×

Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

UWC Dilijan-ի ուսանողները պատրաստում են իրենց ազգային ուտեստները

UWC Դիլիջան միջազգային քոլեջի սաներն արդեն մի քանի ամիս է իրենց խոհարարական վարպետության դասերով դիլիջանյան կիրակիներն ավելի համեղ են դարձնում: 

Դիլիջանի համայնքային կենտրոնի (ԴՀԿ) կամավորների նախաձեռնած եւ քոլեջի ուսանողների հետ համատեղ իրականացվող Cultural culinary workshop ծրագրի հիմքում ազգային խոհանոցների միջոցով դիլիջանցիներին ու UWC-ականներին միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալու գաղափարն է։

Նախաձեռնության մասին GastroVino-ն զրուցել է կազմակերպիչների ու քոլեջի սաների հետ:

ԴՀԿ կամավորների համակարգող Թագուհի Խառատյանը պատմում է, որ այս ամենի սկիզբը «Travel foodie» ծրագիրն է եղել:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

«Travel foodie»-ի շրջանակում՝ կիրակի օրերին, քոլեջի սաները այցելում էին տարբեր ռեստորաններ եւ իրենց ձեռքով պատրաստում հայկական խոհանոցի ինչ-որ ուտեստ: Այնուհետեւ ծրագիրը մի փոքր ձեւափոխվել է. ուսանողները հայկական խոհանոցին սկսել են ծանոթանալ դիլիջանցիների տներում: 


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Իսկ Cultural culinary workshop-ը, որի ընթացքում արտասահմանցի ուսանողները տեղացիների հետ կիսվել են իրենց ազգային խոհանոցից ինչ-որ ճաշատեսակով, սկիզբ է դրվել 2019 թվականի նոյեմբերից: 

«Նախաձեռնության համար իր հյուրընկալ տարածքը տրամադրեց «Toon Armeni Guest House»-ը»,- նշում է Թագուհի Խառատյանն ու հավելում, որ վարպետության դասերին բացի կամավորներից եւ ուսանողներից՝ նաեւ համայնքից են բնակիչներ հրավիրում:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Այս ընթացքում իրենց ազգային խոհանոցն արդեն հասցրել են ներկայացրել Իտալիայի, Լիբանանի, Իսրայելի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները, որոնք GastroVino-ի հետ են կիսվել իրենց բաղադրատոմսերով ու հայկական խոհանոցի մասին պատկերացումներով:

Իտալական Նյոքի

Անդրեան իտալական խոհանոցի ամենահին մասնիկը կազմող Նյոքի (Gnocchi) ուտեստն է ներկայացրել: Նրա խոսքով՝ անգամ ժամանակակից Իտալիայում Նյոքին շարունակում է սիրված մնալ՝ հատկապես կիրակնօրյա լանչերին, ինչը բաղադրիչների պարզության շնորհիվ է: Այն երբեմն մատուցվում է որպես այլընտրանք մակարոնին:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Նյոքիի հիմնական բաղադրիչներն են կարտոֆիլն, ալյուրն ու հավկիթը: Նախապես եփած կարտոֆիլը, քերիչով անցկացնելուց հետո, խառնվում է հավկիթի ու ալյուրի հետ, բաժանվում փոքրիկ խմորագնդիկների եւ եփվում եռացող ջրի մեջ, այնուհետեւ տապակվում ձիթայուղով: 

Այն վերջնական տեսքի բերելու համար ավելացվում է պղպեղ, ռեհան, սխտոր, եւ ըստ ցանկության, տոմատի կամ պանրի սոուս:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին՝ Անդրեան ասում է, որ այստեղ իրեն գրավում է սեզոնից կախված բաղադրիչների ընտրությունը:

«Ղափամա եմ շատ սիրում, որը կապվում է Ամանորի եւ ձմռան գալու հետ: Ինձ պատմել են, որ հին ժամանակներում մարդիկ ղափամա պատրաստելու համար հատուկ պահում էին Իրանից բերված բրինձը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այս ուտեստը խորապես արմատավորվել հայ ժողովրդի ավանդույթների մեջ»,- նշում է նա:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Իսրայելական Շակշուկա

Նադավն ազգային խոհանոցից Շակշուկա ճաշատեսակն է առանձնացրել: Ասում է, որ իր հայրենակիցների՝ աշխարհով մեկ սփռված լինելու փաստը նաեւ ազգային խոհանոցի վրա է անդրադարձել. 

«Իսրայելի խոհանոցը համադրությունն է այն բոլոր համերի, որոնք հրեա ժողովուրդն իր հետ բերել է տարբեր երկրներից, հիմնականում՝ Մարոկոյից, Ռուսաստանից, Եմենից, Ֆրանսիայից եւ Իրանից: Բայց կա մեկ ճաշատեսակ, որը զուտ մեր ազգային խոհանոցն է բնորոշում, այն Շակշուկան է»:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Շակշուկան հավկիթից, չերի տեսակի լոլիկից, լոլիկի մածուկից պատրաստվող ուտեստ է, որը հիմնականում մատուցվում է նախաճաշին: Այն համեմվում է պապրիկայով, չամանով, սեւ պղպեղով, չոր չիլիի փաթիլներով, քրքումով ու մաղադանոսով:

Նադավը սրանով չի սահմանափակվել, նա թխել է նաեւ հրեական «Հալոտ» անունով քաղցր հացի տեսակը, որն, ըստ ավանդույթի, ձեռքով կտրվում ու բաժանվում է սեղանի շուրջ նստածներին:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Նիդեռլանդական նրբաբլիթներ

Խոհարարական դասընթացի հաջորդ կանգառը Նիդեռլանդներն է եղել:

Ջաափն իր երկրում տարածված նրբաբլիթներով ուտեստներն է պատրաստել, շատերին հայտնի փանքեյքի երկու տեսակ:

«Դրանք կարելի է պատրաստել մրգային, պանրային ու մսային միջուկներով: Նիդեռլանդներում փանքեյքը ավանդական ուտեստ է համարվում եւ ծննդյան երեկույթների պարտադիր բաղադրիչ: Մենք նույնիսկ հատուկ «Pancake house»-ներ եւ ռեստորաններ ունենք, որտեղ մատուցվում են միայն նրբաբլիթային ուտեստներ»,- ասում է նա:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Իսկ հայկական խոհանոցը Ջաափի համար «շատ ջերմ է ու հարմարավետ». «Նույնիսկ ինձ պես բուսակերների համար հայկական խոհանոցում մեծ բազմազանություն կա»:

Լիբանանյան քուֆթա

Լինը լիբանանյան խոհանոցը ներկայացրել է Kafta bil-saniyeh ճաշատեսակով, որը Հայաստանում նաեւ ընդունված է ասել «սինի քուֆթա»:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Աղջիկը հիշում է, թե ինչպես էր Լիբանանում դպրոցական հոգնեցնող հինգշաբթիներից վերադառնում տուն եւ գտնում մայրիկի պատրաստած քուֆթան:


Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքային կենտրոն

Քուֆթայի այս տեսակի պատրաստման համար անհրաժեշտ է տավարի կամ գառան աղացած միս, կարտոֆիլ, լոլիկ, սոխ, արաբական յոթ համեմունքների խառնուրդ, նռան կամ կիտրոնի հյութ, բուսայուղ: Կարելի է այն համեմել նաեւ դարչինով:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին