×

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արսեն Հովհաննիսյան. Չենք հանձնվում եւ «մթնոլորտ ենք առաքում»

Մինչ կարանտինը Wine Republic-ի թիմի մեջ մտնող ռեստորաններն առաքման ծառայություն չեն ունեցել. այստեղ կարեւորում էին ոչ միայն ուտելիքի մատուցումը, այլեւ հատուկ մթնոլորտը, հաճելի սպասարկումն ու գինին ուտեստների հետ ճիշտ համադրելու մշակույթը։ Ոեստորանների փակվելուց հետո Wine Republic-ի թիմը որոշեց կտրուկ քայլեր ձեռնարկել եւ առաքման ծառայություն գործարկել։ Այժմ մի շարք նոր առաջարկներ են մտածում, որպեսզի մարդիկ, չորս պատերի մեջ փակված, իրենց հնարավորինս մոտ զգան ռեստորաններին։

Արդեն գործում է Wine Republic-ի թիմի մեջ մտնող ռեստորանների առաքման հատուկ էջը, որի միջոցով կարող եք ծանոթանալ ճաշացանկին եւ հատուկ առաջարկներին:

Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես արագորեն կարողացան անցնել աշխատանքային նոր ռեժիմի, ինչ փոփոխություններ ստիպված եղան անել, ինչպես են պահպանում կապը հյուրերի հետ եւ ինչու է ոլորտին անհրաժեշտ հաճախորդների աջակցությունը։

Սպասում էին գարնան զարթոնքին

2020-ի մարտի հենց սկզբից ոլորտում արդեն դժվարություններ կային։ Քանի որ մինչ այդ ձմեռային շրջանն էր, ու զբոսաշրջիկները քիչ էին, սպասում էինք, որ գարնանն ամեն ինչ լավ պետք է լինի, սակայն Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը ու մարդիկ պարզապես դադարեցին ռեստորաններ այցելել։ Չնայած մարտի 7-ից 8-ը հաճախորդների շրջանում ակտիվություն նկատվեց, հաջորդ օրերից կրկին այցելուների թիվը կտրուկ ընկավ, հետո ռեստորաններն ընդհանրապես փակվեցին։

Ի՞նչ կատարվեց ոլորտում. ֆինանսական հոսքերի կտրուկ անկում, անձնակազմի պարապուրդ (ամենացավալի խնդիրը), բիզնեսի կորստի վտանգ: Երբ պլանավորում ես ապագա ֆինանսական հոսքերը, հաստատուն ծախսեր ու որոշակի ներդրումներ ունես, խնդիր է առաջանում, թե ինչով պետք է վճարես դրանք։ Խնդիրներ կան նաեւ մեր հյուրերի մոտ, մարդիկ մեկուսացված են չորս պատերի մեջ, առօրյան կտրուկ փոխվել է, սոցիալական շփումը բացակայում է, այլեւս սիրելի ռեստորաններում ժամանակ չեն անցկացնում։

Փաստորեն՝ մնում է համակերպվել իրավիճակի հետ ու բոլոր աշխատողներին ուղարկել տուն, բայց պարզապես հանձնվելը մեզ համար ընդունելի տարբերակ չէ։ Որպես բիզնես մենք պատասխանատվություն ունենք մեր աշխատակիցների ու նրանց ընտանիքների նկատմամբ: Պատասխանատվություն ունենք նաեւ մեր հյուրերի նկատմամբ, որովհետեւ մենք ինչ-որ կերպով նրանց կյանքի որակի վրա էինք անդրադառնում։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Որոշեցինք կտրուկ քայլերի գնալ ու փոխել բիզնես-մոդելը։ Ցավոք, մինչ այդ առաքում չենք ունեցել: Եթե նախկինում դա առավելություն էինք համարում, հիմա այն թերություն էր։ Միշտ համարել ենք, որ մենք միայն ուտելիք վաճառող չենք եւ առաքումով չենք կարող աշխատել, որովհետեւ մեր ռեստորաններում տրամադրություն ենք հաղորդում, մեր ուտելիքը վայելում են լավ մթնոլորտում, շատ մարդկանց շրջանում՝ հատուկ սպասարկմամբ։

Այսօր ցանկացած գործարարի նպատակն է ամեն ձեւով փրկել բիզնեսը, որպեսզի հետո այդ բիզնեսը վերականգնի տնտեսությունը: Եթե ամեն մեկս կանխենք մեր ունեցածի ավերումը, հետագայում այն ներդրում կլինի ոլորտի ու Հայաստանի ապագայի համար։

Մատուցողները՝ առաքիչներ, գինին՝ նվեր

Մի շարք խնդիրներ կային, որոնք դրեցինք մեր առջեւ ու սկսեցինք հերթով լուծել։ Ամենակարեւորն անձնակազմի անվտանգությունն ու սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումն էր։ Սանիտարահիգիենիկ պայմանները խստացվեցին, անգամ այսպիսի մի ներքին օրենք ընդունեցինք՝ միմյանց հետ շփվում ենք այնպես, ասես, բոլորը վարակված են։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Ընտրել ենք որոշակի խոհարարների խումբ, որոնք մինիմալ շփում ունեն մարդկանց հետ, օրինակ, մենակ են ապրում կամ ապրում են քիչ հեռավորության վրա։ Աշխատողներ ենք նշանակել, որոնք անընդհատ մտնում են խոհանոց ու հետեւում, թե ինչքանով են պահպանվում բոլոր կանոնները։ Բացառում ենք նաեւ դրսի անձնակազմից որեւէ մեկի շփումը խոհանոցի հետ։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Ունեինք շատ մատուցողներ, որոնց աշխատավարձը հիմնականում շրջանառությունից էր ստացվում, այսինքն՝ մատուցողներն օրավարձով կամ պայմանագրային աշխատակիցներ էին։ Բոլորի հետ զրուցեցինք ու առաջարկեցինք դառնալ առաքիչներ, մեծ հաճույքով համաձայնեցին։ Հիմա մեր հյուրերին զգուշացնում ենք, որ չզարմանան, եթե սիրելի մատուցողին իրենց դռան մոտ տեսնեն։

Մեկ այլ կարեւոր փոփոխություն էլ արեցինք՝ միավորեցինք մեր բոլոր ռեստորանները, այս պահին մեկ տարածքում գործում է երեք ռեստորան. Asador, Wine Republic Yerevan, Thaiwine Republic։ Այսինքն՝ կարողացանք հասնել նրան, որ հիմա մարդիկ մեկ զանգով կարող են երեք ռեստորանի ուտելիք պատվիրել։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Գինին մեր ռեստորանների եւ հյուրերի համար մեծ նշանակություն ունի, այդ պատճառով տանը գինու մթնոլորտը շարունակելու համար հետաքրքիր տարբերակ մտածեցինք։ Կազմակերպել ենք երեքից չորս հոգու համար փաթեթներ, որոնք պատվիրելու դեպքում գինին նվեր ենք ուղարկում։ Այս քայլով ուզում ենք հյուրերին հիշեցնել մեր մթնոլորտի մասին ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, այս ամենը մի օր վերջանալու է։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Ընդունվում են պատվերներ

Ստեղծել ենք զանգերի կենտրոն, որտեղ պատվերը միանգամից ընդունվում է։ Բոլոր հնարավոր կապի միջոցներով հասանելի ենք, բավականին արագ առաքում ենք։ Շատ արագ պայմանագրեր ենք կնքել նաեւ Menu.am, Buy.am առաքման ծառայությունների հետ, շուտով նաեւ՝ Sovats.am-ի հետ։

Հյուրերից լավ կարծիքներ ենք լսում մեր առաքման ծառայության մասին, նույն մարդիկ մի քանի անգամ են պատվիրում։ Մի անգամ էլ հինգ ընկերուհի նույն ուտեստից էին պատվիրել ու Zoom հավելվածով կապ հաստատել, որ «միասին ուտեն»։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Ամեն ինչ արել ենք, որ ճաշացանկի բոլոր ուտեստները գործեն, ապրանքային պահեստավորումը մեզ մոտ այնքան լավ է իրականացված, որ մի քանի ամիս կկարողանանք աշխատել։ Մսամթերքի, ասիական բաղադրիչների, սոուսների բավարար պաշարներ ունենք։ Քանի որ ակնկալում էինք, որ սաղմոնի մասով մոտ երկու շաբաթ խնդիր ենք ունենալու, որոշակի քանակությամբ սաղմոն էինք սառեցրել հատուկ տեխնոլոգիայով, որի արդյունքում որակական կորուստ ընդհանարապես չենք ունեցել։

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan


Asador-ի որոշակի ձկնամթերք, որոնք շաբաթական երկու-երեք անգամ ստանում էինք, ճաշացանկից ժամանակավորապես հանված են, քանի որ այս պահին դադարեցված է Հնդկական օվկիանոսի ծովամթերքի ստացումը։ Նորվեգիայից սաղմոնի առաքումն այժմ վերականգնվում է։

Միայն թե բիզնեսը պահպանվի

Հիմա մեր խնդիրը անձնակազմին աշխատավարձով ապահովելն է, վարձավճարները վճարելը, հարկային պարտավորությունները կատարելը. այս իրավիճակում ավելին չենք էլ ակնկալում։

Հիմա մեզ հաջողվում է պահպանել մեր բիզնեսը, նույնը խորհուրդ եմ տալիս մեր գործընկերներին՝ չհանձնվել ու պայքարել։ Խնդրում եմ նաեւ մեր հավատարիմ հյուրերին այս օրերին էլ շարունակել մեր կողքին մնալ եւ ուտեստներ պատվիրել, վստահ լինել, որ չափազանց ուշադիր ենք սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ։ Պատվերներ անելով՝ հաճախորդները կարող են օգնել ռեստորաններին «մնալ ջրի երեսին»։

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաճախ մարդիկ ասում են՝ ինչո՞ւ ռեստորաններն աշխատողներին մի քանի ամսվա աշխատավարձ չեն տալիս, ինչու չունեն «անվտանգության բարձիկներ»։ Որովհետեւ ոլորտում բոլոր մեծ խաղացողներն ունեին մեծ նախագծեր, որոնք այս պահին սառեցված են։ Բիզնեսի հաջողությունները բերում են նրան, որ հաջողակ ընկերությունները սկսում են այլ ոլորտներում ներդրումներ անել, այսինքն՝ «անվտանգության բարձիկ» կոչվածը ոչ թե բարձի տակ են դնում, այլ ներդնում են երկրում նոր նախագծեր զարգացնելու վրա, որպեսզի նոր աշխատատեղեր ու հետաքրքիր վայրեր բացվեն։ Հիմա այդ բոլոր նախագծերը սառեցվել են. մենք էլ երեք նախագիծ ունեինք, որ պետք է արդեն սկսեինք գործարկելը, բայց ամեն ինչ կանգնեցված է։

Wine Republic-ի թիմի մեջ մտնող ռեստորաններից առաքում պատվիրելու համար այցելեք այս էջը կամ զանգարեք 055 001 100, 055 001 001, 044 002 200:

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին