×

Աննա Նեբիշը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հայ գիտնականը կբացահայտի հայկական խաղողի անկորիզ սորտերը

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում գինու պատրաստման համար սկսել են օգտագործել անսերմ (անկորիզ) խաղողի սորտեր։ Կորիզով սորտերի պտուղների որոշակի մասը հնարավոր չէ օգտագործել։ 

Խաղողի գեներն ուսումնասիրելու եւ անսերմ սորտերը բացահայտելու համար հայ գիտնական Աննա Նեբիշն այս տարվա փետրվարին արժանացել է Հորիզոն 2020-ի Մարի Սկլոդովսկա-Կյուրի կրթաթոշակի։

Աննա Նեբիշը, ով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնում զբաղվում է խաղողի գենետիկայի հետազոտություններով, GastroVino-ին պատմել է կրթաթոշակի ստանալու անսպասելիության եւ համավարակի պատճառով հետաձգվող աշխատանքների մասին։ 

«Չէի պատկերացնում, որ կարժանանայի կրթաթոշակի, ուղղակի գնում էի առաջ»

Մարի Սկլոդովսկա-Կյուրի կրթաթոշակի համար այս տարի ամբողջ աշխարհից դիմել է մոտ 12 հազար գիտնական, կրթաթոշակ ստացել՝ լավագույն 1000-ը։ Շատ գիտնականներ խուսափում են դիմել՝ իմանալով բարձր պահանջների մասին։ Դժվարության մասին իմացողները, սակայն, նաեւ լավ գիտեն, թե որքան կարեւոր «մրցանակ» է Մարի Կյուրի կրթաթոշակը։ 

Երկու տարի առաջ, երբ հայ ղեկավարիս ասացի կրթաթոշակի դիմելու մտադրության մասին, զարմացած ինձ նայեց։ Իրականում, ոչ ոք, անգամ ես, չէի պատկերացնում, որ կարժանանամ այդ կրթաթոշակին։ Իմ իսպանացի ղեկավարն ավելի հեռատես էր, նա առաջարկեց ներկայացնել, վստահություն ներշնչեց, որ կշահեմ։ Բավական դժվար էր նախագծի պատրաստման ընթացքը, իսպանացի ղեկավարիս հետ յուրաքանչյուր կետը քննարկում էինք։ Նախագիծը գրվեց կես տարվա ընթացքում, այն իմ կյանքի ամենադժվար եւ ամենակարեւոր աշխատանքն է։


Աննա Նեբիշը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Երբ ստացա կրթաթոշակի արժանանալու մասին նամակը՝ չէի հավատում: Մի քանի անգամ ստուգեցի, հետո սկսեցի շնորհավորանքներ ստանալ իմ գործընկերներից ու երբ հետաքրքրվեցի, թե մինչ ինձ Հայաստանից էլ ո՞վ է արժանացել այս կրթաթոշակին, ասացին, որ առաջինն եմ։ 

Խաղողի եւ մարդու գենետիկայի նմանությունը 

Ուսանողության տարիներին երազում էի մարդու գենետիկայով զբաղվելու մասին, բայց այդ ուղղությամբ շարունակելու հնարավորություն չեղավ։ Հետաքրքիր է, որ խաղողի գեների թիվը մոտավոր այնքան է, որքան մարդունը՝ գրեթե 30 հազար։ Չեմ փոշմանել, որ այս ուղղությամբ շարունակեցի աշխատանքս։ Այն քիչ ուսումնասիրված ոլորտ է, Հայաստանի համար շատ կարեւոր։


Աննա Նեբիշը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Խաղողի գեները պատասխանատու են տարբեր հատկանիշների համար՝ պտուղների տեսքից մինչեւ սերմերի քանակ, գույն։ Հնարավոր է հայտնաբերել կարեւոր գեներ, որոնք կարելի է օգտագործել հետագա սելեկցիոն աշխատանքների համար։ Այս պահին, ցավոք, Հայաստանում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվում, խաղողի նոր սորտեր չեն ստանում, բայց հույս ունեմ, որ գիտությանն ավելի մեծ կարեւորություն կտրվի առաջիկա տարիներին, եւ այդ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի նոր արժեքավոր սորտեր ստանալ։ 

Գինեգործական ոլորտի նոր միտումն ու հայ գիտնականի աշխատանքը

Մարի Սկլոդովսկա-Կյուրի կրթաթոշակով հետազոտելու եմ եւ գտնելու գեներ, որոնք պատասխանատու են անսերմության տարբեր ձեւերի համար։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում սպառողներն ավելի հետաքրքրված են անկորիզ միրգ կամ բանջարեղեն գնելով։ Խաղողի դեպքում հնարավոր է գտնել այնպիսի գեներ, որոնք կարագացնեն նաեւ այլ մշակաբույսերի մոտ նման գեների հայտնաբերումը։


Աննա Նեբիշը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Իմ ուսումնասիրությունները հատկապես կապված են լինելու հայկական խաղողի սորտերի հետ։ Եվրոպացիները կարծում են, որ, հնարավոր է, այդ գեներն ավելի հեշտ լինի գտնել հենց հայկական սորտերում, քանի որ ընդունված է համարել, որ խաղողի անսերմությունը եկել է հենց կովկասյան շրջանից։ Աշխարհում սա շատ արդիական թեմա է, դրա համար էլ արժանացա Մարի Սկլոդովսկա-Կյուրի կրթաթոշակին։ 

Համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվում են

Կրթաթոշակը նախատեսված է երկու տարվա համար։ Երկու ամիսն անցկացնելու եմ Իտալիայում եւ 22-ը՝ Իսպանիայում։ Այդ ժամանակահատվածում, ըստ պլանի, պետք է զբաղվեմ բազմաբնույթ աշխատանքով՝ նաեւ լաբորատորիայից դուրս։ 

Խաղողի գեների ուսումնասիրության համար պլանավորում էի ամռան ամիսներին մեկնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաք՝ Խաղողի եւ գինու հետազոտությունների ինստիտուտ։ Տարբեր նախագծերով արդեն 6 անգամ եղել եմ այնտեղ։ Այժմ սպասում եմ, թե երբ կորոնավիրուսի համավարակը կնահանջի եւ կկարողանամ մեկնել։ 


Աննա Նեբիշը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Նախորդ տարիներին զբաղվել եմ խաղողի անհայտ սորտերի անձնագրավորմամբ, ըստ տվյալների բազաների որոշել, թե որ սորտին են պատկանում։ Միաժամանակ սկսել եմ խաղողի վիրուսային եւ սնկային հիվանդությունների հետազոտությունները` մոլեկուլային մեթոդների կիրառմամբ:

Նաեւ զբաղվել եմ ծիրանի գենետիկայի հետազոտություններով, որը եւս մեծ նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես ծագման կենտրոններից մեկը: Նույնիսկ ծիրանի լատիներեն անվանումը կապված է Հայաստանի հետ` Prúnus armeníaca։ Հույս ունեմ, որ Իսպանիայում, խաղողի գենետիկայի ուսումնասիրությանը զուգահեռ, կկարողանամ նաեւ այդ ուղղությամբ աշխատանք կատարել։ 

Սեփական գեների մասին

Ծնվել եմ Հայաստանում, բայց միայն 25 տոկոսով եմ հայ, ունեմ վրացական եւ ռուսական գեներ, իսկ Նեբիշ ազգանունն ունի ուկրաինական ծագում, բայց հնարավոր է նաեւ առնչություն ունենա Խորվաթիայի, Սերբիայի կամ Լեհաստանի հետ։ Ցանկություն ունեմ մոտ ապագայում հանձնել ԴՆԹ անալիզ ու ամեն ինչ իմանալ նաեւ իմ գեների մասին։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Աննա Նեբիշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին