ինչ օրինական ճանապարհով անել։ Իսրայելում գործում է օրենք, որ եթե մինչեւ երրորդ սերունդ հրեա բարեկամ ունես, կարող ես վերադառնալ հայրենիք. Ալիսայի պապիկն է հրեա։ 


Լուսանկարը՝ Dulce by Alice

Որոշեցինք տեղափոխվել Հայֆա քաղաք. Ալիսայի տատիկ-պապիկն այդտեղ էին ապրում, նաեւ եղբայրն էր ինը տարի առաջ տեղափոխվել Երեւանից։ 

Հայֆան կարեւորությամբ Իսրայելի երրորդ քաղաք է, այն համարվում է հյուսիսի մայրաքաղաքը, ավելի շատ աշխատելու քաղաք է, ընդունված է ասել՝ Հայֆան աշխատում է, Թել-Ավիվը հանգստանում է, Երուսաղեմը՝ աղոթում։ Այստեղ շատ են հատկապես Ռուսաստանից վերադարձած հրեաները։

Բախտ էր

Տիգրան. Տեղափոխվելուց առաջ արդեն պլանավորել էինք, թե ինչով պետք է զբաղվենք Իսրայելում, գիտեինք՝ ուշ թե շուտ մեր խանութն ենք բացելու։


Տիգրանը Լուսանկարը՝ Dulce by Alice

Դեռ ամուսնացած չէինք, մի օր Ալիսան ինձ զանգեց ու ասաց՝ որոշել է խոհարարություն սովորել, Մոսկվայում արդեն գտել է դպրոցը, որտեղ սովորեցնում են ֆրանսիական թխվածքներ պատրաստել։ Ամեն օր տարբեր գործերի մասին էինք խոսում, խոհարարությանն այդքան լուրջ չէինք վերաբերվում։ Պատահաբար պարզեցինք, որ Մոսկվայում ապրող մեր ընկերներից մեկը բնակվում է հենց այն հասցեում, որտեղ խոհարարական դպրոցն է: Մոսկվայի նման քաղաքում հասցեների համընկնում գրեթե անհնար է, հասկացանք, որ բախտ է, ու մեկնեցինք ընկերոջս մոտ, որը դպրոցից երկու քայլ հեռավորության վրա էր ապրում։ Հրուշակեղենի դասերը բավականին թանկ են, դրա համար մեզնից միայն մեկը մասնակցեց։ 

Ալիսա. Խմբում միակ նորեկն էի, հիմնականում շեֆ-խոհարարներ, ռեստորանատերեր էին, իսկ ես մինչ այդ միայն կեքս էի թխել։ Դասերը ոչ միայն շատ բարդ էին ու թանկ, այլեւ ընթացքում ոչինչ չէինք անում. մի մեծ սեղանի շուրջ կանգնած էր ուսուցիչը, աշխատում եւ խոսում էր, իսկ աշակերտներս միայն նայում էինք, նշումներ անում ու տեսանկարահանում։ Իմ արած նշումներով տանը միասին փորձում էինք պատրաստել, սկզբում Տիգրանն ինձ միայն օգնում էր, քիչ-քիչ ստացվեց ու սկսեցինք հավասար պատրաստել։ 


Ալիսան Լուսանկարը՝ Dulce by Alice

Մի քանի ամիս անց դասերը վերջացնելուց հետո վերադարձանք Երեւան, 2016-ի ապրիլին ամուսնացանք ու ամիսներ անց տեղափոխվեցինք Իսրայել։ 

Քայլ առ քայլ 

Տիգրան. Բարդ էր լեզուն սովորելը, կես տարի լեզվի դասընթացների էինք հաճախում, հետո սկսեցինք աշխատել, որպեսզի տեղացիների հետ շփվենք ու լեզվին ավելի լավ տիրապետենք։ Այստեղ մի շատ հայտնի հրուշակեղենի խանութում Ալիսան աշխատանք գտավ, ես էլ ծովի ափին գտնվող մի բարում սկսեցի աշխատել։ 

Որոշ ժամանակ անց երկուսս էլ աշխատանքից դուրս եկանք, արձակուրդներին այցելեցինք Երեւան ու վերադառնալուն պես հիմնեցինք մեր խանութ-սրճարանը։ Հայֆայի ամենալավ թաղամասերի կենտրոնում դժվարությամբ մի տարածք գտանք, այստեղ կյանքը շատ թանկ է, մենք էլ նախնական հաշվարկները լավ չէինք անում, առաջին տարին մեծ գումարներ ծախսեցինք, միայն վերջերս ենք սկսել մեր ներդրած գումարը հետ բերել։ 


Լուսանկարը՝ Dulce by Alice

Ալիսա. Սկզբում շատ բարդ էր, անփորձ էինք, միայն երկուսով էինք, մի քանի տեսակի թխվածք էինք հասցնում պատրաստել, գիշերները չէինք քնում, աշխատում էինք։ Որոշ ժամանակ անց մեր մասին սկսեցին գրել տեղական կայքերը. մենք տարբերվող բան ենք առաջարկում Հայֆայում, այստեղ ֆրանսիական հրուշակեղենը նորություն է, Իսրայելում հիմնականում հացաբուլկեղեն են առաջարկում, նման կրեմային խմորեղեններ չկային։ 

Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր

Տիգրան. Աշխատելու ընթացքում ենք փորձ ձեռք բերել, բացվելուց հետո ենք սկսել իմանալ տեղի օրենքները, ուղղել մեր սխալները: Իսրայելում բյուրոկրատիան շատ երկար ժամանակ է խլում։ Փորձում էինք շուկան ուսումնասիրել, ամեն ինչ համեմատում էինք հայկական շուկայի հետ, բայց պարզվեց՝ դրանք շատ տարբեր են: Օրինակ, Հայաստանում մարդիկ սիրում են տարբեր տեսակի խմորեղեններ փորձել, իսկ Իսրայելում ընդամենը մի քանի տեսակին են սովոր, կարող են 25 տարի շաբաթը մեկ օր գնալ նույն խանութ, նույն տեսակի խմորեղենն առնել ու նոր բան չփորձել։ 


Տիգրանը Լուսանկարը՝ Dulce by Alice

Այստեղ կրանչ են շատ սիրում, բուլկիի նման է՝ մեջը շոկոլադ, նաեւ շատ հայտնի է հունական բուրեկասը՝ խաչապուրիի նման է, տարբեր միջուկներով է պատրաստվում: Երբ նոր էինք բացել խանութը, գալիս հարցնում էին՝ բուրեկաս ունեք, ասում էինք՝ ոչ, պատասխանում էին․ «Իսկ ինչո՞ւ եք գրել հացաբուլկեղենի խանութ, եթե բուրեկաս չունեք»։ 

Մեր առաջարկած խմորեղեններն ավելի դասական են, բարդ պատրաստվող, մի փոքրիկ կտորում հնարավոր է տասնյակ բաղադրիչներ օգտագործենք։ Ֆրանսիացիները հայտնի են հեշտ բաները բարդացնելով, նրանք ամեն մի փոքր ուտեստն այնքան են բարդացնում, որ մինչեւ սովորում ես, այլեւս չես ուզում շարունակել, բայց մեզ միասին հաջողվեց տիրապետել այս խոհանոցին։ Իսրայելում նույնպես մի քանի հայտնի շեֆ-խոհարարների դասերի հաճախեցինք։


Լուսանկարը՝ Dulce by Alice

Ալիսա. 2019-ի աշնանից մեզ այստեղ սկսեցին ավելի լավ ճանաչել, սոցիալական ցանցերում հաճախ են մեր մասին խոսում, դրսում մեզ ճանաչում են։ Հատկապես կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների շրջանում, երբ մեկ ամսով փակեցինք խանութը, սկսեցինք առաքումներ անել, ինչը մեզ օգնեց ավելի լայն ճանաչում ձեռք բերել։ Հիմա սկսել ենք նաեւ հացաբուլկեղեն թխել, ասում են՝ քաղաքում մենք ամենալավ պատրաստողներից ենք: 

Երեք սեղան

Ալիսա. Dulce by Alice-ն ավելի շատ խանութ է, քան սրճարան. ընդամենը երեք սեղան ունենք։ Արդեն երեք աշխատող ունենք, խոհանոցում պատրաստում ենք չորս հոգով, բայց 12 հոգու գործ ենք անում, օրեր ունենք, որ չենք քնում։ Թիմը լրիվ միջազգային է, խոհանոցում երկուսս հայերեն ենք խոսում, մեկը Ռուսաստանից է, մյուսը՝ Պորտուգալիայից, որ խոսում է իսպաներեն եւ անգլերեն, մինչեւ հիմա թարգմանում ենք իրար։ Բոլորս չորս տարի առաջ ենք եկել Իսրայել։ 


Ալիսան Լուսանկարը՝ Dulce by Alice

Ունենք նաեւ երկրորդ խանութը, մեկ տարի հետո ենք բացել Հայֆային մոտ գտնվող այլ քաղաքում, երկու խանութներում տեսականին տարբերվում է։ Համագործակցում ենք նաեւ տեղեկան ռեստորանների հետ։ Dulce by Alice էլ անվանել ենք մեր սիրելի կարամելիզացված շոկոլադի անունով. այն մեր խոհանոցում շատ ենք օգտագործում։

Տեսականին

Տիգրան. Մենք հիմնականում իպրովիզ ենք անում, առավոտն արթնանում ենք ու որոշում՝ ինչ պատրաստել, բայց ունենք հատուկ տեսականի, որն ամեն օր ցուցադրված է։


Լուսանկարը՝ Dulce by Alice

Մեզ մոտ ամենապահանջվածներից է Pay de Limon-ը, այն մեզ ամենաշատ հաճախորդն է բերել: Իսկ մեր հորինածները հատուկ անուն չունեն, ինչ մեջն օգտագործում ենք, այդպես էլ անվանում ենք, օրինակ, «ծիրան-կարամել» կամ ֆերերո, որովհետեւ այդ թխվածքը կլոր է։ 90%-ը մեր հորինածն է. երբ պատվեր են տալիս, գիտեն, որ մենք ենք որոշելու՝ ինչ օգտագործել, ինչպես ձեւավորել։

Խոհանոցը՝ խաղի նման

Տիգրան եւ Ալիսա. Դեռ Հայաստան վերադառնալու միտք չունենք, պլանավորում ենք ընդլայնել մեր բիզնեսը, հասնել Թել-Ավիվ, այնտեղ շուկան շատ մեծ է։


Լուսանկարը՝ Dulce by Alice

Երբ հաճախորդներն իմանում են, որ Հայաստանից ենք, ոգեւորվում են. այստեղ հայերին շատ են սիրում։ Երբեմն, հարցնում են՝ հայկական թխվածքներ ունե՞նք, հատկապես փախլավա են ուզում։ Բայց մենք ֆրանսիական խոհանոց ենք սովորել, իսկ փախլավան այստեղ արաբներն այնքան հոյակապ են սարքում, որ չենք ուզում մտնել այդ շուկա։ 

Մեծ սիրով ենք պատրաստում, բայց ի սկզբանե այդ սերը չի եղել, պարզապես որոշել էինք փորձել, երբ հասկացանք, որ ստացվում է, սկսեցինք այս գործը սիրել։ Շատ բարդ աշխատանք է՝ միշտ կռացած, միշտ ոտքի վրա, ամեն օր նոր ու թարմ արտադրանք, բայց խոհանոցն անվերջ է, միշտ սովորելու բան կա։ Կարծես, խաղ լինի. հենց փորձ ես հավաքում, շարունակելն ավելի է հետաքրքրանում։ 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին