Համեղ քաղցրավենիք սիրողները, հավանաբար, կարմիրով մեծ նշում ունեն Սարյան փողոցի քարտեզի վրա։ Սարյան 24-ին մոտենալուն պես կարելի է զգալ SoHo-ի քաղցրավենիքների բույրը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
SoHo հրուշակարանի եւ սրճարանի ստեղծման գաղափարի հիմքում Հայաստանում դեսերտային մշակույթի զարգացումն է։ Մասնագիտությամբ հաց-հրուշակեղենի արտադրության տեխնոլոգ Սոֆյա Բրդուտյանը, ով Եվրոպայում մասնագիտացել է քաղցրավենիքի պատրաստման մեջ, եղբոր հետ է որոշել հրուշակեղենի արտադրություն սկսել։
Սոֆյա Բրդուտյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Փորձել եմ եվրոպական լավագույն փորձն ու միտումները բերել Հայաստան։ Ցանկանում էինք Երեւանում մի անկյուն ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանային հետաքրքիր քաղցրավենիք համտեսել»,- ասել է Սոֆյան։
SoHo-ն ամբողջությամբ ընտանեկան բիզնես է. գլխավոր հրուշակագործը Սոֆիան է, խոհանոցում նրա հետ աշխատում են մայրիկն ու հորաքույրը։ Բիզնեսի կազմակերպման հարցերով զբաղվում են եղբայրն ու հայրը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
SoHo-ի անվան ընտրությունը մի քանի բացատրություն ունի. «Նյու Յորքում թաղամաս կա այդ անունով, որտեղ նախկինում միայն արվեստագետներ էին բնակվում, ինչպես նաեւ այդ անունն իր մեջ պարունակում է երկու հապավում. իմ ու եղբորս անունների՝ Սոֆյա եւ Հովսեփ, առաջին տառերն են»։
Սոֆյա Բրդուտյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մոտ երկու տարի առաջ հիմնված SoHo հրուշակարան-սրճարանն արդեն ունի իր հավատարիմ հաճախորդները, ովքեր ոչ միայն քաղցրավենիքն են սիրում, այլեւ սրճարանի միջավայրը։ SoHo-ն, Սոֆյայի պատկերացմամբ, ապագայում ընդլայնվելու է եւ ցանցային հրուշակարան-սրճարան դառնա։ Պլանավորում են ապագայում SoHo դպրոց ստեղծել։
«Մեծ հույսեր ունեմ, որ SoHo-ն կհասնի նաեւ Եվրոպա»,- ասել է Սոֆյան։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
SoHo-ն ունի այցեքարտային քաղցրավենիքներ, որոնք GastroVino-ին ներկայացրել է հրուշակարանի գլխավոր հրուշակագործ Սոֆյա Բրդուտյանը։
SoHo-ի մուսային թխվածքները | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մուսային թխվածքները կամ SoHo cake-երը ոչ միայն իրենց համով են գրավում հաճախորդներին, այլեւ վառ գունային տեսքով։
Մուսային թխվածքներում «բիսկվիթային» մաս գրեթե չկա, այն միայն թխվածքի ներքեւի հատվածում է։ Դրանք շատ նման են պաղպաղակի, պատրաստվում են կենդանական սերուցքով եւ շոկոլադով։ Մրգային միջուկները խյուսի տեսքով են։ Ծածկված են հայելային գլազուրով կամ շոկոլադային «թավիշով»։
SoHo-ի ձեռագործ շոկոլադները | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ձեռագործ շոկոլադներն առանձնանում են հետաքրքիր միջուկներով եւ հրուշակագործի ստեղծագործական աշխատանքի արդյունք են։
«Շոկոլադների համար բաղադրատոմսեր, որպես այդպիսին, չկային, ես աշխատում էի այնպիսի բաղադրիչներով, որ այդ պահին ձեռքի տակ ունեի։ Սկսեցի ստեղծագործել, համադրել նոր համեր։ Ինձ համար ամենասիրելիներից պիստակն ու կարամելն են, բայց նաեւ շատ համեղ են մրգային համադրություններով շոկոլադները»,- ասում է Սոֆյան։
Red velvet տորթը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Red velvet» տորթը ամերիկյան ավանդական թխվածք է, որը SoHo-ում պատրաստում են սեփական մոտեցմամբ։ Կարագով եւ կաթով պատրաստված «բիսկվիթը» շատ փխրուն է, կրեմը՝ պանրային հիմքով։
«Տորթը միայն կրեմ եւ «բիսկվիթ» համադրությամբ է, բայց ունի յուրահատուկ համ։ Կարմիր նյութը ստացվում է բազուկի հյութից։ Մենք քիմիական, սիլիկոնային գունանյութեր չենք օգտագործում։ Բոլոր գույնը բանջարեղեններից եւ մրգերից ենք ստանում։ Դա մեզ համար շատ կարեւոր է, մենք դեմ ենք սննդային հավելումներին»,- ասել է Սոֆյան։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: