×

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Դավիթ Երեմյանը՝ «նոր աշխարհի» ռեստորանների եւ այցելուների մասին

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Շերեփ», «Լավաշ», «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսի Banks.am կայքին, որում մանրամասն խոսել է ոլորտի այսօրվա իրավիճակի եւ հեռանկարների մասին: Ներկայացնում ենք այն հատվածը, որտեղ Դավիթ Երեմյանը խոսում է այն մասին, թե ինչպիսին կլինեն ռեստորանները եւ դրանց այցելուները՝ հետհամավարակային շրջանում:

Հաճախորդների մասին

Ռեստորան հաճախելու, լավ ժամանակ անցկացնելու, նոր համեր փորձելու եւ բացահայտելու ցանկության համար պետք է մարդն ինքն իր ներսում հանգիստ եւ ներդաշնակ լինի։ Անորոշության այս պայմաններում, հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ: Եվ այս պահին մարդկանց վարքի փոփոխությունները հասկանալի եւ ընդունելի են, դրանք անհանգստության, տագնապի արդյունք են: Դրա համար էլ այսօրվա վարքագիծը դեռ հիմք չէ վաղվանը գնահատելու համար:

Հիմա էլ հասկանում եմ, որ այս իրավիճակից հետո մեր հյուրերի մոտ չի լինի այն անհոգությունն ու խանդավառությունը, բայց, հուսամ՝ դա էլ ժամանակավոր բնույթ կկրի: Մենք, ինչպես նախկինում էինք քայլեր ձեռնարկում ռեստորանային ոլորտն ու մշակույթը զարգացնելու, ռեստորան հաճախելը բոլորին հասանելի դարձնելու համար, հետագայում էլ աշխատելու ենք այդ ուղղությամբ եւ ձգտելու էլ ավելի կատարելագործման ու առաջընթացի:

Ապագայի ռեստորանի մասին

Ինչ վերաբերում է ապագայի ռեստորանին, կարծում եմ, որ ռեստորաններում եւ դրանց մոտեցումներում շրջադարձային փոփոխություններ չեն լինի: Հնարավոր է, որ նոր սկզբունքներ լինեն կառավարման՝ մենեջմենթի կամ առաջարկվող սննդի որակի հարցում: Անձնակազմ պատրաստելիս, սերվիսի բոլոր նրբությունների հետ միասին արդեն հաշվի կառնվեն նաեւ անվտանգ սպասարկման մոտեցումները:

Փոփոխություններ կլինեն բյուջեի պլանավորման մեջ. արդեն մեծ տեղ կհատկացվի անվտանգության եւ սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելուն, ինչն իրականում բավականին ծախսեր է պահանջում: Գուցե ռեստորանները կսկսեն կիրառել որոշ ստեղծագործական լուծումներ, որոնք կօգնեն հյուրին վերարժեւորել պահանջմունքները:

Տեսակետներ կան, որ հետհամավարակային փուլում ռեստորանները կվերափոխեն ճաշացանկերը՝ առաջարկելով արագ պատրաստվող ոչ այդքան բարդ ուտեստներ, մինչդեռ, իմ կարծիքով, ամենաբարդ իրավիճակում կլինեն հենց միջին դասի ռեստորանները, որոնց շնորհիվ շուկան մեծ ու բազմազան է թվում: Առավել կենսունակ կգտնվեն ռեստորանային այն ընկերությունները, որոնք կորդեգրեն  վերափոխվելու, վերապրոֆիլավորվելու ուղի, կամ ավելի ճիշտ կլինի ասել, մի քանի ուղիներ, կունենան յուրահատուկ առաջարկների փաթեթներ, կշարունակեն զարմացնել իրենց նախագծերով, որոնք իրենց յուրահատուկ կոնցեպտուալ առաջարկների, հաճախորդների հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, գրագետ հաղորդակցությունների շնորհիվ սիրվել են եւ մարդկանց համար դարձել իրենց լավագույն հիշողությունների, անմոռանալի պահերի, խաղաղ ու կայուն ժամանակների խորհրդանիշ:

Հաճախ եմ հանդիպում այն մոտեցումներին, որ ապագայի ռեստորանի կոնցեպտում կլինի օրինակ՝ խնջույքների եւ քիչ թվով մարդկանց համար առանձնացված տարածք ունենալը, կամ որ մարդիկ կդադարեն ավելի հաճախ ռեստորան այցելել, գերադասելով ժամանակ անցկացնել տանը: Սա միգուցե իրատեսական սցենար է, սակայն ոչ մեր մշակույթի համար: Մենք շփվող ու հյուրընկալ ժողովուրդ ենք, եւ նույնիսկ հիմա առանց ձեռք սեղմելու բարեւելը մեզ համար մի քիչ խորթ է թվում: Մեզ ավելի բնորոշ է մարդաշատ եւ ընտանիքի բոլոր անդամներով հավաքույթները, միասին ուրախություն կիսելը: Մենք չենք կարող միանգամից հրաժարվել կամ շատ արագ փոխել մեր մտածելակերպն ու ավանդույթները: Այս փոփոխությունները կարծում եմ, զուտ ժամանակի պահանջ են։ Եվ համավարակը հաղթահարելուց հետո հյուրերի համար դարձյալ կշարունակի առաջնային մնալ ջերմ ու տոնական միջավայրը, որպեսզի գան եւ վայելեն իրենց օրն այնպես, ինչպես նախկինում էր:

Կարծում եմ, որ ոչինչ անվերադարձ չի փոխվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կվերականգնենք մեր դրական տրամադրվածությունն ու ակտիվ գործունեությունը: Այս համավարակը մի օր ավարտվելու է, մենք կրկին հնարավորություն ենք ունենալու մեր մտերիմների, ընկերների, ընտանիքի անդամների հետ միասին ջերմ ու հյուրընկալ միջավայրում լավ ժամանակ անցկացնել, տոնել կարեւոր օրեր, լինել անհոգ, ինչպես առաջ էր:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին