×

Սամվել Մաչանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սամվել Մաչանյան. Կարմիր Alluria-ն դյուցազն է, սպիտակը՝ վայրի գեղեցկուհի

Էջմիածնի Alluria բուտիկային գինեգործարանում արտադրվում են ամենայուրահատուկ հայկական գինիները՝ բացարձակ վայրի ու աներեւակայելի առնական: Ալուրիա գետի ափին դարեր շարունակ գինի պատրաստող ընտանիքի ավագ որդին՝ Սամվել Մաչանյանը, պատմում է «անթրաշ տղամարդկանց» նախագծի, ընտանեկան ավանդույթների վերածննդի, արիական խմիչքի ու գինեգործության ոլորտում կիրառվող բանկային տեխնոլոգիաների մասին: 

Գինի պատրաստելը սովորել ենք հայրիկից: Alluria Classic-ը բնական գինի է, որը մեր հայրը ստեղծել է Կարմրահյութ եւ Հաղթանակ խաղողներից: Մաչանյանների ընտանիքում բնական գինիների պատրաստման գաղտնիքը փոխանցվում էր սերնդեսերունդ: Սեպտեմբերի վերջին ընտանիքում իսկական տոնակատարություն էր տեղի ունենում: Փոքր տարիքում ինձ թվում էր, որ դա բնական է, եւ բոլոր հայ ընտանիքներում է այդպես:  

Աշնանը հայրս վերամշակում էր մինչեւ 800 կիլոգրամ խաղող, նա գինի էր պատրաստում ընտանիքի եւ ընկերների համար: Երբ որդիները մեծացան, նրանց օգնական դարձրեց եւ սկսեց ավելի շատ գինի պատրաստել: 2013-ին եղբայրներիս հետ որոշեցինք գինի արտադրել վաճառքի համար: Հայրս մեզ աջակցեց, ասաց՝ «խաղացեք»:  Նա անակնկալի եկավ, երբ փորձեց մեր առաջին ինքնուրույն պատրաստած գինին: Ստանալով հայրիկի օրհնությունը՝ հասկացանք, որ կարող ենք շուկա մտնել:

Ալուրիան լեռնային գետակ է, որը թափվում է Վանա լիճ: Մեր պապերն ապրում էին այդ գետի ափերին, եւ նրանք միակն էին, ովքեր խաղող էին աճեցնում ու գինի պատրաստում: 2017-ին մենք եղբայրներով այցելեցինք Այլուր՝ ծանոթանալու մեր տոհմի ակունքների հետ: Այսօր դա թուրքական Ալակոյ գյուղն է, որտեղ բնակվում են քրդերը: Ուղեկցողը զգուշացրեց` չարտահայտել զգացմունքները: Նա ասաց, որ եթե քրդերը հասկանան, որ մենք կապված ենք այս հողի հետ, տակն ու վրա կանեն խաղողի այգին՝ հայերի առասպելական ոսկիները գտնելու համար: Նրանք չեն հասկանում, որ հենց խաղողի այգին է մեր ոսկին: 

Հեռվում երեւում էին գյուղի հարեւանությամբ գտնվող խաղողի կոկիկ շարքերով տնկված թփերը: Խաղողի այգին, որն ավելի քան 120 տարեկան է, վայրիացել է: Այն սնուցվում է բլրի ստորոտում գտնվող աղբյուրից, իսկ արմատները, հավանաբար, վաղուց հասել են Միսիսիպի: Մենք մեզ հետ խաղողի որթ բերեցինք, այն չորս ծիլ տվեց: Կգա այն օրը, երբ այդ խաղողը գենետիկական փորձաքննության կուղարկենք Գերմանիա, որտեղ կորոշվի դրա տեսակը: Իսկ երբ մենք այս որթից կստանանք առաջին պտուղը, դա կլինի Մաչանյանների ընտանիքի գինեգործության ավանդույթի վերածննդի օրը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ցեղասպանությունը պոկեց մեր արմատները, կտրեց մեր գենետիկական հիշողության թելը: Մաչանյանը հազվադեպ հանդիպող ազգանուն է: Մենք չենք հիշում՝ ինչպիսի ծագում ունի այն: Հնարավոր է, ձիեր բազմացնող մեր ցեղի տղամարդիկ ծառայում էին որպես նիզակակիր. «մաչա» թուրքերեն նշանակում է «նիզակ»: Օրինակ, մեծ պապուս ավագ եղբայրը՝ Վանեցի Արշակը գեներալ Անդրանիկի զինվորներից մեկն էր, նա ազատամարտի ժամանակ ղեկավարում էր հեծելազորը: Իսկ քրդերեն «մաչա» նշանակում է «համբույր». գուցե սա արեւի եւ խաղողի միջեւ կրքոտ հարաբերությունների ակնա՞րկ է:

Alluria-ն ասոցիացիաներ է ծնում: Մեր գինիներն անհնար է նկարագրել գինեգործության մեջ ընդունված ստանդարտ արտահայտություններով: Գինեգործարանի կին հյուրերից մեկը մի գավաթ գինուց հետո ասաց, որ տեսնում է դյուցազուններ. նրանք պատրաստ են մարտին, բայց մտածում են ոչ թե դրա մասին, այլ թե ինչ կլինի հետո: Նա կարծես նկարագրեց մեր եղբայրությունը, երբ մենք տասնհինգ եղբայրներով անցնում ենք գինու պատրաստման գործին: Բարձրաձայն կատակում ենք, ծիծաղում, լինում է՝ վիճում...Մեր զգացմունքները փոխանցվում են գինուն: Մի փոքր ուժեղ, մի փոքր հանդուգն, մի փոքր ծակող՝ հենց այս ամենի ամբողջության մեջ է Alluria-ն՝ «անթրաշ» տղամարդկանց նախագիծը: 


Սամվել Մաչանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հարազատ եղբայրներով երեքս ենք: Ես ավագն եմ: Ղեկավարում եմ մառանը, գինու բանկը եւ ընտանեկան հավաքածուն: Գինեգործարանի հյուրերը նույնպես իմ պատասխնատվության ներքո են՝ մանկուց սիրում եմ զրուցել: Արամը՝ միջնեկ եղբայրս, ֆինանսիստ է, ընկերությունում զբաղվում է մենեջմենթով եւ մարքեթինգով: Նա մեզանից ամենաստեղծարարն է: Հրաչյան ՏՏ մասնագետ է, ապրում է Նյու Յորքում: Որպես ընտանիքի կրտսեր նրան բաժին է ընկնում ամբողջ «սեւ գործը». երբ ժամանակն է գալիս առանձնացնել պտուղները, տրորել խաղողը, շշալցել գինին կամ պիտակներ ամրացնել, նա տոմս է գնում եւ միանում Հայաստանում Alluria եղբայրությանը: 

Չնայած ես ու Արամը սովորել ենք EVN Wine Academy-ում, գինին դասագրքերով չենք պատրաստում: Մասնագիտական նրբությունները սովորում ենք գործնականում՝ բազմաթիվ փորձեր կատարելով: Օրինակ, մի օր որոշել էինք գինին հնեցնել տակառում, որը չունեինք: Բայց վերանորոգումից հետո տանը մնացել էին որակյալ կաղնե փայտասալիկներ. դրանք մաքրեցինք, թրծեցինք եւ 8 ամսով ուղարկեցինք գինով լցված տարայի մեջ: Հայրս փորձեց եւ մեզ արցախյան կաղնուց պատրաստած երկու տակառ նվիրեց: Հանդարտվելով՝ վայրի ու հանդուգն Alluria Classic-ը դարձավ մի փոքր ավելի հավաքված, պատկառելի ու հեղինակավոր: 

Մեր մառանը համալսարան է, որտեղ գինիները դառնում են խելացի եւ իմաստուն: Տեսնո՞ւմ եք մեծ գծիկն այն տակառի բերանի մոտ: Այս գինին անընդունակ ուսանող է, այն կուղարկվի վերամշակման ու կդառնա հիանալի օղի: Քթի մոտ փոքրիկ գիծը նշանակում է, որ գինու հետ կարելի է աշխատել՝ թթվածին տալ ու բարելավել որակը: 

Բնական գինիները անկանխատեսելի են: Գինին հասունանում է իր իսկ խմորիչով. կարմիր գինիների մեջ մենք չենք ավելացնում ծծմբի դիօքսիդ, չենք օգտագործում սուլֆիտներ՝ գործընթացը վերահսկելու համար: Սպիտակ օրգանական գինու դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Թրմեցումը դադարեցնելու համար մենք ստիպված էինք Ոսկենին ենթարկել սթրեսի՝ թողնելով գինին գիշերվա սառնամանիքին։ Փորձը ավելի քան հաջող անցավ. 2019-ին ստացանք առաջին սպիտակ Alluria-ն՝ մեր «գեղեցկուհուն»: Տվեք նրան բացվելու հնարավորություն ու կհասկանաք, որ նա հասարակ հայուհի է՝ լեռներից եկած վայրի գեղեցկուհի: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կա արդյո՞ք ավելի գեղեցիկ տեսարան, քան ժայռի վրա հպարտորեն կանգնած լեռնային այծը: Ուժեղ, դիմացկուն, ներդաշնակ: Այն խորհրդանշում է մեր ժողովրդի եւ Alluria գինիների արիական ծագումը: Բացի այդ, քարայծը գիտակից կենդանի է՝ ամեն բան չի ուտի: Շատ նման է մեր գինու գաղափարախոսությանը: Չնայած, եթե այս ամենը դիտարկեք պրոֆեսիոնալ խոշորացույցով, ապա շատ բան կարող է անընդունելի լինել եւ երկիմաստ ընկալվել:

Ամեն խաղող չէ, որ արժանի է դառնալ Alluria: Քանի դեռ մեր խաղողի այգին երիտասարդ է եւ փոքր, բերքի մի մասը գնում ենք հարեւաններից: Դա կարծես առաջին հայացքից սեր լինի. ողկույզը պետք է քեզ դուր գա, աչքով անի քեզ: Բերում ենք, փռում այգու սեղանի վրա՝  մեր պապիկի տնկած ծիրանի հսկա ծառի տակ: Ողջ ցեղով հավաքվում ենք ու տեսակավորում բերքը: Անցյալ տարի ընտրված քսան տոննա խաղողից մեկ քառորդը խոտանեցինք. վատ խաղողից լավ գինի չես ստանա:


Սամվել Մաչանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արենին հայ գինեգործների կողմից թագադրված տեսակ է: Շատ նրբագեղ եւ յուրահատուկ խաղող է, չի «հանձնվում» ամեն մի գինեգործի: Այն մեզ չհամապատասխանեց ՝ շատ «ընտանի» էր Alluria վայրի գինիների համար: Այ Խնդողնին շատ լավ համապատասխանում է մեր մեթոդին: 

Սկսեցինք կիրառել գինու ֆյուչերսներն այն ժամանակ, երբ հորս ընկերները հրաժարվեցին գինին որպես նվեր ընդունել: Որոշեցինք աջակցել մեր բիզնեսին եւ մի քանի տասնյակ շիշ գնեցինք՝ տակառներում հնեցման փուլում: Այդ ամենը պետք էր ինչ-որ տեղ պահել: Այդպես որոշեցինք Գինու բանկ բացել, որտեղ հնարավոր կլինի ավանդել Alluria գինիները: Շատերը նախապես են ամրագրում պահատուփերը՝ կնքելով ֆյուչերսային պայմանագրեր հազվագյուտ գինիներ գնելու համար, ինչպես Alluria Special-ը: 

Մեր խաղողի այգում ննջում է գրեթե հինգ հարյուր գինու շիշ: 2013-ին տնկեցինք այն Սարդարապատի մերձակայքում գտնվող թեք լանջերին: Ինչպես տնկեցինք խաղողը, այնպես էլ աճում է: Վայրի, ինչպես եւ գինին, որի համար այն նախատեսված է: Ոչ ջրում ենք, ոչ էլ սնուցում՝ գարնանը միայն կտրում ենք ընձյուղները:  

Գրի առավ Էռնա Ռեւազովան

Լուսանկարները՝ Էմին Արիստռակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին