Մարտի 31-ը հայկական կոնյակագործության մաեստրո, սոցիալիստական աշխատանքի հերոս Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն է: Տարիներ առաջ Մարգար Սեդրակյանի դուստրը՝ Վանուհի Սեդրակյանը, Մեդիամաքսին հետաքրքիր դրվագներ էր պատմել հոր կյանքի եւ աշխատանքի մասին:
«Մարգար Սեդրակյանի շնորհիվ ստեղծվեց կոնյակի պատրաստման նոր տեխնոլոգիա: Հաստատված չափանիշների համաձայն, կոնյակի համար օգտագործվում էր մանրէազերծված ջուր: Հորս հաջողվեց թույլտվություն ստանալ՝ Կրբուլաղի աղբյուրի ջուրը օգտագործելու համար: Երբ նրան հարցնում էին, թե ո՞րն է իր կոնյակի պատրաստման գաղտնիքը, նա պատասխանում էր, որ ոչ մի գաղտնիք չկա՝ միայն մեր ջուրը, հողը եւ արեւը:
Հայրս միշտ ասում էր, որ քանակական առումով մեզ երբեք չի հաջողվի մրցել Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ եւ Հայաստանը պետք է առաջ գնա միայն որակի հաշվին: Նա հսկում էր յուրաքանչյուր մանրուքը: Ամեն տարի անձամբ ստուգում էր բոլոր կաղնե տակառները եւ որոշում` որը փոխարինման կարիք ունի, իսկ որը դեռ կարող է ծառայել:
Մարգար Սեդրակյանը աշխատակիցների հետ | Լուսանկարը՝ Վ. Սեդրակյանի արխիվից
Հորս երազանքն էր ստեղծել «Վասպուրական» անունով կոնյակ: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում հաստատել այդ անունը: Մի օր, Կենտկոմի բյուրոյի հերթական ժողովին նա տանում է այդ կոնյակը ու երբ այն լցնում են համտեսման համար, սկսում է երգել.
«Ախ,Վասպուրական
Անգին Հայաստան,
Ինչքան հերոսներ
Քեզ համար մեռան»:
Սակայն նույնիսկ երգը չհամոզեց բյուրոյի անդամներին:
Հայրս թողել էր «Վասպուրական» կոնյակի բաղադրատոմսը եւ արդեն իր մահից հետո Միքայել Խանոյանին հաջողվում է հաստատել այդ անունը, եւ կոնյակը նվիրում են Մարգար Սեդրակյանի հիշատակին:
Մարգար Սեդրակյանը դստեր հետ | Լուսանկարը՝ Վ. Սեդրակյանի արխիվից
Իր սիրելի գործին այդքան նվիրված լինելով հանդերձ, հայրս շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ: Մանկատան սան լինելով, ամեն ինչ անում էր, որ իր երեխաները ծնողների ուշադրության պակաս չզգան:
Հայրս ծնվել էր Վանի Խառակոնիս գյուղում: 1915թ-ի ջարդերի ժամանակ նրան գտել էին ռուս կազակները՝ ծնողների դիերի կողքին, եւ տեղափոխել էին Աշտարակի մանկատուն: Ողջ կյանքի ընթացքում հայրս երազում էր, որ մի օր մեզ կվերադարձնեն մեր հողերը: Նա ասում էր. «Երբ Վանը կրկին մերը դառնա`ոտաբոբիկ կգնամ իմ երկիրը»: Ինձ էլ անվանեց Վանուհի` իր կորցրած հայրենիքի պատվին»:
2015 թվականի հունիսին Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: