×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Հայկը, «Թեժ խոհանոցը», մեծ քայլն ու սեփական ռեստորանի երազանքը

Հայկ Խաչատրյանը սիրում է հետաքրքիր ուտեստներ պատրաստել ու համեղ ուտել։ Պատրաստում է հաճույքով ու սիրով. ահա բանաձեւը, որով կարողացել է գոհացնել «Թեժ խոհանոց» հեռուստահաղորդման ժյուրիին ու նվաճել լավագույնի տիտղոսը։



«Երեմյան Փրոջեքթսի» «Թեժ խոհանոց» խոհարարական հեռուստանախագծի հաղթողի անունը հայտնի դարձավ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին։ Մրցույթի մասնակիցները հետաքրքիր, համեղ ուտեստներ պատրաստել սիրող, բայց ոչ պրոֆեսիոնալ խոհարարներ էին։ 16 փուլերի ընթացքում շոուի 17 մասնակիցները պատրաստեցին տարբեր երկրների խոհանոցների ու իրենց հեղինակային ուտեստները, փորձեցին ի ցույց դնել իրենց հմտությունները, հնարամտությունը, դիմացկունությունն ու թիմում աշխատելու կարողությունը։

«Թեժ խոհանոցի» հաղթող Հայկ Խաչատրյանը, ով արժանացել է 5 միլիոն դրամ մրցանակի,  GastroVino-ին պատմել է մրցույթին պատահաբար մասնակցելու, ձեռքբերումների ու երազանքների մասին։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Պատահական գրանցումն ու սպիտակ գոգնոցը

«Թեժ խոհանոցի» մասին իմացա Facebook-ի միջոցով, մասնակցության հայտն ուղարկեցի պատահաբար, երբ պարզապես ուսումնասիրում էի տեղեկությունը։ Էլեկտրոնային փոստիս նամակ եկավ, որով հաստատել էին իմ մասնակցությունը։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Երբ պատրաստեցի առաջին ուտեստն ու ստացա սպիտակ գոգնոցը, դեռ չէի պատկերացնում, թե ինչ մրցույթ է, որքան «թեժ» կարող է լինել ամեն ինչ։ Այդ պահին շատ ուրախացա, բայց դեռ հունի մեջ չէի մտել, սկիզբն անհասկանալի էր ինձ համար։ Մրցույթի լրջության չափը հասկացա, երբ մնացինք 5 մասնակցով։ Մինչ այդ ուրախ, անհոգ անում էի իմ գործը, այդ պահից հետո սկսեցի լարվել, ինչը խանգարում էր պատրաստման պրոցեսին։ Հասկացա, որ ինչքան լարվածությունն ավելանա, այնքան բարդ է լինելու ու փորձեցի հանգստանալ։

«Պարտությունից հետո էլ ուրախ էի»

Միշտ սիրել եմ պատրաստել, սիրում եմ համեղ ուտել, տեսքիցս էլ երեւում է (ժպտում է,- հեղ.)։ Մրցույթի ընթացքում էլ բոլոր ուտեստները պատրաստել եմ սիրով, այդ պատճառով էլ համեղ էին ստացվում։ Երբ հարիսա էի եփում, ուզում էի, որ «ընտիր» ստացվեր, այնպիսի եռանդով էի պատրաստում, որ մի պահ սկսեցի խոսել հարիսայի հետ։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ամենահաճելի, բայց ծանր փուլը զինվորների համար պատրաստելն էր։ Ուզում էինք, որ ամեն ինչ լավ ստացվի։ Չնայած մեր թիմը պարտվեց, բայց ուրախ էի, որ սահմանները պահող տղաները համտեսեցին մեր պատրաստած ուտեստները։

«Հաղթանակի մասին մտածելու ժամանակ չկար»

«Թեժ խոհանոցի» ընթացքում մի քանի անգամ հայտնվեցի վտանգավոր գոտում՝ սեւ գոգնոց ստացա, դրանք ամենաբարդ պահերն էին ինձ համար։ Վերջին փուլերից մեկում էլ լավագույնը ճանաչվեցի ու հնարավորություն ստացա ընտրել այն բաղադրիչները, որոնցով պետք է պատրաստեինք բոլորս։ Անգամ այդ փուլում չէի մտածում, որ կհաղթեմ։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Մրցույթի ողջ ընթացքում մեկ անգամ եմ հաղթանակի մասին միտք ունեցել. այն պահին, երբ ստացա սպիտակ գոգնոցը, մտածեցի՝ «Աստված ջան, եթե չեմ հաղթելու, թող այսօր դուրս մնամ մրցույթից»։ Նույնիսկ եզրափակչում չեմ մտածել, որ հաղթելու եմ, որովհետեւ լարված ու պատասխանատու պահ էր, նման բաների մասին մտածելու ժամանակ չկար։

Մինչ օրս նայում եմ մրցույթի եզրափակչի կադրերը ու չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Անբացատրելի, հիասքանչ օր էր։ Ուրախ եմ, որ հաղթեցի։

Հայկ Խաչատրյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Մեծ քայլ՝ «Թեժ խոհանոցի» միջով

«Թեժ խոհանոցից» հետո նամակներ եմ ստանում, շատերն ասում են, որ ինձ նայելով՝ ուզում են դառնալ խոհարար։  Շնորհակալ եմ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին, «Թեժ խոհանոցն» ինձ համար երջանիկ, պատասխանատու կյանքի փուլ էր, մի մեծ քայլ դեպի նոր հաջողություններ։

Հայկ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մրցույթի սկզբից մինչեւ վերջ ինձ համար դրական փոփոխություններ եղան, նոր հմտություններ ձեռք բերեցի։ Մրցույթի բոլոր փուլերում շեֆ խոհարարներն օգնում էին` որ ամեն բան կատարյալ լինի, համեղ, գեղեցիկ։

Երազանքներ՝ խոհանոցի շուրջ

Մինչ մրցույթին մասնակցելը ռեստորանային ոլորտում տարբեր աշխատանքներ եմ արել։ «Թեժ խոհանոցից» հետո տարբեր տեղերից աշխատանքի հրավերներ եմ ստացել, բայց մերժել եմ։ Այժմ աշխատում եմ ընկերոջս ռեստորանում, փորձում եմ ավելի կատարելագործվել։

Հայկ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարի գուցե չստացվի, բայց մյուս տարի պլանավորում եմ սովորել «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում։

Միշտ երազել եմ սեփական ռեստորան ունենալու մասին։ Այն կարող է լինել փոքրիկ, բայց յուրահատուկ, տարբեր մյուս ռեստորաններից։ Շեֆ խոհարարի գործն էլ, հնարավոր է, այլ մարդու չվստահեմ ու ինքս պատրաստեմ այցելուների համար։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Երեմյան Փրոջեքթսի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին