×

Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

MBG Hospitality-ին՝ 2019-ի, նոր նախագծերի ու «թրենդի մեջ մնալու» մասին

MBG Hospitality ընկերությունում այս տարի եւս կլինեն հետաքրքիր առաջարկներ, սեզոններ ու նախագծեր: Ընկերությունը խոստանում է՝ իր կազմում ներառված ռեստորաններում՝ «Լուի Շարդեն», «Hans&Franz», «Ալյասկա», «Չինար», «Ծիրանի տուն», «Ծիրանի այգի», «Ոստան», այցելուները ողջ տարին նորը բացահայտելու հնարավորություն են ունենալու:

MBG Hospitality ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Կարեն Մարգարյանը GastroVino-ի համար որոշ փակագծեր է բացել այս տարվա նորություններից եւ ամփոփել է 2019-ի ակտիվ աշխատանքն ու հաջողված նախագծերը: 

2019-ի սեզոնային մենյուներն ու նոր համագործակցությունները

Անցած տարի ներդրեցինք սեզոնային մենյուի գաղափարը՝ գարնանը հանդես եկանք #գաՌուն-ով, աշնանը՝ #fall4friends-ով: Նույն սկզբունքով աշխատելու ենք եւ այս տարի: 

#գաՌուն-ը նախագիծ է, որի նպատակը գառան մսով ուտեստները թրենդային դարձնելը, հայկական խոհանոցում գառան մսի բացառիկ դերը ընդգծելը եւ, իհարկե, այն ժողովրդականացնելն է: Սեզոնը մեկնարկեցինք գարնան հետ, «Գարունը գառ կեր» եւ «Գառը գարնանը կեր» կարգախոսներով մենք մեր հայրենակիցներին եւ Հայաստան ժամանած հյուրերին հրավիրում էինք օգտվելու հատուկ կազմված ճաշացանկից, ընդ որում՝ յուրաքանչյուր ռեստորանի համար առանձին մենյու էր կազմվել:

Ուրախությամբ կարող եմ ասել, որ գառան սեզոնը ավելի քան հաջողվեց. այն դարձավ նոր ֆուդ-թրենդ հայկական ռեստորանային ոլորտում, որ գալիս է հաջորդելու խաշի սեզոն կոչվող երեւույթին:  Մենք կարողացանք նոր շարժառիթ ստեղծել բազմաթիվ ընտանեկան եւ ընկերական հավաքույթների՝ միավորելով մարդկանց սեղանի շուրջ:


Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս տարի այն ավելի մասշտաբային կլինի, քանի որ իրականացնելու ենք Ռեստորատորների հայկական միության հետ համատեղ՝ փորձելով մեծացնել ներգրավված ռեստորանների թիվը եւ մեր #գաՌուն-ով գրավելով նաեւ զբոսաշրջիկներին: 

Fall for friends-ը մեր երկրորդ սեզոնային նախագիծն էր: Աշունն ընկերների հետ վայելելու համար «Hans&Franz» եւ «Ալյասկա» ռեստորաններում մինչ աշնան ավարտ առաջարկում էինք Fall for Friends («Աշունը ընկերների համար») ճաշացանկ՝ մսի սիրահարների համար: Մեր շեֆ-խոհարարները հատուկ ընկերական խմբերի համար ճաշատեսակների մեծ սեթեր պատրաստեցին: Կախված սեթից՝ մեկ կիլոգրամ միսը պատրաստման տարբեր տեխնոլոգիաներով մշակումներ էր անցնում եւ մատուցվում խավարտներով, հավելումներով։ 

Առաջարկը մաքսիմալ ճկուն դարձնելով՝ ճաշացանկում առկա չորս սեթերից երեքում ներառեցինք մեկ տեսակի միս՝ խոզի, տավարի կամ հավի, չորրորդում, որ կոչվում է  «Վայրի միքս XXL»-ը, համատեղեցին բոլորը միաժամանակ։  

Հիմա կարող եմ վստահ ասել, որ Fall for friends-ը  բավականին հաջողված նախագիծ էր, մինչ օրս հյուրերը դեռ հարցնում են այդ առաջարկներից, իսկ մենք խնդրում ենք սպասել աշնանը: 

MBG Hospitality-ին՝ մշակույթին եւ կրթությանը զուգահեռ

Անցած տարի նաեւ ամրապնդել ենք մեր հարաբերությունները մշակութային եւ կրթական ոլորտներում, համագործակցել ենք մի շարք երաժշտական ու մշակութային փառատոնների հետ: Silk Note Festival, Urvakan Festival 2020, «Ոսկե ծիրան» եւ այլն: Ամենանշանավորը, թերեւս, «Ոսկե ծիրան» կինոփառատոնն էր, փորձել էինք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել այնպես, որ Հայաստան այցելած պատվավոր հյուրերը մեր երկրին սիրահարված հեռանան:


Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մասնակցել ենք նաեւ «Yerevan Food Fest» փառատոնին, միջոցառման շրջանակներում մեր ռեստորաններ ենք հրավիրել արտասահմանցի հայտնի շեֆ-խոհարարների ու հետաքրքիր երեկոներ ենք կազմակերպել՝ շեշտադրում անելով հայկական մթերքներով եվրոպական ուտեստեր ստանալու վրա: 

Սկսել ենք նաեւ սերտորեն աշխատել Հայաստանի բուհերի հետ: Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հուշագիր ստորագրելով՝մեր պատրաստակամությունն ենք հայտնել վարպետության դասերի, workshop-երի միջոցով կիսվել մեր փորձով, ուսանողների փորձաշրջանը կազմակերպել մեր ռեստորաններում: 

Այս խիստ հագեցած տարին ամփոփել ենք Արցախ կատարած այցով. մեզ հաջողվեց սահմանապահ զինվորի հետ տոնել գալիք Ամանորը, դաշտային պայմաններում բացօթյա խոհանոց պատրաստել ու մատուցել տոնական սեղանի զարդ համարվող հայկական խորոված, տոլմա, քյուֆթա եւ այլ կերակրատեսակներ:

Նոր նախագծերն ու միջազգայնացման փորձը

Մեր ոլորտի զարգացման համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրս ինչ-որ նոր բան անենք, որ այդ ամբողջությունը դառնա մի հզոր ուժ։ Մենք մեր հերթին փորձում ենք հայաստանյան ռեստորանային բիզնեսը զարգացնելու համար ստեղծել  նոր նախագծեր, որոնցով եւս փորձելու ենք նոր խոսք ասել շուկայում, ընդ որում՝ ոչ միայն տեղական:

Ես հաճախ եմ ճանապարհորդում գործի բերումով, Մոսկվա կատարած վերջին այցիցս հետո ինձ խոստովանեցի, որ մեր հարեւան երկրների խոհանոցները բավականին տարածված են դրսում, ու ասեմ՝ նաեւ պահանջված, իսկ հայկականը՝ ոչ: Հիմա մի տեսակ պատվախնդրությամբ եմ լցվել՝ ստեղծել մի նախագիծ՝ հայկական ռեստորանի բրենդ՝ տարածաշրջանային խոհանոցով եւ հայկական շեշտադրմամբ,, որը կկարողանանք արտահանել միջազգային շուկա, օրինակ, Մոսկվա, եւ այնպես անել, որ այն տեղի բնակիչների համար դառնա թրենդային ռեստորանի տիպը՝ դիզայնով, բրենդինգով, ընդհանուր մթնոլորտով եւ ինտերիերով: Վստահ եմ՝ մի շարք տարրեր կան, որոնց ամբողջությունը կբերի նրան, որ ռեստորանը շուկայում ընկալվի որպես հայկական ռեստորան: 


Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բացի այդ, չակերտները մի փոքր բացելով, ասեմ, որ այժմ մսի հետ կապված նոր նախագծի վրա ենք աշխատում: Քանի որ մեր ընկերությունն ավելի շատ շեշտը դնում է մսային կերակուրների վրա, ու քանի որ ինքս էլ շատ եմ սիրում մսով էքսպերիմենտներ անել, որոշել ենք այս անգամ այնպիսի տեխնոլոգիաներով աշխատել, որոնք դեռ Հայաստանում չկան: 

Մի խոսքով, մեզ ծանր, բայց խիստ հաճելի աշխատանքային տարի է սպասվում`լի նոր նախագծերով եւ մտքերով: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին