Ֆրանսիայում 74 տարեկան հասակում մահացել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն Պիեռ Լարեչը։ Նա դարձավ ԵԿԳ-ի առաջին ղեկավարը Pernod Ricard խմբի կողմից գործարանը 1998 թվականին ձեռք բերելուց հետո եւ ղեկավարեց ընկերությունը մինչեւ 2004 թվականը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ Պիեռ Լարեչը «Հայաստանի եւ Արցախի մեծագույն բարեկամն էր»:
Պիեռ Լարեչը 1998 թվականին՝ Ֆրանսիայի հավաքականի նվաճած Աշխարհի գավաթի հետ
«Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից եւ շշալցված է Հայաստանում»,- ասել է Հրանտ Բագրատյանը։ Նա նաեւ նշել է, որ Պիեռ Լարեչի նախաձեռնությամբ ԵԿԳ-ն Հայաստանում առաջին ընկերություններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին նշել է, որ հենց Պիեռ Լարեչի նախաձեռնությամբ Արցախում արտադրված խաղողը սկսեց օգտագործվել որպես հայկական կոնյակի հումք:
Մեդիամաքսի արխիվները վկայում են, որ Պիեռ Լարեչը հետեւողականորեն եւ սկզբունքորեն բարձրացնում էր հայկական կոնյակի ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր։
2003 թվականի մարտին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն էր հայտնում ձմռան ցրտահարությունների հետեւանքների կապակցությամբ, որոնք վնաս էին հասցրել Արարատյան դաշտի խաղողի այգիների զգալի մասին: Պիեռ Լարեչն ընդգծում էր ֆերմերներին անհապաղ օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների կարեւորությունը՝ ցրտահարությունից տուժած խաղողի որթատունկերը հատելը կանխելու նպատակով:
Պիեռ Լարեչը 2016 թվականին
2003 թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ Պիեռ Լարեչը կոչ էր արել ձեռնարկել միջոցներ, որպեսզի ներկրվող սպիրտերը, «որոնց որակն ու ծագումը հսկողության չեն ենթարկվում, չօգտագործվեն հայկական կոնյակի արտադրության համար»:
Նույն տարվա սեպտեմբերին Պիեռ Լարեչը հայ ֆերմերներին եւ օտարերկրյա ներդրողներին կոչ արեց Հայաստանում նոր խաղողի այգիներ տնկել։ Նա ասում էր, որ գնման սակագները եւ ԵԿԳ-ի`ֆերմերների հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու պարտավորությունը խաղողի նոր այգիներ տնկելու լուրջ խթան են:
2004 թվականի հունիսին կայացած մամուլի ասուլիսում, որի ժամանակ հայտարարվեց, որ Պիեռ Լարեչը շուտով կթողնի ԵԿԳ ղեկավարի պաշտոնը, նա նշել էր, որ «ԵԿԳ-ի նոր ղեկավարությանը հաջողվեց փարատել այն մտավախությունները, որոնք կային Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում Pernod Ricard խմբի կողմից գործարանը ձեռք բերելուց հետո»:
Պիեռ Լարեչը
Մեդիամաքսը ցավակցում է Պիեռ Լարեչի հարազատներին եւ ընկերներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: