Նպատակասլացության եւ ներդրված հոգու, քրտնաջան աշխատանքի եւ սեփական ուժերի նկատմամբ հավատի արդյունքը տեսանելի հաջողություններն են: Յուրաքանչյուր հաջողություն ունի իր պատմությունը, իսկ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանների ցանցում նմանատիպ պատմությունները շատ են: Շարունակում ենք ներկայացնել հաջողության պատմություններ, որոնց հերոսները պատմում են իրենց անցած ուղու մասին:
6 տարի մատուցող, հետո մենեջեր, գլխավոր մենեջեր, հիմա արդեն տնօրեն: «Լավաշ» ռեստորանի տնօրեն Վարդան Ուրֆալյանի համար կարեւոր է նախ եւ առաջ «աշխատանք» երեւույթը, որովհետեւ նույնիսկ այն ժամանակ, երբ մատուցող էր, չէր սահմանափակվում միայն իր պարտականությունները կատարելով.
«Սիրում եմ օգնել մարդկանց ամեն ինչում եւ գիտելիքներ քաղել բոլորից: Բայց առավել բարդ է լինել ղեկավար կազմում, քան բուն սպասարկման մեջ: Բարդ է, որովհետեւ պետք է մշակես արդյունավետ մեխանիզմներ, որոնցով անձնակազմը կաշխատի: Եթե մենեջերը հիմնականում աշխատում է սրահի աշխատակիցների հետ, ապա տնօրենին չեն կարող չհետաքրքրել, թե ամբողջ ռեստորանի աշխատակազմն ու բաժիններն ինչպես են գործում: Շատ պահանջկոտ եմ, ինչը սակայն, առաջին հայացքից ճիշտ չի ընկալվում եւ ընդունվում: Բայց ընթացքում, երբ արդեն դրա արդյունքը տեսնում են, սկսում են ավելի ըմբռնումով մոտենալ եւ գնահատել: Խստության հետ մեկտեղ շատ անմիջական եմ, եւ թիմում ինձ գիտեն հենց այդպիսին՝ գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն»:
Վարդան Ուրֆալյանը
Վարդան Ուրֆալյանի հավաստմամբ` տարիների աշխատանքի եւ փորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքները վստահություն են հաղորդում եւ օգնում են հաղթահարել մարտահրավերները:
«Ղեկավար լինելը չի ենթադրում միայն սխալներ մատնանշել. պետք է կարողանալ խրախուսել եւ մոտիվացնել թիմին: Ինձ ուղղված վստահությունն էլ լուրջ մոտիվացիա եւ պարտավորություն է՝ ավելի լավը դառնալու, ավելիին ձգտելու եւ կատարելագործվելու: Մոտիվացիա է նաեւ սեփական աշխատանքի արդյունքները տեսնելը»:
Վարդան Ուրֆալյանը՝ թիմի անդամների հետ
Հաջողության բանաձեւ կա, դրանով առաջնորդվելու արդյունքը` եւս.
«Սեփական փորձով հասկանում ես, որ ոչ թե հարյուրը պետք է հասկանան մեկին, այլ ընդհակառակը. դա ամենահեշտ տարբերակն է: Լավ համակարգման համար պետք է ունենալ այդ հարյուրին հասկանալու կարողություն: Ի վերջո, իմ հաջողության բանաձեւն այդպիսին է. աշխատասիրություն, առաջ գնալու, սովորելու եւ ձգտելու պատրաստակամություն»:
«Սմոքինգ Շեֆ» ռեստորանի մենեջեր Ալլա Շադինյանը նախկինում մատուցողուհի է եղել: Պատմում է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններից մեկում աշխատանքի ընդունվելուց հետո փոխվեցին նախկինում ունեցած պատկերացումները. աշխատաոճն ու գործելակերպը, որոնք տեսավ այստեղ, ավելին էին, քան գիտեր եւ ավելին էին, քան ակնկալում էր.
«Դժվար եմ հարմարվել փոփոխությանը: Թվում է, թե նույն գործն ես անում, բայց մոտեցումները լրիվ այլ են: Հյուրընկալից ավագ հյուրընկալ անցումը չեմ նկատել՝ ինչպես է եղել, ուղղակի սրտացավ աշխատել եւ կարեւորել եմ յուրաքանչյուր մանրուք: Աշխատել եմ այդպես, որովհետեւ հաճույք եմ ստացել, երբ մարդիկ ինձ հիշում եւ ճանաչում էին: Այստեղ ինձ վստահում են, իսկ վստահությունը ձեռք եմ բերել իմ հոգատարության շնորհիվ: Հոգատարություն, որը հաճախորդը անպայման զգում է: Եվ հավատացեք՝ այլ բան պետք չէ այս գործում հաջողելու համար»:
Ալլա Շադինյանը (աջից)՝ թիմի անդամների հետ
Առաջ գնալու եւ ինքնազարգացման մոտիվացիան ստիպում է երբեք չմոռանալ ինքնաքննադատության մասին, եւ յուրաքանչյուր վստահված աշխատանք կատարել իդեալական բոլոր սպասելիքներն արդարացնելու համար: Բայց ասում է, որ երբեմն պետք է նաեւ սայթաքել...
«Մարդկանց հետ շփումը...սկզբում բարդ է, բայց փորձն ու ժամանակն ամեն ինչ անում են: Երբեմն ձախողելու, թերանալու դեպքում ես կարողանում դասեր քաղել: Իսկ այդ սայթաքումների ժամանակ շատ կարեւոր է աջակցությունը, ինչի պակասը չեմ ունեցել: Ձեռքբերումներն անգնահատելի են. ունեմ սիրելի աշխատանք, վստահություն. լավ թիմ: Եվ, իհարկե, շատ հաճելի է, երբ հյուրերն ինձ ճանաչում եւ անկեղծ ուրախանում են իմ հաջողություններով»:
Վարդան Բաղդասարյանն արդեն 16 տարի սպասարկման ոլորտում է: Երկար տարիներ «Պանդոկ Երեւանում» մատուցող աշխատելուց հետո մենեջեր լինելու առաջարկ ստացավ. փորձն ու գիտելիքներն արդեն թույլ էին տալիս:
Վարդան Բաղդասարյանը
«Երբ մատուցող էի աշխատում, մտածում էի` մենեջերների գործը հեշտ է, բայց այս դերում արդեն հասկանում եմ երկու աշխատանքների բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները: Աշխատանքին սրտացավ եմ վերաբերում, անում եմ ամեն ինչ, որպեսզի հաճախորդները գոհ լինեն, իսկ թիմում համերաշխ մթնոլորտ տիրի»:
Վարդան Բաղդասարյանը՝ թիմի անդամների հետ
Վարդանը վստահեցնում է, որ մենեջերի աշխատանքում կարեւոր է թիմի յուրաքանչյուր անդամին լավ ճանաչելը, որպեսզի միասին աշխատանքը լինի արդյունավետ եւ անխոչընդոտ.
«Աշխատանքում կարեւոր է լինել համբերատար եւ կարողանալ կառավարել էմոցիաները: Առաջ դյուրագրգիռ էի, բայց կարողացել եմ աշխատել այդ ուղղությամբ: Շատ բան եմ սովորել այս տարիների ընթացքում, այժմ փորձում եմ գիտելիքներս փոխանցել նորեկներին: Խորհուրդը, որ տալիս եմ նրանց՝ յուրաքանչյուրին ցուցաբերել այնպիսի վերաբերմունք, որ հյուրերը լավ կարծիք կազմեն թե´ սպասարկման ոլորտի, թե´ ռեստորանի մասին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: