Փետրվարի 11-ին Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում տեղի է ունեցել «Ուժեղ կառավարչի հիմնական գործառույթները» վերնագրով բաց դաս։ Երկու ժամ տեւողությամբ դասի ընթացքում ակադեմիայի «Սպասարկում եւ մենեջմենթ» ուսումնական ծրագրերի ղեկավար Աննա Սինանյանը մասնակիցներին ներկայացրել է մենեջմենթի հենակետային գործառույթներն ու ռեստորանային ոլորտում ուժեղ կառավարիչ լինելու համար անհրաժեշտ հմտությունները։
GastroVino-ի հետ զրույցում Աննա Սինանյանը նշել է, որ ռեստորանային բիզնեսը հետաքրքիր, դինամիկ եւ արագ զարգացող ոլորտ է, ուր մասնագետների պահանջարկն օրեցօր աճում է։
«Մենք գնում ենք ռեստորան ոչ միայն համեղ սնվելու կամ նոր ուտեստներ բացահայտելու, այլեւ հարմարավետ միջավայրում հանգստանալու, իսկ հաճելի մթնոլորտը ստեղծվում է բարեհամբույր եւ գրագետ սպասարկման շնորհիվ։ Այս ամենի հաջողության գաղտնիքը, առաջին հերթին, թիմային աշխատանքն է, սպասարկման գրագետ եւ ճիշտ կազմակերպումը: Հենց այս գաղափարներն են ընկած Ակադեմիայի ծրագրերի հիմքում»,- ասել է Աննա Սինանյանը։
Աննա Սինանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բաց դասի մասնակիցների հետ նա խոսել է Իցխակ Ադիզեսի «PAEI» համակարգի մասին, որի չորս գործառույթներն անհրաժեշտ են ղեկավարին՝ արդյունավետ աշխատելու համար։ Նրա համոզմամբ՝ ցանկացած ոլորտում կարելի է հասնել հաջողության, եթե մասնագետը սիրում է իր գործն ու պատրաստ է հաղթահարել առաջացած խնդիրները: Ի տարբերություն այլ ոլորտների, ռեստորանային ոլորտում հաջողության հասնելու առաջին նախապայմաններից մեկը սթրեսադիմացկուն լինելն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դասընթացից հետո մասնակիցները ստացել են հղում, որով կարող են անցնել օնլայն թեստ ու պարզել, թե «PAEI» համակարգի որ գործառույթներին են համապատասխանում իրենց։
Բաց դասի 70-ից ավելի մասնակիցների թվում եղել են ուսանողներ, գործող ռեստորանների մենեջերներ, տնօրեններ։ Ելնելով մեծ պահանջարկից՝ նմանատիպ ձեւաչափով հանդիպումները ակադեմիայում կլինեն շարունակական:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շատ ուրախ եմ, որ մեծ թվով մարդիկ են մասնակցում դասընթացներին, ոգեւորությունս մեծ է լինում, երբ այդ շարքերում տեսնում եմ ոլորտի ներկայացուցիչների, ովքեր ցանկանում են էլ ավելի կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները։ Ակադեմիան այն հարթակն է, ուր գալիս են նոր գիտելիքներ ստանալու, ոլորտի նոր միտումներին ծանոթանալու նպատակով։ Սա պարտավորեցնող է»,- ասել է Աննա Սինանյանը։
Նա նաեւ պատմել է, որ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում շուտով կմեկնարկի «Ռեստորանային մենեջմենթ» դասընթացը՝ 6 շաբաթ տեւողությամբ։ Փետրվարի 11-ին տեղի ունեցած դասն այդ ծրագրի մի փոքր հատված է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ռեստորանային մենեջմենթ դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան նոր գործիքներ, հմտություններ եւ կարողություններ, որոնք անհրաժեշտ են մենեջերներին՝ իրենց աշխատանքն արդյունավետ կատարելու համար»,- ասել է Աննա Սինանյանը։
Աննա Սինանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեմյան ակադեմիան 2020-ի ընթացքում նախատեսում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: Առաջիկայում մեկնարկելու են սպասքադրման, ռեստորանային էթիկետի, շփման էթիկայի, հաղորդակցման, ճաշացանկի ներկայացման, թիմի ստեղծման, ձեւավորման եւ այլ կարճաժամկետ վարպետաց դասեր։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: