×

Վահե-Գևորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վահե Գեւորգյան. Ռեստորանային ոլորտին թիրախային աջակցություն է պետք

Մարտի 24-ից Հայաստանի կառավարությունն անցել է կորոնավիրուսի կանխարգելման ավելի խիստ գործողությունների, որի շրջանակում արգելվում է նաեւ բոլոր սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։

Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը GastroVino-ին պատմել է արտակարգ դրության պայմաններում ռեստորանների գործունեության ու ոլորտի խնդիրների մասին։ 

Վահե Գեւորգյանի խոսքով՝ շատ ռեստորաններ փակվել էին՝ նախքան արտակարգ դրություն մտցնելու որոշումը։ Դա մեծապես բխում էր սեփական աշխատակիցների անվտանգության ապահովման եւ բիզնեսի վարման նպատակահարմարության գործոններից։ 

«Ռեստորանների մի մասն այս պահին անցել է առաքման ծառայության կազմակերպմանը, անգամ երբ նախկինում դա չի ունեցել։ Սա, թերեւս, գործունեություն ծավալելու ամենաօպտիմալ տարբերակն է, սակայն դրա արդյունավետությունը եւս ժամանակի ընթացքում նվազելու է։ Հաճախորդները հետզհետե հրաժարվում են ուտեստներ պատվիրելուց ինչպես սեփական եկամուտների կրճատման պատճառով, այնպես էլ պայմանավորված անվտանգությամբ, չնայած որ ռեստորաններն ապահովում են ծառայության կազմակերպումը առանց անմիջական շփման»,- մանրամասնել է նա։ 

Վահե Գեւորգյանի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում ռեստորանային ոլորտը մեծ զարգացում էր ապրել՝ մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենալով  զբոսաշրջության, գյուղատնտեսության, մատակարարման ոլորտների վրա։ 

«Այս պահին HoReCa (հյուրանոց-ռեստորան-սրճարան-խմբ.) ոլորտը գտնվում է ծանր վիճակում, եւ ներկա դրության ավելի երկարատեւ ընթացքը կհանգեցնի ոլորտի անկման առնվազն այս տարվա եւ հաջորդ տարեսկզբի համար։ Քանի որ ոլորտն ինքնին ռիսկային է, անցանկալի զարգացումների վերականգնումը կարող է տարիներ պահանջել», - նկատել է Վահե Գեւորգյանը:

Վահե Գեւորգյանն ընդգծել է, որ այս ընթացքում պարբերաբար քննարկումներ են ունենում ինչպես միության անդամների շրջանակում, այնպես էլ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ։  

Նա կարծում է, որ ոլորտին անհրաժեշտ է թիրախային աջակցություն։ 

«Բանկերի միջոցով առաջարկվող ֆինանսավորման տարբերակը չի կիսում բիզնեսի ռիսկերը, ամբողջ ռիսկը թողնվում է բիզնեսի վրա։ Այս իրավիճակում կարող է լուծում լինել եկամտահարկի հետաձգումը, որն արդեն որոշ երկրներում կիրառվում է։ Բիզնեսը չի կարող չգործելու պայմաններում երկար ժամանակ պահել բոլոր աշխատակիցներին, վճարել աշխատավարձերը՝ միեւնույն ժամանակ ունենալով պահպանման ծախսեր։ Մի քանի ամիս անց իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ոլորտի բիզնեսները ֆիզիկապես այլեւս ի վիճակի չեն լինի հարկեր վճարել»,- պարզաբանել է Վահե Գեւորգյանը։ 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին