Գինին պետք է այնքան լավը լինի, որ ցանկանաս ընկերներիդ հետ խմել: Հենց այսպիսի տրամադրություն ստեղծելու համար է գինեգործ Արեգ Խոջոյանը գինեսերներին ներկայացնում իր հեղինակած Van Cat գինիները։
GN Winery ընկերության Van Cat գինիները գնահատելու հնարավորություն գինու սիրահարներն ունեն արդեն մի քանի ամիս: Սա Արեգի հեղինակային աշխատանքն է, իր խոսքով՝ նախատեսված է ամենօրյա, թեթեւ ըմպելու համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս պահին շուկայում ներկայացված են Van Cat 2018 կարմիր Արենին եւ Van Cat վարդագույնը, իսկ 2019-ի սպիտակ Կանգունը եւ վարդագույն Արենի-Կախեթը հասանելի կլինեն շուտով:
Van Cat 2018 կարմիրը պատրաստվում է միայն Արենի խաղողի սորտից, իսկ վարդագույնը, որն արտադրվել է սահմանափակ քանակությամբ, երկու տեսակների՝ Արենի եւ Կախեթի խաղողի տեսակների խառնուրդ է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կարմիրի դեպքում փորձել ենք շեշտել խաղողի տեսակի առանձնահատկությունը, ինչը կլինի նաեւ Van Cat սպիտակ 2019-ի դեպքում, որը կպատրաստվի խաղողի Կանգուն սորտից»,- ասում է Արեգ Խոջոյանը:
Այս գինիները պահվում են ոչ թե տակառների, այլ չժանգոտվող տարաների մեջ:
Գինու «նկարչի» աշխատանքը
Արեգը պատմում է, որ իր կյանքում արդեն 11 բերքահավաք է ունեցել: 2009 թվականից այս ոլորտում է, մասնակցել է այգիների մշակմանն ու խնամքին, խաղողի վերամշակմանը, խաղողից գինի ստանալու ողջ պրոցեսին: Աշխատել է տարբեր գինու գործարանների հետ՝ որպես խորհրդատու, մասնակցել միջազգային նախագծերի:
Արեգ Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
2018թ․-ից աշխատում է GN Winery ընկերությունում, որտեղ էլ իր հեղինակային աշխատանքն է ստեղծել.
«Հանդիպեցի այնպիսի մարդկանց, որոնց հետ հենց սկզբից հասկացանք իրար ու սկսեցինք միասին քայլեր դնել»:
Արեգ Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինեգործի աշխատանքը համեմատելով նկարչության հետ՝ Արեգն ասում է. «Ես ունեցա ստեղծագործելու ազատություն, այն՝ ինչ պատկերացնում էի: Չկա ոչ մի սահմանափակում, ունես արվեստանոց, վրձին, ներկեր ու ազատություն: Հենց այս պայմաններում էլ ծնվեց Van Cat-ը»:
Հայկականն ընդգծող անունը
«Գինին միշտ եղել է հայի մշակույթի մի մասը, ոչ մի հայ չի կարող պատկերացնել ծեսերն առանց գինու»,- ասում է նա՝ նշելով, որ իր հեղինակային խմիչքի համար ընտրել է այնպիսի անուն, որը կընդգծի դրա հայկականությունը:
Արեգ Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Վանա կատուն հայկական ցեղատեսակ է, բայց դրա մասին այդքան էլ շատ չեն խոսում: Այս անունն ընտրելով մենք ուզում ենք շեշտել հայկական արտադրանք լինելու փաստը: Որքան շատ շուկաներ կարողանանք գրավել մեր արտադրանքով, այնքան ավելի շատ կբարձրաձայնվի թե գինու հայկական լինելու, թե կատվի ցեղատեսակի մասին»,- ասում է գինեգործը:
Van Cat-ի առաջին մեդալն ու ներկայությունը շուկայում
Գերմանիայում 2020 թվականին կայացած Mundus vini գինու միջազգային մրցույթի գարնանային համտեսում Van Cat Արենին արժանացել են արծաթե մեդալի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մենք նոր ենք սկսում թե տեղական, թե դրսի շուկան հագեցնել մեր գինով: Van Cat-ն այժմ ներկայացված է InVino Երեւան գինետանը, Wine Republic Yerevan ռեստորանում եւ մի քանի այլ խանութներում: Աշխատանքներ ենք տանում՝ ավելի շատ վաճառքի կետերում հասանելի դառնալու համար»,- ասում է գինեգործը ու ավելացնում, որ եվրոպական շուկայից եւս պատվեր ունեն ու պատրաստվում են առաջին խմբաքանակն ուղարկել:
«Ամեն երկրի համար փորձելու ենք հասկանալ իր քիմքին հաճելու գինու տեսակն ու աշխատել կոնկրետ այդ տեսակն արտահանելու ուղղությամբ»,- նշում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ վերաբերում է Հայաստանում գինեգործության զարգացմանը՝ Արեգ Խոջոյանը նկատում է, որ հայաստանցի սպառողն այսօր հնարավորություն ունի գտնել տարբեր տեսակի գինիներ, թեկուզ խաղողի նույն տեսակից պատրաստված, բայց տարբեր մոտեցումներով. «Ոլորտում պայքար է առաջանում, ինչի արդյունքում սկսում են նորամուծություններ անել, փոփոխություններ մտցնել, ինչն էլ իր հերթին արտադրվող գինիների որակն է բարձրացնում: Այսօր արդեն գինու քննադատները խոսում են հայկական գինու մասին ու դրական արտահայտվում»:
Գինի խմող գինեգործը
Արեգ Խոջոյանի հետ զրույցն ավարտում ենք մասնագիտության ընտրության ու գինու նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի մասին խոսելով:
Ասում է՝ մասնագիտության ընտրության հարցում երբեք կասկածներ չի ունեցել, համոզված է՝ ճիշտ ընտրություն է արել, ընտրել է ներսից եկող այսպիսի զգացողությամբ՝ «այն իմն է»:
Արեգ Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Այս գործը շատ էմոցիաներ է կրում իր մեջ: Այն ինձ համար պատմություն է, կիրք, սեր, կենսակերպ: Իմ աշխատանքով ուզում եմ ուրախություն տալ մարդկանց, որ այն գեղեցիկ եւ ուրախ առիթների համար օգտագործեն, բավականություն ստանան, գինու սեղանի շուրջ նոր ընկերներ ձեռք բերեն: Ինքս էլ մեծ սիրահար եմ ոչ միայն գինի ստեղծելու, այլեւ՝ խմելու»,- ասում է գինեգործն ու ավելացնում՝ այս խմիչքի մեջ ռոմանտիզմ կա:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: