Շվեդիայում բնակվող Աննա Դեմիրյանը 2012-ին հիմնել է Kitchen of Anna բլոգը, որի միջոցով շվեդներին ծանոթացնում է հայկական խոհանոցին։ Աննան Շվեդիայի ֆուդ բլոգերների շրջանում բավականին հայտնի է, նա մշտապես հայտնվում է տարվա լավագույն 10 բլոգերների շարքում։ 2018-ին արժանացել է լավագույն ֆուդ բլոգեր մրցանակին (The Swedish Food Blogger Award), որը համարվում է Սկանդինավիայի բլոգերների ամենահին մրցանակը: Նույն տարում մրցանակ է ստացել նաեւ տարվա լավագույն ուտեստի լուսանկարի համար։ Աննայի բլոգը եւ ինստագրամյան էջը տարբերվում են յուրօրինակ լուսանկարներով, որոնք նա ինքնուրույն է անում, բաղադրատոմսերն էլ շատ պարզ ու հասանելի է գրում։
43-ամյա բլոգերը ծնվել ու մեծացել է Երեւանում, 1996-ին տեղափոխվել է Շվեդիա, այժմ Ստոկհոլմի պոլիկլինիկաներից մեկում բուժքույր է աշխատում, բայց ինչպես ինքն է ասում՝ առավոտից երեկո ուշքն ու միտքն ուտեստներն են։ Աննան մեզ հետ զրույցում պատմում է բլոգի ստեղծման, հաջողությունների, շվեդական ու հայկական խոհանոցների տարբերությունների մասին։
Անձնական խոհանոցից
Ապրել եմ Երեւանի կենտրոնում, տասը տարուց ավելի պարել եմ «Բարեկամություն» անսամբլում: Երբ պետք է շարունակեի ուսումս եւ ընդունվեի Վ․Բրյուսովի անվան ինստիտուտ, հանդիպեցի իմ կյանքի կեսին ու տեղափոխվեցի Շվեդիա. ամուսինս ազգությամբ հայ է, բայց հինգ տարեկանից Շվեդիայում է ապրում։ Ապրում ենք Ստոկհոլմից 15 րոպե հեռավորության վրա։
Շվեդիայում բուժքույրական գործ եմ սովորել, հիմա աշխատում եմ որպես բուժքույր։
Սակայն ամբողջ օրը, անգամ, աշխատանքի վայրում ես ճաշերի մասին եմ մտածում, երազներում տարբեր ուտեստների նկարներ տեսնում, անդադար մտքիս է, թե ինչ համեր պետք է խառնեմ իրար, ինչ նկարներ ստանամ, ինչպես զարդարեմ։
Հայկականը պահելով
Խոհանոցի նկատմամբ սերը փոքր ժամանակվանից ունեմ, հիշում եմ՝ ամռանը պահածոներ փակելիս միշտ օգնում էի տատիկիս եւ մայրիկիս, տատիկիցս եմ պատրաստել սովորել։ Տնական ուտեստներ եմ սիրում, պատրաստիներից խուսափում եմ. եթե ուզում ես համեղ ուտել, ուրեմն քո ձեռքով պետք է պատրաստես։
Երբ Շվեդիա տեղափոխվեցինք, հասկացա, որ այստեղ ամեն ինչ տարբեր է, սովորությունները նույնը չեն, անգամ իմ սկեսուրի եփած ճաշն էր տարբերվում իմ եփածից։ Բայց ես շարունակում էի իմ ձեւով պատրաստել, երբեմն լավ չէր ստացվում, չէի հանձնվում, հետեւում էի նաեւ մի շարք խոհարարական հաղորդումների։ Խոհանոցի նկատմամբ իմ սերը գնալով միայն աճել է։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Բոլորն ուզում էին իմ բաղադրատոմսերը փորձել, ես էլ գրում ու տալիս էի։ Քանի որ որտեղ հայտնվում եմ, միշտ ուտելիքից եմ խոսում, ամեն մեկն էլ խորհուրդ էր հարցնում։ Մի օր մտածեցի՝ ինչո՞ւ մի հարթակ չեմ ստեղծում, այդ ամենը մի տեղ հավաքում, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա օգտվելու։
Բլոգի ստեղծումը
2012-ին հիմնեցի Kitchen of Anna բլոգը, շվեդերեն է։ Սկսել եմ որպես հոբի, լուրջ չէի տրամադրված, բայց գաղափարը հենց սկզբից ունեի՝ ուզում էի Շվեդիայում իմ հայկական արմատները, հայկական բաղադրատոմսերը ներկայացնել։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Լուսանկարներն անում էի հեռախոսով, շատ վատ ֆոտոներ էին ստացվում, բայց այն ժամանակ շատ հպարտ էի իմ արածով։ Աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ կարող եմ ավելի գեղեցիկ նկարել ու ֆոտոխցիկ գնեցի: Տարբեր ձեւերով փորձեցի, մինչեւ գտա իմ ոճը՝ մուգ փայտի վրա եմ սիրում նկարել։ Հասկացա, որ նկարները շատ կարեւոր են, պետք է գայթակղիչ լինեն, որ մարդ ուզենա պատրաստել։ Ինչքան էլ լավ բաղադրատոմս լինի, մարդ «աչքերով էլ է ուտում»։
Հաջողության ուղին
Սկսեցի ավելի ակտիվ լինել, շաբաթական մի քանի անգամ նյութեր հրապարակել, զարգացրի նաեւ գրելուս ոճը։ Հետագայում Instagram-ում գրանցվեցի, որն ամենակարեւորն էր․ իմ հիմնական հետեւորդներն այստեղ են։ Մեծ թվով հետեւորդներ չունեմ, բայց բոլորն ինձ գիտեն․ Շվեդիայում միայն ես եմ նման կերպ հայկական խոհանոցը ներկայացնում։
Մի շարք բլոգեր գործընկերներ ունեմ, որոնք հաճախ ինձ աջակցում են ու տարածում նյութերս, մի շարք տեղական թերթեր են իմ բաղադրատոմսերից խնդրել։ 2018-ին տարվա լավագույն մրցանակը ստանալուց հետո ավելի շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, տարբեր ընկերություններից համագործակցության առաջարկները շատացան։ Հետաքրքիր գործընթաց է. ամեն օր սովորելու տեղ կա, ամեն օր պետք է ինքդ քեզ զարգացնես։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Շվեդները չեն սիրում երկար եփել
Այնպես եմ ներկայացնում հայկական բաղադրատոմսերը, որ անհնարին չլինի պատրաստել։ Ամեն անգամ շատ երկար մտածում եմ պատրաստելուց առաջ, որ շվեդները չվախենան փորձելուց, չմտածեն, թե շատ օտար համ կունենա ուտեստն, ու դժվար կլինի ձեռք բերել բաղադրիչները։ Շատերն են հավանում հայկական խոհանոցը, հաճախ են ինձ նշում հրապարակումների մեջ ու գրում, որ հայկական ուտեստ են պատրաստել։ Ես ներկայացնում եմ նաեւ ուտեստների պատմությունը, նշում եմ՝ ինչ արմատներ ունեն դրանք, փորձում եմ ճիշտ տեղեկություն գրել։
Ի տարբերություն հայերի՝ շվեդները չեն սիրում ժամերով խոհանոցում կանգնել։ Օրինակ, պասուց տոլման եփելիս պետք է լոբին թրջես ու որոշ ժամանակ սպասես: Գիտեմ, որ շվեդները հաստատ այդքան ժամանակ չեն սպասի, այդ պատճառով առաջարկում եմ՝ պահածոյացրած պատրաստի լոբի գնել խանութից ու ավելի արագ եփել, եթե նաեւ պատրաստի թթու կաղամբ գնեն, գործի կեսն արված է։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Շվեդիա vs Հայաստան
Շվեդական ու հայկական խոհանոցները շատ են տարբերվում. այստեղ մաքուր համեր են նախընտրում, միքսեր չեն սիրում։ Օրինակ հայտնի մսի կոլոլակները (meatball) պատրաստում են առանց համեմունքների, իսկ հայերս նման մսային կերակուրները հաստատ համեմունքներով կպատրաստեինք։ Շվեդիայում սիրում են տարբեր սոուսներ օգտագործել, հայկական խոհանոցում սոուսները քիչ են։ Շվեդները շատ են կարեւորում թթուն ու քաղցրը, այս դեպքում մենք միայն չրեր կավելացնեինք ուտեստներին։ Սիրում են նաեւ կարտոֆիլ, այդ բանով նման ենք, մենք էլ ենք կարտոֆիլ շատ օգտագործում։
Ի դեպ, շվեդները շատ բծախնդիր են, եթե մի բան պետք է առնեն, հետաքրքրվում են, թե որտեղից է այդ մթերքը: Օրինակ, ռեստորաններում անպայման հարցնում են՝ արդյո՞ք միսը շվեդական է։ Հաճախորդները շատ բծախնդիր են, մարդիկ եթե ինչ-որ բան չեն հավանում, բողոքում են, ուտելիքը հետ են տալիս։
Թոնիրը, կանաչեղենն ու անսահման էներգիան
Մեր տան այգում ստեղծել եմ բացօթյա խոհանոց՝ հայկական թոնիրով, որ երբ չհաջողվի Հայաստան գալ, իմ խոհանոցը կողքիս լինի, այն իմ անկյունն է՝ իմ «գրասենյակը»։ Հայաստանի մեր ամառանոցում նույնպես բացօթյա խոհանոց եմ ստեղծել։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Իմ խոհանոցից շվեդները հատկապես հավանում են հայկական ուտեստների տեսքը, վառ գույները եւ թարմությունը։ Հատկապես զարմանում են, թե ինչքան ճոխ ենք օգտագործում թարմ կանաչիները, Շվեդիայում կանաչի շատ քիչ են ավելացնում ճաշերին։ Հաճախ եմ թարմ ու չորացրած կանաչիների տարբերության մասին գրում՝ չորացրածը շատ համ է տալիս, բայց թարմություն փոխանցում է թարմ կանաչին։ Վերջերս ժենգյալով հաց էի սարքել, շատ էին հավանել ու զարմացել, թե ինչպես կարելի է այդքան կանաչի դնել խմորի մեջ։
Լուսանկարը՝ Աննա Դեմիրյան/Kitchen of Anna
Եթե ես այս ամենը չանեմ, էներգիա չեմ ունենա այլ բանի համար։ Պատրաստելը, բլոգ վարելը, նկարելը, զարդարելն ինձ ուրախություն եւ ուժ է տալիս, մեծ հաճույք եմ ստանում այս ամենից։ Բոլորը գիտեն, որ իմ միտքը մշտապես խոհանոցում է․ եթե մի բան շատ ես սիրում, դրանից չես հոգնում։
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: