Գրող Նարինե Աբգարյանը Meduza-ի «Сложные щи» պոդկաստում հայկական ուտեստների բաղադրատոմսեր է ներկայացրել, պատմել իր մանկության ավանդական հայկական ճաշատեսակների մասին ու պատասխանել հայկական խոհանոցի վերաբերյալ հարցերին։
GastroVino-ն զրույցից հայկական ուտեստների մասին որոշ դրվագներ է առանձնացրել։
Խաշի մասին
Նարինե Աբգարյանը պատմել է, որ Մոսկվա տեղափոխվելուց հետո առաջին անգամ է կերել կտրատված բատոն հացը, որն իր թթու-աղի համով հիացրել է իրեն։ Նա նաեւ պատմել է, որ սկզբում Մոսկվայում հաշվապահի մասնագիտությամբ է աշխատել եւ երբեմն գործընկերների համար ջեռոցում պատրաստված խոզի միս տարել, որը նրանք շատ են հավանել։
«Գլուխ գովել չեմ կարող, չեմ հիշում, որ այնպիսի բան պատրաստած լինեմ, որ նրանց սիրտը ամբողջությամբ գրավեմ»։
Նարինե Աբգարյանը հիշել է, թե ինչ «հրեշային» հիասթափություն են ապրել գործընկերները, երբ «Ինտուրիստ»-ի 14-րդ հարկում բացվել է հայկական ռեստորան ու խաշի հյուրասիրություն կազմակերպվել։
«Հիշում եմ՝ ղեկավարս վերադարձավ ու ասաց՝ ես փաստացի տաք «խոլոդեց» կերա»։
Խրթխրթան հացի մասին
«Երբ հիշում եմ մանկությունս, թվում է, որ այդ ամենին հետեւում եմ վերեւից։ Մեր բակում հրաշալի թթենի կար, եւ մենք այդ ծառի վրա, ըստ էության, «ապրում» էինք։ Մեծ երջանկություն է, երբ նստած ես ծառի ճյուղին, քաղում ես քաղցր պտուղներն ու հետեւում, թե ինչպես է տատիկը շրջում բանջարանոցում, հաց թխում։ Այդ հացի ֆանտաստիկ համն ու բույրը... Նա ձեռքով կտրում էր հացը, վրան տնական կարագ քսում, պանիր ու տարբեր խոտաբույսեր (թարխուն, ռեհան) դնում եւ փակում հացով։ Մի փոքր պահում էր այդպես, կարագն ու պանիրը հալվում էին, խոտաբույսերի հյութը՝ հոսում։ Մասերի էր բաժանում այդ հացն ու փոխանցում մեզ։ Աշնանը, ծառի ճյուղին նստած՝ այդ հացն ուտելը ֆանտաստիկ զգացողություն էր»։
Նարինե Աբգարյանը | Լուսանկարը՝ Վահան Ստեփանյան
Նարինե Աբգարյանը նաեւ պատմել է, որ իրենց հարեւանը այծի պանիր էր պատրաստում, որը պահվում էր կենդանու ստամոքսից սարքված պարկի մեջ։ Արդյունքում պանրի փոքրիկ գլխիկներ էին ստացվում, որի համը սովորական այծի պանրի եւ իտալական բուրատայի նման մի բան էր։
«Ես վերցնում էի պանիրն ու վազում, իսկ տատիկը կանչում էր հետեւիցս՝ գոնե հաց կամ լոլիկ վերցրու»,- պատմել է նա։
Գաթայի մասին
Նարինե Աբգարյանն ասել է, որ իր նախաճաշը սովորական, գյուղական նախաճաշ է՝ ձու, կարագ, մեղր, թթվասեր եւ բանջարեղեն, թեյ կամ սուրճ։
«Գյուղում նախաճաշը շատ համեղ ու կշտացնող է։ Պարտադիր որեւէ տնական թխուկ է լինում սեղանին: Մեզ համար շատ բնական է, որ նախաճաշի սեղանին կարող է սառը միս լինել»։
Նարինե Աբգարյանը պատմել է գյուղական թխուկի մասին, որը Մոսկվայում չի կարողանում պատրաստել։
«Սալին շերտավոր սովորական խմորից է, որը երկար է պատրաստվում եւ թխվում է փայտի վառարանում, հետո թերթիկները թաթախում են շաքարավազի մեջ։ Միջուկը շաքարավազի, ալյուրի եւ կարագի խառնուրդից են պատրաստում»։
Գաթայի պատրաստման մասին խոսելիս նա ասել է․ «Մեզ մոտ հուլիսին եւ օգոստոսին կարագը վառ դեղին գույնի է լինում, որովհետեւ սարերում այդ շրջանում բազմագույն ծաղիկներ են ծաղկում։ Այդ կարագով պատրաստված գաթան էլ ոսկեգույն է ստացվում։ Դա ես պատրաստում եմ ջեռոցում, շատ կշտացնող ու համեղ է, ուտում ես ու, միանգամից չաղանում»։
Նարինե Աբգարյանը պատմել է նաեւ իր մանկության երկու այլ քաղցրավենիքի՝ ալյուրով, կարագով ու շաքարավազով պատրաստվող հալվայի ու փոխինձի մասին։
«Մենք շատ էինք սիրում այդ անհավատալի համեղ քաղցրավենիքը»։
Պատրաստեց Մարի Թարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: